Նարվեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Նարվեր
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԽարբերդի վիլայեթ
ԳավառակԱկնի գավառակ
Այլ անվանումներՆավեր, Նավվեր, Նավվեր, Նավրեր, Նարվիլ, Նարվիր
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Նարվեր (Աշխարհ)##
Նարվեր (Աշխարհ)

Նարվեր, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Ակնի գավառակում[1]։ Գտնվում էր Ակն քաղաքից 8-10 կմ հյուսիս-արևմուտք, Եփրատի աջ կողմում, Հայեկ լեռան վրա։

Անվան ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նարվեր առաջացել է «նա վեր է» արտահայտությունից։ Գյուղը գտնվելով Եփրատի ափին ունեցել է նավակայան և այստեղից նավարկողները երբ հարցնում էին ուր է Իջևանը, տեղացիները պատասխանում էին. «նա վեր է»։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի երկու կողմերում վեր են խոյանում Շրզու կամ Վանքի քար և Նարվերի քար հսկա ժայռերը։ Խաթունիկ և Շամամ ուխտատեղիների մոտ գտնվում էր Դրախտիկ սառնորակ աղբյուրը, որից հավասարապես օգտվում էին և՛ հայերը, և՛ թուրքերը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի մասին Նավրեր անունով 1640 թվականին հիշատակված է հայերեն ձեռագիր հիշատակարանում։ Գյուղը շատ է տուժել 1895 թվականի կոտորածների ժամանակ, իսկ 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ ամբողջապես դատարկվեց հայերից։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1900-ական թվականներին ուներ 50-60 տուն բնակիչ, որից 40 տուն՝ մոտ 200 բնակիչ՝ հայեր։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության հիմնական զբաղմունքը այգեգործություն, առևտուր և արհեստներն էր։ Ոմանք էլ պանդխտում էին։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նարվերն ուներ սրբատաշ քարերով կառուցված Ս. Մինաս անունով եկեղեցի։ Գյուղի շրջակայքում կային բազմաթիվ սրբավայրեր, մատուռներ և ավերված եկեղեցիներ։ Գյուղի մոտ գտնվում էին Ս. Աստվածածին, Խաչաղբյուր, Խնդրակատար ավերված եկեղեցիները, Եփրատի ափին՝ Ս. Թեոդորոս և Ս. Նիկողայոս (թուրքերն այն անվանում էին Զիարեթ թեփեսի) ուխտատեղիները, գյուղի այգիների մեջ՝ Ս. Խաթունիկը և Ս. Շամամը։

Նարվեր և Ապրանք գյուղերի միջև գտնվում էր Ս. Սարգի ավերված եկեղեցին։ Գյուղի մոտ էր նաև գտնվում Սենեկներ կոչվող ավերված եկեղեցին, որի կառուցումը վերագրվում էր Վասպուրականի թագավոր Սենեքերիմ Արծրունուն (X-XI դարեր)։ Գյուղից վերև՝ լեռան կատարին, գտնվում էր հին ավերակ բերդը, որի ստորոտում պահպանվում էին Ավերտունք անունով տների ավերակները։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղում գործում էր Սահակյան կամ Սմբատյան անունով վարժարան[2]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Խարբերդի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 971-972

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]