Սասանյան Պարսկաստան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ساسانیان
Սասանյան Պարսկաստան
 Պարթևաստան 224 - 651 Արաբական խալիֆայություն 
Derafsh Kaviani flag of the late Sassanid Empire.svg Senmurv.svg
Քարտեզ

Sassanid empire map.png

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Տիզբոն
Բնակչություն 19,700,000 (621)
Լեզու Միջին պարսկերեն
Ազգություն Պարսիկներ, պարթևներ, հայեր, ասորիներ, արաբներ
Կրոն Զրադաշտականություն, Քրիստոնեություն
Իշխանություն
Պետական կարգ Բացարձակ միապետություն
Դինաստիա Սասանյաններ
Պետության գլուխ Շահնշահ
Պատմություն

Սասանյան Պարսկաստան (պարս․՝ ساسانیان), պարսկական պետություն ներկայիս Իրաքի և Իրանի տարածքում 224-651 թվականներին։ Հիմնադրել են Սասանյանները՝ Պարթևստանում տեղի ունեցած հեղաշրջման հետևանքով։ Կործանվել է արաբական արշավանքների հետևանքով։ Իրենք Սասանյաններն անվանում էին իրենց տերությունը Էրանշահր (Eranshahr.svg - Eranshahr) «իրանցիների (արիացիների) պետություն»։

Թագավորության հիմնադիրը Արտաշիր I Պապականն էր (226-239/241), որը 211/212 թվականին նվաճել է Պարսքը, ապա հարևան տարածքները։ 221 թվականին պատերազմ է սկսել պարթևաց արքա Արտավան V-ի դեմ՝ Պարսկաստանում գերիշխանության համար և 224 թվականի ապրիլին Որմզդական (Հորմիզդական) դաշտում տեղի ունեցած ճակատամարտում պարտության մատնել նրան, 226 թվականին հռչակվել է արքայից արքա։ Սասանյաններն իրենց համարել են Աքեմենյանների հաջորդները և նպատակ են ունեցել վերականգնել հին պարսկական աշխարհակալությունը, սկզբից ևեթ անհաշտ դիրք են բռնել Հայաստանի նկատմամբ։ Հայ Արշակունիներն իրենց հերթին նրանց համարել են դինաստիական հակառակորդներ։ Ըստ Ագաթանգեղոսի` Հայոց արքա Խոսրով Մեծը Արտավան V-ի պարտությունից հետո բազմիցս արշավել է Սասանյանների դեմ և շուրջ տասը տարի պայքարել պարթև Արշակունիների տիրապետությունը վերականգնելու համար։

Սասանյանների պետության թագավորներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաշիր I Պապական[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաշիր I Պապականը նվաճել է (228) Մարաստանը, Համադանը։ 229 թվականին փորձել է նվաճել Ատրպատականն ու Հայաստանը, սակայն անհաջողության է մատնվել։ 232 թվականին պատերազմ է սկսվել Սասանյանների պետության և Հռոմեական կայսրության միջև, որը փոփոխակի հաջողություններով ավարտվել է 233 թվականին։ Միջագետքը, որի համար է հիմնականում մղվել պայքարը, մնացել է Հռոմեական կայսրությանը։ Այդ պատերազմում Հռոմը դաշնակցել է Հայաստանի հետ։ Նրա օրոք կատարվել է «Ավեստայի» առաջին կանոնավորումը։ III դարի վերջը և IV դարի սկիզբը Սասանյանների պետության ներքին ժամանակավոր թուլության և Հռոմի դեմ անհաջող պատերազմների ժամանակաշրջան էր հռոմեական կայսր Կարոսի արշավանքը 282 թվականին, Սասանյանների պետության համար ոչ ձեռնտու պայմանագրերը՝ 283 և 298 թվականներին, ըստ որի Սասանյանների պետությունը Հռոմին է զիջել Մեծ Հայքի Ծոփք, Աղձնիք, Կորդուք, Մոկք նահանգները, Անգեղ տուն գավառը և այլն։ Սասանյանների պետությունից անջատվել են արևելյան մի շարք մարզեր։

Շապուհ I[խմբագրել | խմբագրել կոդը]

Շապուհ I
Shapur I Coin 4.jpg
Shapur I Coin 3.jpg

Սասանյանների պետության և Հռոմի միջև պայքարը շարունակվել է Շապուհ I-ի (241/243-272) օրոք։ Շապուհ I արշավել է Միջագետք, ասպատակել Կապադովկիան և Կիլիկիան։ 243 թվականին Հռոմեական զորքերը վերագրավել են Խառանը, Մծբինը, Միջագետքը։ 245 թվականին հաշտություն է կնքվել կողմերի միջև։ 252/253 թվականին Շապուհ I-ը գրավել է Հայաստանը, սակայն նրա մահից հետո Հայաստանը դարձյալ անկախացել է։ III դարում Սասանյանների պետության մեջ դեռևս պահպանվել են որոշ ինքնավար «թագավորություններ» (Սակաստան, Կրման, Մարվ և այլն), ինչպես նաև ինքնավար քաղաքներ (պոլիսի տիպի)։ Այդ երկրամասերի կառավարիչները, որոնք Արշակունիների ժամանակ գրեթե անկախ թագավորներ էին, թեև պահպանել են իրենց բարձր տիտղոսները, իրականում դարձել են բարձրաստիճան պաշտոնյաներ և համարվել Սասանյանների «գործակալները»։ Առաջին Սասանյանների արտաքին քաղաքական հաջողություններն ամրապնդել են իրենց պետությունը և հանգեցրել կենտրոնական իշխանության ուժեղացմանը։ Սասանյան տիրակալներն իրենց անվանել են (սկսած Շապուհ I-ից) Իրանի և ոչ Իրանի (Էրան և անէրան) շահընշահ (արքայից արքա), իսկ Սասանյանների պետությունը ՝ էրանշահր (արիների թագավորություն)։ Սասանյանները հենվել են պարսկական քրմության վրա։ Զրադաշտականությունը դարձել է պետական կրոն, իսկ զրադաշտական հռգևորականությունը՝ երկրի գլխավոր քաղաքական և տնտեսական ուժերից մեկը։

Շապուհ II[խմբագրել | խմբագրել կոդը]

Sasanians coins style.jpg

Շապուհ II-ը (309-379) վերամիավորել է կորցրած տարածքները, ամրապնդել Սասանյանների պետությունը, հաջող պատերազմներ մղել Հռոմի դեմ։ 363 թվականին հռոմեական կայսր Հովիանոսի հետ կնքվել է հաշտության պայմանագիր, որով Հռոմեական կայսրությունը Սասանյանների պետությունը զիջել Է Միջագետքի վիճելի տարածքները՝ Աղձնիքը և Մոկքը։ Այդ պայմանագիրը գործողությունների ազատություն է տվել Շապուհ II-ին, որը 364 թվականին պատերազմ է սկսել Հայաստանի դեմ։ Չկարողանալով հաղթահարել Հայաստանի դիմադրությունը զենքի ուժով՝ նա խաբեությամբ գերել է Հայոց արքա Արշակ Բ-ին։ Այնուհետև պարսկական զորքերը ասպատակել են Հայաստանը, բազմահազար գերիներ տարել Պարսկաստան։ Սակայն 371-372 թվականներին հայ-հռոմեական զորքերը ջախջախել են պարսկական զորքերին և խափանել Հայաստանը նվաճելու Շապուհ II-ի փորձը։ Նրա օրոք ամրապնդվել է թագավորի և զրադաշտական հոգևորականության իշխանությունը, մեկ անգամ ևս համակարգվել է «Ավեստան» (վերջնական խմբագրումը կատարվել է VI դարում)։ Ուժեղացել է կրոնական հալածանքը(հատկապես քրիստոնյաների նկատմամբ) ։

Շապուհ III[խմբագրել | խմբագրել կոդը]

Շապուհ III
ShapurIIICoinHistoryofIran.jpg

Շապուհ II-ից հետո կառավարել են մի շարք թույլ տիրակալներ․ Շապուհ III-ի օրոք (383-388) Հայաստանը բաժանվել է (387) Հռոմեական կայսրության և Սասանյանների պետության միջև, Հայաստանի մոտ 4/5 մասը անցել է Սասանյանների տիրապետության տակ։ Հազկերտ I (399-421) որոշ չափով թուլացրել է ավագանու և մոգերի ազդեցությունը, վարել կրոն, հանդուրժողականության քաղաքականություն Հայաստանի և Պարսկաստանի քրիստոնյաների հանդեպ, դրանից դժգոհ հոգևորականությունը և ազնվականությունը գահընկեց են արել Հազկերտ I-ին։

Վահրամ (Բահրամ, Վռամ) V Գոռի օրոք (421-439) Սասանյանները վերացրել են (428) հայ Արշակունիների թագավորությունը․ Հայաստանը դարձել է մարզպանություն։

Հազկերտ II[խմբագրել | խմբագրել կոդը]

Հազկերտ II-ը (439-457) Հայաստանի ներքին ինքնավարությանը վերջ տալու համար վարել է հայկական նախարարական ուժերը ջլատելու քաղաքականություն, պահանջել կրոնափոխություն։ Դա առաջացրել է ապստամբություն (Վարդանանց պատերազմ, Ավարայրի ճակատամարտ 451)։ Ապստամբություններ են տեղի ունեցել նաև Վիրքում և Աղվանքում։ Սասանյանների օրոք նոր, «արքայական» քաղաքների (Նև Շապուհ, Փերոզ Շապուհ, Գունդի Շապուհ, Վեհ Շապուհ և այլն) շինարարությունն ուղեկցվել է հին քաղաքների ինքնավարության վերացմամբ։ Պետության մեջ կարևոր դեր են կատարել վազուրգ-ֆրամաթարը (առաջին մինիստր), մոգպետան մոգպետը, էրան սպահպատը (գլխավոր հրամանատար) և այլ բարձր պաշտոնյաներ։ Իշխանության կենտրոնացումը բարձր ազնվականության ներկայացուցիչների, զորահրամանատարների և քրմության ձեռքին ուղեկցվել է պարսկ․ համայնքի շահագործման ուժեղացմամբ և V դարի հասարակական ու տնտեսական ճգնաժամի աճով։

Պերոզ[խմբագրել | խմբագրել կոդը]

Peroz.jpg
Dinar of Peroz II LACMA M.77.56.22 (2 of 2).jpg
Perozi.jpg

Մինչև V դարի կեսը Սասանյանների պետությունը հաջողությամբ պայքարել է արևելքից և հյուսիսից իրենց սպառնացող ցեղերի դեմ, սակայն հեփթաղների դեմ պայքարն ավարտվել է պարտությամբ, իսկ արքա Պերոզը (459-484)՝ սպանվել։ Սասանյանների պետությունը կորցրել է Մարվից արևելք գտնվող մարզերը։ Պերոզի օրոք ընդդեմ Սասանյանների կեղեքիչ քաղաքականության Հայաստանում և Անդրկովկասում բռնկել է ապստամբություն (Վահանանց պատերազմ 481-484)։ V դարի 90-ական թվականներին սկզբնավորվել է մազդակյան շարժումը, որի հետևանքով խոր փոփոխություններ են կատարվել երկրի կառավարման համակարգում, սոցիալ-քաղաքական կառուցվածքում և մշակույթի մեջ։ Սկսել են զարգանալ և ամրապնդվել ֆեոդալական հարաբերությունները։ Գյուղական համայնքի ներսում գույքային շերտավորման հետևանքով երևան է եկել ազատ դեհկանների խավը, որոնցից աստիճանաբար առանձնացել են մանր և միջին հողատերերը։ Նրանցից կախման մեջ են ընկել համայնքի աղքատացած անդամները։ V դարում շնչահարկից և գյուղատնտեսական մթերքներից գանձվող հարկից (բերքի 1/6-ից մինչև 1/3-ը) բացի գյուղացիները վճարել են այլևայլ հարկեր, կատարել պարհակներ։

Խոսրով I[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոսրով I Անուշիրվանի (531-579) և Կավադ I-ի (488-496, 498/499-531) ռեֆորմները կարգավորել են հարկային, ֆինանսական համակարգը, վերացել է տեղական իշխանություններին ենթակա աշխարհազորը, ստեղծվել է կանոնավոր և մշտական բանակ։ Խոսրով I-ի հարկային քաղաքականությունը Հայաստանում առաջ է բերել նոր ապստամբություն 571-572 թվականներին։ Մինչև VI դարի սկիզբը Սասանյանների պետությունը Բյուզանդիայի նկատմամբ վարել է հիմնականում խաղաղ քաղաքականություն․ պատերազմ նրանց միջև սկսվել է 502 թվականին։ Հայաստանը իր կողմը գրավելու համար Կավադ I-ը 502 թվականին ճանաչել է Հայոց եկեղեցու անկախությունը։ 502-503 թվականների ընթացքում պարսկական զորքերը ավերել են Միջագետքի բյուզանդական մասը և Ասորիքը, գրավել Ամիդը, սակայն Կովկասից հոների արշավանքի պատճառով Պարսկաստանը ստիպված էր հաշտություն կնքել (505 կամ 506)։ Հետագա պատերազմները (527-532, 540-562) ունեցել են փոփոխակի հաջողություն, չեն ազդել երկու երկրների սահմանների փոփոխության վրա։ 558-568 թվականներին ջախջախվել են հեփթաղները, Սասանյանների պետության մեջ ընդգրկվել են Աֆղանստանի և Միջին Ասիայի մի շարք շրջաններ, մուռ 570 թվականին պարսկական զորքերը գրավել են Եմենը, մոտ 589/590 թվականին ջախջախել Սասանյանների պետության տարածք ներխուժած թյուրքերին։

Խոսրով II[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոսրով II Ափարվեզի (591-628) օրոք ավարտվել է (591) Բյուզանդիայի և Սասանյանների պետության միջև 572 թվականին սկսված պատերազմը։ Պարսկաստանը, զորավար Վահրամ Չուբինի ապստամբությունը ճնշելու գործում Բյուզանդիայի օգնության դիմաց, զիջել է նախկինում գրաված որոշ տարածքներ, իսկ Հայաստանը բաժանվել է (591) երկու երկրների միջև։ 602-629 թվականների պարսկա-բյուզանդական պատերազմի սկզբնական շրջանում պարսկական զորքերը գրավել են Բյուզանդիայի արևելյան և հարավային մի շարք նահանգներ, երեք անգամ մոտեցել Բոսֆորին, սակայն անհաջողության են մատնվել, Խոսրով II գահընկեց է արվել։ 629 թվականի հաշտությամբ Սասանյանների պետությունը Բյուզանդիային է զիջել Խոսրով II-ի գրաված բոլոր տարածքները։ Երկարատև պատերազմները, որոնք հյուծել էին Սասանյանների պետության նյութական ռեսուրսները, և հարկերի ծանրացումը թուլացրել են Սասանյանների պետության քաղաքական և տնտեսական հզորությունը։ 628-632 թվականների ընթացքում փոփոխվել է շուրջ 10 գահակալ։

Հազկերտ III[խմբագրել | խմբագրել կոդը]

Հազկերտ III-ի (632-651/652) օրոք Սասանյանների պետությունը նվաճել են արաբները։

Սասանյան Պարսկաստանի արքայացանկը[խմբագրել | խմբագրել կոդը]

Bishapur (Iran) Sassanid Period 2.jpg

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 193 CC-BY-SA-icon-80x15.png