Հասանկալա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Հասանկալա
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԷրզրումի վիլայեթ
ԳավառակԲասենի գավառակ
Այլ անվանումներԲոլորպահակ, Գալե, Դորոնք, Հասանբերդ, Հասանգալա, Պատիր Ջավան, Ջավանկալե
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն28 961 մարդ (2018)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Փոստային ինդեքսներ25300
Հասանկալա (Աշխարհ)##
Հասանկալա (Աշխարհ)

Հասանկալա, քաղաք Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Բասենի գավառակում։ Բասեն գավառի վարչական կենտրոնն էր։ Գտնվում է Էրզրումից 30-35 կմ արևելք, Տրապիզոն-Թավրիզ ճանապարհին, Ծիրանաց (Հասանկալա) լեռների ստորոտին։

Անվանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակավայրն ունեցել է հետևյալ անվանումները. Բոլորպահակ, Գալե, Գալիգալա, Գալիկալա, Դևեբոյնու, Դորոնք, Դրունք, Հասանբերդ, Հասանգալա, Հասանգալե, Հասանխալա, Հասանխալե, Հասանկալե, Հասանղալա, Հասանղալե, Հասանքալա, Հասանքալաաճ, Հասանքալե, Հասանքալեհ, Պատիր Ջավան, Ջավանկալե։

Անվան ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ենթադրվում է, որ քաղաքի անվանումը կապված է կամ հայազգի Հասան իշխանի կամ Ակկոյունլու տիրակալ Ուզուն-Հասանի անվան հետ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնում հայտնի է եղել Բոլորապահակ անունով։ Այնուհետև եղել է նշանավոր բերդաքաղաք՝ Դարոյնք անունով (չպետք է շփոթել Կոգովիտ գավառի Դարոյնքի հետ)։ Հասանակալ է կոչեվել XIV-XV դարերից։

1829 թվականի հուլիսի 24-ին ռուսական զորքը գրավեց Հասանկալան, որն այդ ժամանակ ուներ մոտ 500 տուն (հայ և թուրք) բնակիչ։ Սակայն Ադրիանուպոլսի 1829 թվականի սեպտեմբերի 2-ի պայմանագրով Հասանկալան վերադարձվեց թուրքերին։ Տեղի հայերի զգալի մասը 1830 թվականին գաղթեց Արևելյան Հայաստան։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

XIX դարի սկզբներին ուներ 1700, 1880-ական թվականներին` 1500, 1909-1913 թվականներին ուներ 2500 տուն բնակիչ, որոնցից 45-ը՝ հայ, մնացածը՝ թուրք։Մինչև 1828-1829 թվականների ռուս թուրքական պատերազմը հայերը կազմում էին մեծամասնությունը։ Այդ պատերազմի ժամանակ թուրք բնակչությունը փախել էր Էրզրում։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակավայրն ուներ ընդարձակ շուկա` իր տասնյակ կրպակներով ու արհեստանոցներով։

Հայերն զբաղվում էին հիմնականում առևտրով ու արհեստներով, թուրքերը՝ երկրագործությամբ ու անասնապահությամբ։

Օգտակար հանածոներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի մոտակայքում բխում են 35-45° ջերմաստիճանով երկաթային և ծծմաբային հանքային ջրեր։ Այդ աղբյուրներից երեքը դեռ հին ժամանակներից օգտագործել են բուժման նպատակներով։

Բնակավայրի մոտակայքում կան նաև բորակի և քարածխի հանքեր։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի տները եղել են աղյուսաշեն կամ քարակերտ երկհարկանի տներ, որոնք շարքերով շարված են եղել բերդակիր լեռան լանջին ու ստորոտին։ Քաղաքի շինությունները կառուցվել են խառնիխուռն, դրա համար էլ քաղաքն ուներ ծուռումուռ փողոցներ։

Հին ժամանակներից ի վեր քաղաքն ունեցել է բնական տաք ջրերով գործող բաղնիքներ։ Նոր ժամանակներում պահպանվել էր 2 քարաշեն բաղնիքներ, որոնք գնտվում էին Հասանակալա (Մուրց) գետի աջ և ձախ կողմերում։

Հասանկալայի բերդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ղևոնդ Ալիշանը ենթադրում է, որ Հասանկալայի բերդը կառուցել է Գրիգոր Մագիստրոսի ազգական Հասանը։ Բերդը կառուցված է Բասենի դաշտում՝ ժայռոտ բլուրների վրա, որոնցից հարավ-արևմուտք հիմնվել է քաղաքը։ Բերդն ունեցել է անկանոն աշտարակներով կրկնապարիսպ։ Պարսպապատ է եղել նաև քաղաքը։ Այդ պատճառով Հասանկալա հիշվում է որպես եռապարիսպ քաղաք։

Ենթադրվում է, որ բերդը կառուցվել է դեռևս մ.թ.ա. IX-VI դարերում, իսկ հետագայում այն մի քանի անգամ վերանորոգվել ու վերականգնվել է։ Բերդը գտնվում էր քաղաքի հյուսիսարևմտյան կողմում` բոլորաձև լեռան վրա` գետնից 2650 մետր բարձր։ Այն շրջանաձև էր և ուներ կրկնակի պարիսպներ ու աշտարակներ։ Բերդի ներքին և արտաքին շարքերին զուգահեռ փորված էր 6 մ լայնությամբ և 2.1 մետր խորություն ունեցող խրամ, որը վտանգավոր պահերին լցվում էր ջրով։

Բերդն ունեցել է երկու դուռ` Բասենի կամ Արևելյան դուռ և Էրզրումի կամ Արևմտյան դուռ։ Երկու դռների դիմաց կառուցված էին ջրամբարներ, որոնցից ստորեկրյա ճանապարհով ջուրն իջնում էր գետի եզրը` պաշարումների ժամանակ ջուր բերելու համար։

Հասանկալայի բերդը վերականգնվել է XVI դարում։ 1885 թվականին այն վերանորոգվել է անգլիացիների, իսկ ապա` գերմանացիների կողմից։

Հասանկալայի բերդը պահպանվել է մինչև 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմը[1]։

Հասանակալայի Ս. Աստվածածին վանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիամ Աստվածածնի յոթ վերքերը Գյումրիի Սուրբ Յոթ Վերք եկեղեցում

Քաղաքի լավագույն կառույցները համարվում էին մզկիթները, որոնցից երեքը նախկինում եղել են հայկական եկեղեցիներ։ Մզկիթի վերածված եկեղեցիներից մեկը գնտվում էր Հասանկալայի բերդում։ Քաղաքում XIX դարում կար ընդամենը մեկ փոքրիկ, բայց գեղատեսիլ եկեղեցի։

Քաղաքից 5 կմ հյուսիս գտնվում է Ս. Աստվածածին կամ Բասենո վանքը (նաև Հասանակալայի վանք)։ Այն գտնվում էր Արաքսի ձախ կողմում, Ծիրանաց լեռների հյուսիսարևելյան լանջին` լեռներով շրջափակված։

Ըստ ավանդության վանքը XI դարում կառուցվել է Գրիգոր Մագիստրոսի կողմից, որի գերեզմանը գտնվում է վանքում։ Սակայն վանքը վերագրվում է VII-VIII դարերի հնության։ Վանքը կենտրոնագմբեթ էր և ուներ ակնահաճո սյունազարդ գավիթներ։ XIII-XVII դարերում վանքում կատարվել են վերանորոգումներ։ Վերջին վերանորոգումը եղել է 1800 թվականին։ Բասենո վանքը հանդիսացել է միջնադարյան Հայաստանի ամենահարուստ հաստատություններից մեկը։ Այն ուներ ավելի քան 300 գյուղ և ավան։ Եղել է գրչության հայտնի կենտրոն[2]։

Ս. Աստվածածին վանքից Արևելյան Հայաստան է բերվել «Յոթ վերք» սրբապատկերը, որը Շիրակի մարզի մի քանի եկեղեցիներում լինելուց հետո իր վերջնական հանգրվան է գտել Գյումրիի Սուրբ Յոթ Վերք եկեղեցում։ Նկարի հեղինակը Ղուկաս Ավետարանիչն է։ Սրբապատկերը 1832 թվականին Բասենի Ս. Աստվածածածին վանքի առաջնորդ Պողոս վարդապետ Ջանլաթյանը իր հետ տեղափոխել է Մարմաշենի վանք։ 1832 թվականին նկատի ունենալով որ Մարմաշենի վանքը գտնվում է սահմանի մոտ, որոշվել է սրբապատկերը տեղափոխել Հառիճավանք, սակայն Գյումրի հասնելով տեղացիները չեն թողել, որ սրբապատկերը տարվի Հառիճ և այն մնացել է Գյումրիում[3]։

Հասանկալայի վանքն ավերվել ու ամայեցել է 1915 թվականի մեծ եղեռնի ժամանակ։ XX դարի վերջին պահպանվել էին միայն ավերակներ[2]։

Արձանագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասանկալայում պահպանվում էր Մենուա թագավորի մի ընդարձակ սեպագիր արձանագրություն, որտեղ խոսվում էր ինչ-որ դղյակի կառուցման մասին։

Ճանապարհներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասանկալայով էր անցնում Տրապիզոն-Պարսկաստան տարանցիկ առևտրական ուղին։ Քաղաքն ուներ Էրզրումի հետ կապող առաջնակարգ սայլային ճանապարհ, որը խճապատվել էր XVIII դարի կեսերից[1]։

Հասանկալայի մոտակայքում է գտնվել Ադկոնֆյուենտես անունով ճանապարհային կայանը՝ Արտաշատ-Սատաղ հին ճանապարհի վրա՝ նշանակված Պևտինգերյան քարտեզում։ Գտնվում էր Սատաղից հռոմեական 169 մղոն , իսկ Բագավանից 133 մղոն հեռավորության վրա[4]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայերն ունեին իրենց վարժարանը։

Գրչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

XVI-XVII դարերում Հասանկալայում ընդօրինակվել են ձեռագրեր, որոնցից մեզ է հասել Բարսեղ քահանա գրչի կոմղից 1629 թվականին գրված Սաղմոսարան[1]։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 368-369
  2. 2,0 2,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 348
  3. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2017 օգոստոսի 31-ին.
  4. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 67 — 992 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 245