Կամարակապ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գյուղ
Կամարակապ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԽարբերդի վիլայեթ
ԳավառակԱկնի գավառակ
Այլ անվանումներԿամարկապ, Կամրկապ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1345 մարդ (XX դարասկիզբ)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը), թուրքեր
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3

Կամարակապ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Ակնի գավառակում։ Գտնվում է Ակն քաղաքից 2 կմ հարավ-արևելք, Եփրատի բարձրադիր աջ ափին։

Անվան ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ավանդության գյուղի տեղում հնում անտառ է եղել, որը հրդեհվել է և երկինք բարձրացող ծիրանագույն բոցը կազմել է հսկայական կամարը: Իսկ հարևան Վարդիշ գյուղի տեղափողխվել են հրդեհված վայր և հիմնել են Կամարակապ անունով նոր գյուղ:

Ըստ մեկ այլ ավանդության համաձայն անվանումը նշանակում է Կարմիր կապ, որը ծագել է հարսի ու փեսայի իրար հետ կարմիր ժապավենով կապված լինելու սովորությունից:

Անվանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակավայրն ունեցել է հետևյալ անվանումները. Գյուղ Մեծատանց, Կամարկապ, Կամզկապ, Կամըզկապ, Կամըրկապ, Կամրակապ, Կամրկա, Կամիր կապ, Կեմիրկյապ, Կոմարակապ, Կումրկապ, Քեմերղապ:

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղն ուներ գեղատեսիլ դիրք, Զույգ աղբյուր և Հովիտ կոչված հորդաբուխ աղբյուրներ: Պարտեզները հիմնականում ոռոգվում էին գյուղի հյուսիսի մոտով անցնող Քառասունակի ջրերով:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Ն. Ադոնցի Կամարակապի տեղում գտնվում էր պատմական Զենոկապի ճանապարհային կայանը՝ Զիմարա-Մալաթիա ուղու վրա:

Ըստ ավանդության, Կամարակապը հիմնադրել է յոթ հայ ընտանիք, նրա տարածքից մոտ մեկ կմ հարավ-արևելք, Վարդիշ կոչված տեղում, ուր գտնվում էր Ս. Թորոս անունով մատուռը։ Սկզբում զուտ հայաբնակ գյուղ էր։ XIX դարի վերջին այստեղից բազմաթիվ հայ ընտանիքներ տեղափոխվեցին Կ. Պոլիս։ Գաղթած հայերի փոխարեն բնակություն հաստատեցին թուրքերը և աստիճանաբար տիրացան գաղթած հայերի տներին ու պարտեզներին։

Կամարակապի հայերը բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1880 թվականին ուներ 1133 հայ և 212 թուրք բնակչություն։ Կամարակապցիները ուսումնասեր, քաղաքավարի ու համեմատաբար զարգացած մարդիկ էին:

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և արհեստներով (ոսկերչություն, ատաղձագործություն, երկաթագործություն ևն)։ 1895 թվականին Կամարակապում կառուցվել էր ոգելից խմիչքների գործարան, որի արտադրանքը արտահանվում էր Խարբերդ, Երզնկա և Արաբկիր։ Գյուղում գործում էր տպարան:

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայերն ունեին երկու եկեղեցի՝ Ս. Աստվածածին և Ս. Գևորգ անուններով, առաջինը քարաշեն էր և գտնվում էր գյուղի կենտրոնում, որի նկուղում էր Սբ. Սանդուխտի մատուռը։ Կամարկապում կային նաև ավերակ եկեղեցիներ (Ս. Սահակ, Ս. Խաչ, Ս. Նիկողայոս) և բազմաթիվ ուղխտատեղիներ ու մատուռներ Ս. Գևորգ, Ս. Հակոբ, Ս. Պողոս-Պետրոս, Ս. Թորոս, Իսպիր Խաթուն և այլն, որոնց մի մասը գտնվում էր գյուղի մոտակայքում:

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

XIX դարի 60-ական թվականներին ասյտեղ բացվել է առաջին դպրոցը: Նույն դարի 80-ական թվականներին բացվել է երկու վարժարան՝ Արամյան արական (եռհարկ, քարաշեն, 78 աշակերտ) և Սանդուխյան՝ իգական (54 աշակերտուհի) վարժարանները։ Արամյան վարժարանում դասավանդում էին Պոլսից հրավիրված կրթված ուսուցիչները, որոնք վարժարանը վերածեցին բարձրագույն կրթարանի: Վարժարանում նաև դասավանդում էին ֆրանսերեն, թուրքերեն, բնական գիտություններ: Վարժարանն ուներ հարուստ մատենադարան, որն ուներ հազարավոր գրքեր:

Կամարակապում գործել են նաև կրթական և մշակութային ընկերություններ։ Դրանցից էին «Ազգանազյան ընկերությունը» (1873—1879), որը գյուղում կազմակերպել է ներկայացումներ և լույս ընծայել «Մտրակ» անունով խմորատիպ թերթ, «Դպրոցասիրաց ընկերությունը» (1876), որն իր հավաքած միջոցներով օգնում էր համագյուղացիներին հիմնադրելու գրադարան, «Հույս ի պսակ» (հիմնադրել են հայ ազգասեր տիկինները, 1875 թվականին), որը գործել է շուրջ չորս տարի։ Այդ ընկերությունը համագյուղացի որբ ու աղքատ աղջիկներին սովորեցնում էր կար ու ձև, խոհարարություն, օգնում ամուսնանալ և այլն:

Անվանի մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամարակապում են ծնվել ոսկերիչ-արվեստագետ Կարապետ Աֆրիկյանը (1886-1966) և հրապարակախոս, բանասեր Հրանտ Թորոսյանը (1886-1965)[1]:

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 915-916
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 199 CC-BY-SA-icon-80x15.png