Jump to content

Հայերն Ինդոնեզիայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայերը Ինդոնեզիայում
ազգային փոքրամասնություն Խմբագրել Wikidata
Ենթակատեգորիաethnolinguistic group
 • Indo-European people
  • հայ Խմբագրել Wikidata
ՔաղաքացիությունԻնդոնեզիա Խմբագրել Wikidata
Տիրապետում էհայերեն, հոլանդերեն Խմբագրել Wikidata
Նախնիների ծննդավայրՍեֆյան Պարսկաստան Խմբագրել Wikidata
ԿրոնՀայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Խմբագրել Wikidata
ԵրկիրԻնդոնեզիա Խմբագրել Wikidata

Հայերն Ինդոնեզիայում հաստատվել են 17-րդ դարում: Հայերն այստեղ են եկել գերազանցապես Պարսկաստանի Նոր Ջուղա բնակավայրից և Հնդկաստանի տարբեր քաղաքներից (Մադրաս, Կալկաթա, Դաքքա)՝ որպես իրանահայ, հնդկահայ, բիրմահայ և բենգալահայ առևտրականներ ու արհեստավորներ։ Նրանք բնակություն են հաստատել Բաթավիայում (այժմ՝ Ջակարտա), Սեմարանգում, Սուրաբայայում, Ջապարայում, Չերիբոնում, Թեգալում, Բանդունգում, Սուրակարտայում, Մակասարում։

Ինդոնեզահայ գաղութը Ասիայի հայկական միջնադարյան գաղթավայրերից առավել փոքրաքանակն էր՝ ֆիլիպինահայ և մալայզիահայ գաղութների մետ միասին։ Ինդոնեզիայի անկախացումից հետո սկզբնական հայ համայնքի մեծ մասը լքել է այն։ Այնուամենայնիվ, այնտեղ, այդ թվում՝ Ճավայում, դեռևս բնակվում էր մոտավորապես հարյուրից պակաս մարդ՝ հաճախ հանդիպող Մանուկ և Գալուստյան ազգանուններով[1]։ Ներկայումս հայերի թիվը Ինդոնեզիայում անհայտ է, բնակվում են հատուկենտ հայեր (հիմնականում վաճառական ընկերությոնների տերեր կամ փայատերեր)։

Սարգիս եղբայրները

17-րդ դարում Ճավա կղզում բնակվել է 2000 հայ։ Հայ համայնքի գոյության փաստը հաստատում է նաև Կոստանդ Ջուղայեցին «Առևտրական մատյան»-ում։ Հոլանդական Արևելա-հնդկական ընկերության 1656 թվականի արձանագրություններից մեկում հիշվում է Մակասարում բնակություն հաստատած Խոջա Սոլիմա հայ վաճառականը, իսկ 1747 թվականի մարտի 21-ի հրովարտակով հոլանդացիները ինդոնեզահայերին շնորհել են եվրոպացիներին հավասար «ազատ քաղաքացու» իրավունք։

1808 թվականին, համայնքի աճին զուգընթաց, Ջորջ Մանուկը (Գևորգ Մանուչարյան Մերշել) ուրիշների հետ միասին, Հոլանդիայի կառավարությունից ստանալով 25,000 գուլդեն, հիմնեց դպրոցներ և եկեղեցի: 1852 թվականին Բատավիայի Հայլեյան Միաբանսե Թիոենը օգնեց հայ երեխաների համար որբանոցներ և դպրոցներ բացել:

1865 թվականին առևտրային օրացույցներում հայտնվեցին Գալստյան, Ղազար, Հովսեփ Ամիր, Մանուկ, Առաքել Նավարյան և Ստեփան Հարությունյան անուններ: Շաքարի արդյունաբերության մեջ Մանուկ Ջորդանը Մլոնգո, իսկ Պետրոս Անդրեասը՝ Տրանկկիլի գործարանի սեփականատերերն էին:

1880 թվականի հունվարի 6-ին հայ համայնքը Հոլանդիայի կառավարության կողմից պաշտոնապես ճանաչվեց որպես միացյալ ընկերություն: Կարճ ժամանակ անց հայերը տարածվեցին նաև Սինգապուրում, որտեղ նրանք զբաղվում էին ափիոնի առևտրով, որը գտնվում էր բրիտանական վերահսկողության տակ, մինչդեռ որոշ հայեր մեկնեցին Ֆիլիպիններ: 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին հայտնի էին Սարգիս եղբայրները, որոնք Հարավարևելյան Ասիայում շքեղ հյուրանոցային ցանցերի հիմնադիրներ էին։ Նրանք ծնվել են Իրանի Նոր Ջուղա քաղաքում[2], տեղափոխվել Ինդոնեզիա և հյուրանոցներ բացել Մալայզիայում ու Սինգապուրում։

Հոգևոր-մշակութային կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքի ազգային կյանքն աշխուժացել է 19-րդ դարում։ 1831 թվականին կառուցվել է հայկական մատուռ, իսկ 1852 թվականին՝ սուրբ Հովհաննես եկեղեցին (1927 թվականից Սուրաբայայում գործում է սուրբ Գևորգ եկեղեցին, որը համայնքի հոգևոր և մշակութային կենտրոնն է)։ 1855 թվականին Բաթավիայում, Գևորգ Մանուկ Մանուչարյանի կտակած գումարով նրա քույրերը բացել են «Մանուկ և Հարություն» երկսեռ դպրոցը (գիշերօթիկ բաժնով), որը փակվել է 1872 թվականին և վերաբացվել 1923 թվականին։

Ինդոնեզահայերի ներքին կյանքը (դպրոց, եկեղեցի, միություններ) կարգավորելու համար կազմվել է կանոնադրություն (27 կետից), որը «Սահմանադրություն և կարգավորություն ժողովըրդյան հայոց ի Ճավա» վերտառությամբ հաստատել է կառավարությունը 1880 թվականի հունվարի 6-ին։

Փոքրաթիվ լինելով՝ ինդոնեզահայերը գրական և մշակութային աշխույժ կյանք չեն ունեցել. գործել են ճավա կղզու «Հայ կանանց բարեգործական միություն» թատերախումբը, «Հայկական ֆուտբոլի ակումբ»-ը (1900 թվականից), «Հայկական մարզական ակումբ»-ը (1922 թվականից), բեյսբոլի, ռեգբիի թիմեր և այլն։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ինդոնեզիայի հայերը դիտվել են որպես ֆաշիզմի թշնամիներ, և ճապոնացիները նրանց ընտանիքներով արգելափակել են համակենտրոնացման ճամբարներում, որտեղ նրանց մի մասը սովի և համաճարակի զոհ է դարձել։ Պատերազմից հետո շատ հայեր տեղափոխվել են ԱՄՆ, Ավստրալիա և այլ երկրներ։

Հասարակական-քաղաքական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեծահարուստ հայ ընտանիք

Կարիքավոր հայրենակիցներին (Ինդոնեզիայում և Նոր Ջուղայում) օգնելու, ինչպես նաև հայ մշակույթը սատարելու նպատակով ինդոնեզահայերը հիմնել են կազմակերպություններ. 1852 թվականին՝ «Հայկական միաբանություն», 1854 թվականին՝ «Գանձակ գրավոր աշխատանաց», որի նյութական օժանդակությամբ Նոր Ջուղայում, Կալկաթայում, Երուսաղեմում և այլուր տպագրվել են տասնյակ հայերեն գրքեր, հիմնվել դպրոցներ, 1858 թվականին՝ «Գանձակ Ջուղայու տնանկացը» (ցայսօր շարունակում է իր գործունեությունը) և այլն։ 1917 թվականից գործում է ՀԲԸՄ մասնաճյուղը։

Ինդոնեզահայ համայնքը հայտնի է իր հայրենասիրական գործունեությամբ։ Երբ ռուս-պարսկական պատերազմների (1804-1813, 1826-1828) արդյունքում Արևելյան Հայաստանը պարսկական լծից ազատագրվեց (1828) ինդոնեզահայերից շատերը իրենց ծատայությունները առաջարկեցին, շատերն էլ որոշեցին վերադառնալ հայրենիք։

Ինդոնեզահայերը նյութապես աջակցում էին Արևմտյան Հայաստանում 19-րդ դարի ազգային-ազատագրական շարժմանը։ Այդ նպատակով 1891 թվականին կազմակերպել են «Հայոց խրախուսական միությունը» (հիմնադիր՝ Օհաննես Քյուրքչյան)։ 1894 թվականին գումար են հանգանակել Սասունում բնակվող հայ աղետյալների, 1905-1906 թվականների հայ-թաթարական ընդհարումների ժամանակ՝ Կովկասի հայ սովյալների համար։

1915-1917 թվականին ինդոնեզահայերը միջոցներ չեն խնայել եղեռնից փրկված հայրենակիցներին օգնելու։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Encyclopaedie van Nederlandsch-Indië (1921) page 17.
  2. The History of Armenians in Սինգապուր and Malaysia Արխիվացված 2017-10-28 Wayback Machine. Amassia.com.au. Retrieved on 2011-10-23.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայերն Ինդոնեզիայում» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։