Տևրիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Տևրիկ (այլ կիրառումներ)
Քաղաք
Տևրիկ
թուրք.՝ Divriği
DivrigiUluCami (2006).jpg
Ուլու Ջամի մզկիթային համալիր
Կոորդինատներ: 39°3′50″ հս․ լ. 38°54′48″ ավ. ե. / 39.06389° հս․. լ. 38.91333° ավ. ե. / 39.06389; 38.91333
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՏարածաշրջանԱրևմտյան Հայաստան
Նահանգ (իլ)Սեբաստիա
ՔաղաքապետՄեհմեթ Նեբի Քայա
Մակերես2.782 կմ2 կմ²
ԲԾՄ1.250 մ
Պաշտոնական լեզութուրքերեն
Բնակչությունշրջան 16․272
քաղաք 10,824
գյուղեր 5,448 մարդ (2012)
Ազգային կազմթուրքեր
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Հեռախոսային կոդ(+90) 346
Փոստային ինդեքս58300
Փոստային ինդեքսներ58300
Ավտոմոբիլային կոդ58
Պաշտոնական կայքdivrigi.bel.tr
##Տևրիկ (Թուրքիա)
Red pog.png

Տևրիկ (թուրք.՝ Divriği Դիվրիղի, հունարեն՝ Τεφρική Տեֆրիկե), քաղաք և շրջան Թուրքիայի Թունջելի նահանգում[1], Արևմտյան Հայաստանի տարածաշրջանում։

Անվանումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոքր Հայքի այս քաղաքը հին հռոմեական քարտեզներում նշանակված է Տևկիլա (Տևկիրայի փոխարեն) ձևով, արաբները կոչել են Աբրիգ, բյուզանդացիները՝ Տեֆրիկա, թուրքերը՝ Դիվրիգ։ Այն գրականության մեջ հայտնի է նաև անվան մի շարք ուրիշ տարբերակներով՝ Տիվրիկ, Տևրիկա և այլն։ Ենթադրվում է, որ անունը կարող է առաջացած լինել հայերեն «տափարակ» կամ «տավրիկ» (փոքր Տավրոս) բառերից։ Երբեմն հիմնադրի՝ Կարբեասի անունով կոչվել է Կարբեասի քաղաք։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնում մտնում էր Փոքր Հայքի Առաջին Հայք գավառի, իսկ Հուստինիանոս Ա կայսեր վարչական վերափոխությունից հետո (VI դ)՝ Երկրորդ Հայքի մեջ։ Օսմանյան կայսրության տիրապետության ժամանակներում Սեբաստիայի նահանգի Տևրիկի գավառի կենտրոնն էր։ Ներկայում Թուրքիայի Սեբաստիայի նահանգի շրջկենտրոններից է[2]:

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տևրիկը XIX դ. սկզբին ուներ 2000 տուն, որից միայն 100-ն էր հայկական, նախկինում ունեցած 2000 տան (մոտ 20 հազարը բնակչությամբ) փոխարեն՝ 25։ XIX դ. վերջերին նրա բնակչությունը հասնում էր 10 հազար մարդու, իսկ 1915-ին՝ մեծ եղեռնից առաջ, 12 հազարի, որից 4000-ը հայեր։ Բնակչությունը զբաղվում էր արհեստներով, առևտրով, այգեգործությամբ և երկրագործությամբ։ Ուներ 2 — 3 շուկա, տասնյակներով վաճառանոցներ ու արհեստանոցներ։

Տևրիկի հայ բնակչությունը նույնպես ենթարկվել է թուրքական ցեղասպանների արհավիրքներին։ Նրա մի մասը բնաջնջվել է, իսկ մյուս մասը տեղահանվել առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ 1955 թվականի տվյալներով այդտեղ բնակվում էր 5 հայ ընտանիք։

2011 թ. տվյալներով քաղաքում բնակվում են մոտ 11 հազար մարդ, մեծամասամբ թուրքեր[3]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրվել է 855 թվականին՝ պավլիկյան շարժման հայտնի առաջնորդ Կարբեասի կողմից։ Հիշատակվում է իբրև ճանապարհային կայան, գյուղաքաղաք, բերդաքաղաք և քաղաք։ Գտնվում էր Զիմարայից Մալաթիա տանող ճանապարհին, պատմական Փոքր Հայքում, նրա և Մեծ Հայքի Բարձր Հայք աշխարհի սահմանագլխին, Եփրատի աջակողմյան վտակ Տևրիկ (Մելաս, Չալթ-սու) գետի ստորին հոսանքում, Սեբաստիայի և Կարինի միջև, Ակն քաղաքից մոտ 50 Կմ հյուսիս-արևմուտք։ Քաղաքը փռված է հարթ ձորահովտում, որը շրջապատված է արևելքից արևմուտք ձգվող երկու շարք լեռներով։ Նրա բերդը գտնվում էր բարձրավանդակի վրա, մեր ժամանակների Ուրումիա քարավանատան տեղում։ Տևրիկի 10 — 12 Կմ երկարություն ունեցող հովիտը ամբողջովին ծածկված էր այգեստաններով և պարտեզներով։ Ուներ ընտիր խաղող և գինի։ Շրջակայքում կան երկաթի (այդ թվում և մագնիսական երկաթի) հանքավայրեր։ Պարտեզներով ու այգիներով շրջապատված լինելու պատաճաոով կոչվել է նաև Կանաչ Տևրիկ։

Հնում ունեցել է մոտ 1200 տուն, որի կեսից ավելին հայկական։ Պավլիկյանների հայտնի զորակայանն էր, այդ հուժկու շարժման հիմնական կենտրոնը, որտեղ զետեղված էին Բյուզանդական կայսրության և տեղական ֆեոդալների դեմ կռվող պավլիկյանների տասնյակ հազարների հասնող զինված ջոկատները։ Բյուզանդական Բարսեղ կայսրը 873 թ. գրավել և քարուքանդ է արել պավլիկյան շարժման այդ հզոր կենտրոնը։ XI դարի վերջերին Տևրիկին տիրել են սելջուկները, 1242 թ.՝ թաթար-մոնղոլները, իսկ XVI դարի սկզբին՝ օսմանյան թուրքերը։

Տևրիկում գործում էին հայկական երկու վարժարան, որոնցից մեկը, ավելի մեծը, կոչվում էր Ներսիսյան կամ Ազգային վարժարան և XIX դարի 70-ական թվականներին ուներ երկսեռ 500 աշակերտ ու 14 ուսուցիչ, իսկ մյուսն անհամեմատ փոքր էր և պատկանում էր բողոքական հայերին։ Այստեղից գաղթած հայերը Կ. Պոլսում հիմնել էին Ուսումնասիրաց ընկերություն, որն իր օգնությունն էր ցույց տալիս հայրենի քաղաքի վարժարաններին։

Մոտակայքում էր գտնվում Աբարա ամրոցը՝ պավլիկյանների հայտնի հենակետը մինչև Տևրիկի հիմնադրումը։ Քաղաքում հայտնաբերվել են խեթական արձանագրություններ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Yerelnet(թուրքերեն)
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
  3. 2011 genel nüfus sayımı verileri(թուրքերեն)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png