Հայերն Ուկրաինայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մասնաբաժինը Հայերն Մարդահամար 2001
19-րդ դարի բացիկ։ Սուրբ Նիկողայոս հայկական եկեղեցի Ուկրաինայի Կամենեց-Պոդոլսկ քաղաքում: Քանդվել է 1930-ական թվականներին։

Հայերը Ուկրաինայում բնակվել են շատ վաղուց արդեն XI դարում Կիևում կար հայկական համայնք։ Ավելի ուշ հայկական մեծ համայնքներ են եղել Լվովում, Կամենեց-Պոդոլսկում և Մոգիլյով-Պոդոլսկում։ XV-XVIII դարերում հայկական գաղութներ են հիմնվել Չեռնովցիում, Յազլովեցում, Խոտինում, Բերեժանիում, Զոնլոչևում, Ստանիսլավում (այժմ՝ Իվանո-Ֆրանկովսկ), Ժվանեցում, Դուբրովիցայում, Ռաշկովում և այլուր։ Հայերն զբաղվել են արհեստներով, առևտրով, երկրագործությամբ։ Նրանք ունեցել են ներքին ինքնավարություն, դատարաններ։ Կառուցել են բնակելի շենքեր, եկեղեցիներ, դպրոցներ, ռազմական ամրություններ, ջրմուղներ, հիմնել հիվանդանոցներ, տպարաններ, գրադարաններ, թատրոն։ Շատ հայեր մասնակցել են ուկրաինական ժողովրդի ազգային-ազատագրական պայքարին։ Դեռևս XVI դարում նրանք մտել են կազակական զորամիավորումների մեջ և կռվել թուրք-թաթարական ասպատակիչների դեմ։ Հայերը երկար ժամանակ կարողացել են պահպանել իրենց ազգային նկարագիրը։ Սակայն օտար միջավայրն աստիճանաբար ձուլել և կլանել է նրանց, ինչին զգալի չափով նպաստել է նաև XVII դարում իրականացված բռնի կաթոլիկացումը։ Թուրքական լուծն իր հերթին սասանեց արդեն նկատելիորեն թուլացած գաղութի հիմքերը, և ապազգայնացումն ընթացավ ավելի ուժեղ թափով։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին, երբ մարտերի առաջին իսկ օրից Ուկրաինայի տարածքը վերածվեց ռազմադաշտի, հազարավոր հայ մարտիկներ, այդ թվում և Ուկրաինայում բնակվող հայեր, մասնակցեցին երկրի պաշտպանությանն ու ազատագրմանը։ Ուկրաինայի տարածքում մղված մարտերի մասնակից զորակազմավորումների մեջ էին հայկական դիվիզիաները և Սասունցի Դավիթ տանկային շարասյունը։ 1988 թ-ի Սպիտակի երկրաշարժից հետո և 1990-ական թվականներին մի քանի հազար հայաստանցիներ բնակություն են հաստատել Ուկրաինայի արդյունաբերական և ծովափնյա քաղաքներում։ Աշխուժացել է հայ ազգային կյանքը։ Ուկրաինայի գրեթե բոլոր խոշոր քաղաքներում հիմնվել են հայկական մշակութային ընկերություններ, եկեղեցիներ, դպրոցներ, հայերենի ուսուցման խմբակներ։ Ներկայումս Ուկրաինայում բնակվում է շուրջ 130 հզ. հայ, ոչ պաշտոնական տվյալների հայերը Ուկրաինայում կազմում են 400.000 մարդ։ Բնակվում են հիմնականում Կիևում (40.000), Օդեսայում, Խարկովում, Դոնեցկում, Լվովում, Զապորոժյեում, Ղրիմի քաղաքներում և այլ վայրերում։ Գործում են 23 հայկական եկեղեցիներ և 2 մատուռ, ամենօրյա և կիրակնօրյա դպրոցներ, հրատարակվում են« Արագած, Մասյաց աղավնի հայկական թերթերը, Սուրբ Խաչ հանդեսը։ 2001 թ-ին ստեղծվել է Ուկրաինայի հայերի միությունը։ Ուկրաինայում կառուցվում է 6 հայկական եկեղեցի, Դոնեցկ, Կիև Զապորոժյե, Կամենեց-Պոդոլսկի, Լուգանսկ և Սևաստոպոլ քաղաքներում։