Jump to content

Հոլանդիայի հոգևոր հովվություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Հոգի եկեղեցի

Հոլանդիայի հոգևոր հովվություն[1], Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ Եվրոպայի տարածքում գտնվող կրոնական կազմակերպություններից մեկը, որը ներկայացնում է նիդերլանդահայության հոգևոր կյանքը[2]։ Ենթարկվում է Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակությանը (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Հոլանդիայում հայերը սկսել են հաստատվել են Աշխարհագրական մեծ հայտնագործությունների շրջանում, երբ եվրոպական պետությունները սկսել էին աշխույժ առևտուր կատարել հեռավորարևելյան երկրների հետ։ Ուշ միջնադարում այստեղ են հաստատվում ներկայիս Հնդկաստանի, Չինաստանի, Ինդոնեզիայի, Ֆիլիպինների և հարակից այլ երկրների հայերը։ Նիդերլանդական Արևելահնդկաստանի (Ինդոնեզիա) առևտրի մի որոշակի մաս արվում էր նաև հայ վաճառականների միջոցով, որոնք զբաղվում էին համեմունքների, թանկարժեք քարերի և մետաքսի առևտրով։ 17-18-րդ դարերում Ամստերդամը, որը վայելում էր «Եվրոպական կայսրուհու» համբավ, եղել է նաև հայ գրատպության նշանավոր կենտրոններից մեկը։ 1660 թվականին Ամստերդամում հիմնվել է տպարան, որի հեղինակը Մատթեոս Ծարեցին էր։ Վերջինս մեկնել էր ամենայն հայոց կաթողիկոս Հակոբ Դ Ջուղայեցու հանձնարարությամբ՝ տպագրելու Ներսես Շնորհալու «Յիսուս Որդի» ստեղծագործությունը, որը չավարտած՝ վախճանվել է։ Այդ տպարանը 1664 թվականից ղեկավարել է Ոսկան Երևանցին։ Հենց ադ տպարանում է իրականացվել Աստվածաշնչի հայերեն առաջին տպագրությունը, ինչպես նաև Շարակնոց (1664-1665), Աստվածաշունչ (1666-1668), «Հանդերձ Աստուծով» (1666, Այբբենարան), Նոր կտակարան (1668) և 14 այլ գրքեր։ 1668 թվականին տպագրիչ Մատթեոս վարդապետ Վանանդեցին Ամստերդամում հիմնել է նոր տպարան, հրատարակել Շարակնոց (1685), Ժամագիրք (1686), «Համատարած աշխարհացոյց Մեծ» հայերեն առաջին քարտեզը (1695), Մովսես Խորենացու «Պատմութիւն Հայոց» (1695) և այլն։ Հայերեն գրքերի տպագրության գործն իրականացրել են էջմիածնից եկած քահանաները։

1714 թվականին Ամստերդամում հայ վաճառականների ջանքերով կառուցվել է սուրբ Հոգի հայկական եկեղեցին, որը ներկայիս հոգևոր հովվության կենտորնն է։ Շինության ճարտարապետական ոճը հայկական չէ, և եկեղեցին տեղակայված է եռահարկ շենքի առաջին հարկում։ Մինչ այդ հայերն իրենց հոգևոր արարողություններն անց են կացրել դրանից ոչ հեռու գտնվող «Սուրբ Կարապետ» մատուռում, որտեղ պատարագներ է մատուցել նաև Ոսկան վարդապետ Երևանցին։ «Սուրբ Կարապետ» մատուռը չի պահպանվել[3]։ Հետագա տարիներին, Նապոլեոնյան պատերազմների հետևանքով, հայ համայնքը սկսել է անկում ապրել, որի պատճառով եկեղեցին 1874 թվականին աճուրդով վաճառվել է[2]։

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի

1986 թվականին Ամստերդամի հայ համայնքի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տրամադրած գումարով Ամստերդամի Սուրբ Հոգի եկեղեցու շենքը վերագնվել է։ 1989 թվականին կատարվել է սուրբ Հոգի եկեղեցու վերաօծումը, որը դարձել է հոգևոր հովվության կենտրոնը։ եկեղեցուն կից գործում են նաև «AJO» երիտասարդական միությունը, տիկնանց միությունը, «Սուրբ Գրիգոր Նարեկացի» կիրակնօրյա դպրոցը[3]։ Սուրբ Հոգի եկեղեցու պատի վրա տեղադրվել է Հայոց ցեղասպանության խաչքար 2018 թվականի ապրիլի 21-ին, բացման արարողությունը տեղի է ունեցել ապրիլի 24-ին։

1991 թվականին Ալմելո քաղաքի հայերի նվիրատվություններով գնվել է դպրոցի շենք, որի սրահներից մեկը վերածվել է աղոթատեղիի։ Վերջինս 2003 թվականին օծվել է որպես սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի[2]։ Եկեղեցու տարածքում է գտնվում նաև Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշահամալիրը [4]։ Այն ունի երիտասարդական միություն, տիկնանց միություն, «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» կիրակնօրյա դպրոց, սարկավագաց և դպրաց դասեր, ինչպես նաև «Զարթոնք» պարային համույթ[3]։

Մաաստրիխտի Սուրբ Կարապետ եկեղեցին բացվել է 2013 թվականի հունվարի 26-ին։ Եկեղեցու շենքը նախկինում կաթոլիկ վանք էր, որը Հռոմի կաթոլիկ եկեղեցու ռուրմոնդյան թեմը հանձնել է հայկական համայնքին։ Սուրբ Կարապետը հանդիսավոր կերպով օծվել է Հայ առաքելական եկեղեցու Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Նորվան Զաքարյանի կողմից[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հայաստանի Հանրապետության կառավարություն (2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1390-Ն որոշում). «Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և դրանք ներկայացնելու կարգը սահմանելու մասին (N 4 հավելված՝ Եկեղեցական այն կառույցների ցանկ, որոնց կողմից տրված մկրտության մասին փաստաթուղթը (հաստատված օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից, մկրտվածի կամ նրա ծնողի ազգությամբ հայ լինելու մասին նշումով) համարվում է ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթուղթ)». arlis.am.
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Նիդերլանդների հայ համայնքը». netherlands.mfa.am. Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի դեսպանություն.
  3. 3,0 3,1 3,2 «Հայերը Նիդերլանդներում». armenian-church.eu. Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակություն.
  4. «Ալմելոյում բացվեց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 15-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: