Jump to content

Արգենտինայի հայոց թեմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
սուրբ Գրիգոր Լուսավորիչ տաճար, Բուենոս Այրես

Արգենտինայի հայոց թեմ[1] Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ Հարավային Ամերիկայի տարածքում գտնվող, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին պատկանող երեք թեմերից (Ուրուգվայի և Բրազիլիայի թեմերի հետ միասին) մեկը, որը ներկայացնում է առաքելական արգենտինահայության ու չիլիահաության հոգևոր կյանքը։ Հանդիսանում է Էջմիածնից երկրորդ ամենահեռու կրոնական կազմակերպությունը՝ Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմից հետո։

Առաջնորդանիստը Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսի սուրբ Գրիգոր Լուսավորիչ տաճարն է։ 1990 թվականից արգենտինահայ թեմի առաջնորդն է Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը։

Թեմը կազմավորվել է 1983 թվականին։ 1938-1982 թվականներին արգենտինահայ համայնքը եղել է Հարավային Ամերիկայի հայրապետական պատվիրակության կազմում (կենտրոնը՝ Բուենոս Այրես), որը հովվել է նաև Ուրուգվայի, Բրազիլիայի և Չիլիի հայ համայնքները։ Նախքան այդ արգենտինահայ գաղութում հիմնադրվում են Արծրունի ագգային վարժարանը (1928), Խրիմյան կրթական հիմնարկությունը (1930) և Արսլանյան վարժարանը (1932)։ Առաջին հայրապետական պատվիրակն էր Գարեգին արքեպիսկոպոս Խաչատուրյանը (1938-1951 թվականներ)։ Հայոց ցեղասպանության 50-ամյակի կապակցությամբ հուշարձան է կանգնեցվում Բուենոս Այրեսում, իսկ 60-ամյակի կապակցությամբ՝ մեկ այլ հուշակոթող Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում։ 1962 թվականին եկեղեցու հոգաբարձությամբ բացվում է Պահչեճյան ազգային վարժարանը։

Սուրբ Գևորգ եկեղեցի, Կորդովա

1983 թվականին Ամենայն հայոց կաթողիկոս Վազզեն Ա-ի կոնդակով Հարավային Ամերիկայի հայրապետական պատվիրակությունը բաժանվել է երեք առանձին՝ Արգենտինայի և Չիլիի, Ուրուգվայի, Բրազիյիայի թեմերի։ Արգենտինայի հայոց թեմի առաջին առաջնորդ է նշանակվել Գրիգորիս եպիսկոպոս Բունիաթյանը (1983-90)։ Արգենտինահայ համայնքի ներկայացուցչական համադրիչ մարմինը Հայաստանյայց առաքելական եկեղեցու հոգաբարձությունն է՝ Հայ կեդրոն անունով, որը եկեղեցու վարչական խորհուրդն է. մասնաճյուղեր ունի Կորդովայում և Ռոսարիոյում։ Խորհրդի գլխավորությամբ գործում են կրթական, բարեգործական և մշակութային կազմակերպություններ։

Արգենտինայում ու Չիլիում թեմի առանձնացումից հետո կառուցվում են նոր հուշարձաններ, հուշաղբյուրներ ու հուշակոթողներ, որոնք նվիրված էին հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ Բուենոս Այրես (1985), Սանտյագո (1985), Բուենոս Այրես (1990), Կորդովա (1996), Ռոսարիո (2005), Վիսենտե Լոպես (2015) քաղաքներում։

Բուենոս Այրեսում գործում են սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Վարագա սուրբ Խաչ, սուրբ Պողոս-Պետրոս, սուրբ Գևորգ, սուրբ Հակոբ, սուրբ Երրորդություն, Կորդովայում՝ սուրբ Գևորգ հայ առաքելական եկեղեցիները։ Վերջինս Արգենտինայի առաջին հայկական եկեղեցին է, որը կառուցվել է 1926 թվականին, և դրան կից գործում են կիրակնօրյա դպրոց, Սահակ-Մեսրոպ հայկական ամենօրյա վարժարանը։ Նախքան այդ՝ 1925 թվականից գործել է Հայ եկեղեցու հոգաբարձության տեղի մասնաճյուղը՝ «Կորդովահայ գաղութային միություն» անունով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հայաստանի Հանրապետության կառավարություն (2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1390-Ն որոշում). «Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և դրանք ներկայացնելու կարգը սահմանելու մասին (N 4 հավելված՝ Եկեղեցական այն կառույցների ցանկ, որոնց կողմից տրված մկրտության մասին փաստաթուղթը (հաստատված օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից, մկրտվածի կամ նրա ծնողի ազգությամբ հայ լինելու մասին նշումով) համարվում է ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթուղթ)». arlis.am.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: