Արտանուջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Արտանուջ
թուրքերեն՝ Ardanuç
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՏարածաշրջանԱրևմտյան Հայաստան
ՄարզԱրդվին
ՔաղաքապետՄեհմեթ Ուղուր Արսլան
Մակերես969 կմ2 կմ²
ԲԾՄ558 մ[1] մ
Պաշտոնական լեզութուրքերեն
Բնակչությունշրջան 11․406[2]
քաղաք 6,332
գյուղեր 5,074 մարդ (2012)
Կրոնական կազմմուսուլմաններ
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Հեռախոսային կոդ(+90) 466
Փոստային ինդեքս08300
Փոստային դասիչ08300
Ավտոմոբիլային կոդ08
Պաշտոնական կայքardanuc.bel.tr
Արտանուջ (Թուրքիա)##
Արտանուջ (Թուրքիա)

Արտանուջ (թուրքերեն՝ Ardanuç), քաղաք և շրջան Թուրքիայի Հանրապետության Արդվինի մարզի կազմում։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտանուջը հիշատակվում է իր անվան մի քանի տարբերակներով՝ Արտանույշ, Արտանուչ, Արտանուշ, ինչպես նաև թուրքական Էրդենուջ աղավաղված ձևով։ Թուրքերը պաշտոնապես այն այժմ կոչում են Արդանուչ։ Ըստ ավանդության, այստեղ է թաղված ինչ-որ թագավորի դուստր Արտանուշը կամ Վարդանուշը, որի անունով էլ իբր կոչվել է քաղաքը։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնվում է Ճորոխ գետի աջակողմյան վտակ Արտանուշ գետի ձախ եզրին, Արդվին քաղաքից 21—22 կմ հարավ-արևելք, լեռան զառիվայրում։ Բնականից ունի ամուր դիրք՝ պատած է ժայռերով, որն ավելի անմատչելի է դարձվել պաշտպանական ամրակուռ պարիսպներով։ Ջրառատ, մեղմ կլիմայով ու առողջարար օդով քաղաք է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնում Արտանուջը մտնում էր Մեծ Հայքի Գուգարք նահանգի Կաղարջք գավառի մեջ և համարվում էր վերջինիս կենտրոնը։ Թուրքական վարչական բաժանմամբ նախկինում Չըլդըրի կամ Ախալցխայի փաշայության Արտանուջի գավառակի կենտրոնն էր։

Ըստ Սեն Մարտենի, Արտանուջը այն նույնացնում է Ղազար Փարպեցռւ հիշատակած Ողջնհազ գյուղին, որտեղ V դարում, Վարդանանց պատերազմի ժամանակ, զոհվել ու թաղվել է Վարդանի եղբայրը՝ Հմայակ Մամիկոնյանը։ Պատկանում էր Բագրատունիներին։ VII դարում նվաճել ու ավերել է արաբական ոստիկան (էմիր) Մրվանը, բայց շատ չանցած Աշոտ Կյուրոպաղատը այն նորից հետ է վերցրել։ IX—XI դարերում այն առևտրական ճանապարհներով կապված էր Վրաստանի, Աբխազիայի, Տրապիզոնի, Բյուզանդիայի և Անի-Շիրակի թագավորության կենտրոնների հետ։ XI դարում Արտանուջը Բագրատունիների այն ճյուղի բնակատեղին էր, որը հետո հաստատվեց Վրաց գահի վրա։ Այդ ժամանակներում Արտանուջը սովորական բերդ էր, որի մասին հիշատակություն ունի Կոստանդին Ծիրանածինը (905—958 թթ.)։ Նրա բերդ լինելու վերաբերյալ տեղեկություններ է հաղորդում նաև թուրք պատմագիր Քյաթիբ Չելեբին, բայց ավանդությամբ և զրույցներով զուգորդված, որ դրանք դարձնում են քիչ արժանահավատ։ Հետագայռւմ Արտանուջը մտնում էր վրաց Բագրատունիների թագավորության, իսկ XVI դարից՝ Օսմանյան պետության կազմի մեջ։

1878 — 1921 թթ., Ռուսական կայսրության տիրապետության ժամանակ, մտնում էր Բաթումի մարզի Արդվինի օկրուգի մեջ։ Արտանուջը նաև Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր թեմի կենտրոն էր։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտանուջը սակավամարդ քաղաք էր։ XIX դարի վերջերին ուներ 1000 բնակիչ, որից 960—ը հայեր, իսկ մնացածը՝ թուրքեր, 1907 թ.՝ 1214 բնակիչ, մեծագույն մասը՝ դարձյալ հայեր։

Բնակչությունը զբաղվում էր արվեստներով, առևտով և նաև գյուղատնտեսությամբ։ Կարևոր դեր էր խաղում հատկապես խաղողագործությունը։ Արտանուջը արտահանում էր ընտիր գինի, որը մեծ համբավ ուներ զանազան շուկաներում։ Արհեստներից տարածված էին դերձակությունը, ներկարարությունը, կոշկակարությունը, դարբնությունը, ասեղնագործությունը, կերպասագործությունը, մետաքսագործությունը։ Բավական աշխույժ բնույթ ուներ նրա ներքին ու արտաքին առևտուրը։ Գինուց բացի, արտահանում էր մորթիներ, բուրդ և այլ ապրանքներ։ Մեծ Եղեռնի ժամանակ տեղի հայ բնակչության 1276 մարդ սպանվել է, մնացածից հաջողվել է փախչել, գաղթելով այլ երկրներ։

Ներկայում քաղաքում բնակվում է 6,332 մարդ (2012), քրդեր և թուրքեր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 134