Փոքր Հայք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Երկրորդ Հայքից)
Փոքր Հայք

Մեծ Հայք և Փոքր Հայք

Փոքր Հայքի սահմանները Մ.թ.ա 330թ.-ին
Պետական կարգ թագավորություն, սատրապություն
Մայրաքաղաք Անի-Կամախ
Թագավորանիստ ոստան քաղաքամայր
Պետության գլուխ թագավոր
Արքայատոհմ Երվանդունիներ
Լեզու հայերեն
հին հունարեն
Կրոն Հեթանոսություն
Հայ առաքելական եկեղեցի
Դեպքեր և իրադարձություններ
Պատմական շրջան հին աշխարհ
Հասարակարգ ստրկատիրական, ավատատիրական
Հիմնադրում մ.թ.ա. 331 թվական
Հզորության գագաթնակետ
Անկում մ.թ. 72 թվական
Ժամանակագրական հաջորդականություն
- մ.թ.ա. 322 - մ.թ.ա. 301 Նվաճում Հունամակեդոնական կայսրության կողմից
- մ.թ.ա. 200 - մ.թ.ա. 190 Նվաճում Սելևկյան տերության կողմից
- մ.թ.ա. 115 - մ.թ.ա. 66 Միացում Պոնտոսի թագավորությանը
- մ.թ.ա. 66 - մ.թ. 72 Վասալ թագավորություն Հռոմի կազմում
Ներկայիս տարածքում Թուրքիա Թուրքիա
 
Պատմության պորտալ

Փոքր Հայք, Հայկական լեռնաշխարհի և պատմական Հայաստանի արևմտյան, համեմատաբար՝ փոքր տարածքի և նրանում ձևավորված թագավորության անվանումը։ Գոյատևել է չորս հարյուրամյակ` մ.թ.ա. 331 - մ.թ. 72 թվականները։ Գտնվում է Մեծ Հայքի և Եփրատ գետի արևմտյան կողմում, վերջինիս և Անտիտավրոսի լեռների միջև ընկած տարածքում[1]։ Ժամանակին այն բաժանվում էր երեք վարչական շրջանների` Առաջին Հայք, Երկրորդ Հայք և Երրորդ Հայք։ Հերոդոտոսը Հայաստանի անբաժան երկրամաս է համարում Եփրատից արևմուտք ընկած Պակտիկեն, որը համընկնում է հին պարսկական արձանագրություններում նշված «Կատպատուկա» և հին հայկական աղբյուրներում հիշատակվող «Կապուտկող», ավելի ուշ` Փոքր Հայք երկրամասին[2]։ Փոքր Հայքը եղել է հայ ժողովրդի ձևավորման հնագույն շրջաններից մեկը[3]։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մ.թ.ա. 4-րդ դարի վերջին, Աքեմենյան պետության կործանումով, վերացել է Հայաստանի սատրապություն-նահանգը։ Այն կիսվել է երկու մասի. Երվանդ զորավարի պետության մեջ մտնում էր Հայկական լեռնաշխարհի մեծ մասը, ուստի այն կոչվեց «Մեծ Հայք»[4]։ Միթրաուստես զորավարի տարածքը երկուսուկես անգամ զիջել է Երվանդի թագավորությանը, ուստի հայտնի դարձավ որպես «Փոքր Հայք»[5]։

«Փոքր Հայաստան» անվանումը հանդիպում է նաև միջնադարյան տեքստերում. խաչակիրներն այդպես էին կոչում Կիլիկիայի հայկական իշխանությունը, ապա և՝ թագավորությունը[6]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոքր Հայքի տարածքը ժամանակ առ ժամանակ տատանվել է 70-130 հազար քառակուսի կիլոմետրի սահմաններում։ Հզորության շրջանում՝ մ.թ.ա. 3-րդ դարում, դրա մեջ մտել էին Արևմտյան Եփրատի վերին ավազանի աջ հովիտը (այժմ՝ Էրզինջան, Բայբուրթ, Գյումուշխանե), Լյուկոս կամ հայերեն անվամբ՝ Գայլ գետի վերին և միջին հոսանքի ամբողջ ավազանը (Սիվաս, Գիրեսուն), Հալիս գետի վերին հոսանքի ամբողջ ավազանը (Թոքաթ, Օրդու), Սև ծովի ափամերձ շրջանները՝ ժամանակակից Բաթում քաղաքից մինչև Գայլի գետաբերան (Արդվին, Ռիզե, Տրապիզոն)[7]։ Գրեթե ամբողջությամբ Փոքր Հայքի մեջ էր մտել Համշեն գավառը, որը հայաբնակ է մինչ այժմ։

Փոքր Հայքի վարչական բաժանումների սահմանները այնքան հաճախ են փոփոխությունների ենթարկվել, որ անկարելի է ճշտությամբ որոշել նրանց տարածությունը։ Ունեցել է երեք նահանգ[8]՝

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական լեռնաշխարհի տարածքում առաջին ցեղապետություններն առաջացել են մ.թ.ա. 2-րդ հազարամյակում։ Դրանցից էր Հայասան (Խայաշա, մ.թ.ա. 16 - մ.թ.ա. 13-րդ դարեր), որից ենթադրաբար ծագում է «հայ» անունը։ Այդ ցեղային միությունը տարածված էր լեռնաշխարհի արևմտյան հատվածում՝ Սև ծովի ափերից Եփրատի ավազան ընկած հատվածը։ Սև ծովի ափերին հայերի բնակության մասին է վկայում նաև հին հեթանոսական առասպելը, որի համաձայն Տորք Անգեղը, քշելով թշնամուն լեռներից՝ հասել է մինչև ծով, ժայռեր պոկել և նետել լողացող նավերի վրա։ Արևմտյան տարածքներում որոշ ցեղապետություններ ընդունել էին Խեթական թագավորության (Խաթթի, մ.թ.ա. 18 - մ.թ.ա. 12-րդ դարեր) գերիշխանությունը։ Դրանք էին՝ Թեգարաման (Թորգոմի տուն՝ Հայկ Նահապետի հոր անունով), Մելիդը և այլն։ Խեթերի պետականության կորստից հետո այս միությունները երբեմն կիսանկախ էին՝ ընկնելով Ասորեստանի թագավորության ազդեցության տակ։

Տորք Անգեղի արձանը Երևանում. առասպելական կիսաստված-դյուցազունը քշելով թշնամուն լեռներից՝ հասել է մինչև Սև ծով, ժայռեր պոկել և նետել նավերի վրա

Մ.թ.ա. 9-րդ դարում ստեղծվեց Հայկական լեռնաշխարհի առաջին պետությունը՝ Վանի թագավորությունը (Ուրարտու), որը երեք հարյուրամյակի կյանք ունեցավ։ Ի սկզբանե այն իր մեջ ներառել էր Վանա և Կապուտան լճերի միջև ընկած տարածքը, որն Ուրուատրի ցեղային միության բնօրրանն էր։ Հետզհետե զորեղանալով՝ ուրարտացիները կարողացան գրավել Եփրատից մինչև Արաքս ընկած հայկական ցեղերի տարածքները, ապա և ժամանակավորապես իրենց ենթարկել Եփրատից արևմուտք ընկած հողերը։ Միևնույն ժամանակ հին հույները սկսեցին Սև ծովի ափին բնակություն հաստատել, հիմնելով մի քանի «պոլիսներ»՝ քաղաք-պետություններ։ Մ.թ.ա. 7-րդ դարի ընթացքում Վանի թագավորություն են ներխուժել սկյութներն ու կիմերները։ Վերջիններս բնակություն են հաստատել Եփրատ գետից արևմուտք ընկած տարածքներում[9]։

Մ.թ.ա 7-րդ դարի վերջին, պայմաններ են ստեղծվել հայոց առաջին պետականության հիմնադրման համար։ Մ.թ.ա. 612 թվականին Պարույր Նահապետի ջոկատները միացել են մարերի և բաբելոնցիների բանակներին և գրավել Նինվեն՝ Ասորեստանի մայրաքաղաքը։ Ավելի ուշ կործանվեց նաև Վանի թագավորությունը։ 580-ական թվականներին Պարույրի ազգականներից Երվանդը ստեղծեց համահայկական առաջին պետությունը՝ Վան մայրաքաղաքով։ Դրա մեջ մտավ ամբողջ Հայկական լեռնաշխարհը, այդ թվում՝ Եփրատից արևմուտք ընկած երկրամասերը։ Կարճ ժամանակ անց այն ենթարկվեց Աքեմենյան Պարսկաստանին (մ.թ.ա. 522 - մ.թ.ա. 331), որը Առաջավոր Ասիայի և ամբողջ Մերձավոր Արևելքի միակ գերտերությունն էր։

Մ.թ.ա. 4-րդ դարի կեսերին, երբ Աքեմենյանները թուլացել էին, Մակեդոնիայի արքա Ալեքսանդր Մեծը նպատակ դրեց ոչնչացնել այն։ Նա սկսեց «արևելյան արշավանք», որի ընթացքում երեք բախտորոշ ճակատամարտ տվեց թշնամուն։ Դրանցից երկրորդին՝ Գավգամելայի ճակատամարտին, մասնակցել են հայկական երկու զորաբանակ՝ Երվանդ (Օրոնտ) և Միթրաուստես (Միթրա-Միհր) սատրապների գլխավորությամբ։ Դրա անհաջող ավարտից հետո հայ զորավարները վերադարձել են հայրենիք, իրենց հռչակել անկախ թագավորներ[10]։ Հերոդոտոսը նշել է, որ դեռ մ.թ.ա. 5-րդ դարից արդեն շրջանը բնակեցված էր հայերով։

Անկախության շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Մ.թ.ա. 330 թվականին Փոքր Հայքը, ի թիվս Փոքր Ասիայի մի քանի այլ փոքր պետությունների, հռչակեց իր անկախությունը[11]։ Առաջավոր Ասիայում սկսել էր հելլենիզմի դարաշրջանը, և նորաստեղծ պետությունները հիմնականում հետևել են հունական մշակույթին։ Սկզբնական շրջանում ընդգրկել էր Եփրատի վերին, Ճորոխի ու Գայլ գետի վերին ու միջին և Հալիս գետի վերին հոսանքի շրջանները՝ Մեծ Հայքի, Կապադովկիայի ու Պոնտոսի միջև։ Կազմել է հնագույն Հայասա երկրի մասը[1]։ Փոքր Հայքը հպատակեցրեց խալդայներին ու տիբարեններին, հյուսիսից տարածվելով մինչև Սև ծով։ Մ.թ.ա. 322 թվականին Նեոպտղոմեոսը փորձել է Փոքր Հայքը միացնել հունա-մակեդոնական կայսրությունը[12]։ Իպսոսի ճակատամարտից հետո մ.թ.ա. 301 թվականին Փոքր Հայքն ապստամբել և անկախացել է։ Այս վիճակը տևել է երկու հարյուրամյակ[13]։ Պետության մայրաքաղաքն էր Անի-Կամախը՝ հեթանոս հայերի գլխավոր աստված Արամազդի պաշտամունքի գլխավոր վայրը։ Այս բնակավայրը նախքան այդ Հայասա ցեղային միության կենտրոնն էր։

Փոքր Հայքի մայրաքաղաք Անի-Կամախի ավերակները՝ ժայռի վրա

Փոքր Հայքի թագավորության տարածքը լեռնային էր. դրա մեջ էին մտել նաև Կարինը և Դերջանը (հետագայում՝ Բարձր Հայք)։ Դաշտային հատվածներն ամփոփված էին գլխավորապես խոշոր գետերի հովիտներում։ Բնակչության հիմնական զբաղմունքն անասնապահությունն էր՝ ոչխարաբուծությունն ու ձիաբուծությունը։ Հետագայում, երբ Մեծ Հայքից առանձնացել են հայկական երկու թագավորություններ՝ Կոմմագենեն և Ծոփքը, Փոքր Հայքը նրանց հետ հաստատել է աշխույժ տնտեսական կապեր։ Դա բացատրվում է Եփրատ գետի միջոցով այդ երկրների փոխշահավետ առևտրի հանգամանքով։ Փոքր Հայքը կապված էր նաև նորաստեղծ հունական պետությունների՝ Պոնտոսի և Կապադովկիայի հետ։

Մ.թ.ա. 3-րդ դարի վերջին Սելևկյանները հարձակվել են Հայկական լեռնաշխարհի վրա, հպատակեցրել Մեծ Հայքը, Փոքր Հայքը, Ծոփքը և Կոմմագենեն։ Փոքր Հայքում ստեղծվել է առանձին սատրապություն, որի սատրապ է նշանակվել մի հայ մեծատոհմիկի և սելևկյան թագավոր Անտիոքոս III Մեծի քրոջ որդի Միհրդատը։ Տասը տարի անց՝ մ.թ.ա. 190 թվականին Մագնեսիայի ճակատամարտում Անտիոքոս III-ի զորքերը Հռոմից պարտություն են կրել։ Այս դեպքից հետո Փոքր Հայքի սատրապը վերականգնել է անկախությունը։ Ստրաբոնը նշել է, որ Փոքր Հայքը միշտ ունեցել է իր ազգային իշխանները կամ դինաստիաները, որոնք հաճախ դաշնակից են իրենց հետ Հայաստանի հետ, բայց գործել են հաճախ նաև դրանից անկախ[14]։ Մ.թ.ա. 183 թվականին Պոնտոսի թագավոր Փառնակը և Փոքր Հայքի կառավարիչ Միհրդատը ներխուժել են Գաղատիա և Կապադովկիա, սակայն հաջողություն չեն ունեցել։ Ավելի ուշ պոնտացիները գրավել են Սև ծովի ափերը։ Մեծ Հայքի թագավոր Արտաշես Ա-ն, որ ծրագրել էր միավորել Փոքր Հայքը, նպաստել է նրա քաղաքական անկախության վերականգմանը և սահմանների ընդարձակմանը։ Այդուհանդերձ, նա հետ է գրավել Կարինն ու Դերջանը՝ Փոքր Հայքին թողնելով Պոնտական լեռներից մինչև Կիլիկիա ընկած տարածքը։

Մ.թ.ա. 2-րդ դարի վերջին Փոքր Հայքի թագավոր Անտիպատրոսը որդեգրել է Պոնտոսից փախած Միհրդատին։ Լինելով անժառանգ՝ Երվանդունի տոհմից սերող հայ թագավորը նրան է ժառանգել իր թագավորությունը։ Մ.թ.ա. 115 թվականին Միհրդատը թագադրվել է Փոքր Հայքի, իսկ երկու տարի անց նաև՝ ամբողջ Պոնտոսի թագավոր։ Այսպիսով Փոքր Հայքը խաղաղ կերպով միացել է Պոնտոսի թագավորությանը, նրա կազմում մնացել կես դար՝ մինչև Միհրդատյան պատերազմներ։

Օտար տիրապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հռոմ և Բյուզանդիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մ.թ.ա. 73-71 թվականներին Միհրդատյան երրորդ պատերազմի ժամանակ հռոմեական զորավար Լուկուլլոսի զորքերը ռազմակալել և ավերել են ամբողջ Պոնտոսը, այդ թվում և Փոքր Հայքը։ Մ.թ.ա. 68 թվականին Միհրդատ VI-ն ազատագրել է այն։ Երկու տարի անց Հռոմն արևելք է ուղարկել Գնեոս Պոմպեոսին։ Նա հաղթել է Փոքր Հայքի վերջին անկախ թագավոր Միհրդատ VI-ին և այդ տեղում կառուցել Նիկոպոլիսը՝ «հաղթանակի քաղաքը»։ Փոքր Հայքը, որոշ ընդհատումներով, մինչև 72 թվականը գոյատևել է որպես Հռոմի վասալ թագավորություն։ Նրա թագավոր-կառավարիչներ են նշանակվել տարբեր միապետեր՝ Կապադովկիայի արքաներ Արիոբարզան Ա-ն (մ.թ.ա. 64 - մ.թ.ա. 63), Արիոբարզան Գ-ն (մ.թ.ա. 47 - մ.թ.ա. 44), Գալաթիայի կառավարիչ Դեյոտարոս Ա-ն (մ.թ.ա. 63 - մ.թ.ա. 47, մ.թ.ա. 44 - մ.թ.ա. 42), Կաստորը (մ.թ.ա. 41 - մ.թ.ա. 36), Դեյոտարոս Բ-ն (մ.թ.ա. 36 - մ.թ.ա. 33), Պոնտոսի արքա Պտղոմեոս Ա-ն (մ.թ.ա. 33 - մ.թ.ա. 30)[15]:

Մեծ Հայքում Արտաշես Բ-ի գահակալության տարիներին ուժեղացել է Պարթևստանի ազդեցությունը։ Փոքր Հայքում թագավոր է դարձել Ատրպատականի արքա Մար Արտավազդը (մ.թ.ա. 30 - մ.թ.ա. 20): Պարթևների հաջողությունները կարճատև եղան. Հռոմի նորանշանակ կայսր Օկտավիանոս Օգոստոսը վերականգնել է տերության սահմանները, Փոքր Հայքի արքա նշանակել (մ.թ.ա. 20 - մ.թ. 17):

Պոնտոսի և Փոքր Հայքի արքայազն, Մեծ Հայքի արքա Զենոն-Արտաշեսի հատած դրամներ

1 թվականին Մեծ Հայքում ընդհատվել է Արտաշեսյանների դինաստիան։ Շուրջ կես դար Հռոմն ու Պարթևստանը պայքար են մղել հայոց գահի համար։ Մեծ Հայքում առավել երկար է իշխեն Զենոնը, որը Պոնտոսի և Փոքր Հայքի Պոլեմոն թագավորի որդին էր։ Ժողովուրդը նրան այնքան է հավանել, որ տվել է «Արտաշես» անվանումը՝ Զենոն-Արտաշես կամ «Արտաշես Գ» (18-34)։ Առավել նշանակալի էր Զենոնի որդու՝ Կոտիսի գահակալումը (37-43), որը միաժամանակ Մեծ Հայքի և Փոքր Հայքի թագավորն էր։

Հայաստանի համար պայքարն ավարտվել է հռոմեա-պարթևական պատերազմով (54-64)։ Հայ ավագանու ընտրած Տրդատ Արշակունին՝ պարսից շահի եղբայրը, դարձավ Մեծ Հայքի թագավոր։ Միևնույն շրջանում Փոքր Հայքի թագավորն էր փյունիկյան միապետերից Արիստոբուլոսը (55-72)։ Թեև Հռոմը ճանաչեց Տրդատի գահակալությունը, սակայն ի պատասխան դրա, որոշ ժամանակ անց՝ 72 թվականին, Վեսպասիանոս կայսրը Փոքր Հայքի թագավորությունը վերածեց հռոմեական պրովինցիայի՝ Կապադովկիայի ներսում։

3-րդ դարի վերջին Փոքր Հայքը անջատվեց Կապադովկիայից իբրև առանձին պրովինցիայի՝ ձևականորեն ենթարկվելով Արշակունիներին։ Այն բաժանվեց երկու մասի՝ Armenia Prima և Armenia Secunda[16]: Ավելի ուշ կազմավորվեցին նաև տեղի լեգիոնները՝ Legio I Armeniaca և Legio II Armeniaca։ Տեղի քրիստոնեական համայնքերը սկսում են աշխուժանալ։ Պատմությանը հայտնի են տեղացիների անձնուրաց պայքարը քրիստոնեության համար, մասնավորապես՝ Սեբաստիայի 40 և Նիկոպոլիս 45 զոհերի մասին պատմությունները։ Նրանք սրբացվել են ուղղափառ եկեղեցու կողմից։ 325 թվականին Նիկեայի ժողովում քրիստոնեությունը հռչակվել է որպես թույլատրելի կրոն, իսկ 381 թվականի Կոստանդնուպոլսի ժողովում ընդունվել է որոշում, որի համաձայն քրիստոնեությունը դարձել է Հռոմի պետական, պաշտոնական կրոնը։ 387 թվականին տեղի ունեցավ Հայաստանի առաջին բաժանումը։ Հռոմեական կայսրության ներսում ձևավորվեցին հայկական չորս նահանգներ՝ երկուսը Փոքր Հայքում, երկուսը՝ Մեծ Հայքում։ 395 թվականին այս վարչական միավորները նույն կերպ ժառանգվեցին Բյուզանդական կայսրությանը։

Ռուսական սրբապատկեր՝ Նիկոպոլիսի 45 հայ մարտիրոսներին նվիրված

4-րդ դարում հռոմեական մատյաններում նշվել են մի քանի խոշոր քաղաքների անուններ, որոնք դարձել են եպիսկոպոսանիստ։ Դրանք էին[17]՝

7-րդ դարում Մեծ Հայքն ընկել է Արաբական խալիֆայության ազդեցության տակ, ապա և գրավվել։ Փոքր Հայքը մնացել է Բյուզանդիայի կազմում՝ որպես «Արմենիակոն» թեմ։ Արաբական հալածանքներից փախչելով՝ Համամ և Շապուհ Ամատունի իշխանները 789-790 թվականներին, Վասպուրականի Արտազ գավառից, և մասամբ Այրարատից, 12 հազար գաղթականներով տեղափոխվել և բնակություն են հաստատել բյուզանդական Խաղտիք (Խալդիա) բանակաթեմում։ Համամ իշխանը հիմնել է Համամշեն (Համշեն) ավանը, որի անունով կոչվել է կիսանկախ իշխանությունը։ Ավելի ուշ շրջանում բյուզանդացիները մաս-մաս նվաճել են Բագրատունիների թագավորությունը և Փոքր Հայք վերաբնակեցրել հազարավոր հայերի։ Առավել հիշարժան են Վասպուրականի վերջին թագավոր Սենեքերիմ Արծրունու և իր հպատակների տեղափոխումը Սեբաստիա, Վանանդի վերջին թագավոր Գագիկ Բագրատունու տեղափոխումը Կեսարիա, և այլն։

Թուրքական տիրապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

11-րդ դարի 2-րդ կեսից Փոքր Հայքը զավթել են սելջուկ-թյուրքական նվաճողները, 15-րդ դարի առաջին կեսից՝ Օսմանյան կայսրությունը։ 19-րդ դարից սկսած Փոքր Հայքի բնակիչները հորջորջվել են «արևմտահայեր». դա հատկապես ցայտուն է դարձել ռուս-պարսկական պատերազմներից հետո, երբ Արևելյան Հայաստանը միացվել է Ռուսական կայսրությանը[18]։

20-րդ դարի սկզբին Փոքր Հայքում (Սեբաստիայի և Տրապիզոնի վիլայեթներ) հայերի թիվն ավելի քան 350 հազար էր[19], հույների և հունախոս բնակիչների թիվը՝ 400 հազար[20][21]։ 1915 թվականին՝ Մեծ Եղեռնի ժամանակ, Փոքր Հայքը հիմնականում հայաթափվել է։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 ՛՛Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարանի՛՛,հատոր 5, ՛՛Տ-Ֆ՛՛, Երևան, 2001 թվական, էջ 277
  2. Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ, Երվանդունիների (Հայկազյան) թագավորությունը(չաշխատող հղում)
  3. Армен Петросян. Арменоведческие исследования (Ереван 2014) . — стр. 108.
  4. "Kingdom of Greater Armenia". Oxford University Press. Retrieved 20 November 2013.
  5. Հ. Գ. Ժամկոչյան, Ա. Գ. Աբրահամյան, Ս. Տ. Մելիք-Բախշյան, Ս. Պ. Պողոսյան «Հայ ժողովրդի պատմություն. սկզբից մինչև XVIII դարի վերջ», էջ 106
  6. "Landmarks in Armenian history". Internet Archive. Retrieved June 22, 2010. "1080 A.D. Rhupen, cousin of the Bagratonian kings, sets up on Mount Taurus (overlooking the Mediterranean Sea) the kingdom of New Armenia which lasts 300 years."
  7. Армения Малая // Ангола — Барзас. — М. : Советская энциклопедия, 1970. — (Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров ; 1969—1978, т. 2).
  8. Լեո, Երկերի ժողովածու, առաջին հատոր, էջ 167
  9. Սարգիս Պետրոսյան, Հին Թրակյան էթնիկ տարրը հնագույն Վանանդում
  10. Հ. Գ. Ժամկոչյան, Ա. Գ. Աբրահամյան, Ս. Տ. Մելիք-Բախշյան, Ս. Պ. Պողոսյան «Հայ ժողովրդի պատմություն. սկզբից մինչև XVIII դարի վերջ», էջ 100-101
  11. Աշոտ Մելքոնյան, Հայոց պատմություն, էջ 17 Արխիվացված 2019-02-15 Wayback Machine
  12. Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն, Փոքր Հայք
  13. Հ. Գ. Ժամկոչյան, Ա. Գ. Աբրահամյան, Ս. Տ. Մելիք-Բախշյան, Ս. Պ. Պողոսյան «Հայ ժողովրդի պատմություն. սկզբից մինչև XVIII դարի վերջ», էջ 107
  14. Claude Mutafian et Éric Van Lauwe, Atlas historique de l'Arménie, Autrement, coll. « Atlas / Mémoires », 2005 (ISBN 978-2746701007), p. 24.
  15. Gérard Dédéyan (dir.), Histoire du peuple arménien, Toulouse, Éd. Privat, 2007 (1re éd. 1982), 991 p. [détail de l’édition] (ISBN 978-2-7089-6874-5), p. 133
  16. Peter Edmund Laurent (1830). An Introduction to the Study of Ancient Geography. With copious indexes. Oxford: Henry Slatter. p. 234.
  17. Annuario Pontificio 2013 (Libreria Editrice Vaticana 2013 ISBN 978-88-209-9070-1), "Sedi titolari", pp. 819-1013
  18. Timothy C. Dowling Russia at War: From the Mongol Conquest to Afghanistan, Chechnya, and Beyond pp 729 ABC-CLIO, 2 dec. 2014 ISBN 1598849484
  19. James Bryce Bryce (Viscount), Arnold Toynbee, The Treatment of Armenians in the Ottoman Empire, 1915-1916:
  20. Alexandris, Alexis (1999). "The Greek census of Anatolia and Thrace (1910–1912): a contribution to Ottoman Historical Demography". In Gondicas, Dimitri; Issawi, Charles (eds.). Ottoman Greeks in the age of nationalism: Politics, Economy and Society in the Nineteenth Century. Princeton, N.J.: Darwin. pp. 45–76.
  21. Alexandris 1999, էջեր. 71–2 states that the 1918 Ethnological Map Illustrating Hellenism in the Balkan Peninsula and Asia Minor, composed by Greek archaeologist Georgios Soteriades, was an instance of the usual practice of inflating the numbers of ethnic groups living in disputed territories in the Paris Peace conference.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Richard G. Hovannisian (dir.), Armenian Sebastia/Sivas and Lesser Armenia, Mazda Publishers, Costa Mesa, 2004 (ISBN 9781568591520)
  • Claude Mutafian et Éric Van Lauwe, Atlas historique de l'Arménie, Autrement, coll. « Atlas / Mémoires », 2005 (ISBN 978-2746701007)
  • Cyrille Toumanoff, Les dynasties de la Caucasie chrétienne de l'Antiquité jusqu'au xixe siècle : Tables généalogiques et chronologiques, Rome, 1990
  • Mack Chahin, The Kingdom of Armenia: A History, Routledge, London, 2001. (ISBN 0-7007-1452-9)
  • Robert H. Hewsen, Armenia: A Historical Atlas, University Of Chicago Press, 2000. (ISBN 0-226-33228-4)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոքր Հայք» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 635