Պարույր Սկայորդի, (ծն. թ. Անհայտ, - մ.թ.ա. մոտ 630) Ասքանազյան իշխանության հիմնադիրը մ.թ.ա. 673-ից։ Սկայորդի (Սպակա) իշխանի որդին։ Հին հայկ. հեղինակները Սկայորդուն (Սպակա) համարում են Սենիքերիմ թագավորի (մ.թ.ա. 705 - 681) վերջին տարիների ժամանակակիցը, որը Հայաստանում ապաստան է տվել Սենիքերիմի հայրասպան որդիներին։ ՈՒստի ենթադրվում է, որ Սկայորդին դաշնակցել է ՈՒրարտուի Ռուսա Բ արքային՝ ընդդեմ Ասորեստանի։ Ասորական, հին հունական և հայկական աղբյուրներում Պարույրը հիշատակվում է (աքքադ. Պարտատուա, հուն. Պրոտոթիես անուններով) որպես Ասորեստանի Ասարխադոն (մ.թ.ա. 681 - 668) և Աշշուրբանապալ կամ Սարդանապալ (մ.թ.ա. 668 - 633) թագավորների ժամանակակիցը։ Մ.Խորենացին գրում է, որ Ասորեստանի դեմ կռվում Պարույրն օգնելով Մարաստանի Վարբակես (ըստ Հերոդոտոսի՝ Հարպագ, իսկ ըստ Կտեսիաս Կնիդացու՝ Արբակ) թագավորին, փոխարենը նրանից ճանաչվել է թագավոր։ Ըստ Ասարխադոնի արձանագրության Ասքանազյան գունդը՝ Սպակայի (Սկայորդի) գլխավորությամբ մ.թ.ա. 673 – ին կռվել է Ասորեստանի դեմ Մանայի և Արարատի թագավորության կողմում։ Սակայն նույն թվականին նրա որդի Պարտատուան (Պարույր) դաշնակցել է Ասորեստանին՝ կնության առնելով Ասարխադոնի դստերը։ Շուտով Ասորեստանի հետ նույն հարաբերությունները հաստատել են (հավանաբար Պարույրին ենթակա, կամ միջնորդությամբ) նաև Արարատյան (ՈՒրարտու) և Մանայի թագավորությունները։ Նրա մահից հետո գահը Ժառանգել է որդին, որը հայկ. աղբյուրներում հիշատակվում է Հրչե կամ Հրաչյա, հուն. աղբյուրներում՝ Մադիես։ Ըստ Հերոդոտոսի, Մադիեսը, ջախջախելով մ.թ.ա. 625 – 624-ին Ասորեստանի Նինվե քաղաքը պաշարած Մարաստանի զորաբանակը (առավել հավանական է՝ մ.թ.ա. 597- 596-ին, քանի որ Կիաքսարը Նինվեն պաշարել է մ.թ.ա. 612- ի մայիսին, հետևաբար մ.թ.ա. 625 – 624-ի մասին խոսք չէր կարող լինել), այնուհետև 28 տարի իր գերիշխանությունն է հաստատել Մերձավոր Արևելքում։
Մովսես Խորենացին, իր «Պատմություն Հայոց» գրքում հրճվանքով գրում է - զվարճանում եմ՝ ոչ փոքր ուրախություն զգալով, որ հասնում եմ այն տեղը, երբ մեր բնիկ նախնյաց սերունդները թագավորության աստիճանի են հասնում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 217)։