Սղերդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Սղերդ
Siirt (թուրքերեն)
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՄարզՍիիրթի մարզ
Այլ անվանումներԸսերդ, Խերհեքթ, Խերհերթք, Սաերտ, Սաիրդ, Սգերտ, Սեերդ, Սերթ, Սերդ, Սերխեթ, Սերխեթ Հին, Սերտ, Սիերդ, Սիերթ, Սիիրդ, Սիրթ, Սիիրտ, Սղերթ, Սղերտ, Սղիթ
Մակերես284 կմ²
ԲԾՄ986 մ
Կլիմայի տեսակշոգային
Խոսվող լեզուներթուրքերեն
Բնակչություն129 188 մարդ (2009)
Ագլոմերացիա132 789
Ազգային կազմթուրքեր, քուրդեր, արաբներ
Կրոնական կազմիսլամ
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Հեռախոսային կոդ484
Փոստային դասիչ56000
Ավտոմոբիլային կոդ56
Պաշտոնական կայքsiirt.bel.tr
Սղերդ (Թուրքիա)##
Սղերդ (Թուրքիա)

Սղերդ (Սղերտ, Սերդ, Սիրթ, Սիերդ) (թուրքերեն՝ Siirt, Սիիրթ)՝ քաղաք Արևմտյան Հայաստանում, Արևմտյան և Արևելյան Տիգրիսների միախառնման տեղից ոչ հեռու, Բաղեշ գետի ստորին հոսանքի շրջանում, Սղերդ գետակից 5-6 կմ հեռավորությամբ, սարավանդի վրա։ Սիիրթի մարզի կենտրոնը։ Սովորաբար միշտ համարվել է քաղաք, թեպետ իրականում սոսկ գյուղաքաղաք է։ Բարձրությունը ծովի մակարդակից 1100 մ է և Արևմտյան Տիգրիսից գտնվում է ընդամենը 2—3 կմ հեռավորության վրա։ Կլիման շոգ է, ցամաքային։ Հողերը ոռոգվում են Տիգրիսի և նրա վտակների ջրերով։ Շրջակայքում կան կրաքարեր, մետաղական երևակումներ, ջերմուկներ։

Անվան ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սղերդ անվանումն առաջացել է հին Խերհեթք անունից։ Ըստ ոմանց կարծիքի էլ առաջացել է պարսկերեն սե-արդ-ից, որը նշանակում է «3 անգամ ավերված և վերակառուցված»[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնում Աղձնիք աշխարհի Խերհեթ կամ Սերխեթք գավառի կենտրոնն էր և դրանից էլ ծագել է նրա անունը։ XVI—XVIII դարերում մտնում էր Դիարբեքիրի նահանգի (վիլայեթ), իսկ դրանից հետո՝ Բիթլիսի նահանգի մեջ, դարձյալ լինելով Սղերդ համանուն գավառի կենտրոնը։ Այն գավառի միակ քաղաքն է։

Սղերդը գոյություն ունի շատ հնուց։ Նրա հիմնադրումը ոմանք կապում են Տիգրան Մեծի, ոմանք էլ՝ Սկայորդու անվան հետ։ Նույնիսկ մի ժամանակ ենթադրում էին, որ Սղերդը կառուցվել է հին Տիգրանակերտ քաղաքի տեղում։ Աղբյուրների հիշատակություններից երևում է, որ Սղերդը բավական բարգավաճ քաղաք է եղել նաև միջին դարերում։ Յակուտին իր «Աշխարհագրական բառարանում» այն համարել է «համբավավոր փոքր քաղաք»։

Ներկայումս Սղերդը անշուք գավառական քաղաք է, չունենալով տարրական կոմունալ պայմաններ։ Թեպետ շրջակայքում կան խմելու ջրի պաշարներ, բայց ջրմուղ չի կառուցված և բնակչությունը խմում է գետի ջուրը առանց մաքրելու։ Քաղաքի տները հիմնականում երկհարկանի են, քարաշեն։ Ունի և կամարաձև կառուցված տներ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սղերդը 18-րդ դարում ունեցել է 5600 տուն հայ բնակիչ։ 19-րդ դարի սկզբներին նրա ունեցած 2500 տուն բնակիչների մոտավորապես կեսը դարձյալ կազմում էին հայերը։ 1800-1830 թթ. ուներ մոտ 17 հազար բնակիչ, որից 10000-ը հայեր, 1830 — 1850 թթ.՝ 15 հազար բնակիչ, որից հայեր 6000։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին այստեղ կար 13000 բնակիչ, որից հայերը դարձյալ 6000 էին, մնացածները թուրքեր, արաբներ, քրդեր և ասորիներ։ 1895 թվականի կոտորածի ժամանակ թուրքերը կողոպտել են այստեղի եկեղեցին, առաջնորդարանը և դպրոցը, հայ բնակչության մեծ մասին բռնությամբ իսլամացրել, հոգևորականներին՝ կոտորել, կանանց՝ անարգել։ Իսկ 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ երիտթուրքերը բնաջնջեցին այստեղի հայությանը։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սղերդում հավասար չափով զբաղվում էին արհեստագործությամբ, առևտրով, երկրագործությամբ և այգեգործությամբ։ Արհեստներով ու առևտրով գերազանցապես զբաղվում էին հայերը։ Տարածված արհեստներից էին պղնձագործությունը, դարբնությունն ու զինագործությունը, մանածագործությունն ու ջուլհակությունը, կոշկակարությունն ու դերձակությունը։ Առանձնապես մեծ համբավ ունեին այստեղ պատրաստված պղնձի ամանները, որոնց մի մասը վաճառվում էր գավառի և նահանգի սահմաններից դուրս։ 19-րդ դարի երկրորդ կեսից այստեղ աստիճանաբար առաջացել են նաև ավելի խոշոր տիպի ձեռնարկություններ՝ կաշվի, տեքստիլ, շալի «գործարաններ», որոնք սակայն քիչ են տարբերվել տնայնագործական և մանուֆակտուրային ձեռնարկություններից։ Կրաքարով հարուստ Սղերդում գործում են կրի մի քանի գործարաններ, որոնց արտադրանքի մի մասը տարվում է այլ վայրեր։

Արտաքին և տարանցիկ առևտրի առումով Սղերդի դիրքը գրեթե միշտ նպաստավոր է եղել։ Հնում նրա մոտով էր անցնում մ.թ.ա. 6-րդ դարից բանուկ Պարսից «արքայական ճանապարհը», հետագայում այն միշտ հարմար դիրք է ունեցել Հայաստանից Միջագետք և արևելքն արևմուտքի հետ միացնող քարավանային ճանապարհների նկատմամբ՝ գտնվելով դրանց հանգուցակետերից մեկում։ Նոր ժամանակներում քաղաքից դուրս էին գալիս մի քանի խճուղային և գյուղամիջյան ճանապարհներ։ Սղերդը արտաքին առևտրի համար և՛ տարանցիկ կետ էր, և՛ իր արհեստավորական արտադրանքներով ու գյուղատնտեսական մթերքներով մասնակցում էր այդ առևտրին։ Քաղաքն ուներ, իր շուկան, որտեղ 19-րդ դարի վերջերին կային մինչև 100 խանութ ու կրպակ։

Յուրահատուկ գյուղատնտեսական բնակավայր է Սղերդը։ Նրա գյուղատնտեսական որոշ մթերքները՝ սեխը, վարունգը, թուզը, նուռը բարի համբավ ունեին ամբողջ նահանգում։ Նա հայտնի էր նաև խաղողով։ Այստեղ մշակվում էր տեղական Շաֆի կոչված խաղողատեսակը, որի մասին այնքան մեծ գովեստով են խոսում տեղացիներն ու օտարերկրացի ճանապարհորդները։

Պատմամշակութային կոթողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այստեղ կարելի է տեսնել պատմական տարբեր ժամանակներում կառուցված հուշարձանների և հնությունների ավերակներ ու հետքեր։ Քաղաքի շրջակայքում կան հին հայկական բերդերի ավերակներ։ Նրա տարբեր կողմերում կան հղկված ժայռեր, որոնց վրա քանդակված են հայերեն վիմագիր արձանագրություններ։ Սղերդում գործել է ս. Հակոբ անունով հայկական վանքը, որը 20-րդ դարի երկրորդ տասնամյակում արդեն ավերակի էր վերածվել։ Քաղաքն ունեցել է 3 եկեղեցի, որոնք մինչև առաջին համաշխարհային պատերազմը կանգուն էին և գործում էին։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թ.Խ. Հակոբյան (1987)։ Պատմական Հայաստանի քաղաքները։ Երևան։ «Հայաստան»։ էջ 226-229

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 632