Տիգրան Մեծ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1rightarrow blue.svg Անվան այլ գործածումների համար տես՝ Տիգրան արքա (այլ կիրառումներ)
Picto infobox prétendant à un trône.png
Տիգրան Բ Մեծ
Արքայից Արքա Մեծն Տիգրան
Tigran Mets.jpg
Տիգրան Մեծ
Իշխանություն մ.թ.ա. 95 - մ.թ.ա. 55
Թագադրում մ.թ.ա. 95
Լրիվ անուն Տիգրան Արտաշեսյան
Ծնվել է՝ մ.թ.ա. 140
Ծննդավայր

Մեծ Հայք Մեծ Հայք

, Աղձնիք
Մահացել է՝ մ.թ.ա. 55
Վախճանի վայր

Մեծ Հայք Մեծ Հայք

, Տիգրանակերտ
Քաղաքացիություն Flag of Armenia.svg Հայաստան
Ազգություն հայ
Հաջորդող Արտավազդ Բ
Ուղեկից Հուտոմիա թագուհի
Կլեոպատրա թագուհի
(Միհրդատ Պոնտացու աղջիկը)
Տոհմ Արտաշեսյաններ
գերիշխան
Հայր Տիգրան Ա
Երեխաներ Արտավազդ Բ

Տիգրան Մեծ (Տիգրան Բ Մեծ) (հին հունարեն՝ Τιγράνης ὁ Μέγας, լատ.՝ Tigranes Magnus) (մ.թ.ա. 140 - մ.թ.ա. 55), Մեծ Հայքի արքա մ.թ.ա. 95 թվականից մինչև մահը, Ասորիքի և Փյունիկիայի արքա (մ.թ.ա. 83 - մ.թ.ա. 69), մ.թ.ա. 85 թվականից մինչև մահը կրել է արքայից արքա տիտղոսը։ Հանդիսացել է Արտաշեսյան հարստության հզորագույն ներկայացուցիչը, հաջորդել է հորը՝ Տիգրան Ա-ին (Տիրանին)[1]։

Տիգրան Մեծի օրոք Մեծ Հայքի թագավորությունը հասավ իր հզորության գագաթնակետին։ Պարտության մատնելով Պարթևական թագավորությանը և ստանալով Սելևկյան գահը՝ Հայաստանը կարճ ժամանակով դարձավ Առաջավոր Ասիայի հզորագույն պետությունը. Տիգրան Մեծի տերությունը տարածվում էր Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով, Կովկասյան լեռներից մինչև Միջագետքի անապատները։ Տիգրանը, սակայն, կորցրեց իր նվաճումների մեծագույն մասը Պարթևական թագավորության և ուժեղացող Հռոմեական հանրապետության դեմ պայքարում։

Տիգրան Մեծին կարելի է համարել Առաջավոր Ասիայում վերջին մեծ հելլենիստական տերության հիմնադիր։ Նրա տերության քայքայումից հետո հաջորդող յոթ դարերի ընթացքում (մինչև արաբական արշավանքները) Առաջավոր Ասիան, և, մասնավորապես, Հայաստանը, դառնում է մի կողմից Հռոմի (և նրան հաջորդած Բյուզանդական կայսրության), մյուս կողմից՝ Պարթևական թագավորության (և ապա նրան հաջորդած Սասանյան Պարսկաստանի) միջև մղված անհաշտ պայքարի թատերաբեմ։

Վաղ տարիներ[խմբագրել]

Արտաշես Բարեպաշտն իր հաջորդներին թողեց տնտեսապես հարուստ ու բարգավաճ և ռազմապես հզոր երկիր։ Նրան հաջորդեց նրա ավագ որդին՝ Արտավազդ Ա-ն, որը թագավորեց խաղաղությամբ։ Միայն կառավարման վերջին տարիներին բռնկվեց հայ-պարթևական մի կարճատև պատերազմ, որում Հայոց թագավորությունը պարտություն կրեց։ Մ.թ.ա. 115 թվականին անժառանգ Արտավազդ Ա-ն ստիպված էր եղբորորդուն՝ Տիգրանին, որպես պատանդ հանձնել պարթևներին։

Արտավազդ Ա-ի մահից հետո թագավորեց նրա կրտսեր եղբայր Տիրանը (Տիրան Ա, մ.թ.ա. 115-95)։ Պատանդության մեջ թագաժառանգ Տիգրանը մնացել է շուրջ 20 տարի և հայրենիք է վերադարձել հոր՝ Տիգրան Ա-ի մահից հետո։ Իր ազատության դիմաց նա ստիպված եղավ Պարթևստանի Միհրդատ Բ թագավորին զիջել Մեծ Հայքի հարավ-արևելքում գտնվող Յոթանասուն հովիտներ կոչված տարածքը։

Տիգրանի վաղ տարիները համընկել են Պարթևական թագավորության հզորացման հետ։ Մ.թ.ա. 2-րդ դարի երկրորդ կեսերին մղված բազմաթիվ պատերազմների արդյունքում պարթևները հաղթում են Սելևկյան թագավորությանը՝ գրավելով Մարաստանը, Ատրպատականը և Միջագետքը։ Հավանաբար մ.թ.ա. 113 - 112 թվականներին պարթևական Միհրդատ Բ թագավորը կռվել է նաև հայոց թագավոր Արտավազդ Ա-ի դեմ. թեև, ըստ Ստրաբոնի վկայության [2], պարթևները չեն կարողացնել իրենց ենթարկեցնել Հայաստանը, կնքված հաշտության պայմանագրով Արտավազդը ստիպված է եղել բազմաթիվ պատանդների հետ մեկտեղ Միհրդատ Բ-ին հանձնել իր եղբորորդի Տիգրանին։

Տիգրան Ա-ի մահից հետո՝ մ.թ.ա. 95 թվականին, զիջելով Միհրդատ Բ-ին Մեծ Հայքի հարավարևելյան շրջանները՝ 70 հովիտները, Տիգրան Բ-ն ազատվում է գերությունից և ժառանգում հայոց գահը [3]։

Հայրենիք վերադառնալիս Տիգրան Բ-ն թագադրվեց Աղձնիքի նշանավոր սրբավայրերից մեկում, ուր հետագայում կառուցվեց Տիգրանակերտ մայրաքաղաքը։ Տիգրան Բ-ն (մ.թ.ա. 95-55) գահ բարձրացավ 45 տարեկան հասակում։ Նրա առաջնահերթ խնդիրը հայկական բոլոր տարածքները մեկ ընդհանուր պետության մեջ միավորելն էր։ Արտաշես Ա-ն հիմնականում լուծել էր այդ կարևոր խնդիրը՝ բացառությամբ Ծոփքի և Փոքր Հայքի թագավորությունների։ Այժմ Տիգրան Բ-ն եռանդուն գործունեություն ծավալեց շարունակելու իր պապի միավորիչ քաղաքականությունը։ 94 թվականին Տիգրանի բանակները մտան Ծոփք և միացրեցին այն Մեծ Հայքի թագավորությանը։ Ծոփքի թագավոր Արտանեսը (Զարեհի սերնդից [3]) սպանվեց. Մեծ Հայքի թագավորությունը դուրս եկավ Եփրատի ափերը։ Գետից այն կողմ տարածվում էր Կապադովկիայի թագավորությունը, որը շուտով հայտնվեց Տիգրան Բ-ի ուշադրության կենտրոնում[4]։

Տիգրանի թագավորության սահմաններից դուրս է մնում Փոքր Հայքը, որը մասն էր կազմում դաշնակից Պոնտոսի թագավորության։ Ավելին՝ Պոնտոսի արքա Միհրդատ Եվպատորը ավելի վաղ է բարձրացել Փոքր Հայքի գահին, քան բուն Պոնտոսի և համարվում էր Փոքր Հայքի Արքա։ Հենց այդ ավանդական տեսակետից էլ, Միհրդատ 6-րդ Եվպատորը Տիգրան Մեծի հետ միասին համարվում էր Հայոց Արքաներից մեկը։ Ահա ինչու թե՛ հայերը, թե՛ նույնիսկ օտարներից շատերը Տիգրանի և Միհրդատի դաշինքին նայել են որպես Հայկական միության կամ էլ, նույնիսկ համարել Արիական Համադաշնության վերականգնման փորձերից մեկը։

Դաշինքը Պոնտոսի հետ[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Հայ-պոնտական դաշինք

Մ.թ.ա. II դարի վերջից Միհրդատ VI Եվպատորի օրոք խիստ հզորացավ Պոնտոսի թագավորությունը։ Միհրդատը Պոնտոսին միացրեց Կողքիսը, այսինքն՝ Կոլխիդայի թագավարությունը, Բոսպորի թագավարությունը, որն ընդգրկում էր Ղրիմի թերակղզին և Ազովի ու Սև ծովերի առափնյա՝ ներկայիս Ուկրաինայի հարավային մարզերը, ինչպես նաև ներկայիս Ռուսաստանի Դոնի Ռոստովի մարզի և Հյուսիսային Կովկասի Ազովի ու Սև ծովի ափամերձ տարածքները։ Բացի այդ Միհրդատն իր տերությանը միացրեց նաև Սև ծովի հյուսիսային ափերին գտնվող բազմաթիվ հարուստ հունական գաղութ-քաղաքները, այդ թվում՝ Ազովի ծովի հյուսիսային ափին գտնվող նշանավոր Տանաիս քաղաք-պետությունը՝ Դոնի գետաբերանի մոտ և Սև ծովի ափին գտնվող ոչ պակաս նշանավոր Քերսոնես կամ Խերսոնեսոս (Խերսոնես) քաղաք-պետությունը։ Արդյունքում համեմատաբար փոքր թագավորությունից Փոքր Հայքն ու Պոնտոսը վերածվեցին մի մեծ տերության, բավականաչափ ազդեցիկ ռազմա-քաղաքական ուժի, որի առաջնահերթ նպատակը պայքարն էր Հռոմի տարածման դեմ Փոքր Ասիայում։

Տիգրան Մեծ և Միհրդատ Եվպատոր

Մ.թ.ա. 94-91 թվականներին Տիգրանը ռազմաքաղաքական դաշինք է կնքում Միհրդատի հետ՝ ամուսնանալով վերջինիս դուստր Կլեոպատրայի հետ [5]։ Մեծ Հայքի և Պոնտոսի արքաները կատարում են աշխարհի բաժանում. Միհրդատին տրվում է Հյուսիսային և Արևմտյան երկրներին տիրելու իրավունքը, իսկ Տիգրանին՝ Հարավային և Արևելյան ուղղությունը։ Ընդ որում՝ Տիգրանը, Պարթևներին հաղթելու դեպքում, պետք է նրանցից խլեր, կամ ավելի ճիշտ մինչալեքսանդրյան (մինչև մ.թ.ա. 330 թվականին գոյություն ունեցած) Արիական Համադաշնության (մ.թ.ա. 550-330) լիիրավ երեք անդամներից մեկին, տվյալ դեպքում՝ Հայաստանին, վերադարձեր Արքայից Արքայի տիտղոսը։ Չնայած երկու դաշնակից արքաներից յուրաքանչյուրի կողմից իր ուղղության ստանձնման պայմանավորվածությանը, արքաները վճռական պահին միավորում էին իրենց ուժերը՝ սպառնալից ուղղություններում միմյանց օգնելու համար։ Մ.թ.ա. 93-91 թվականներին երկու արքաները վճռականորեն պայքարել են Կապադովկիայում հռոմեական տիրապետության դեմ, ինչը կարող էր լուրջ սպառնալիք ստեղծել Հայաստանի համար արևմուտքից, իսկ Պոնտոսի համար հարավից։

Մ.թ.ա. 93 թվականին հայ-պոնտական զորքերը ներխուժում են Կապադովկիա։ Տեղական արքա, Հռոմի դաշնակից Արիոբարզան Ա-ն իր ունեցվածքով ու արքունիքով փախչում է Հռոմ [6]։ Տիգրանը Կապադովկիայում գահ է բարձրացնում Գորդեոսին։ Ի պատասխան Հռոմեական Սենատը արևելք է ուղարկում Լուցիոս Կոռնելիուս Սուլլային։

Մ.թ.ա. 92 թվականին Սուլլան, ավելի շատ գործի դնելով հռոմեական հայտնի հետախուզական-դիվերսիոն ծառայություններն ու դիվանագիտական-քաղաքական դավերը ապա՝ նաև իր լավ մարզված և հույժ մարտունակ լեգեոնները, պարտության է մատնում հայկական կողմին և Տիգրանի զորքերը ստիպված են լինում դուրս գալ Կապադովկիայից, որի գահին հռոմեացիները, այսպիսով, վերականգնում են իրենց կողմնակից Արիոբարզանին [7]։ Կապադովկիական կռիվներում, ըստ նախօրոք կայացված համաձայնության, Տիգրանը ստանում է ողջ շարժական ավարը և գերիներին, որոնք բնակեցվում են Հայաստանի քաղաքներում[8]։

Նվաճումներ[խմբագրել]

«Տիգրան Մեծ և 4 արքաներ»

Տիգրան Բ-ի նվաճողական ծրագրերի իրականացմանը խանգարում էր հատկապես Պարթևաստանը, որի թագավոր Միհրդատ Բ-ն կամենում էր գերիշխանություն հաստատել Հայկական թագավորության նկատմամբ։ Սակայն Միհրդատ Բ-ի կյանքի վերջին տարիներին սկսված ներքաղաքական պայքարի հետևանքով թագավորական իշխանությունը Պարթևստանում զգալիորեն թուլացավ։ Նրա մահից հետո Տիգրանն անմիջապես հարձակվեց Պարթևստանի վրա և առաջին հերթին հետ վերադարձրեց հայկական «Յոթանասուն հովիտներ»-ը։ Այնուհետև հայկական զորքերը մտան Պարթևստանին ենթակա Ատրպատականի թագավորություն և գրավեցին այն։ Շարժվելով հարավ-արևելք՝ հայկական բանակը գլխովին ջախջախեց պարթևների զորքը և պաշարեց պարթևական թագավորների ամառային նստավայր Էկբատանը։ Պարթևական թագավոր Գոդերձ Բ-ն ստիպված հաշտություն խնդրեց։ Հաշտության պայմանագրի համաձայն, պարթևները հօգուտ Մեծ Հայքի հրաժարվում էին Մարաստանից և Հյուսիսային Միջագետքից՝ պահելով միայն Էկբատան մայրաքաղաքը։ Պարթևաց արքան հրաժարվում էր նաև «արքայից արքա» տիտղոսից, որն այսուհետև կրելու էին Տիգրանն ու նրա հաջորդները։ Դրանով պարթևները փաստորեն ճանաչում էին Հայոց թագավորության գերիշխանությունը։

Այնուհետև, հայկական բանակը գրավեց Հյուսիսային Միջագետքը՝ Կորդուքը, Ադիաբենեն, Միգդոնիան, Օսրոյենեն[9]։ Տիգրան Բ-ի տերությունը ընդհուպ սահմանակցեց Սելևկյան պետությանը։ Նրանց բաժանում էր միայն Եփրատ գետը։ Երբեմնի հզոր Սելևկյան թագավորությունն ապրում էր խոր ճգնաժամ։ Միմյանց հաջորդող ու անընդհատ կրկնվող ներքին պատերազմները ծայր աստիճան թուլացրել էին երկիրը, որտեղ հանդես էին եկել 3-4 գահակալներ։ Չկարողանալով հաղթահարել այդ ճգնաժամը՝ երկրի ավագանին ելքը տեսնում էր արտաքին որևէ տիրակալի իշխանությունը ընդունելու մեջ։ Ի վերջո ընտրությունը կանգ առավ Հայոց թագավոր Տիգրան Բ-ի թեկնածության վրա, որի առավելությունը, պատմիչի խոսքերով՝ «ռազմական հզոր ուժ ունենալն էր»։

Տիգրան Մեծ

Մ.թ.ա. 84 թվականին հայկական բանակները առանց մի նետ արձակելու մտան Ասորիք։ Տիգրանը Անտիոքում բազմեց Սելևկյանների գահին ու այստեղ խաղաղությամբ իշխեց 17 տարի։

Ասորիքի (Սիրիայի) միացումը հնարավորություն ստեղծեց գրավելու Կոմմագենեն և Կիլիկիան, և ապա՝ նաև Փյունիկիան։ Ի վիճակի չլինելով դիմադրելու Հայոց թագավորի բանակներին՝ Մեծ Հայքի գերիշխանությունն ընդունեցին Հրեաստանը և մի քանի այլ երկրներ։ Տիգրանին համառ դիմադրություն ցույց տվեցին միայն Միջերկրականի ծովափնյա քաղաքները, որոնցից վերջինը՝ Պտղոմայիսը, նա գրավեց միայն մ.թ.ա. 71 թվականին։ Այստեղ գերի վերցվեց Սելենե-Կլեոպաատրա թագուհին, որը հետագայում մահապատժի ենթարկվեց Տիգրանի կարգադրությամբ։

Հայկական տերության սահմանները հասան Եգիպտոս, որը հայտնվեց Հայոց տերության հետաքրքրությունների շրջանակում, իսկ Պտղոմեոս XII-ը գահ բարձրացավ հայոց թագավորի օգնությամբ։ Դժվար չէ տեսնել, որ Տիգրանն այդ երկրի նկատմամբ ուներ որոշակի ծրագրեր, որոնք սակայն չիրականացան քաղաքական իրադրության կտրուկ փոփոխության պատճառով[10]։

Տիգրան Մեծի նվաճումների հետևանքով Առաջավոր Ասիայում ստեղծվեց աշխարհակալ մի նոր տերություն։ Այն տարածվում էր Եգիպտոսից մինչև Կովկասյան լեռներ և Միջերկրական ծովից մինչև Կասպից ծով։ Նրա գերիշխանությունն էին ընդունում մինչև Միջին Ասիա և Հնդկաստան ընկած երկրներն ու ցեղերը։ Այդ տերության մեջ էին մտնում Աղվանքը, Վիրքը, Ատրպատականը, Ադիաբենեն, Օսրոենեն, Կոմագենեն, Ասորիքը, Փյունիկիան, Դաշտային Կիլիկիան և այլ երկրներ։ Տիգրան Մեծի գերիշխանությունն ընդունում էին մի շարք այլ թագավորություններ՝ Պարթևաստանը, Հրեաստանը, Անդրկասպյան սկյութներն ու Պարսից ծոցի ու Արաբական թերակղզու ցեղերը։ Ինչպես հույն պատմիչն է հավաստում, Տիգրան Բ-ի տերության մեջ խոսում էին 15-ից ավելի լեզուներով։

Հայկական զինվորներ

Տիգրան Մեծի տերությունը հելլենիստական պետություն էր՝ հիշեցնելով Ալեքսանդր Մակեդոնացու և Սելևկյանների տերությունները։ Հայկական տերությունը բազմազգ և զարգացման ամենատարբեր աստիճանների վրա գտնվող երկրների մի ամբողջություն էր։ Բնականաբար, տերության միջուկը կազմում էր Մեծ Հայքը, որտեղ բնակվում էր հայ ժողովրդի հիմնական զանգվածը։ Այստեղ գտնվում էին տերության քաղաքական ու տնտեսական նշանավոր կենտրոնները։

Տերության տնտեսապես ամենազարգացած շրջանը Ասորիքն էր՝ իր աշխարհահռչակ Անտիոք մայրաքաղաքով։ Միջազգային տարանցիկ առևտրի կարևոր կենտրոններ էին Փյունիկիայի վաճառաշահ Տյուրոս, Բիբլոս, Բեյրութ, Սիդոն քաղաքները։ Հարուստ ու հռչակավոր էին նաև Դաշտային Կիլիկիայի Տարսոն, Ադանա և այլ քաղաքները։ Ասորիքի կառավարչապետ նշանակվեց Տիգրան Բ-ի մերձավոր զինակից Բագարատը, որի նստավայրը Անտիոքն էր։

Երկրագործության և արհեստագործության նշանավոր կենտրոն էր Հյուսիսային Միջագետքը, որի կառավարիչն էր Տիգրանի կրտսեր եղբայր Գուրասը։ Վերջինիս նստավայրն էր Մծբինը։ Թվարկված երկրները հայկական տերության կազմում ունեին տարբեր կարգավիճակներ։ Տիգրան Մեծը գրավված երկրների մի մասը վերածեց ենթակա թագավորությունների։ Սիրիայի թագավորությունը ևս չվերացվեց։ Տիգրանը միաժամանակ իրեն հռչակեց Սիրիայի թագավոր։ Մյուս երկրները վերածվեցին նահանգների, որոնք կառավարում էին արքայից արքայի կողմից նշանակված փոխարքաները կամ կուսակալները։

Նվաճված երկրները պարտավոր էին հարկ վճարել և զորք տրամադրել։ Զորք էին տրամադրում նաև Մեծ Հայքի քաղաքական ազդեցության ոլորտում գտնվող վասալ թագավորները և հպատակ ցեղերը։

Այսպիսով, Տիգրան Բ-ն դարձավ Առաջավոր Ասիայի մեծագույն մասի տիրակալը։ Հայոց տերության մեջ անմիջականորեն մտնող և նրա քաղաքական ազդեցության ու գերիշխանության ներքո գտնվող տարածքը կազմում էր շուրջ 3 միլիոն քառ. կմ, որը գերազանցում էր Մեծ Հայքի տարածքը (300 000 քառ. կմ) տասն անգամ։ Իսկ Տիգրանի գերտերության միջուկը կազմում էր 1 000 000 քառ. կմ տարածքով տերությունը, որի մեջ մտնում էին Մեծ Հայքի թագավորությունն ու նրա հարևան կովկասյան, միջագետքյան և միջերկրածովյան երկրները[11]։

Մ.թ.ա. 80-ական թվականներին Տիգրան Մեծը ձեռնարկեց նոր մայրաքաղաքի՝ Տիգրանակերտի շինարարությունը։ Բանն այն է, որ Արտաշատը մնացել էր հայոց տերության հյուսիսային ծայրամասում, իսկ երկրորդ մայրաքաղաք Անտիոքը բուն Հայաստանից դուրս էր։ Մեծ Հայքի Աղձնիք նահանգում՝ Սասնա լեռների հարավային ստորոտին։ Ժամանակին Տիգրան Մեծը թագադրվել էր այստեղ։

Հայկական աշխարհակալ տերությունը նվաճումների հետևանքով կարիք ուներ նոր մայրաքաղաքի։ Արտաշատն արդեն չէր կարող կատարել այդ դերը, քանզի մնացել էր տերության ծայր հյուսիսում, իսկ Անտիոքը գտնվում էր բուն հայկական հողերից դուրս և ուներ օտարազգի բնակչություն։ Նոր մայրաքաղաքը հիմնադրվեց Աղձնիք նահանգում, Տիգրիսի ձախակողմյան վտակներից մեկի ափին։

Մայրաքաղաքը կառուցվեց 70-ական թվականների ընթացքում և անվանակոչվեց Տիգրանակերտ՝ ի պատիվ հայոց հզոր արքայի։ Մայրաքաղաքը բնակեցնելու նպատակով Տիգրան Բ-ն նվաճված երկրների քաղաքային բնակչության մեծ մասը բռնագաղթեցրեց Հայաստան։ Հույն պատմիչ Ապիանոսի վկայությամբ, միայն Կապադովկիայից Հայաստան տեղափոխվեց 300 հազար մարդ, մոտավորապես 100 հազար մարդ էլ՝ Կիլիկիայի 12 քաղաքներից։ Անշուշտ, Հայաստան տեղափոխված ամբողջ բնակչությունը չի բնակեցվել միայն Տիգրանակերտում։ Նրա մեծ մասը հաստատվել է Արտաշատ, Արմավիր, Երվանդաշատ, Վան և այլ քաղաքներում։

Տիգրան Մեծը Տրգրանակերտը վերաբնակեցրել է հայ ավագանու շատ ներկայացուցիչների։ Ենթադրվում է, որ Տիգրանակերտը ունեցել է մոտ 100 հազար բնակիչ։ Նրանք հիմնականում զբաղվել են արհեստագործությամբ և առևտրով։ Տիգրանակերտը եղել է նաև մշակութային խոշոր կենտրոն։ Ըստ հունա-հռոմեական աղբյուրների, հայկական թատրոնի առաջին շենքը կառուցվել է Տիգրանակերտում մ.թ.ա. 69 թվականին, սակայն շինության հետքերը մինչև օրս հայտնաբերված չեն։ Տիգրանակերտը շրջապատված էր 25 մ բարձրությամբ պարսպով, որի ներսում տեղադրված էին ախոռներ և պահեստներ, իսկ պատերի տարբեր մասերում կան հունարեն արձանագրություններ։ Տիգրան թագավորի պալատը, շրջապատված պարտեզներով, լճերով, գտնվել է միջնաբերդից դուրս։ Արտաշատի հետ միացած էր Արքունի Պողոտայով։

Հույն պատմիչ Պլուտարքոսի խոսքերով Տիգրանակերտը լի էր գանձերով և աստվածներին նվիրաբերված թանկարժեք ընծաներով, քանզի մասնավոր անձինք և մեծատոհմիկները, ցանկանալով հաճոյանալ թագավորին, միմյանց հետ մրցում էին քաղաքի շենության ու ընդարձակման համար։ «...Նա այստեղ հրավիրում է հայերից լավագույններին և սպառնում էր բռնագրավել այն ամենը, ինչ իրենց հետ Տիգրանակերտ չէին տանելու»։ Այսպիսով, կարճ ժամանակամիջոցում կառուցվեց մեծ ու շքեղ մի քաղաք։ Քաղաքը շրջապատված է եղել 25 մետր բարձրությամբ պարիսպներով, ունեցել է անառիկ միջնաբերդ։ Հետաքրքիր է, որ թագավորական պալատը կառուցվել է քաղաքից դուրս, որը շրջապատված է եղել պարտեզներով, այգիներով և որսատեղիներով։ Տիգրանակերտն Արևելքի նշանավոր քաղաքներից էր, արհեստագործության, առևտրի ու մշակույթի խոշոր կենտրոն։ Քաղաքն ունեցել է իր թատրոնը, որտեղ հույն դերասանները ողբերգություններ և թատերգություններ են բեմադրել։

Բացի Տիգրանակերտ մայրաքաղաքից, Տիգրանակերտ անվանումով քաղաքներ են հիմնադրվել նաև տերության այլ վայրերում[12]։

Հայկական աշխարհակալ տերություն[խմբագրել]

Պարթևների և Սելևկյանների դեմ տարած հաղթանակներից հետո Հայաստանը փաստորեն դառնում է Առաջավոր Ասիայի հզորագույն տերությունը։ Տիգրան Մեծի կայսրությունը տարածվում էր Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով, Կովկասյան լեռներից մինչև Միջագետքի անապատները։ Այդ տարածքում, որի մակերեսը կազմում էր մոտ 1.000.000 (մեկ միլիոն) քառակուսի կիլոմետր, տեղակայված էին հայկական բանակի կայազորները։ Բացի այդ, Տիգրանին ենթարկվում էին նախկինում՝ մ.թ.ա. 550-330 Արիական Համադաշնային Տերության կազմի մեջ գտնված մի շարք երկրներ ու ժողովուրդներ։ Այսպիսով Տիգրանի բուն տերության տարածքը՝ 1.000.000 քառ. կմ, ենթակա այլ երկրամասերի հետ միասին կազմում էր մոտ 3.000.000 (երեք միլիոն) քառակուսի կիլոմետր[13]։

Մեծ Հայքը Տիգրան Մեծի օրոք

Ըստ երևույթին մ.թ.ա 73 թվականից Տիգրանի տերության վիճակը սկսում է բարդանալ։ Հարավային Ասորիքում և Փյունիկիայում ապստամբություն է բարձրանում Սելևկյան թագուհի Կլեոպատրա-Սելենեի և նրա որդի Անտիոքոս XIII-ի գլխավորությամբ։ Բացի այդ պատերազմական գործողություններ են սկսվում Կելեսիրիաում՝ Նաբաթեական թագավորության դեմ։ Ենթադրվում է, որ Տիգրանը հաղթում է նաբաթեացիներին և գրավում ողջ Կելեսիրիան՝ Դամասկոս մայրաքաղաքով։ Պատերազմական գործողությունները Փյունիկիայում շարունակվում են մինչև մ.թ.ա 69 թվականի գարունը, երբ Տիգրանը երկար պաշարումից հետո գրավում է Պտղոմայիս քաղաքը և գերում Կլեոպատրա-Սելենե թագուհուն [14], որը հետագայում տեղափոխվում է մերձեփրատյան Սելևկիա բերդը և այնտեղ մահապատժի ենթարկվում[15]։ Իր պետության սահմանների մոտ հայտնված մեծաթիվ հայկական զորքերից սարսափած հրեական թագուհին թանկարժեք նվերներով դեսպաններ է ուղարկում Տիգրանի մոտ և ընդունում նրա գերիշխանությունը[14]։

Այս պատերազմական գործողություններն ընթանում են ընդհատումներով, քանի որ Տիգրանը ստիպված է լինում շեղվել՝ ճնշելու համար ապստամբություններն իր տերության այլ շրջաններում։ Նախ բուն Հայաստանում ավագանու մի մասի հետ ապստամբում է Տիգրանի որդին՝ թագաժառանգ Զարեհը։ Այս ելույթն արագորեն ճնշվում է, իսկ Զարեհը՝ սպանվում[16]։ Ապա մ.թ.ա 71 թվականին հռոմեացիների դրդմամբ ապստամբություն է բարձրացնում Կորդուքի արքա Զարբիենոսը։ Սակայն այս ապստամբությունը ևս դաժանաբար ճնշվում է. հայկական զորքերը գրավում Փինակա բերդը և սրի քաշում Զարբիենոսի ողջ ընտանիքը[17]։

Մ.թ.ա 73 թվականին սկսվում է երրորդ Միհրդատյան պատերազմը Հռոմի և Պոնտոսի թագավորության միջև։ Սկզբնական շրջանում հաջողությունն ուղեկցում է Միհրդատին. նա հաղթում է հռոմեացիներին մի շարք ճակատամարտերում և գրավում Բյութանիան։ Սակայն նրա կողմից պաշարված ծովափնյա Կիզիկոս քաղաքի պատերի տակ Միհրդատը ծանր պարտություն է կրում սենատի կողմից արևելք ուղարկված հայտնի զորավար Լուկոլլոսից և ստիպված լինում նահանջել Պոնտոս։ Այստեղ նա փորձում է դիմադրություն կազմակերպել իրեն հետապնդող հռոմեական զորքերի դեմ, սակայն մ.թ.ա. 71 թվականին Կաբիրայի ճակատամարտում վերջնականապես պարտություն է կրում և ստիպված է լինում փոքրաթիվ զորքով փախչել Հայաստան։ Տիգրանը, զբաղված լինելով հարավային Ասորիքում և Փյունիկիայում ընթացող մարտական գործողություններով, չի կարողանում օգնել իր դաշնակցին։ Տիգրանը թեև ապաստան է տալիս Միհրդատին, սակայն, ըստ երևույթին, հռոմեացիների դեմ չեզոքություն պահպանելու հույսով չի հրավիրում նրան իր արքունիք, այլ թույլ է տալիս ապրել իր տերության ծայրամասային շրջաններից մեկում։ Մյուս կողմից Տիգրանը մերժում է Լուկոլլոսի՝ իր մոտ ուղարկված դեսպանությանը, որը պահանջում էր հանձնել Միհրդատին հռոմեացիներին, բացատրելով մերժումն իր մոտիկ ազգակցական կապերով վերջինիս հետ։

Հայ-հռոմեական պատերազմ[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Հայ-հռոմեական պատերազմ

Մ.թ.ա. 1-ին դարի սկզբներին Հռոմեական հանրապետությունը Փոքր Ասիայում ընդարձակ տիրույթներ նվաճեց։ Նույն դարի 80-70-ական թվականներին Հռոմի Պոնտոսի դեմ մղած հաղթական պատերազմներից և Տիգրան Բ-ի կողմից Դաշտային Կիլիկիան գրավելուց հետո երկու տերությունները դարձան հարևաններ։ Տիգրան Բ-ն իր նվաճումներով Հռոմի առջև փակում էր դեպի Արևելք տանող բոլոր ճանապարհները։ Հռոմն սկսում է նախապատրաստվել պատերազմի ընդդեմ հայոց տերության։

Մ.թ.ա. 71 թվականին հռոմեական զորավար Լուկուլլոսը գլխովին ջախջախել էր Տիգրան Բ-ի դաշնակից Միհրդատ Եվպատորին։ Վերջինս մազապուրծ փախել էր Մեծ Հայք և քաղաքական ապաստան ստացել։ Լուկուլլոսը հատուկ դեսպան ուղարկեց Տիգրանի մոտ և պահանջեց Միհրդատին հանձնել իրեն։ Հայոց արքան, մերժեց հռոմեացիների պահանջը։ Պատերազմի առիթը պատրաստ էր[18]։

Մ.թ.ա. 69 թվականի գարնանը հռոմեական բանակները, անցնելով սահմանային Եփրատ գետը, ներխուժեցին Մեծ Հայք։ Սկսվեց հայ-հռոմեական պատերազմը։

Լուկուլլոսը մշակել էր կայծակնային պատերազմի ծրագիր, որի հիմնական սկզբունքներն էին հանկարծակիությունն ու շեշտակի հարվածը։ Լուկուլլոսը գրավեց Ծոփքը և սրընթաց շարժվեց Աղձնիք՝ գրավելու Տիգրանակերտը։ Այն անակնկալ գրոհով գրավելու ծրագիրը ձախողվեց։ Կայազորը, հայ տաղանդավոր զորավար Մանկայոսի (Մանուկ) հրամանատարությամբ, քաղաքը պաշտպանում էր հմտությամբ։ Գրոհի ձախողումից հետո Լուկուլլոսն ստիպված եղավ պաշարել այն։ Անցնում էին ամիսները, իսկ Տիգրանակերտը շարունակում էր հերոսաբար դիմադրել։

Հռոմեական բանակի Մեծ Հայք ներխուժման լուրը Տիգրան Բ-ն իմացավ հեռավոր Պաղեստինում, ուր կենտրոնացված էին հայկական բանակի գլխավոր հարվածային ուժերը։ Հայոց արքան թիկնապահ գնդով շտապ վերադարձավ Մեծ Հայք, իսկ բանակի հիմնական ուժերը՝ Բագարատ զորավարի հրամանատարությամբ, հետևեցին արքային։ Մինչև Մեծ Հայք հասնելը Տիգրան Բ-ն Լուկուլլոսի դեմ ուղարկեց Մեհրուժան զորավարի փոքրաթիվ, սակայն մարտունակ զորաջոկատը։ Վերջինս հռոմեացիների գերակշիռ ուժերի հետ ընդհարման ժամանակ պարտվեց, իսկ Մեհրուժանն էլ զոհվեց։

Սեպտեմբերի կեսերին Տիգրանի գլխավորած հայկական բանակը մոտեցավ պաշարված Տիգրանակերտին։ Հայկական մի զորամաս հանկարծակի ու խիզախ գրոհով մուտք գործեց քաղաք և այնտեղից դուրս բերեց արքայից արքայի ընտանիքն ու գանձերի մեծ մասը։ Ըստ Ապպիանոսի, Տիգրանին ռազմաջոկատներ էին տրամադրել նաև ենթակա երկրները՝ Ատրպատականը (Մարաստանը), Աղվանքը, Վիրքը, Կորդուքը, Ադիաբենեն և անգամ Պարսից ծոցի արաբները։ Հայկական բանակի թիվը, նույն պատմիչի վկայությամբ, 300 հազար զինվոր էր։ Այլ պատմիչներ խոսում են ընդամենը 70-80 հազար զինվորների մասին, այսինքն՝ մոտավորապես այնքան, որքան հռոմեական բանակի զինվորների թիվն էր՝ դաշնակից զորաբանակների հետ միասին։

Հոկտեմբերի 6-ի վաղ առավոտյան սկսվեց Տիգրանակերտի ճակատամարտը։ Շրջանցելով Տիգրանի բանակը՝ նա հայոց զորքի թիկունքում կենտրոնացրեց նշանակալից ուժեր, որոնք էլ վճռեցին ճակատամարտի ելքը։ Հռոմեացիների հաղթանակը որոշեց նաև Տիգրանակերտի ճակատագիրը։ Կայազորի հույն վարձկանները՝ կաշառվելով Լուկուլլոսի կողմից, հոկտեմբերի վերջերին ապստամբություն բարձրացնելով, քաղաքի դարպասները բացեցին հակառակորդի առջև։ Նորակառույց ու հարուստ քաղաքը քարուքանդ եղավ ու թալանվեց[19]։

Լուկուլլոսը՝ ռազմական գործողությունները համարելով ավարտված, բանակը տարավ ձմեռելու Կորդուքի տաք շրջաններ։ Օգտվելով դրանից՝ Տիգրան Մեծն անմիջապես օգտագործեց դադարը և սկսեց եռանդուն նախապատրաստվել ապագա ռազմական գործողություններին։ Ձմեռվա ամիսներին նա վերակառուցեց բանակը, որի հարվածային գլխավոր ուժը դարձավ հեծելազորը։ մ.թ.ա. 68 թվականի գարնան վերջերին Լուկուլլոսը դուրս եկավ Կորդուքից և բռնեց Արտաշատ տանող ճանապարհը։ Հայկական բանակը անսպասելի, այդ թվում գիշերային հանդուգն հարձակումներով ջլատում էր հռոմեացիների ուժերը՝ նրանց նշանակալից կորուստներ պատճառելով։

Լուկուլլոսի հյուծված և մարտունակությունը կորցրած բանակը միայն սեպտեմբերի 22-ին հասավ Արածանիի գետանցին։ Առջևում Հայկական Պար լեռնաշղթան էր։ Սակայն հռոմեական բանակն այնքան էր ջլատված և կորուստներն այնքան շատ էին, որ զինվորները հրաժարվում էին շարունակել ռազմերթը դեպի «Հայկական Կարթագեն»։ Արածանիի ճակատամարտում հռոմեական բանակը լիակատար պարտություն կրեց։ Հույն պատմիչ Դիոն Կասսիոսը վկայում է, որ «հայերը նետահարելով հռոմեացիներին շատերին սպանեցին, իսկ շատերին էլ վիրավորեցին, իսկ վերքերը ծանր էին և դժվար բուժելի, քանզի հայերը գործածում էին երկծայր նետեր»[20]։

Լուկուլլոսն ստիպված էր թողնել Մեծ Հայքի սահմանները։ Տիգրան Մեծի հանձնարարությամբ Միհրդատ Եվպատորը հայկական մի զորամասով անցավ Պոնտոս և սկսեց երկրի ազատագրումը։ Հռոմեացիների առաջին գրոհը դեպի Արևելք լիովին ձախողվեց։ Լուկուլլոսի պարտության հետևանքով վերականգնվեց Հայկական տերության խարխլված հեղինակությունը։ Մ.թ.ա. 67 թվականի կեսերին հայկական բանակները ներխուժեցին Կապադովկիա՝ պատրաստվելով վերականգնել հայկական իշխանությունը Ասորիքում (Սիրիայում), ինչպես նաև Միջերկրական ծովի ափերին։ Հռոմեական սենատն արտակարգ միջոցներ ձեռք առավ։ Լուկուլլոսը հեռացվեց գլխավոր հրամանատարի պաշտոնից։ Նրա փոխարեն հրամանատար նշանակվեց հմուտ զորավար և քաղաքական գործիչ Գնեոս Պոմպեոսը։ Ժամանելով Արևելք, նախապես պարթևների հետ դաշինք կնքեց ընդդեմ Տիգրան Մեծի և Միհրդատ Եվպատորի։ Նույն տարվա վերջերին Պոմպեոսը պարտության մատնեց Միհրդատ Եվպատորին և գրավեց Պոնտոսը, որով Մեծ Հայքը զրկվեց իր միակ դաշնակցից։ Հռոմեական բանակը պատրաստվում էր ներխուժել Մեծ Հայք[21]։

Մեծ Հայքի համար այս ճակատագրական պահին երկրում սկսվեցին ներքին երկպառակություններ։ Տիգրան Մեծի դեմ ընդվզեց նրա կրտսեր որդի Տիգրան Կրտսերը։ Վերջինս գտնում էր, որ պետք է պատերազմը շարունակել մինչև հաղթական ավարտ։ Տիգրան Մեծը ճնշեց ընդդիմադիր հայ ավագանու շահերը ներկայացնող Տիգրան Կրտսերի խռովությունը, որն իրեն հռչակել էր հայոց թագավոր։ Խռովությանն անմասն չէին նրա մայրը՝ Կլեոպատրան, և պապը՝ Միհրդատ Եվպատորը։ Վերջինս հույս ուներ թոռան գահակալությամբ Մեծ Հայքը ծառայեցնել Պոնտոսի քաղաքական շահերին։ Ստեղծված իրավիճակում Տիգրան Մեծն ստիպված եղավ զորքը դուրս բերել Կապադովկիայից և վերադառնալ Մեծ Հայք։ Հորից պարտված Տիգրան Կրտսերը փախավ Պարթևաստան։ Պարթևական թագավոր Հրահատ Գ-ն անմիջապես օգտագործեց պահը և որոշեց օգնել ապստամբ արքայազնին՝ նրան կնության տալով դստերը։ Տիգրան Կրտսերը պարթևական բանակով ներխուժեց Մեծ Հայք և պաշարեց Արտաշատը։ Սակայն հայկական բանակը հակահարված տվեց պարթևներին, որոնք նահանջեցին իրենց երկիրը, իսկ Տիգրան Կրտսերը փախավ Պոնտոս։ Կես ճանապարհին լուր ստանալով, որ պապը՝ Միհրդատ Եվպատորը, պարտություն է կրել Պոմպեոսից և փախել Բոսպորի թագավորություն, նա այս անգամ որոշեց դիմել Պոմպեոսի օգնությանը։ Պոմպեոսն անմիջապես օգտագործեց բախտախնդիր արքայազնին՝ փորձելով ազդել Տիգրան Մեծի քաղաքականության վրա[22]։

Արտաշատի պայմանագիրը[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Արտաշատի պայմանագիր

Մ.թ.ա. 66 թվականի ամռանը Տիգրան Կրտսերի ուղեկցությամբ Պոմպեոսի հռոմեական բանակը ներխուժեց Մեծ Հայք։ Տիգրան Մեծի դիրքերը բավականին թուլացել էին՝ պարթևների թշնամական գործողությունների, որդու խռովության և հռոմեական բանակի Մեծ Հայք ներխուժման պատճառով։ Հաջողության հասնելու հույսերը փոքր էին, ուստի ավելի խոհեմ կլիներ Մեծ Հայքին ձեռնտու զիջումների գնով հաշտվել նրա հետ և հենց Հռոմի օգնությամբ էլ պայքար մղել մյուս երկուսի դեմ։ Մեծ Հայքը կարող էր կորցնել իր անկախությունը, ուստի անհրաժեշտ էր գնալ զիջումների ոչ կենսական խնդիրներում, գլխավորը՝ անկախությունը, պահպանելու համար։

Պոմպեոսը մ.թ.ա. 66 թվականի սեպտեմբերին մոտեցավ Արտաշատին և ճամբար դրեց քաղաքից ոչ հեռու։ Անմիջապես սկսվեցին հայ-հռոմեական հաշտության բանակցությունները։ Այն, ինչին ձգտում էր Հռոմը, ստանում էր առանց ռազմական գործողությունների և զոհերի։ Տիգրան Կրտսերի փորձերը՝ խոչընդոտելու բանակցությունները, արդյունք չտվեցին[23]։ Ընդհակառակը, նա հայտնվեց «խաղից դուրս» վիճակում։ Կնքվեց հայ-հռոմեական պայմանագիրը, ըստ որի՝

Հռոմեական դրոշ
  • Ծոփքն անջատվում էր Մեծ Հայքից և դառնում էր առանձին պետություն։ Այստեղ թագավոր էր հաստատվում Տիգրան Կրտսերը՝ պայմանով, որ Տիգրան Բ-ի մահից հետո Մեծ Հայքն ու Ծոփքը դարձյալ միավորվելու էին մեկ պետության մեջ՝ Տիգրան Կրտսերի գահակալության ներքո։
  • Մեծ Հայքը Հռոմին պետք է վճարեր 6 հազար տաղանդ ռազմատուգանք, մոտավորապես այդքան էլ արշավանքին մասնակցած զինվորներին և սպաներին։ Հատկանշական է, որ ռազմատուգանքի գումարը վճարվելու էր Ծոփքի արքայական գանձարաններից։
  • Մեծ Հայքը հայտարարվում էր «Հռոմեական ժողովրդի բարեկամ և դաշնակից»։

Մեծ Հայքը պահպանեց իր լիակատար անկախությունը։ Հռոմը արտաքին քաղաքականության բնագավառում խրախուսում էր Տիգրան Բ-ի հակապարթևական բոլոր ձեռնարկումները։ Պարթևները դաշնակից Հռոմից ավելին էին սպասում, բայց Պոմպեոսը Տիգրանի հետ կնքած հաշտությունից հետո մտադիր չէր նպաստել Պարթևաստանի ուժեղացմանը։ Արևելքում ուժերի հավասարակշռությունը պահանջում էր պաշտպանել Տիգրան Բ-ին։

Արտաշատի պայմանագրից հատկապես դժգոհ մնաց Տիգրան Կրտսերը։ Տենչալով Մեծ Հայքի գահին՝ նա այժմ պետք է բավարարվեր ֆինանսական միջոցներից զրկված Ծոփքի գահով։ Հասկանալով իր վիճակի անհեթեթությունը՝ Տիգրան Կրտսերն ընդվզեց Պոմպեոսի դեմ և վիրավորեց նրա արժանապատվությունը։ Ի պատասխան նրա հանդուգն ելույթի՝ Պոմպեոսի կարգադրությամբ Տիգրան Կրտսերը ձերբակալվեց և ընտանիքի հետ գերեվարվեց Հռոմ։

Տիգրան Բ-ն՝ օգտագործելով հռոմեա-պարթևական հակամարտությունները, կարողացավ Պոմպեոսի միջամտությամբ մ.թ.ա. 64 թվականին Մեծ Հայքին վերադարձնել Կորդուքն ու Հյուսիսային Միջագետքը։ Պոմպեոսն անգամ ճանաչեց Տիգրան Մեծի «արքայից արքա» տիտղոսը։ Տիգրան Բ-ի կյանքի վերջին տասը տարիները Մեծ Հայքի համար խաղաղության ու տնտեսական բարգավաճման տարիներ էին[24]։

Տիգրան Մեծը մշակույթում[խմբագրել]

Հայ ժողովուրդը դարեր շարունակ իր բանավոր ստեղծագործություններում պահպանել է Տիգրան Մեծի կերպարը։ Նրա կյանքի ու գործի հիանալի նկարագրությունը փոխանցվել է սերնդից սերունդ, գովերգվել են նրա մարդկային ու արքայական առաքինությունները։ Տիգրան Մեծից ավելի քան 500 տարի անց Մովսես Խորենացին գրի է առել ժողովրդական բանահյուսության այդ անգին գոհարները և փոխանցել սերունդներին։

Տիգրանին ժամանակակից հռոմեական պատմիչները նրան անվանել են «մեծագույն թագավոր, որ տիրակալում էր մեծ փառքով»։ Հայ նշանավոր պատմաբան Նիկողայոս Ադոնցը բնութագրել է Տիգրան Բ-ին. «Տիգրան Մեծն իր արժանավոր տեղն է զբաղեցնում Արևելքում երբևէ իշխած տիրակալների շարքում։ Նա արժանացել է «Մեծ» տիտղոսին՝ պատվավոր մի կոչման, որը պատմությունը հազվադեպ է շնորհում իր ընտրյալ դերակատարներին»[25]։

Տիգրան Մեծի թեմային տարբեր ժամանակներում անդրադարձել են բազում հայ գրողներ։ Տիգրան Մեծին նվիրված գեղարվեստական գործերից արժե հիշատակել Հովհաննես Շիրազի ,,Տիգրան Մեծի վիշտը և հավերժությունը՛՛ պոեմը /տես Հ. Շիրազ, Երկեր, հատ. 2, Երևան, 1982, էջ 176-204/, Խաչիկ Դաշտենցի ,,Տիգրան Մեծ՛՛ չափածո դրաման /տես Խ. Դաշտենց, Լեռան ծաղիկներ /ժողովածու/, Երևան, 1963/, Պերճ Զեյթունցյանի ,,Աստծո 12 օրը՛՛ դրաման /տես Պ. Զեյթունցյան ,,Մեծ լռություն /դրամաներ/՛՛, Երևան, 1985/, Հայկ Խաչատրյանի ,,Տիգրան Մեծ՛՛ հանրահայտ պատմավեպը /1-ին հրատ., Երևան, 1967, 352 էջ, 2-րդ հրատ., Եր., 1972, 656 էջ, 3-րդ հրատ., Եր., 1990, 640 էջ/:

Եվրոպացի կոմպոզիտորները Տիգրան Մեծի մասին գրել են 23 օպերա, որոնք բեմադրվել են Թուրին, Վենետիկ, Վիեննա, Լոնդոն և այլ քաղաքների թատրոններում։ [26]

# Կոմպոզիտոր Օպերա Թվականներ Լեզու
1 Ալեքսանդրո Սկարլատի Տիգրան Մեծ 1659-1725 Իտալերեն
2 Նիկոլա Պիչչինի Տիգրան Մեծ 1728-1800 Իտալերեն
3 Տ․ Ալբինոնիո Տիգրան Մեծ՝
թագավոր Հայաստանի
1674-1745 Իտալերեն
4 Մ․ Բոնոնչինի Տիգրան Մեծ՝
թագավոր Հայաստանի
1675-1726 Իտալերեն
5 Ն․ Ռիջինի Տիգրան Մեծ 1756-1812 Իտալերեն
6 Ճ․ Պ․ Լամբունիանի Տիգրան Մեծ 1706-1781 Իտալերեն
7 Ֆրանչեսկո Գասպարինի Տիգրան Մեծ 1714-1787 Գերմաներեն
8 Յոհան Հասսե Տիգրան Մեծ 1699-1783 Իտալերեն
9 Ջ․ Արենա Տիգրան 1708-1741 Իսպաներեն
10 Լապիս Սանթոս Տիգրան 1709-? Իտալերեն
11 Ջ․ Պագանելի Տիգրան Մեծ 1717-? Գերմաներեն
12 Քրիստոֆ Գլյուկ Տիգրան 1714-1787 Իտալերեն
13 Պ․ Գուլիելմի Տիգրան Մեծ 1728-1804 Իտալերեն
14 Ջ․ Գոլլա Տիգրան 1730-1806 Իտալերեն
15 Ա․ Թոձձի Տիգրան 1736-1815 Իտալերեն
16 Ի․ Սելոնիաթ Տիգրան 1739-? Իտալերեն
17 Դոմենիկո Սկարլատի Տիգրան Մեծ կամ
Պոմպեոսը Հայաստանում
1685-1757 Իտալերեն
18 Ջ․ Սաոթի Տիգրան 1729-1802 Իտալերեն
19 Պիետրո Բեռնարդոնի Տիգրան - Իտալերեն
20 Գեորգ Հենդել Հռադամիստ 1685-1759 Գերմաներեն
21 Ա․ Արտամանով Տիգրան Մեծ - Իտալերեն
22 Հոտս Տիգրան Մեծ - Գերմաներեն
23 Անտոնիո Վիվալդի Տիգրան (Վիվալդի) 1678-1741 Իտալերեն

Արտաշեսյան հարստություն[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Արտաշեսյաններ
Արտաշեսյանների դրոշ

Արտաշեսյան արքաայտոհմը Հայաստանում կառավարել է 2 դար։ Նրա հիմնադիրը՝ Արտաշես Ա-ն, իշխանությունը օրինական դարձնելու նպատակով իրեն ներկայացնում էր Երվանդունիների ներկայացուցիչ՝ որդի Զարեհի, Երվանդյան։ Իրականում նա հիմնադրել է նոր թագավորական հարստություն։

Անունը Տարեթվեր Իշխել է Նշումներ
Արտաշես Բարեպաշտ մ.թ.ա. 230-մ.թ.ա. 160 մ.թ.ա. 189-մ.թ.ա. 160 Զարեհի որդի, Երվանդյան
Արտավազդ Ա մ.թ.ա. ?-մ.թ.ա. 115 մ.թ.ա. 160-մ.թ.ա. 115 Արտաշես Ա-ի ավագ որդի
Տիգրան Ա մ.թ.ա. ?-մ.թ.ա. 95 մ.թ.ա. 115-մ.թ.ա. 95 Արտաշես Ա-ի կրտսեր որդի
Տիգրան Մեծ մ.թ.ա. 140-մ.թ.ա. 55 մ.թ.ա. 95-մ.թ.ա. 55 Տիգրան Ա-ի կրտսեր որդի
Արտավազդ Բ մ.թ.ա. ?-մ.թ.ա. 34 մ.թ.ա. 55-մ.թ.ա. 34 Տիգրան Մեծի որդի
Արտաշես Բ մ.թ.ա. ?-մ.թ.ա. 20 մ.թ.ա. 30-մ.թ.ա. 20 Արտավազդ Բ-ի ավագ որդի
Տիգրան Գ մ.թ.ա. ?-մ.թ.ա. 8 մ.թ.ա. 20-մ.թ.ա. 8 Արտավազդ Բ-ի միջնեկ որդի
Արտավազդ Գ մ.թ.ա. ?-մ.թ.ա. 6 մ.թ.ա. 8-մ.թ.ա. 6 Արտավազդ Բ-ի կրտսեր որդի
Տիգրան Դ և Էրատո [մ.թ.ա. ?]]-մ.թ. 1 մ.թ.ա. 6-մ.թ. 1 Տիգրան Գ որդին և դուստրը

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Տիգրան Բ Մեծ
  2. Ստրաբոն. Աշխարհագրություն, 16.1.19, [1].
  3. 3,0 3,1 Ստրաբոն. Աշխարհագրություն, 11.14.15, [2].
  4. Տիգրան Բ-Ի գահակալությունը. Ծոփքի միավորումը
  5. Ապիանոս. Հռոմեական պատմություն. Միհրդատյան պատերազմներ, §13-15
  6. Հուստինոս. Փիլիպի պատմությունը. XXXVIII, 3
  7. Պլուտարքոս. Զուգահեռ կենսագրություններ. Սուլլա, 5
  8. Հայ-պոնտական դաշինքը և Կապադովկիայի նվաճումը
  9. Պարթևստանի ջախջախումը
  10. Ասորիքի գրավումը
  11. Հայկական տերության տարածքը, բնույթը, բնակչությունը
  12. Տիգրանակերտ մայրաքաղաքի հիմնադրումը
  13. http://freebooks.do.am/BOOKS/Literature/MapSlide.jpg
  14. 14,0 14,1 Հովսեփ Փլավիոս. Հրեաների պատմությունը, գիրք 13, §16, 4
  15. Ստրաբոն. Աշխարհագրություն, 16.2.3, [3].
  16. Ապիանոս. Հռոմեական պատմություն. Միհրդատյան պատերազմներ, §104
  17. Պլուտարքոս. Զուգահեռ կենսագրություններ. Լուկոլլոս, 29
  18. Հռոմեական հանրապետության արևելյան քաղաքականությունը, Լուկուլլոսի արշավանքը Հայաստան
  19. Պատերազմի սկիզբը, Տիգրանակերտի ճակատամարտը
  20. Արածանիի ճակատամարտը և հռոմեական բանակների պարտությունը
  21. Պատերազմի երկրորդ փուլը. իրադրությունը Արածանիի ճակատամարտից հետո
  22. Տիգրան Կրտսերի խռովությունը
  23. Պոմպեոսի արշավանքը Հայաստան
  24. Արտաշատի պայմանագիրը
  25. Տիգրան Մեծը ժողովրդի հիշողության մեջ
  26. Ա․ Փարսադանյան «Գիտելիքների շտեմարան», ՎՄՎ-ՊՐԻՆՏ, Երևան, 2003թ

Սկզբնաղբյուրներ և գրականություն[խմբագրել]

Նախորդող
Տիգրան Ա մ.թ.ա. 115 - մ.թ.ա. 95
Մեծ Հայքի արքա
Տիգրան Մեծ

մ.թ.ա. 95 - մ.թ.ա. 55
Հաջորդող
Արտավազդ Բ մ.թ.ա. 55 - մ.թ.ա. 34