Խաղտիք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Խաղտիք, Խաղտյաց երկիր, Խաղտյաց աշխարհ, խաղտյաց գավառ, պատմական երկիր Փոքր Ասիայում, հին և միջին դարերում։ Խաղտիքը հույները կոչել են խալիբ կամ Արմենոխալիբ, իսկ բնակիչներին՝ արմենոխալիբներ։ Գտնվում էր Սև ծովի հարավարևելյան ափին։ Խաղտիքի սահմանները եղել են հարավից՝ Բարձր Հայքի Սպեր, արևելքից՝ Տայքի Ոքաղե և Արսյաց փոր գավառները, հյուսիս-արևմուտքից՝ Պոնտական Կապադովկիան։ Խաղտիքի տարածքը համապատասխանում է Լազիստանին (Թուրքիա)։ Խաղտիքը հյուսիսից շրջապատված է Պարխարի ու Համշենի, իսկ հարավից՝ Դերջանի լեռներով, որոնց միջև ընկած տարածքը կոչվել է նաև Խաղտո ձոր, որտեղից հոսում է Ճորոխ (Ակամսիս) գետը։

Չնայած Խաղտիք վարչականորեն չի մտել Մեծ Հայքի կազմի մեջ, բայց հնում որոշ ժամանակ ենթարկվել է հայկական պետությանը և, սահմանակից լինելով Բարձր Հայք և Տայք նահանգներին, միշտ բնակեցված է եղել հայերով, ընդհուպ մինչև 1915 թվականի Մեծ եղեռնը։ Արտաշեսյանների պետության վերացումից հետո Խաղտիքն ընկավ Պոնտոսի պետության, Սասանյան Պարսկաստանի և Հռոմի տիրապետության տակ։ Այնուհետև Խաղտիքին տիրել են ՝ բյուզանդացիները, սելջուկները, օսմանյան թուրքերը (XVI դ.)։ Հետագա դարերում այստեղ բնակվել են նաև թուրքեր։ Հայ մատենագիրները, ի նկատի ունենալով Խաղտիքի խիտ անտառներն ու խոնավ կլիման, այն կոչել են «անլոյս երկիրն խաղտեաց»։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png