Հայերը Չինաստանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ըստ պատմական աղբյուրների հայերը Չինաստանում առաջին անգամ հիշատակվում են 2-րդ դարում։ Դրանք եղել են մետաքս և այլ ապրանքներ արտահանող վաճառականներ։ Հայկական փոքր գաղութներ հիմնվել են մոնղոլական արշավանքներից հետո (13-րդ դար), երբ Հայաստանից գերեվարված հայերի մի մասը բնակեցվել է Չինաստանի հյուսիսում։ Այնուհետև հայերը թափանցել են Չինաստանի խորքը և բնակվել ծովային շրջաններում։ Չինաստանի Կանտոն (Գուանչժոու ) քաղաքում մինչև 1307 թվականը կառուցվել է եկեղեցի՝ հարակից շինություններով։ 17-րդ դարում Կանտոնում բնակվում էր 30 հայ ընտանիք։ 18-րդ դարում ոչ մեծ առևտրավաններ են եղել Շանհայում։ 19-րդ դարում հայերի հոսք եղավ Հնդկաստանից ու հարևան երկրներից։ Նրանք բնակվեցին Մուկդենում, Խարբինում, Չանչունում, Շանհայում։ Չինաստանի հարավում բնակվում էին գլխավորապես նորջուղաեցիներ, արևելքում՝ ղարաբաղցիներ ու զանգեզուրցիներ։ Ամենահայաշատ քաղաքը Խարբինն էր։ Խարբինի համայնքը ուներ եկեղեցի, ներքին սահմանադրություն։ Այստեղ 1930 թվականին հիմնվեց Արծիվ միությունը, Հայ երիտասարդական ակումբ, Հայ տիկնանց միությունը։ 1937 թվականին Շանհայում կար 200 հայ ընտանիք (հետագայում նրանց թիվը հասավ 600-ի)։ Չինաստանում կային հայտնի հայ բժիշկներ, ինժեներներ, փաստաբաններ։ Առևտրում հայերը ունեին անգլիացիներին հավասար իրավունքներ, իրենց սեփական նավերը, գործարաններ (Կանտոնում)։ Կանտոնաբնակ չինարենի ուսուցիչ Հովհաննես Ղազարյանը հայերենից չինարեն է թարգմանել Աստվածաշունչը (չինարեն առաջին և լավագույն թարգմանությունը)։ Խարբինի առողջապահական գործը ղեկավարել է Ստեփան Մուղդեսյանը։ Չինահայերը չեն կորցրել կապը հայրենիքի հետ։ 18-րդ դարում չինահայեր Մնացական Ղասապյանը, Հովհաննես Մաթևոսյանը և ուրիշներ մեծ գումարներ են կտակել Հայաստանին, նոր Նախիջևանին։ Չիանաստանի հայերը տուժել են ճապոնական ներխուժումից։ Նրանք դիտվել են իբրև Ճապոնական կայսրության թշնամիներ և մեկուսացվել։ Նրանց մեծ մասը գաղթել է Ավստրալիա, ԱՄՆ, Մալայա և Ֆիլիպիններ։ Այժմ Չինաստանում կան շատ քիչ թվով հայեր (մոտ 500 մարդ)։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդին. հայոց ճանապարհորդության տարեգրություն