Հայերն Ալբանիայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայերն Ալբանիայում հայտնվել են ԽՍՀՄ-ի ժամանակաշրջանից։ Հայերը միակ ազգն էին, որ ուներ կոմունիստական Ալբանիա մուտք գործելու արտոնություն։ Մոտավոր հաշվարկներով Ալբանիայում ապրում են 400-500 հայեր, հիմնականում ապրում են մայրաքաղաք Տիրանայում, Դուրրասում, Վլորայում, Շկոդերում։ Հայերը ունեն երկու եկեղեցի Շկոդերում։ Դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի Հանրապետության և Ալբանիայի միջև հաստատվել են 1993 թվականին։

Համայնքի կազմավորումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբանիայի հայ համայնքը կազմավորվել է 1920-1930-ական թվականներին։ Առաջին հայ բնակիչները՝ թուրքական բանակի դասալիք զինվորներ Հայկ Բալջյանը և Լևոն Բոդիկյանը, Ալբանիա են եկել 1912 թվականին՝ Առաջին բալկանյան պատերազմում Թուրքիայի պարտությունից հետո, երբ Ալբանիան հռչակվել էր անկախ պետություն։ Հայերի թիվը երկրում ավելացել է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին՝ Մեծ եղեռնից փրկված գաղթականների հաշվին։ 1920-1930-ական թվականներին հայեր են գաղթել Ալբանիա նաև եվրոպական երկրներից՝ Հունաստանից, Գերմանիայից, Իտալիայից, Ֆրանսիայից և Անգլիայից։ Հիմնականում բարձրագույն կրթությամբ մասնագետներ էին՝ բժիշկներ, ատամնաբույժներ, գործարարներ։ 1940-ական թվականներին Ալբանիայի 15 ատամնաբույժից 5-ը հայ էր։ Մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմն ալբանահայերը կարողացել են ստեղծել բարեկեցիկ կյանք, իրենց զավակներին կրթության ուղարկել Վիեննայի Մխիթարյան դպրոց։ Պատերազմը, ապա կոմունիստական վարչակարգի հաստատումը (1945) ընդհատել են համայնքի զարգացման ընթացքը. ազգայնացվել է Ալբանիայի բնակչության, այդ թվում և հայերի ողջ սեփականությունը։ Հայերին նույնիսկ արգելվել է հայկական անուններ տալ իրենց երեխաներին։ Ավելի քան 45 տարի, կոմունիստական վարչակարգի պայմաններում, Ալբանիայի հայ համայնքը գոյատևել է ամբողջական մեկուսացման մեջ. իրավունք չի ունեցել կապեր հաստատելու սփյուռքահայ մյուս համայնքների և Հայաստանի հետ, ստեղծելու ազգապահպան կառույցներ։ Հայերը բնակվել են միմյանց հարևանությամբ, ազգային արժեքներին հաղորդակցվել ընտանեկան պայմաններում։

1990-ական թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1990-ական թվականների սկզբին Ալբանիայում համայնավարական վարչակարգի փլուզման և ժողովրդավարական գործընթացների ծավալման շնորհիվ համայնքի ազգային կյանքը սկսել է վերականգնվել։ 1990 թվականի ապրիլին Ալբանիայի կառավարության թույլտվությամբ Տիրանայի կաթոլիկ եկեղեցում պատարագ է մատուցվել ի հիշատակ Մեծ եղեռնի զոհերի։ Ալբանահայ համայնքի հոգևոր մատակարարությունն սկսել է իրականացնել Հայաստանյայց Առաքելական եկեղեցու Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակության Իտալիայի հոգևոր հովվությունը։ 1991 թվականին Տիրանայում հիմնվել է Հայկական մշակութային ընկերությունը։ 1997 թվականին գրանցվել է հայ համայնքը ներկայացնող կազմակերպություն՝ Ալբանիայի հայ միությունը։ Համայնքային վարչությունը կազմված է յոթ հոգուց (քարտուղարն է վիրաբույժ Էմիլ Ասատուրյանը)։ Համայնքի ազդեցիկ գործիչներից է Վահրամ Փիրանյանը։ ՀԲԸՄ-ի հովանավորությամբ վեց հայ երիտասարդներ սովորել են Կիպրոսի Մելգոնյան կրթական հաստատությունում։

2000-ական թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թվականի տվյալներով Ալբանիայում, հիմնականում Տիրանայում, նաև Վլյորա ու Դուրրաս քաղաքներում բնակվում է մոտ 400 հայ. մեծ մասամբ Հունաստանից են և Հարավսլավիայից։ Առավելապես մանր առևտրականներ են, կան նաև բժիշկներ, տնտեսագետներ։ Ալբանիայում հայտնի է բժիշկ Վ. Պոտրուլյանը. ծառայել է Տիրանայի գլխավոր հոսպիտալում, մինչև 1983 թվականը եղել է ախտաբանության գծով գլխավոր բժիշկ։ Համայնքում հայտնի դեմքեր են նաև Ալբանիայի Ապահովագրության ինստիտուտի զարգացման դեպարտամենտի տնօրեն Վարուժան Փիրանյանը, քիմիկոս պրոֆեսոր Ծ. Չաքմաքչյանը, բազմաթիվ մրցանակների արժանացած երգահան Հ. Զաքարյանը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • AGBU News Magazine, vol. 10, N2, Spring/Summer, 2000

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայ Սփյուռք հանրագիտարան, Երևան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2003, էջ 17-30։