Հայերը Սուդանում
Սուդանի հայկական գաղթավայրը երկար պատմություն չունի։ Այն հիմնվել է 19-րդ դարի երկրորդ կեսում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին հայ գաղթականները Սուդան են եկել Արաբկիրից և Ակնից ու բնակություն են հաստատել Խարթումում։ Գաղթօջախը ստվարացել է Նուբար Փաշայի կառավարության տարիներին (1857-1858 թվականներ)[1]։ Սակայն հետագայում գաղթավայրի բնակչությունը պակասել է՝ Մեհտիի և Խալֆայի կրոնական հալածանքի հետևանքով։
Սուդանի հայկական գաղթավայրը բավականաչափ նոր գաղթականներ է ընդունել 1895-1896 թվականներին Համիդյան ջարդերի, հետագայում՝ Ադանայի կոտորածների ժամանակ։ Զանգվածային հայ գաղթականություն է եկել Սուդան հատկապես Մեծ եղեռնի օրերին և Զմյուռնիայի և Կիլիկիայի դատարկումից հետո։ Սուդան եկող հայ գաղթականները մեծ մասամբ անցել են Եգիպտոսի վրայով, այդ պատճառով Սուդանի հայ գաղթավայրը համարվում է Եգիպտոսի գաղթավարի մի ճյուղը։ Նոր եկած գաղթականությունը զգալիորեն փոխել է Սուդանի հայ գաղթօջախի սոցիալական պատկերը։ Սուդանի հայկական համայնքում սկսում են երևալ նաև հայ մտավորականներ՝ բժիշկներ, ատամնաբույժեր, դեղագործեր, գյուղատնտեսներ և այլն։
Հասարակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուդանում հաստատված հայ գաղթականների առաջին խմբերի հիմնական զբաղմունքը եղել է առևտուրը և արհեստագործությունը։ Գտնվել են նաև հայեր, որոնք հողամասեր են գնել և զբաղվել հողագործությամբ։ Սուդանի հայ գաղթօջախներում եղել են եվրոպական բարձրագույն կրթություն ստացած և մի շարք լեզուներ տիրապետող մարդիկ։ Այդ հանգամանքը հնարավորություն է տվել Խարթումում և Օմդուրմանում ստեղծելու մտավորականների կամ, ինչպես իրենք էին ասում «քոլեջականների» մի մեծ խմբակ՝ պրոֆեսոր Գրիգոր Ճերենճյանի գլխավորությամբ։
Այսօր Սուդանում հայ գրեթե չի մնացել։
Եկեղեցի
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեռևս 1933 թվականին որոշված էր Սուրբ Գրիգոր Լուսավորչի եկեղեցի կառուցել, սակայն շինարարությունը սկսվեց միայն 1953 թվականին՝ Սեֆերյանի ներդրած միջոցներով[2]: Եկեղեցին պատկանում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուդանի հոգևոր հովվությանը, որը ենթակա է Եգիպտոսի հայոց թեմին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հ. Սեքսեթյան (1913). Սուդանահայ գաղութը. Կ. Պոլիս: «Ամենույն տարեցույց». էջ 188.
- ↑ «10 հայկական եկեղեցիներ, որոնք գտնվում են ամենաանսպասելի քաղաքներում». www.past.am. 19 օգոստոսի, 2017 թվական.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ա. Գ. Աբրահամյան, Համառոտ ուրվագիծ հայ գաղթավայրերի պատմության, հատոր Բ, Երևան, «Հայաստան», 1967, էջ 77-82։
- «Հայ սփյուռք» հանրագիտարան, Երևան, «Հայկական հանրագիտարան» հրատարակչություն, 2003, էջ 536-538։