Արաբկիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1rightarrow.png  Տե՛ս նաև Արաբկիր (այլ կիրառումներ) 
Քաղաք
Արաբկիր
Arapgir church.png
39°02′00″ հս. լ. 38°29′00″ ավ. ե. / 39.033333° հս. լ. 38.483333° աե. ե.
Վարչական տարածք Թուրքիա Թուրքիա
Երկրամաս Արաբկիրի գավառակ
Քաղաքապետ Էրջան Թուրան
Մակերես 956 կմ2 կմ²
Խոսվող լեզուներ Հայերեն(մինչև Մեծ եղեռնը),թուրքերեն,քրդերեն
Բնակչություն Ընդհանուր՝ 10,972 [1][2]
Քաղաք՝ 6,120
Գյուղեր՝ 4,852 մարդ (2012)
Ազգային կազմ Հայեր(մինչև Մեծ եղեռնը) ,այժմ քրդեր,թուրքեր
Ժամային գոտի UTC+3
Ավտոմոբիլային կոդ 44
Պաշտոնական կայք [www.arapgir.gov.tr www.arapgir.gov.tr]
##Արաբկիր (Թուրքիա)
Red pog.png

Արաբկիր (թուրք.՝ Arapgir, քրդ.՝ Arabkîr), քաղաք Արևմտյան Հայաստանում, Մալաթիայի նահանգում, Եփրատի վտակ Արաբկիր գետակի ափին, Խարբերդի և Ակնի միջև, Մալաթիա քաղաքից 70 կմ հյուսիս։ Քաղաքը փռված է Անտիտավրոսյան լեռնաշղթայի ստորոտում: Արաբկիրը աչքի էր ընկնում որպես վաճառաշահ քաղաք, շրջապատված էր մշակված արգավանդ դաշտերով։ Աղբյուրներում տարբեր ժամանակներում համարվում է ամրոց, գյուղաքաղաք, քաղաք-ամրոց, բերդաքաղաք, քաղաք:

Անվան ստուգաբանությունը[խմբագրել]

Հիշատակվում է նաև Արաբկեր ձևով: Անունը հավանաբար կապված է հնագույն Արաբրակնուա քաղաքի անվան հետ, որի մոտ էլ կառուցվել է այն: Քաղաքը տիրել են նաև արաբները, ոմանք նրա անունը կապում են թուրքերեն «արաբ» և «գեր» («գիր») բառերի հետ, որ նշանակում է արաբ մտած, կամ արաբ մտիր: Հայկական ժողովրդական ստուգաբանությամբ Արաբկիր նշանակում է՝ առ ափին գետի: Հույները կոչել են Արապրասեչ:

Պատմություն[խմբագրել]

Արաբկիրը հնում մտնում էր Փոքր Հայքի Երկրորդ՝ ըստ Հուստինիանոսի վարչական բաժանման (6-րդ դար) Երրորդ Հայքի մեջ: Նոր ժամանակներում այն Սեբաստիայի նահանգի Արաբկիր գավառի կենտրոնն էր:

Արաբկիրի վերակառուցումը վերագրվում է Վասպուրականի Արծրունի վերջին թագավոր Սենեքերիմին, որը 1021 կամ 1022 թվականին իր թագավորությունը Բյուզանդիային տալու դիմաց Սեբաստիայի հետ միասին ստացել էր նաև Արաբկիրի շրջանը: Հետագայում, դարեր շարունակ, Արաբկիրը նշանակալի առաջադիմություն չի ունեցել: Այն թուրքական տիրապետության տակ է անցել 15-րդ դարում, շարունակ մնալով իբրև խղճուկ մի գյուղաքաղաք:

Բնակչություն[խմբագրել]

Արաբկիրը 1800-1830-ական թվականներին ուներ մոտ 15 հազար բնակիչ, որից 12 հազարը՝ հայեր, 1830-1850 թվականներին նրա բնակչության ընդհանուր քանակը մնացել էր գրեթե նույնը, բայց հայերի թիվը իջել էր մինչև 9 հազար մարդու: 1915 թվականի եղեռնից առաջ քաղաքի բնակչության թիվը հասնում էր մոտ 20 հազարի, որից 10 հազարը հայեր էին: Արաբկիրի հայերը երկու անգամ՝ 1895-1896 թթ. և 1915 թ. ենթարկվեցին տեղահանման և բնաջնջման: ՀՍՍՀ ներգաղթած արաբկիրցիները 1925 թ. նոյեմբերի 29ին Հայաստանում սովետական կարգերի օրը, հանդիսավոր պայմաններում Երևանի մոտ հիմնադրել են Նոր Արաբկիր ավանը, որը 1929 թ. ուներ 1000 բնակիչ, իսկ 30 տարի հետո՝ 60 հազար: Նոր Արաբկիրը տասնամյակներ առաջ ձուլվել է մայրաքաղաքի հետ՝ կազմելով նրա մի թաղամասը:

Երկրորդ Համաշխարհային պատերազմի ավարտին՝ 1945 թվականին, Արաբկիրն ուներ 6684 բնակիչ, որից մոտ 600-ը՝ հայ: Սակայն 1946 թվականից հետո այդտեղ մնացած հայերի մեծ մասը գաղթեց Սիրիա, Կոստանդնուպոլիս, Մալաթիա և քաղաքում մնաց մոտ 200 հայ բնակիչ:

Տնտեսություն[խմբագրել]

19-20-րդ դարերում Արաբկիրն ուներ առաջին հերթին հայտնի էր իր կտավագործությամբ: 19-րդ դարի կեսին այստեղ գործում էին 15 ջուլհակային, 9 մանածագործական և սփռոցի արտադրության 18 ձեռնարկություններ: Արհեստներից տարածված էին նաև ոսկերչությունը, մետաղագործությունը, պղնձագործությունը, օճառագործությունը, զինագործությունը:

Աշխույժ էր նաև առևտուրը: Հնում այստեղով էին անցնում Զիմարա-Մալաթիա, իսկ նոր ժամանակներում՝ Ակն-Մալաթիա ճանապարհները:

Բնակիչների զգալի մասը զբաղվում էր գյուղատնտեսությամբ:՝ բամբակի, հացահատիկների, պտղատու այգիների մշակմամբ, շերամապահությամբ:

Պատմամշակութային կոթողները[խմբագրել]

Քաղաքի եկեղեցիները 19-րդ դարում և 20-րդ դարի սկզբում թվով 7-ն էին, որոնցից 4-ը լուսավորչական էին՝ 2-ը՝ բողոքական, իսկ մեկը՝ կաթոլիկական:

Մշակույթ[խմբագրել]

19-րդ ը 20-րդ դարերում Արաբկիրն ուներ բավական աշխույժ մշակութային կյանք: Հայերն այստեղ ունեին 13 դպրոց՝ Մայր վարժարան, սբ. Թարգմանչաց, Զարուհյան և այլն:

Արաբկիրը հայ գրչության կենտրոններից է: Այստեղ 15-17-րդ դարերում գրվել են մի քանի ձեռագրեր, որոնցից մեզ հայտնի են 1446 թ. ընդօրինակված մի Ճաշոց և Խաչատուր քահանայի 1640 թ. գրած Մաշտոցը:

Ականավոր արաբկիրցիներ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. TÜRKİYE İSTATİSTİK KURUMU(թուրքերեն)
  2. tuik, 2009(թուրքերեն)

Աղբյուրներ[խմբագրել]

  • «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
  • Թ.Խ. Հակոբյան (1987)։ Պատմական Հայաստանի քաղաքները։ Երևան: «Հայաստան», էջ 50-53։

Տես նաև[խմբագրել]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png