Խորեզմշահերի պետություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խորեզմշահերի պետություն
خوارزمشاهیان‎
1097 - 1231  
Քարտեզ
Khwarezmian Empire 1190 - 1220 (AD).PNG

(1190-1220 թվական)
Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք 1097-1220 Ուրգենչ
1212-1220 Սամարղանդ
1220-1221 Ղազնա
1221-1224 Դելի
1224-1231 Թավրիզ
Մակերես 20,000,000 կմ 2
Բնակչություն իրանական, թյուրքական, սեմական ցեղեր
Լեզու պարսկերեն, ղփչաղ-թյուրքերեն, խորեզմերեն
Կրոն Իսլամ
Արժույթ Դինար
Իշխանություն
Պետական կարգ Միապետություն
Պետության գլուխ Խորեզմշահեր

Խորեզմշահերի պետություն (պարս․՝ خوارزمشاهیان‎), միջինասիական պետություն Ամուդարյայի ափին: Ծաղկման գագաթնակետին հասել է 13-րդ դարում Ալա ալ-Դին Մուհամմադ II-ի օրոք: Կործանվել է Չինգիզ խանի թյուրք-մոնղոլների կողմից:

Խորեզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

10-րդ դարում Խորեզմը կիսանկախ էր և գտնվում էր Սամանիների պետության կազմում: Երբ Կարախանների հարձակումների հետևանքով անկում ապրեց Սամանիների պետությունը, Խորեզմը իր՝ ծայրամասում գտնվելու շնորհիվ չմտավ ոչ Կարախանների, ոչ էլ Ղազնևիների պետության կազմի մեջ: Մնալով ինքնուրույն՝ Խորեզմը հայտնվեց իր համար շատ բարենպաստ պայմաններում և կարող էր մեծ զարգացում ունենալ: Խորեզմը գտնվում էր մի կողմից Կենտրոնական Ասիայից Մոնղոլիա և Չինաստան, մյուս կողմից Իրան տանող առևտրական խաչմերուկի ճանապարհին: Բացի դրանից Խորեզմը առևտրական կապ էր հաստատել օղուզների հետ, որոնք արտահանում էին անասուն, միս և մորթի: Արդյունքում երկիրը հարստանում էր:

Մինչև 966 թվականը Խորեզմը բաժանված էր 2 մասի՝ Հյուսիսային Խորեզմ և Հարավային Խորեզմ: Հարավային Խորեզմի մայրաքաղաքը հնագույն Կյատ քաղաքն էր, որը խորեզմշահ տիտղոսը կրող կառավարչի նստավայրն էր: Հյուսիսային Խորեզմի մայրաքաղաքը Ուրգենչն էր (այժմ՝ քաղաք Ուզբեկստանում), որը էմիրի նստավայրն էր:

Մամուն իբն Մուհամմադ[խմբագրել | խմբագրել կոդը]

966 թվականին Հյուսիսային Խորեզմի կառավարիչ Մամուն իբն Մուհամմադը միավորեց այս ոչ խոշոր, բայց հարուստ և մշակութային երկիրը և ստացավ խորեզմշահ տիտղոսը, իսկ մայրաքաղաք դարձրեց Ուրգենչը: Մամուն իբն Մուհամմադը (995-999) ուժեղացրեց և զարկ տվեց Խորեզմի բանակին: Ղազնևիների կառավարիչ Մահմուդ Ղազնևին, տեսնելով Խորեզմի հզորությունը և հարստությունը, ցանկանում էր Խորեզմի կառավարչին դարձնել իրեն հավատարիմ վասալ: Նա իր երկու դստրերին ամուսնության է տալիս Մամուն իբն Մուհամմադի երկու որդիներին՝ փորձելով օգտագործել բարեկամական կապը քաղաքական ասպարեզում:

Մամուն իբն Մամուն[խմբագրել | խմբագրել կոդը]

1014 թվականին սուլթանի վեզիրը խոսակցության մեջ ակնարկում է, որ խորեզմշահ Մամուն իբն Մամունը իր երկրում սուլթանի անունով ուրբաթօրյա աղոթք սահմանի: Մամուն իբն Մամունի (999-1017) վիճակը ծայրահեղ վատ էր: Չցանկանալով լիովին ընդունել Ղազնևու գերիշխանությունը՝ նա ուրբաթօրյա աղոթք է սահմանում իրա միայն Նիսայում և Ֆիրավայում: Դրանք նոր էին մտել Խորեզմի կազմի մեջ և քաղաքական կարևոր կշիռ չունեին: Սուլթան Մահմուդին ուղարկվեցին շեյխեր, մեծամեծեր, 80,000 դինար և 3,000 ձի:

Այս քաղաքականությունը չփրկեց ոչ երկիրը, ոչ էլ խորեզմշահին: 1017 թվականի գարնանը սուլթանի զորքը մտավ մայրաքաղաք, և արդյունքում խորեզմշահը սպանվեց: Հազարասպի մոտ խորեզմցիները ջախջախվեցին ղազնևիների կողմից: Ղազնևու զորքը մտավ մայրաքաղաք, գրավեց այն և Խորեզմի կառավարիչ դարձավ սուլթան Մահմուդի զինակից, ծագումով թյուրք Ալթուն-Թաշը՝ պահպանելով խորեզմշահ տիտղոսը:

Ալթուն-Թաշ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորեզմի գրավումը կարևոր դիվանագիտական և ռազմական ձեռքբերում էր Մահմուդ Ղազնևու համար: Եթե մինչև 1017 թվականը կարախանները իրենց համարում էին ղազնևիների հզորագույն մրցակիցը, ապա հիմա ամեն ինչ ղազնևիների ձեռքում էր: Աշխարհագրական դիրքի շնորհիվ Խորեզմը միշտ անկախ պետություն էր, հատկապես այն կառավարում էր մի հմուտ զորահրամանատար և կառավարիչ, ինչպիսին էր Ալթուն-Թաշը: Լինելով հեռատես քաղաքական գործիչ՝ նա իր մոտ ծառայության էր վերցնում մարդկանց այն ցեղերից, ովքեր հարձակումներ էին գործում Խորեզմի վրա: Նա վարձում էր թյուրք զինվորներ և հզորացնում էր բանակը: Մահմուդ Ղազնևուն սկսում է անհանգստացնել այն փաստը, որ Ալթուն-Թաշի բանակը օրեցօր հզորանում էր, չնայած նրան, որ խորեզմշահը ընդունում էր նրա գերիշխանությունը: Մահմուդը հասկանում էր, որ Ալթուն-Թաշը հենվելով իր հզոր բանակի վրա կարող էր ապստամբել:

Մահմուդ Ղազնևու մահից հետո գահ բարձրացավ Մասուդը: Վերջինս շարունկաեց հոր ծրագիրը. գրավել Մավարաննահրը Ալփտեղինից, գրավումը հանձնարարել Ալթուն-Թաշին: 1032 թվականի գարնանը սուլթանի հրամանով Ալթուն-Թաշը մտավ Մավարաննահր: Սուլթանը ուղարկեց 15,000-անոց օժանդակ զորք Բալխից: Ալփտեղինը, թողնելով Բուխարան, նահանջեց Դաբուսի, որտեղ նա հանդիպեց օղուզներին՝ սելջուկների գլխավորությամբ: Տեղի ունեցավ ճակատամարտ, որտեղ Ալթունթաշը մահացու վիրավորվեց, և փորձառու վեզիրի շնորհիվ զորքը վերադարձավ Խորեզմ:

Բարտոլդը գրել է. «Ալթուն-Թաշի մահից հետո Մասուդը չվերցրեց իշխանությունը նրա ժառանգներից, սակայն թուլացրեց նրանց իշխանությունը: Խորեզմշահի տիտղոս ստացավ Մասուդի որդի Սաիդը, իսկ Ալթուն-Թաշի որդին՝ Հարունը, պետք է կառավարեր Խորեզմը որպես իշխան»:

Խորեզմը սելջուկների լծի տակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարունը կապ է հաստատում Ալփտեղինի և սելջուկների հետ և 1034 թվականին դուրս է գալիս Մասուդի դեմ և հրաժարվում ուրբաթօրյա աղոթքում հիշատակել նրա անունը: Հարունը սպանվում է: 1043 թվականին սելջուկների բազմաքանակ զորքը Տուղրիլ-Բեկի և Չաղրի-Բեկի գլխավորությամբ մտնում է Խորեզմ և պաշարում Կյատը: Ուժասպառ բնակչությունն ընդունում է սելջուկների գերիշխանությունը:

XI դարում և XII դարի առաջին կեսին Խորեզմը մտնում էր սելջուկների պետության կազմի մեջ, և միայն նրանց հաղթելու շնորհիվ կարող էր անկախանալ: Խորեզմի անկախացմանը նպաստեց Կարախանների պետության թուլացումը, հակառակ դեպքում խորեզմցիները պետք է պայքարեին երկու հզորագույն դինաստիաների դեմ՝ սելջուկներ, կարախաններ:

Աթսիզ[խմբագրել | խմբագրել կոդը]

1130-ական թվականներին խորեզմշահ Աթսիզը (1127-1156) պայքար է սկսում Խորեզմի լիակատար անկախության համար: Խորեզմշահ Աթսիզը կարողանում էր օգտագործել իր հակառակորդների թուլությունները: Հենց այս ժամանակ սերտ կապեր են հաստավում խալիֆայության և Խորեզմի միջև: Ահմադ Սանջարը ( արաբ․՝ أحمد سنجر‎‎‎‎ ) Աթսիզին տեսնում էր դաշնակից սելջուկների դեմ պայքարում: Ինչպես Սանջարի մյուս վասալները, այնպես էլ Աթսիզը, լինելով Խորեզմի և «անհավատ» թուրքերին սահմանակից հողերի կառավարիչ, պարտավոր էր նրանց ժամանակ առ ժամանակ ճնշում գործադրել նրանց վրա, սակայն միայն սուզերենի հրամանով կամ համաձայնությամբ: Ինքնուրույն քայլեր չէին թույլատրվում: Սակայն խորեզմշահը, չենթարկվելով հրամանին, իր դիրքերն ամրապնդելու համար արշավեց ղփչաղների ու օղուզների վրա առանց Սանջարի թույլտվության: Խորեզմշահը գրավեց Սիրդարյայի ստորին հոսանքին կից տարածքները, Ջենդ քաղաքը, ուղղվեց հյուսիս, իր տարածքներին միացրեց Մանգիշլակը: Սա Աթսիզի առաջին ինքնուրույն քայլն էր: Երբ Սանջարը իմացավ Աթսիզի այդ ինքնագործունեության մասին, 1138 թվականի հեկտեմբերին զորք ուղարկեց Խորեզմ: Սանջարը այլ ելք չուներ, հակառակ դեպքում մյուս վասալների՝ Կարախանների և Ղազնևիների համար ինքնուրույն գործելու ճանապարհ կբացվեր: 1138 թվականի նոյեմբերի 15-ին Հազարասպի պատերի մոտ տեղի ունեցավ ճակատամարտ, խորեզմցիները ծանր պարտություն կրեցին՝ կորցնելով 10,000 զինվոր: Աթսիզը վերադառնում է Խորեզմ, իր հավատարմությունը հայտնում Սանջարին և ներվում: Չի անցնում և մի քանի ամիս, և Աթսիզը հարձակվում է Սանջարի տարածքների վրա: 1139 թվականին խորեզմշահը հարձակվում է Բուխարայի վրա, գրավում է այն, ավիրում քաղաքի պատերը: Այս արշավանքն ու Բուխարայի գրավումը վրեժ էր Սանջարի արշավանքի և Աթսիզի որդու սպանության համար:

Մահմուդ Սանջար

Այս ժամանակ Մավարաննահրում (արաբ․՝ ما وراء النهر‎‎՝ մա ուարա ալ-նահր՝ այն, ինչ գետից այն կողմ է՝ Սիրդարյայի և Ամուդարյայի միջագետք) նոր մեծ ուժ էր հայտնվել՝ կարակիտաները: Այդ պատճառով Սանջարը Աթսիզին չի պատժում: Աթսիզն էլ վախենալով իր տարածքների համար՝ վերադառնում է և 1141 թվականին երդում է տալիս Սանջարին: Քաթաբանի կռվից և սուլթանի Թերմեզի փախուստից հետո խորեզմշահը խախտելով իր խոստումը անցնում է Ամուդարյան, գրավում է Սերախսը և թալանում Մերվը: Խորեզմ են տարվում բոլոր գիտնականները և Սանջարի գանձարանը: 1143 թվականին Սանջարը վերականգնում է իր իշխանությունը Մերվում, մտնում է Խորեզմի տարածք և պաշարում Ուրգենչը: Պաշարումը ստիպում է Աթսիզին խաղաղ բանակցություններ վարել Սանջարի հետ: Խորեզմը ընդունում է Սանջարի գերիշխանությունը և վերադարձնում Մերվից հափշտակած գանձարանը:

1147 թվականին տեղի ունեցավ սելջուկների III արշավանքը Խորեզմ: Պատճառն այն էր, որ բացահայտվել էր, որ Աթսիզը ծրագրում է իսլամիստների միջոցով սպանել Սանջարին: Արշավանքն ավարտվեց Աթսիզի պարտությամբ, ով նորից իր հավատարմությունը հայտնեց Սանջարին և կրկին ներվեց: Աթսիզը շարունակում էր ինքնուրույն իշխել Խորեզմում:

XII դարի 40-ական թվականների երկրորդ կեսին և 50-ական թվականների սկզբին (կարակիտաների հարձակումից հետո) Կենտրոնական Ասիայում ձևավորվել էր բարդ իրավիճակ: Աթսիզը ստիպված ընդունում է Գուր-Խանի գերիշխանությունը և պարտավորվում տարեկան 30,000 դինար հարկ վճարել:

1152 թվականի ապրիլին խորեզմշահ Աթսիզը գրավում է Ջենդը, հետո Մանգիշլակը: Սանջարը ոչ մի պատժիչ գործողություն չի ձեռնարկում: 1153 թվականի գարնանը Խորասանում տեղի են ունենում Աթսիզի համար բարենպաստ իրադարձություններ: Քոչվոր օղուզները պարտության են մատնում սուլթանի զորքին և գերի վերցնում սուլթանին: Օղուզները թալանում են Մերվը, Նիշապուրը և Խորասանի այլ քաղաքներ: Այս անգամ Աթսիզը չօգտվեց սուլթանի դժբախտությունից, այլ գործեց ի օգուտ Սանջարին: Սանջարի փախուստը գերությունից օղուզներին ստիպեց սթափվել, և նրանք դադարեցրին թալանը: Սրանում մեծ էր նաև Աթսիզի դերը, ով նամակագրական կապ էր հաստատել օղուզների առաջնորդների հետ:

1157 թվականի մայիսի 9-ին մահացավ սելջուկ հռչակավոր սուլթան Սանջարը: Նրա մահով ավարտվեց սելջուկյան գերիշխանությունը Մավարաննահրում: Սանջարի մահվանից տաս ամիս առաջ (1156 թվականի հուլիսի 30) մահացավ նրա անուղղելի վասալ Աթսիզը: Նա լուծեց ոչ միայն Խորեզմի անկախության խնդիրը, այլ նաև իսլամական աշխարհի արևելքում մի նոր հզոր տերության հիմք դրեց:

Վերջին իշխողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իլ-Արսլան[խմբագրել | խմբագրել կոդը]

1156 թվականի օգոստոսի 22-ին գահ է բարձրանում Իլ-Արսլանը, ով իր կառավարման առաջին իսկ տարում ավելացնում է զորքին տրվող վարձը: Խորասանում տիրում էր անարխիա և Սանջարի էմիրների կամայականությունները ավելի էին թուլացնում սուլթանությունը: Օղուզները, ովքեր զբաղեցնում էին Արևելյան Խորասանը և այնպիսի քաղաքներ, ինչպիսիք են Մերվը, Բալխը և Սերասխը, չէին ճանչում ոչ մի գերիշխանություն, բայց ուրբաթօրյա աղոթքում հիշատակում էին մահացած Սանջարի անունը: Խորեզմշահ Իլ-Արսլանը կազմավորել էր մեծ և հզոր բանակ և ուներ մեծ հեղինակություն: Իլ-Արսլանը մահանում է 1172 թվականին:

Իլ-Արսլանի մահվանից հետո պայքար սկսվեց նրա որդիների միջև գահի համար: Իր-Արսլանը իրեն ժառանգ է նշանակում կրտսեր որդի Սուլթան-Շահին: Այս մասին իմանալուց հետո Թեքեշը ուղևորվում է կարակիտաների կայսրուհու մոտ՝ օգնություն խնդրելու՝ փոխարենը խոստանալով հարկ վճարել: Երբ կարակիտաների զորքը մոտեցավ Ուրգենչին, Սուլթան-Շահը փախավ Խորասան: Այսպիսով, 1172 թվականի դեկտեմբերին Թեքեշը դարձավ խորեզմշահ: Կռիվը գահի համար շարունակվեց 20 տարի մինչև Սուլթան-Շահի մահը՝ 1193 թվական:

Ալա ալ-Դին Թեքեշ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուլթան Ալա ալ-Դին Թեքեշի կառուցած մզկիթը

Կառավարման առաջին իսկ օրերից ի հայտ եկավ մրցակից, ով ավելի շատ շանսեր ուներ Առաջավոր և Միջին Արևելքում մեծ տերություն ստեղծելու համար, քան խորեզմշահը: Նա գուրիական սուլթան Գիյաս ալ-Դին ալ-Գուրին էր՝ ծագումով տաջիկ՝ Հերաթից արևելք ընկած գուրի լեռնային հատվածի կառավարիչը: Օգտվելով սելջուկների թուլացումից՝ 1175 թվականին նա գրավում է Հերաթը՝ տարածելով իր իշխանությունը Խորասանի այլ շրջանների վրա նույնպես: Թեքեշը տեսնում էր գուրիների առավելությունը առաջիկա կռվում մուսուլմանական աշխարհում գերակա տեղը զբաղեցնելու համար, բայց և այնպես, շարունակում էր հոր և պապի քաղաքականությունը և ցանկանում էև ստեղծել Խորեզմական մեծ և անկախ պետություն: Իր ուժերը ամրապնդելու համար Թեքեշը դաշինք է կնքում ղփչաղների հետ և ամուսնանում է ղփչաղական խանի դստեր հետ: Արդյունքում մեծ թվով ղփչաղներ ցանկություն հայտնեցին ծառայել խորեզմշահին:

Սկսած 1180 թվականից խորեզմշահի զորքերը սկսեցին մտնել կարակիտաների տարածքների խորքերը: Նույն ժամանակ խորեզմշահը արշավանք է կատարում Մավարաննահր և 1182 թվականին գրավում Բուխարան: 1187 թվականին Թեքեշը գրավում է Նիշապուրը, 1192 թվականին՝ Ռեյը, 1193 թվականին՝ Մերվը, 1194 թվականին ջախջախիչ պարտության է մատնում արևմտյան սելջուկների սուլթան Տուղրիլ II-ին, որը մահանում է ճակատամարտում: Իրանի ամբողջ արևելյան մասն անցնում է Թեքեշին: Խորեզմական պետությունը ավելի քան երկու անգամ ընդլայնում է տարածքները և հարևան է դառնում մի կողմից Գուրիներին, մյուս կողմից՝ Աբբասյան խալիֆայությանը: Խալիֆը նույնպես ցանկանում էր օգտվելով սելջուկների թուլացումից ընդլայնել խալիֆայության տարածքները, սակայն Թեքեշը պարտության է մատնում խալիֆին: Սա սկիզբ դրեց աբբասյանների և խորեզմցիների թշնամությանը: Թեքեշը իր կյանքի վերջին տարիներն անց կացրեց իսլամիստների դեմ պայքարում: Թեքեշի գործունեության արդյունքը խորեզմշահերի պետության զգալի հզորացումն էր:

Մուհամմադ իբն Թեքեշ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալա ալ-Դին Թեքեշն իր որդի Մուհամմադին թողեց միասնական, հզոր, կազմակերպված պետություն հզոր բանակով: Մուհամմադը գահ բարձրացավ 1197 թվականի գարնանը: 1201 թվականին խորեզմշահ Մուհամմադի զորքերը պաշարեցին Հերաթը, բայց գրավել չկարողացան: Գուրիների զորքը հարձակվեց Խորեզմի վրա: Երկու կողմերն էլ ունեցան մեծ կորուստներ: Խորեզմշահը օգնություն խնդրեց կարակիտաներից, ինչի արդյունքում գուրիները փախուստի դիմեցին: 1205 թվականի դեկտեմբերին խորեզմշահ Մուհամմադը մտավ Հերաթ: Մուհամմադը դարձավ Արևելքի մուսուլման կառավարիչներից ամենահզորը: Այս պայմաններում նա չէր կարող մնալ կարակիտաների վասալ: Բուխարայի գրավումը ուժեղացրեց խորեզմշահի իշխանությունը Մավարաննահրում, նրա կողմն անցան կարախան հայտնի մարդիկ: Այս ամենն ստիպեց կարակիտաներին պատերազմ սկսել խորեզմշահի դեմ: Պատերազմում խորեզմշահը ջախջախվում է: Մինչև 1209 թվականը խորեզմշահը կարակիտաների վասալ: 1210 թվականին խորեզմշահը պարտության է մատնում կարակիտաներին:

Կարակիտաների պետությունն ապրում էր իր վերջին օրերը: Նայմանների Կյուչլուկ-խանը, ով փախել էր Չինգիզ խանից, հաստատվում է կարակիտաների Գուր-խանի մոտ, ամուսնանում է նրա դստեր հետ, և հավաքելով մոնղոլներից փախչող նայմաններին՝ գրավում է Գուր-խանի գրեթե բոլոր տարածքները: Գուր-խանը ձևականորեն գահին էր, իսկ փաստացի կառավարիչը Կյուչլուկ-խանն էր: Խորեզմշահը պահանջում է, որ Կյուչլուկ-խանը հանձնի իրեն Գուր-խանի տերությունն ու գանձարանը, սակայն Կյուչլուկ-խանն առաջարկում է կիսել այդ ամենը:

Խորեզմշահը ուղղվում է դեպի արևմուտք: 1215 թվականին խորեզմշահի տարածքներին են միանում Կերմանը, 1217 թվականին՝ Իրանն ամբողջությամբ, Մազանդարանը, Արրանը, Ատրպատականը, Շիրվանը, Ֆարսը, Մեկրանը, Մանգիշլակը, Քեշը, Սաջիստանը, Գուրը, Ղազնան՝ մինչև Հնդկաստանի սահմանը: Մուհամմադը պատրաստվում էր իր 50 000-անոց զորքով գրավել Վրաստանը, Անատոլիան և Սիրիան:

Խորեզմշահերի պետության կործանումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Չինգիզ խան

Դառնալով հսկա կայսրության տեր՝ խորեզմշահ Մուհամմադ իբն Թեքեշը ցանկանում էր դառնալ ողց իսլամական աշխարհի տերը: 1217 թվականին խորեզմշահը զորք է ուղարկում Բաղդադ: Զինվորների մեծ մասը չդիմանալով ցրտին մահանում է: Խորեզմշահը մայրաքաղաք է դարձնում Սամարղանդը: Մուհամմադը երազում էր արշավել Չինաստան, սակայն 1215 թվականին Չինգիզ խանը գրավել էր Հյուսիսային Չինաստանի մայրաքաղաք Պեկինը: Խորեզմշահը լսել էր Չինգիզ խանի հզորության մասին և ստուգելու համար Չինգիզ խանի մոտ պատվիրակ է ուղարկում: Ի պատասխան Չինգիզ խանը քարավան է ուղարկում այսպիսի երկիմաստ պատասխանով. «Ես Արևելքի տերն եմ, իսկ դու՝ Արևմուտքի: Թող մեր մեջ լինի ամուր պայմանագիր ընկերության և խաղաղության մասին: Ես քեզ կվերաբերվեմ ինչպես որդուս...»:

Խորեզմշահն այս պատասխանը նվաստացուցիչ է համարում: Չինգիզ խանը 1218 թվականին Խորեզմ է ուղարկում մեծ առևտրական քարավան՝ 450 առևտրականով և պատվիրակով: Պատվիրակն ու առևտրականները ձեռբակալվում են, իսկ քարավանը կողոպտվում: Չինգիզ խանը պատերազմ է սկսոում:

1221 թվականին Խորեզմշահերի պետությունը պատերազմի արդյունքում կործանվում է:

Գահացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մամունիների դինաստիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիտղոս Անուն Reign
Էմիր
امیر
Աբու ալ-Ալի Մամուն իբն Մուհամմադ
ابو علی المأمون ابن محمد
995–997 թթ.
Էմիր
امیر
Աբու ալ-Հասան Ալի իբն Մամուն
ابو الحسن علی ابن المأمون
997–1008/9 թթ.
Էմիր
امیر
Աբու ալ-Աբաս Մամուն իբն Մամուն
ابو العباس مأمون ابن المأمون
1008/9–1017 թթ.
էմիր
امیر
Աբու ալ-Հարիս Մուհամմադ իբն Ալի
ابو الحارث محمد ابن علی
1017 թ.
  • Կապույտ աղյուսակ՝ Սամանիների վասալ
    • Կանաչ աղյուսակ՝ Ղազնևիների վասալ

Ալթուն-Թաշ կառավարիչները Խորեզմում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիտղոս Անուն Տարեթիվ
Էմիր
امیر
Աբու Սայիդ Ալթուն-Թաշ
ابو سعید التون طاش
1017–1032 թթ.
Էմիր
امیر
Հարուն իբն Ալթուն-Թաշ
ہارون ابن التون طاش
1032–1034 թթ.
Էմիր
امیر
Իսմայիլ Խանդան իբն Ալթուն-Թաշ
اسماعیل خاندان ابن التون طاش
1034–1041 թթ.
  • Կանաչ աղյուսակ՝ Ղազնևիների կառավարում

Դինաստիա չկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիտղոս Անուն Տարեթիվ
Էմիր
امیر
Աբուլ-Ֆավարիս
أبو الفوارس
Շահ Մելիք իբն Ալի
شاہ ملک ابن علی
1041–1042 թթ.
Խորեզմը նվաճվում է Տուղրիլ-Բեկի և Չաղրի-Բեկի կողմից:
    • Կանաչ աղյուսակ՝ Ղազնևիների տիրապետություն

Անուշտեղիններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիտղոս Անուն Տարեթիվ
Շիհնա
؟
Անուշ Տեղին Ղարչայի
أنوش طگین غارچائی
1077–1097 թթ.
    • Մանուշակագույն աղյուսակ՝ Սելջուկների տիրապետություն

Դինաստիա չկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիտղոս Անուն Տարեթիվ
Շիհնա
؟
Էքինչի իբն Կոչար
ایکینچی بن قوچار
1097 թթ.
    • Մանուշակագույն աղյուսակ՝ Սելջուկների տիրապետություն

Անուշտեղիններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիտղոս Անուն Տարեթիվ
Շահ
شاہ
Քութբ ալ-Դին Աբուլ–Ֆաս
قطب الدین ابو الفتح
Արսլան Տեղին Մուհամմադ իբն Անուշ Տեղին
ارسلان طگین محمد ابن أنوش طگین
1097–1127/28 թթ.
Շահ
شاہ
Ալա ալ–Դունյա վա ալ–Դին Աբուլ–Մուզաֆֆար
علاء الدنیا و الدین، ابو المظفر
Կիզիլ Արսլան Աթսիզ իբն Մուհամմադ
قزل ارسلان أتسز بن محمد
1127 - 1156 թթ.
Շահ
شاہ
Թաջ ալ–Դունյա վա ալ–Դին Աբուլ–Ֆաս
تاج الدنیا و الدین، ابو الفتح
Իլ–Արսլան իբն Կիզիլ Արսլան Աթսիզ

ایل ارسلان بن قزل ارسلان أتسز

1156–1172 թթ.
Շահ
شاہ
Ալա ալ–Դունյա վա ալ–դին Աբուլ–Մուզաֆֆար
علاء الدنیا و الدین، ابو المظفر
Թեքեշ իբն Իլ–Արսլան

تکش بن ایل ارسلان

1172–1200 թթ.
Շահ
شاہ
Ջալալ ալ–Դունյա վա ալ–Դին Աբուլ–Քասիմ
جلال الدنیا و الدین، ابو القاسم
Մահմուդ Սուլթան–Շահ իբն Իլ–Արսլան
محمود سلطان شاہ ابن ایل ارسلان
Initially under regency of Turkan Khatun,
1172–1193 թթ.
Շահ
شاہ
Ալա ալ–Դունյա վա ալ–ԴԻն Աբուլ–Ֆաս
علاء الدنیا و الدین، ابو الفتح
Մուհամմադ իբն Թեքեշ
محمد بن تکش
1200–1220 թթ.
Գենղիս Խան
چنگیز خان
Ջալալ ալ–Դունյա վա ալ–Դին Աբուլ–Մուզաֆֆար
جلال الدنیا و الدین، ابو المظفر
Մինգբուրնու իբն Մուհամմադ
مِنکُبِرنی ابن محمد
1220–1231 թթ.
  • Մանուշակագույն աղյուսակ՝ Սելջուկների տիրապետություն
    • Վարդագույն աղյուսակ՝ Կարակիտաների և Սելջուկների տիրապետություն
      • Նարնջագույն աղյուսակ՝ Կարակիտաների տիրապետություն

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]