Թուրք-պարսկական պատերազմ (այլ կիրառումներ)
Արտաքին տեսք
(Վերահղված է Թուրք-պարսկական պատերազմներից)
Թուրք-պարսկական պատերազմներ, Օսմանյան կայսրության և շահական Իրանի միջև տեղի ունեցած ռազմական բախումներ, որոնք տևել են մի քանի դար։ Ցուցակում ներառված են նաև վաղմիջնադարյան պատերազմները, որոնք մղվել են Սասանյան Պարսկաստանի և Միջին Ասիայի թյուրքալեզու ցեղերի դեմ։ Պարսիկները պարտվել են միայն երրորդ պատերազմում, երբ ստիպված են եղել կռվել երկու ճակատներով՝ Արևմտաթյուրքական խագանության և Բյուզանդական կայսրության դեմ։
- Պարսկա-թյուրքական առաջին պատերազմ (588-589)
- Պարսկա-թյուրքական երկրորդ պատերազմ (607-608)
- Պարսկա-թյուրքական երրորդ պատերազմ (627-629)
Սեֆյան Իրանի կազմավորման սկզբից Օսմանյան կայսրությունը մղել է պատերազմներ՝ Ատրպատականին ու Հայկական լեռնաշխարհին տիրանալու համար։ Պարսիկները նույնպես աշխատել են վերահսկողություն սահմանել նոր տարածքների վրա։ Սեֆյանների, ապա և՝ Աֆշարիների, Զանդերի ու Ղաջարիների դեմ մղվել են հետևյալ պատերազմները.
- Թուրք-պարսկական պատերազմ (1532-1555), սուլթանական Թուրքիայի հաղթանակ։ Կզըլբաշ ցեղերի առաջնորդ շահ Իսմայիլ I (1502-24) 1507-1508 թվականներին գրավեց Ակ-Կոյունլուների տիրապետության տակ գտնվող Հայաստանի զգալի մասը, Քրդստանը, Իրաքը։ Սուլթան Սելիմ I (1512- 1520) 1514-ի օգոստոսի 23-ին Չսղդրանի մոտ ջախջախեց շահի զորքերը և գրավեց Թավրիզը, Հայաստանի արևմտյան մասը, Քրդստանը, Իրաքի հյուսիսային մասը, Բադդադը (1530 թվականին այն ետ գրավեց շահ Թահմազ I, 1524-76): 1533-1535 թվականներին թուրքերը գրավեցին Դերջանը, Էրզրումը և Կարսը, մտան Հյուսիսային Իրան, գրավեցին Թավրիզը, 1534 թվականին՝ Բադդադը, 1536 թվականին՝ Վրաստանի հարավարևմտյան շրջանները, 1538 թվականին՝ Վանը։ Կըզըլբաշները գրավեցին Շիրվանը։ 1548 թվականին թուրքական զորքերը արշավեցին Հյուսիսային Իրան, նվաճեցին Թավրիզը, հասան մինչև Քաշան և Ղում, գրավեցին Սպահանը, մտան Արևելյան Հայաստան, 1549 թվականին՝ Հարավային Վրաստան։ Շահի զորքերը, հակահարձակման անցնելով, 1549-1552 թվականներին ավերեցին Բասենի, Բարձր Հայքի, Վասպուրականի և Տուրուբերանի շրջանները։ Փոփոխակի հաջողություններից հետո, 1555 թվականի մայիսի 29-ին, Ամասիայում կնքվեց հաշտության պայմանագիր։ Թուրքիան ստացավ Վասպուրականն ու Ալաշկերտի հովիտը, Արևմտյան Վրաստանը, արաբական Իրաքը՝ Բաղդադով, Իրանը՝ Արևելյան Հայաստանը, Արևելյան Վրաստանը, Ադրբեջանը։ Կարսի շրջանը հայտարարվեց չեզոք, իսկ բերդը ավերվեց։
- Թուրք-պարսկական պատերազմ (1578-1590), սուլթանական Թուրքիայի հաղթանակ։ 1578 թվականին թուրքերը զավթեցին Սամցխե-Սաաթաբագոյի արևելյան մասը, օգոստոսի 10-ին Չլդըրի մոտ հաղթեցին շահի զորքերին, մտան Արևելյան Հայաստան, Վրաստան, շարժվեցին Շիրվան, սակայն ետ շպրտվեցին։ 1579-1589 թվականներին թուրքական և Ղրիմի խանի զորքերը ասպատակեցին Շիրվանն ու Արևելյան Հայաստանը։ Հայ և օտար աղբյուրները նշում են Երևանից, Նախիջևանից, Շիրվանից տարված տասնյակ հազարավոր գերիների մասին։ 1590-ի մարտի 21-ի Ստամբուլի հաշտությամբ Արևելյան Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Քրդստանի և Լորստանի զգալի մասն անցան Թուրքիային։
- Թուրք-պարսկական պատերազմ (1603-1618), շահական Իրանի հաղթանակ։ Շահ Աբբաս I (1587-1629), ստեղծելով կանոնավոր բանակ, 1603-1604 թվականներին վերագրավեց Թավրիզը, Նախիջևանը, Ջուղան, Երևանը, սակայն թուրքերի առաջխաղացման հետևանքով նահանջեց Թավրիզ՝ կողոպտելով Հայաստանի գյուղերն ու քաղաքները, իսկ բնակչությանը քշեց Իրան։ Նրա նպատակն էր ամայացնել Իրանի ու Թուրքիայի միջև ընկած մարզերը և Իրանի որոշ շրջաններ բնակեցնել աշխատասեր, առևտրի ու արհեստների մեջ հմուտ հայ բնակչությամբ։ Հայաստանի տարբեր մասերից հավաքված շուրջ 300 հազար հայ քշվեց Իրանի կենտրոնական շրջանները։ 1603-1607 թվականներին Աբբաս I գրավեց Արևելյան Հայաստանը, Արևելյան Վրաստանը, Քրդստանի հարավային մասը և Լոռեսթանը։ 1612 թվականի նոյեմբերի 20-ի Ստամբուլի հաշտությունը հաստատեց Իրանի նվաճումները։ 1616 թվականի սեպտեմբեր-նոյեմբերին թուրքական զորքերը պաշարեցին Երևանն ու Նախիջևանը։ 1617 թվականին Ղրիմի թաթարները ասպատակեցին Գանձակն ու Ջուղան և թուրքական զորքերի հետ արշավեցին Թավրիզ։ 1618 թվականի սեպտեմբերի 10-ին Աբբասը պարտության մատնեց նրանց։ 1619 թվականի սեպտեմբերի 29-ի պայմանագիրը հաստատեց 1612 թվականի սահմանները։
- Թուրք-պարսկական պատերազմ (1623-1639), սուլթանական Թուրքիայի հաղթանակ։1623-1624 թվականներին շահ Աբբաս I գրավեց արաբական Իրաքը, Բաղդադ, Նաջաֆ, Քարբալա քաղաքները, իսկ Անդրկովկասում՝ Ախալցխան։ 1635 թվականին թուրքերը զավթեցին Ախալցխան և Ախալքալաքը, ետ վերցրին Հյուսիսային Միջագետքը՝ Մոսուլի հետ, 1638 թվականին նվաճեցին Բաղդադը։ 1639 թվականի մայիսի 17-ի Կասր-ե-Շիրինի հաշտությամբ հիմնականում պահպանվեցին 1612 թվականի սահմանները։ Հայաստանը երկրորդ անգամ բաժանվեց Իրանի ու Թուրքիայի միջև (առաջին անգամ՝ 1555 թվականին)։
- Թուրք-պարսկական պատերազմ (1723-1727), սուլթանական Թուրքիայի հաղթանակ։ Սուլթան Ահմեդ III-ի (1703-30) զորքերը, օգտվելով Սեֆյանների թուլացումից, 1723 թվականին մտան Արևելյան Հայաստան, Վրաստան, Ադրբեջան։ 1724-1725 թվականներին գրավեցին Մարաղան, Խոյը (Հեր), Նախիջևանը, Օրդուբադը, Թավրիզը և այլ քաղաքներ։ Այս նվաճումները լրջորեն վտանգում էին Ռուսաստանի շահերը, որը 1722-1723 թվականներին գրավել էր կասպիականի արևմտյան ծովափը՝ Դերբենդից մինչև Էնգելի։ Ռուս-թուրքական պատերազմի վտանգը կանխվեց 1724 թվականի հունիսի 23-ի պայմանագրով։ Թուրքերը շարժվեցին արևելյան Իրան, սակայն 1726 թվականի հոկտեմբերին նրանց առաջխաղացումը կասեցրեց Իրանի աֆղան կառավարիչ Աշրաֆը։ 1727 թվականի հոկտեմբերի 4-ի Համադանի հաշտությամբ Աշրաֆը ճանաչեց Թուրքիայի իրավունքները նվաճված հողերի վրա, իսկ սուլթանը Աշրաֆին՝ իրանի տիրակալ։ 1723-1727 թվականի պատերազմը ծանր հարված հասցրեց Ղարաբաղում և Սյունիքում ապստամբած հայերին։
- Թուրք-պարսկական պատերազմ (1730-1736), շահական Իրանի հաղթանակ։ 1730 թվականին Իրանի փաստական կառավարիչ Նադիրը (1736-1747՝ Իրանի շահ) թուրքական զորքերին վտարեց Համադանից, Քրմանշահից և Հյուսիսային Իրանից։ Շահ Թահմազ II (1722-1732) ինքնուրույն ռազմական գործողություններ ծավալեց, սակայն 1731 թվականին պարտվեց Համադանի մոտ։ 1732 թվականին հաշտություն կնքվեց, որով Թուրքիան պահպանում էր Արաքսից հյուսիսային Անդրկովկասյան հողերը։ 1734-1735 թվականներին Նադիրի զորքերը ներխուժեցին Արևելյան Հայաստան, Վրաստան, Ադրբեջան։ 1735 թվականի հունիսի 14-ին Եղվարդի մոտ վճռական ճակատամարտում Նադիրի զորքերը ջախջախեցին թուրքերին։ Կարևոր դեր խաղաց հայ գյուղացիների աշխարհազորը, որը փակեց թուրքերի նահանջի ճանապարհը։ 1736 թվականի հոկտեմբերի 17-ի Ստամբուլի հաշտությամբ նախատեսվում էր Իրանին վերադարձնել 1723 թվականից Թուրքիայի գրաված հողերը։ Սակայն պայմանագիրը ուժի մեջ չմտավ։
- Թուրք-պարսկական պատերազմ (1743-1746), անորոշ։ 1743 թվականի աշնանը Նադիր շահի զորքերը պաշարեցին Մոսուլը, 1744 թվականի հուլիս-հոկտեմբերին՝ Կարսը։ 1745 թվականի օգոստոսի 23-ին, Երևանից արևմուտք, Նադիր շահը հաղթեց թուրքերին, սակայն չզարգացրեց հաշողությունը։ 1746 թվականի սեպտեմբերի 4-ի հաշտությամբ հաստատվեցին 1639 թվականի պայմանները։
- Թուրք-պարսկական պատերազմ (1775-1776), շահական Իրանի հաղթանակ
- Թուրք-պարսկական պատերազմ (1821-1823), շահական Իրանի հաղթանակ
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աբրահամ Կրետացի, Պատմագրութիւն անցիցն Իւրոյ և Նատիր-Շահին Պարսից, Վաղ-պատ, 1870
- Առաքել Դավրիժեցի, Պատմութիւն, Վաղ-պատ, 1896
- Աբրահամ Երևանցի, Պատմութիւն պատերազմացն 1721-1736 թթ., Ե., 1938: Հայ ժողովրդի պատմություն, հ. 4, Ե., 1972
- Apyновa M. Р., Ашрафян K. 3., Государство Надир-шаха, M., 1958
- Tep-Mкртичян Л., Apмения под властью Надир-шаха, M., 1963
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 262)։ |
| Սա բազմիմաստ կամ համանուն եզրի տարբեր իմաստներով և կիրառումներով Հայերեն Վիքիպեդիայում առկա հոդվածների ցանկ է։ Ընտրեք ձեր որոնած իմաստը կամ կիրառումը ցանկից, իսկ հոդվածի բացակայության դեպքում կարող եք ավելացնել այն՝ հետևելով համապատասխան կանոններին։ |