Առաջին Հայք
Առաջին Հայք (լատին․՝ Armenia Prima), հռոմեական պրովինցիա, որը կազմվեց Թեոդոս I Մեծ կայսեր ժամանակ՝ 378–386 թվականների միջև։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընդգրկում էր Փոքր Հայքի հյուսիսային մասը՝ Գայլ գետի (Լյուկոս) վերին և միջին հոսանքի շրջանները և Հալիս գետի վերին հոսանքը։ Կենտրոնն էր Սեբաստիա քաղաքը։ Մյուս քաղաքներից էին Կողոնիան, Նիկոպոլիսը, Սատաղը, Սեբաստուպոլիսը և Վերիսան։ Ամրոցներից հայտնի էին Ուղեռ բերդը, Եղեգառիճը, Դաստեյրան (Դաստարակ) և Դասկուսան։ Հուստինիանոս I 536 թվականի օրենսդրությունից հետո Առաջին Հայք էր անվանվում շատ ավելի ընդարձակ երկրամաս։ Նախկին Առաջին Հայքի պրովինցիայից նոր վարչական միավորի մեջ մտան միայն Գայլ գետի վերին և միջին հոսանքի հովիտը և Հալիս գետի ակունքների շրջանը։ Առաջին Հայքում ընդգրկվեց նախկին Ներքին Հայքը (Armenia Interor) կամ Բարձր Հայքը և Պոնտոսի հիմնական մասը՝ Պողեմոնյան Պոնտոսը և Կապադովկիական Պոնտոսը, ներառյալ Խաղտիքը (Ճանիվը)՝ մինչև Ճորոխի գետաբերանը։ Առաջին Հայքի նոր տարածքում կար 7 քաղաք, կենտրոնն էր Հուստինիանուպոլիսը [այսպես կոչվեց Ծումինան (Չրմեսը), այժմ՝ Ճիմին գյուղ], այստեղ էր նստում կառավարիչը՝ պրոկոնսուլը, որ սովորաբար նշանակվում էր հայ նախարարներից։ Մյուս քաղաքներն էին՝ Թեոդոսուպոլիսը (Կարին), Սատաղը, Նիկոպոլիսը, Կողոնիան, Տրապիզոնը և Կերասունտը (Փառնակիա)։ Առաջին Հայքում էր Պավլիկյանների կենտրոնը (8-9-րդ դարեր)՝ Տևրիկե քաղաքը (այժմ՝ Դիվրիգ) և Արաբկիր ավանը։ Առաջին Հայքի նոր տարածքը 8-րդ դարում կորցրեց իր արևելյան գավառները՝ Կարինը, Դերջանը, Սանանաղին, որոնք նվաճեցին արաբները, և Թեոդոսուպոլիս քաղաքը դարձավ Հայաստանում արաբների ռազմական կենտրոնը։ Այնուհետև Առաջին Հայքը Բյուզանդիայի թիկունքը պաշտպանող երկիր էր և ուներ ուժեղ պաշտպանական կետեր արաբա–բյուզանդական սահմանագծի վրա։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 530)։ |