Ակն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Ակն
թուրք.՝ Kemaliye
Կոորդինատներ: 39°15′39″ հս․ լ. 38°29′48″ ավ. ե. / 39.26083° հս․. լ. 38.49667° ավ. ե. / 39.26083; 38.49667
Երկիր Թուրքիա Թուրքիա
Նահանգ Երզնկա
Այլ անվանումներ Մարընտունիկ, Ակին
Մակերես 1 094 կմ²
ԲԾՄ 1000 մ
Բնակչություն 2 036 մարդ (2008)
Ագլոմերացիա 5 487
Ժամային գոտի UTC+2
Հեռախոսային կոդ 446
Փոստային ինդեքս 24530
Ավտոմոբիլային կոդ 24
Պաշտոնական կայք kemaliye.gov.tr
##Ակն (Թուրքիա)
Red pog.png

Ակն (այժմ՝ Քեմալիե, թուրք.՝ Kemaliye), քաղաք Արևմտյան Հայաստանում, այժմ՝ Թուրքիայի Թուրքիայի Հանրապետության կենտրոնական մասում, Երզնկայի նահանգում, Արևմտյան Եփրատ (Կարասու) գետի աջ ափին, Տավրոսյան և Անտիտավրոսյան լեռնաշղթաների միջև, Երզնկայից Խարբերդ տանող ճանապարհին։ Անցյալում եղել է Խարբերդի վիլայեթի կազմում։

Անվան ստուգաբանությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակն անունը հավանաբար ծագել է քաղաքի միջով հոսող Ակնաղբյուրի անվանումից։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավանդության համաձայն՝ Անիի կործանումից հետո նրա բնակիչների մի մասը եկել է այստեղ և հանդիպելով սառնորակ աղբյուրի՝ դրա մոտ էլ հիմնել է նոր աղաքը, այն կոչելով Ակն։ 1300–21-ին Անիից այստեղ գաղթած հայերը հիմնադրել են իրենց թաղամասը՝ Ս. Հակոբ եկեղեցով։ Ակնում եղել է նաև Անի անունով բերդ։

Այլ պատմության համաձայն՝ Ակնը հիմնադրել են Սեբաստիա տեղափոխված Արծրունիները 1022-ին՝ կոչելով այն Մարընտունիկ։

Հնում Ակնը մտնում էր Փոքր Հայքի Երկրորդ Հայք նահանգի մեջ։ Նոր ժամանակներում մտել է երբեմն Էրզրումի, երբեմն՝ Խարբերդի, երբեմն էլ՝ Սեբաստիայի նահանգի (վիլայեթի) մեջ, լինելով Ակնի գավառակի կենտրոնը։ 16-րդ դարում սկզբին Ակնը գրավեցին թուրքերը։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարի սկզբին քաղաքն ունեցել է շուրջ 10.000 բնակիչ, որից մոտ 5500-ը՝ հայեր։ 1880 թվականի տվյալներով ունեցել է 5442 հայ և 4286 թուրք և հույն բնակիչ, 19-րդ դարի վերջերին նրա բնակչությունը հասնում էր 20 հազար մարդու, որի կեսը հայեր էին, իսկ մյուս կեսը թուրքեր ու մասամբ հույներ[1]։ Ակնեցիները պանդխտել են Կոստանդնուպոլիս։ Ակնեցիները ունեին նաև իրենց բարբառը։ 1896-ի սեպտեմբերի 3-4-ին թուրք հրոսակները հարձակվեցին Ակնի, իսկ քրդերը՝ շրջակա հայ գյուղերի (Լիճք, Բինկյան, Զմարա, Կասմա, Ապուչեխ, Կամարակապ և այլն) վրա, կոտորեցին բնակիչներին, կողոպտեցին ու հրդեհեցին տները։ Ականատեսի վկայությամբ, զոհերի թիվր հասավ 3000-ի։ Հետագա երկու տասնամյակում հայերը վերաշինեցին քաղաքը, Ակնում նորից կյանքն աշխուժացավ։ Մեծ եղեռնին Ակնը և շրջակա գյուղերը դատարկվեցին հայերից, որոնց մեծ մասը շուտով զոհ գնաց գաղթի ճանապարհին։ 1929 թվականի տվյալներով՝ Ակնում մնացել էր ընդամենը 41 հայ բնակիչ։ Ներկայումս այն անշուք գավառական քաղաք է։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը հիմնականում զբաղվում էր արհեստներով և առևտրով։ Կարևոր զբաղմունք էր նաև շերամապահությունը։ Արհեստներից տարածված էին դերձակությունը, ջուլհակությունը, կոշկակարությունը, դարբնությունը, երկաթագործությունը, մանածագործությունը և այլն։19-րդ դարի վերջերում Ակնում հաշվվում էին մինչև 300 խանութներ, կրպակներ, արհեստանոցներ ու պանդոկներ։

Պատմամշակութային կոթողները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակնը հայտնի էր իր ճարտարապետական կոթողներով՝ վանքերով, եկեղեցիներով, կամուրջներով, շրջակայքի հնություններով։ 11-րդ դարում այստեղ կառուցել են Նարեկա վանքը (Ռշտունիքի համանուն վանքի անունով), իսկ ավելի ուշ՝ Սբ. Նշան վանքը (Վարագի Սբ. Նշան վանքի անունով)։ 19-րդ դարի վերջում ուներ երկու գործող եկեղեցի՝ Սբ. Աստվածածին և Սբ. Գևորգ անուններով։ Հնում քաղաքում գոյություն ուներ նաև Սբ. Հովհաննես Ոսկեբերան հայրապետի անունով եկեղեցի, որ հրկիզվել էր 1655 թվականին։ Քաղաքն ուներ մի շարք մզկիթներ։

Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակնը նշանակալի դեր է խաղացել հայկական մշակույթի մեջ։ Այն հայտնի էր իր ժողովրդական երգերով, անտունիներով, տաղերով։ 19-րդ դարի վերջերին Ակնում գործում էին ազգային մի քանի ընկերություններ (Ազգասիրական, Ուսումնասիրական, Արամյան և Նարեկյան)։ 1870 թվականից Ակնում լույս են տեսել «Ծաղիկ», «Եփրատ», «Մտրակ» թերթերը։ 1873 թվականին այստեղ ներկայացվել է «Սուրբ Մեծն Ներսես» պիեսը։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակնը գրչության կենտրոն էր։ 19-րդ դարում և 20-րդ դարի սկզբներին այստեղ գործում էին երկսեռ երկու վարժարան՝ Նարեկյան և Ներսիսյան, ինչպես և չորս մասնավոր դպրոցներ, որոնք բոլորը միասին 1872-1873 թթ. ունեին 360 աշակերտ։ Եկեղեցիներին կից 19-րդ դարի երկրորդ կեսում գործում էին երկու «դպրատուն»։

Նշանավոր ակնեցիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատերը ակնեցի են համարում նաև միջնադայան մեծ բանաստեղծ Նահապետ Քուչակին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ս. Մ. Ծոցիկյան, Արևմտահայ աշխարհ, Նյու Յորք, 1947, էջ 50-57:

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թ.Խ. Հակոբյան (1987)։ Պատմական Հայաստանի քաղաքները։ Երևան։ «Հայաստան», էջ 30-35։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png