Վահանանց պատերազմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վահանանց պատերազմ
The return to the homeland.jpg
Հայկական զորքերի հրամանատար Վահան Մամիկոնյանի տուն վերադարձ ճակատամարտից հետո (481-484)։ Ջուլիան Զասսոյի նկար, XIX դար
Թվական 481-484
Վայր Մարզպանական Հայաստան Մարզպանական Հայաստան
Պատճառ Պարսկաստանի ձուլման քաղաքականություն
Արդյունք Պարսկական կողմի պարտություն
Հակառակորդներ
Մարզպանական ՀայաստանՀայեր
վրացիներ ու աղվաններ
Senmurv.svgՍասանյան Պարսկաստան
Հրամանատարներ
Մարզպանական ՀայաստանՎահան Մամիկոնյան Senmurv.svgՊերոզ
Հայոց պատմություն
Հայաստանի զինանշանը
Նախապատմություն
Մ.թ.ա. 2492 - մ.թ.ա. 590
Հայ ժողովրդի ծագումը
Ցեղային միություններ և
պետական կազմավորումներ
Վանի թագավորություն
Մ.թ.ա. 9-6-րդ
Մեծ Հայք
Մ.թ.ա. 590 - մ.թ. 428
Երվանդունիների թագավորություն
Փոքր Հայք, Ծոփք և Կոմմագենե
Արտաշեսյանների թագավորություն
Արշակունիների թագավորություն
Քրիստոնեության ընդունում
Ավատատիրության հաստատում
Գրերի գյուտ
Միջնադար
428 - 1375
Պարսկա-Բյուզանդական տիրապետություն
Արաբական տիրապետություն
Բագրատունիների թագավորություն
Վասպուրական
Վանանդ, Լոռի և Սյունիք
Կիլիկիայի հայկական թագավորություն
Զաքարյան իշխանապետություն
Օտար տիրապետություն
1375 - 1918
Կարա-Կոյունլուներ և Ակ-Կոյունլուներ
Թուրք-պարսկական
տիրապետություն
Արևելյան Հայաստանը Ռուսաստանի կազմում
Հայոց ցեղասպանություն
Հայկական սփյուռք
Ժամանակակից պատմություն
1918 - ներկա
Հայաստանի առաջին հանրապետություն
Լեռնահայաստան
Խորհրդային Հայաստան
Արցախյան ազատամարտ
Հայաստան
Արցախի Հանրապետություն

Հայաստան Հայաստանի պորտալ

Վահանանց պատերազմ, 481-484 թվականներին տեղի ունեցած ապստամբություն, որը ուղղված էր Սասանյան Պարսկաստանի կրոնափոխության և պարսկացման քաղաքականության դեմ: Ապստամբությանը մասնակցել են հայկական, վրացական և աղվանական ուժեր: Հայաստանում հայրենասիրական ուժերը միավորվել էին Վահան Մամիկոնյանի շուրջ, որը Վարդան Մամիկոնյանի եղբոր՝ Հմայակի որդին էր: Այդ ժամանակ Հայաստանի կաթողիկոսը Գյուտն էր, ում 471 թվականին պարսից Պերոզ արքան կանչում է արքունիք և նրանից պահանջում կրոնափոխ լինել: Գյուտը մերժում է կրոնափոխության առաջարկը և վերադառնալով Հայաստան՝ կյանքի վերջին տարիները անցկացնում է Վանանդ գավառում: Նրան հաջորդում է Հովհաննես Ա Մանդակունին:

Պարսկաստանը այդ ժամանակ Միջին Ասիայում զբաղված էր հոների դեմ պատերազմով, այդ պատճառով Պերոզը նախընտրում էր ընդհատակյա կերպով աջակցել կրոնափոխությունը, քանի որ բացահայտ աջակցումը կբերեր նոր ապստամբության, որին դիմագրավելը այդ շրջանում անհնար էր:

Արևելյան Վրաստանում Վախթանգ Գորգասալ թագավորը ապստամբում է պարսիկների դեմ և սպանում Աշուշա բդեշխի որդուն՝ պարսից արքայի դրածո բդեշխ Վազգենին, որը նաև Վարդան Մամիկոնյանի փեսան էր: Վազգենը ուրացել էր Քրիստոնեությունը և կրոնափոխ եղել, ապա փորձել էր ստիպել, որ Վարդանի աղջիկը՝ Շուշանիկը նույնպես ուրանար, բայց Շուշանիկը, դիմանալով մի շարք տանջանքների, չէր ուրացել քրիստոնեությունը և մարտիրոսվել էր: Նա վրաց ուղղափառ և հայ առաքելական եկեղեցիների կողմից դասվել է սրբերի շարքին:

Վախթանգի կողմից Վազգենի սպանությունը առիթ հանդիսացավ ապստամբության սկսվելուն: 481 թվականին հայ նախարարները Վահան Մամիկոնյանի առաջնորդությամբ հավաքվում են Շիրակ (գավառ) և որոշում ապստամբել: Տեղի են ունենում Ակոռիի, ՆԵրսեհապատի, Ճարմանայի և մի շարք այլ ճակատամարտեր ու բախումներ, որի արդյունքում 484 թվականին Նվարսակ գյուղում Հայաստանի և Պարսկաստանի միջև կնքվում է պայմանագիր: Պայմանագրի արդյունքում պարսիկները վերջնականապես հրաժարվում են կրոնափոխության մտադրությունից և հայ իշխանները ստանում են ներքին ինքնավարություն: 485 թվականին Վահան Մամիկոնյանը մեկնում է Տիզբոն և ստանում Հայաստանի տանուտերի, իսկ ավելի ուշ մարզպանի պաշտոնները:

Վահանանց ապստամբությունը ունեցավ շատ կարևոր դեր հայոց ներքին ինքնավարություն հաստատման և պահպանման գործում:

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հազկերտ Բ արքան իր հատած մետաղադրամի վրա

Վարդանանց պատերազմին հաջորդած դատավարությունից և իշխանների աքսորից հետո՝ 455 թվականին, Հազկերտ արքան ազատ է արձակում իր մոտ պատանդ պահված նշանավոր Աշուշա բդեշխին, սակայն նա միանգամից չի վերադառնում իր հայրենի Գուգարք, այլ փորձում է գլուխ բերել մի դժվար գործ: Նա կաշառում է մի շարք նշանավոր պարսիկների, խնդրում է Հազկերտին ազատ արձակել Վարդան Մամիկոնյանի եղբոր՝ Հմայակ Մամիկոնյանի 3 որդիներին՝ Վահանին, Վասակին և Արտաշեսին: Դժվարությամբ, բայց Հազկերտը թույլատրում է նրան իր հետ տանել Մամիկոնյան իշխանի երեք որդիներին: Նրա ջանքերով ազատ են արձակվում նաև Արշավիր Կամսարականի երկու որդիները՝ Ներսեհը և Հրահատը:

Ե՛վ Մամիկոնյանների, և՛ Կամսարականների հետ Աշուշա բդեշխը ուներ բարեկամական կապեր: Աշուշան և Վարդան Մամիկոնյանը խնամիներ էին: Վարդանի աղջիկը՝ Շուշանիկը, ամուսնացել էր Աշուշայի որդու՝ Վազգենի հետ: Բացի այդ Համայակ Մամիկոնյնաի կին Ձվիկը և Աշուշայի կին Անուշվռամը քույրեր էին: Իսկ Արշավիր Կամսարականը Վարդանի փեսան էր[1]:

Գուգարքի կենտրոնը Ցուրտավն էր, որտեղ էլ իր քրոջ՝ Անուշվռամի հետ ապրում էր Ձվիկը: Նա իր վրա է վերցնում երեխաների կրթությունը: Բացի գերությունից ազատված երեք երեխաներից նա ուներ նաև մի փոքր որդի նույնպես՝ Վարդը, ում Վասակ Սյունին չէր կարողացել գերեվարել: Նա Մամիկոնյան չորս որդիներին՝ Վահանին, Վասակին, Արտաշեսին և Վարդին և Կամսարական երկու որդիներին՝ Ներսեհին ու Հրահատին կրթում է: Ազնվական մանուկների հետ կրթություն էր ստանում նաև Ղազար անունով մի աշակերտ, որը Փարպի գյուղից էր:

Մամիկոնյան եղբայրները ոչ միայն մտավոր այլ նաև ֆիզիկական կրթություն էին ստանում: Նրանք հայտնի էին որպես հաջողակ որսորդներ, որոնք մշտապես առատ որսով էին վերադառնում Լալվարից: Իրենց ունակությունների համար այս երիտասարդները հայտնի դարձան նախարարական շրջանում, իսկ Սասանյան Պարսկաստանը զգուշաբար հետևում էր երիտասարդ նախարարներին, նրանց համարելով իր համար վտանգավոր[2]:


Գյուտ կաթողիկոսի գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մովսես կաթողիկոսի մահից հետո կաթողիկոսական աթոռին է նստում Գյուտ կաթողիկոսը, որը Մաշտոցի աշակերտներից էր և հարում էր դեպի Հայաստանի բյուզանդասեր կուսակցությունը: Նրա կաթողիկոս դառնալը պարսկամետ կուսակցության և Պերոզ արքայի պարտությունն էր[3]:

Ըստ Կաղանկատվացու՝ Գյուտ կաթողիկոսը Աղվանքի Վաչե թագավորին շնորհավորական և հիացական մի նամակ է ուղարկել, որում նրան շնորհավորում էր պարսկական բանակի դեմ տարած հաջողությունների համար[4]:

Գյուտ կաթողիկոսը և հայոց բյուզանդասեր կուսակցությունը իրենց հայացքները նորից ուղղում են դեպի կրոնական Բյուզանդիա: Կաթողիկոսը նամակներ է գրում Լևոն Ա Մակելլոսին, ով անգամ օգնության խոստումներ է տալիս կաթողիկոսին, սակայն տարբեր պատճառներով հետաձգում էր իրականացնել իր խոստումները: Գյուտը քայլեր է ձեռք առնում կրոնափոխության համակարգը վերացնելու համար: Այս ոլորտում նրա գլխավոր հակառակորդը Գադիշո Խորխոռունին էր, որն էլ, իմանալով Գյուտի քայլերի մասին, անմիջապես մեկնում է Տիզբոն և գանգատվում Պերոզ արքային: Նա պատմում է, որ իր մոտ եկած և կրոնափոխության ցանկություն ցույց տված նախարարներին Գյուտը կանչում էր իր մոտ և համոզում նրանց հրաժարվել կրոնափոխությունից: Նաև պատմում է հայ-բյուզանդական կապի մասին:

Գյուտը ստիպված էր մեկնել Տիզբոն և ներկայանալ արքային: Պերոզը Գյուտից հարցուփորձ է անում Վզատվշնասպի միջոցով: Գյուտը ասում է, որ ամեն ինչ չէ, որ սուտ է Գադիշոյի պատմածներում, սակայն հերքում է որևէ հայ-բյուզանդական ռազմական դաշինք: Սակայն Պերոզը թերահավատորեն է վերաբերվում նրա ասածներին և փիլոնազուրկ է անում նրան, արգելափակում պալատում: Որոշ ժամանակ անց Գյուտը վերադառնում է Հայաստան և կյանքի վերջի տարիները անցկացնում Վանանդ գավառում, որտեղ էլ 478 թվականին մահանում է[5]:

Ապստամբություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդող դեպքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում գործող պարսկասեր կուսակցությունը անընդհատ Պերոզին զեկուցում էր, որ Վահան Մամիկոնյանը «անհանր է չապստամբի»: Այդ պատճառով Վահան Մամիկոնյանը ստիպված էր մեկնել Տիզբոն, ներկայանալ արքային և ընդունել զրադաշտականություն, որպեսզի ազատվի կասկածանքներից[6]: Պերոզ արքան նրան է հանձնում ոսկեհատ կոչումը, ավելի շատ նրան փորձելու համար: Նրան օգնական է կարգվում մի սիրիացի, որի անունը Վրիվ էր: Նա միանգամից սկսում է մատնություններ անել և պարսից արքունիքին հայտնել, որ Վահանը հավաքում է ամբողջ ոսկին և պահում իր մոտ, որպեսզի նոր դաշանկիցներ հավաքագրի և ապստամբություն սկսի: Իմանալով, որ իր դեմ մատնություններ են արվում՝ Վահան Մամիկոնյանը հավաքում է ամբողջ հավաքված ոսկին և տանում պարսից արքունիք: Նա իր վրայից կասկածները հանելու համար ասում է.

Aquote1.png Ասենք՝ ես այդքան հիմար եմ, բայց մի՞թե կույր էլ եմ, որ չտեսնեմ Արյաց ամբողջ ուժը, ապստամբել նրա դեմ ինչո՞վ կարող եմ, որ չունեմ նույնիսկ մի խոհարար ծառա և երկու կամ երեք պատանիների անգամ տեր չեմ: Aquote2.png


Վահան Մամիկոնյան (հեղինակ՝ Ն. Տէստէկիւլ)

Նա բացատրում է նաև, որ եթե ուզենար ապստամբել, ինչու պետք է այսքան ոսկին բերեր և հանձներ Պերոզին: ՊԵրոզը հավատում է նրան, բայց պատանդ է պահում Վահանի եղբորը՝ Վարդին, իսկ Վահանը վերադառնում է Հայաստան, որպեսզի շարունակի իր պաշտոնը:

Արտաքին պայմանները նույնպես բարեհաջող էին ապստամբելու համար: Պերոզի և հեփթաղների միջև գժտություն է ընկնում և Պերոզը ստիպված էր պատերազմներ մղել հեփթաղների անապատներում, որը հյուծում էր պարսկական զորքին: Պերոզը մի անգամ նույնիսկ ընկնում է թշնամիների ձեռքը, և ազատվելու համար իր Կավատ որդուն երկու տարի պատանդ թողեց նրանց մոտ, ապա մի ահռելի փրկագին վճարեց նրան ազատելու համար: Պարսկաստանի դիրքերի այսպիսի թուլացումը նպաստեց ապստամբության սկսվելուն[7]:

Հայ առաքելական եկեղեցու կաթողիկոսական աթոռը Գյուտից հետո անցավ Հովհան Մանդակունուն, որը նույնպես շարունակեց Գյուտի գործունեությունը:

481 թվականին վրաց Վախթանգ թագավորը սպանում է Գուգարաց բդեշխ Վազգենին, որը Վարդան Մամիկոնյանի փեսան էր և Աշուշա բդեշխի որդին, որը ուրացել էր քրիստոնեությունը և ընդունել զրադաշտականություն: Այս սպանությունը առիթ հանդիսացավ մի ապստամբության, որին միանալու որոշումը հայերը կայացրին Շիրակում: Նրանք երդում են տալիս, որ չեն դավաճանի ազգային ուխտը[8]։

Ռազմական գործողությունների ծավալում[խմբագրել | խմբագրել կոդը]

Երդվյալների շարքում, իհարկե, դավաճան եղավ։ Դավաճանը Ամատունյաց տնից էր՝ Վարազշապուհ անունով մի նախարար։ Նա ամեն ինչ պատմում է Հայստանի մարզպան Ատրվշնասպ Հողմանդյանին, որը վախենալով ապստամբությունից՝ փախուստի է դիմում և պատսպարվում Անի բերդի հետևում։ Տեսնելով, որ Վահան Մամիկոնյանը հետապնդում է իրեն՝ նա շարունակում է փախուստը և հասնում մինչև Արաքս, ապա անցնում Ատրպատական։ Ատրվշնասպին հետապնդելիս հայերի ձեռքն է ընկնում Գադիշո Խորխոռունին, որը պարսկամետ նախարարների պարագլուխն էր։ Վահան Մամիկոնյանը նրան ձեռբակալում է[9]։

Հայաստանում կազմվում է հեղափոխական կառավարություն։ Երկրի մարզպան է դառնում Սահակ ասպետ Բագրատունին, իսկ սպարապետ՝ Վահան Մամիկոնյանը։ Նրանք մտադիր էի անցնել Տայոց աշխարհ, որը ապահով ապաստարան էր դեռևս թույլ կառավարության համար, սակայն Ատրվշնասպը Ատրպատականում խառնիճաղանջ զորք է հավաքում և ներխուժում Հայաստան[10]։

Ակոռի ճակատամարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակոռի գյուղի համայնապատկերը

Ատրվշնասպի զորքը կազմված էր 7000 զինվորից, իսկ հայկականը՝ 400։ Վահան Մամիկոնյանը անձամբ չի առաջնորդում զորքը, այլ ուղարկում է իր եղբայր Վասակ Մամիկոնյանին։ Նրանք կարծում էին, որ կհասցնեն հասնել Արաքս, մինչև պարսիկների գետանցումը, որպեսզի նրանց հենց այդ ժամանակ էլ մաս-մաս բռնեն և ոչնչացնեն, սակայն նրանք ուշանում են և պարսիկները անարգել անցնում են գետը։

Վասակ Մամիկոնյանը հասկանում էր, որ անկարելի է բաց դաշտում ճակատամարտ մղել թվապես հայկական զորքից համարյա 17 անգամ մեծ զորքի դեմ, այդ պատճառով նա բռնում է լեռնային դիրք, որը Մասիսի լանջին գտնվող Ակոռի գյուղն էր։ Կռվի ժամանակ պարսիկների կողմն է անցնում Գարջույլ Խորխոռունին իր 100 մարդկանցով։ Սակայն մնացած 300 մարտիկները չհուսահատվեցին։ Նրանք վստահ էին, որ ուժը թվաքանակի մեջ չէ։ Այս 300 մարտիկների առաջնորդներն էին Բաբգեն Սյունին, Վասակ Մամիկոնյանը և Կամսարական եղբայրները։ Նրանք այնպիսի բուռն թափով են հարձակվում պարսից զորքի վրա, որ ցրում են այն։ Պատերազմի դաշտում սպանվում են մի շարք պարսիկ մեծամեծեր, որոնց թվում էր նաև մարզպան Ատրվշնասպը, իսկ Գդիհոն Սյունին հազիվ է իրեն ազատում Ատոմի և Առոստոմի ձեռքից[11]։

Առոստոմը իր ձին քշում է Դվին, որպեսզի հայտնի հայոց աշխարհին ավետիսը, սակայն տեսնում է, որ ամբողջ մայրաքաղաքը սգում է։ Նա իմանում է, որ հայ պարսկասերներից երկուսը՝ Վասակ Ամատունին և Վառգոշ Գնթունին, իրենից շուտ են հասել Դվին և Սահակ Բագրատունուն ու Վահան Մամիկոնյանին լուր տվել, որ Ակոռիում հայ իշխանները ահավոր պարտություն են կրել և սպանվել են բոլոր նշանավոր հայ իշխանները։ Առոստոմը հասնում է Դվին և բարձր հայտարարում․

Aquote1.png Յաղթեաց զօրութիւն սուրբ խաչին, և միշտ հաղթե։ Aquote2.png


Շուտով Դվին են հասնում նաև հաղթանակած 300 մարտիկները և մասնակցում հաղթական տոնախմբությանը[12]։

Ներսեհապատի ճակատամարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեև հայերը հաղթեցին Ակոռի ճակատամարտում, սակայն հայկական կողմը շատ անկազմակերպ էր։ Նրանք օգնություն են խնդրում վրաց արքա Վախթանգ Գորգասալից, ում հիշեցնում են նրա տված խոստումը, որը վերաբերվում էր հոների կողմից օգնությանը։ Վախթանգը Հայաստան է ուղարկում 300 հոգուց կազմված զորաջոկատ, որը, սակայն, 1 ամիս էլ չանցած հետ է կանչվում։ Վահան Մամիկոնյանը որոշում է օգնություն խնդրել Հայաստանի հարավային նահանգների իշխաններից, որոնք անտարբեր էին մնացել ապստամբությանը։ Նրանք Արծրունյաց, Անձևացյաց, Ռշտունյաց և Մոկաց իշխաններն էին, որոնցից միայն երկուսն են համաձայնվում միանալ Վահան Մամիկոնյանին՝ Հովհան Անձևացին և Ներսեհ Երվանդունին։ Երբ նրանք շարժվում էին դեպի Դվին, նրանց վրա է հարձակվում Հովհան Մոկացին և Սևուկ Անձևացին, որոնք իրենց հույսը դրել էին թվային առավելության վրա, սակայն նրանք պարտություն են կրում, իսկ ապստամբությանը միացած նախարարները հասնում են Դվին։

482 թվականի գարնանը պարսիկները իրենց ուժերը կենտրոնացնում են Հեր և Զարևանդ գավառներում։ Ի պատասխան սրան, Վահան Մամիկոնյանը իր ուժերը կենտրոնացնում է Ավարայրի դաշտից ոչ հեռու գտնվող Ներսեհապատ գյուղի մոտ[13]։

Ճակատամարտը տեղի է ունենում մայիսին։ Վահան Մամիկոնյանը զորքը բաժանում է 3 մասի․

  • Ձախ թևը հանձնվում է Վահան, Ներսեհ և Հրահատ Կամսարականներին։
  • Կենտրոնական թևը հանձնվում է մարզպան Սահակ Բագրատունուն։
  • Աջ թևը հանձնվում է Բաշղ Վահունուն, ում օգնականներ են կարգվում Բաբգեն Սյունին, Ատոմ Գնունին և Փապակ Պալունին։

Պարսիկները նախահարձակ են լինում և հարձակվում են հայկական աջ թևի վրա ու ցրում այն։ Սպարապետը որոշում է դուրս հանել պահեստային զորքերը և վերականգնել աջ թևը։ Նա Վրեն Վանանդեցուն հրամայում է առաջանալ դեպի աջ թև, սակայն Վրենը խնդրում է, որ սպարապետը իր վրա հույս չդնի։ Այդ ժամանակ Վահան Մամիկոնյանը Կամսարական եղբայրների հետ միասին հարձակվում է պարսիկների վրա և փախուստի մատնում նրանց։ Կռվի ընթացքը փոխվում է հօգուտ հայերի և պարսկական զորքը խուճապի մատնված փախչում է։ Հաղթանակը հայոց կողմն էր։ Հայկական զորքի ուրախությունը էլ ավելի է մեծանում, երբ ճակատամարտից հետո հայտնվում է սպարապետի եղբայր Վարդ Մամիկոնյանը, որը պատանդ էր Պարսկաստանում։ Նրան հաջողվել էր փախչել պատանդությունից[14]։

Ճարմանայի ճակատամարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վախթանգ Գորգասալ

Ներսեհապատի ճակատամարտից հետո հայկական զորքը տեղափոխվում է Ծաղկոտն գավառ, Վարշակի ջերմուկներ կոչվող վայր։ Հայ զորքի հանգստի ժամանակ էլ վրա է հասնում վրաց Վախթանգ Գորգասալի սուրհանդակը։ Վախթանգ Գորգասալը հայտնում էր, որ պարսից մի ուժեղ գունդ եկել է Վրաստան և ինքը, հասկանալով, որ ոչինչ չի կարող անել, քաշվել է Գուգարաց լեռները՝ հայ-վրացական սահմանը։ Նա խնդրում էր Վահանին գալ օգնության և հայտնում, որ ինքը հոներին արդեն հրամայել է ուժեղ գնդով գալ։ Վահան Մամիկոնյանը չի կարողանում մերժել Վախթանգին և մեկնում է նրան օգնության։ Վախթանգը հայտնում էր, որ հոները մի քանի օրից այստեղ կլինեն, սակայն երկար սպասելուց հետո անգամ հոները չէին երևում։

Ի վերջո պարսիկ զորավար Միհրանը բերում և իր ուժերը կենտրոնացնում է Կուր գետի ափին՝ Ճարմանայի դաշտում և հայ-վրացական ուժերը ստիպված էին ճակատամարտել նրանց դեմ։ Ամբողջ վրացական բանակը դրված էր Վահան Մամիկոնյանի հրամանատարության տակ։ Հայ-վրացական զորքի առաջին հարվածներից պարսից զորքից շատերը փախան և անցան Կուր գետի մյուս ափ, սակայն այդ պահին սկսվում է հայ-վրացական զորքի դասալքությունը։ Ի վերջո ճակատամարտում զոհվում են մարզպան Սահակ Բագրատունին և Վասակ Մամիկոնյանը։ Ճակատամարտում լուրջ վիրավորում է ստանում նաև Բաբկեն Սյունին, որին նահանջելու ժամանակ կարողանում է իր ձիու վրա վերցնել և փրկել սպարապետ Վահան Մամիկոնյանը։ Ճակատամարտի ժամանակ գերի է ընկնում նաև Հրահատ Կամսարականը[15]։

Ապստամբության հետագա ընթացքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Վահան Մամիկոնյանը չի վերադառնում Դվին, այլ մեկնում է Տայոց աշխարհի Մկնառինճ գյուղ, որտեղ էլ սկսվում են հավաքվել ճակատամարտի դասալիք զինվորները։ Վահանի հետ Հայաստան է գալիս նաև պարսիկ զորավար Միհրանը, որը բանակում է Բասեն գավառի Դու գյուղում և իր հետ բերում էր նաև Հրահատ Կամսարականին, ում պահում էր մեծ հսկողության տակ։ Միհրանը փորձում էր երկխոսության միջոցով հարթել ապստամբությունը, սակայն արքունիքից հրաման է ստանում անմիջապես վերադառնալ Պարսկաստան[16]։ Միհրանը իր հետ տանում էր նաև Ներսեհ Կամսարականի եղբորը՝ Հրահատին։ Ներսեհը հետապնդում է Միհրանին և փորձում փախցնել իր եղբորը։ Դա նրա մոտ հաջողվում է, սակայն Հազդ Սյունին մնում է Միհրանի մոտ և դատապարտվում մահվան[17]։

Միհրանի հեռանալուց հետո Վահան Մամիկոնյանը ազատություն է ստանում վերադառնալ Հայաստանի կենտրոն, որտեղ նրան ապատեղեկատվություն են տալիս և ասում, որ Ճարմանայի դաշտում Սմբատ մարզպանը և Վասակ Մամիկոնյանը չեն զոհվել, այլ վիրավորվել են և հիմա նամակ են ուղարկել և խնդրում են օգնական զորքով գալ Վիրք նրանց հետ տանելու համար, քանի որ եթե նրանք միայնակ վերադառնան նրանց կարող են սպանել։ Վահանը չէր հավատում այս նամակին, սակայն Վասակի և Սահակի կանայք շատ են թախանձում նրան ջոկատ ուղարկել նրանց փնտրելու և նա չի կարողանում մերժել։ Մուշեղ Մամիկոնյանը վերցնում է հայոց զորքի մի ընտիր մաս և մեկնում Վիրք՝ գտնելու «վիրավորված» հայ իշխաններին, սակայն երկար ժամանակ փնտրելով նրանց չի գտնում[18]։

Հովհան Մանդակունի կաթոիկոսը

Հայ պարսկասեր կուսակցությունը իմաց է տալիս Ատրպատականում գտնվող Զառմիհ Հազարավուխտին, որ Հայաստանում է մնացել Վահան Մամիկոնյանի զորքի միայն մի փոքր մասը և Զառմիհրը հավաքեով մի մեծ զորք գալիս է Հայաստան։ Զահմիռը դիրք է բռնում Խոսրովակերտից միչև Ջրվեժ գյուղ։ Վահան Մամիկոնյանը պաշարվածի դրության մեջ էր, սակայն այս անգամ էլ նա դուրս է գալիս անելանելի իրավիճակից և կտրուկ գրոհով կարողանում է ճեղքել թշնամու շարքերը և անցնել դելները։ Նրանց հետ էր նաև Հովհան կաթողիկոսը, որը ձիուց ընկնում է և կիսամահ վիճակում հազիվ կարողանում է փրկվել և չընկնել թշնամու ձեռքը։ Ճակաըտամարտի ժամանակ զոհվեցին Վահանի երկու հավատարիմ իշխանները՝ Որդի Դիմաքսյանը և Քաջաջ Ամատունին։ Այդ ժամանակ Վրաստանից վերադառնում էր նաև Մուշեղ Մամիկոնյանը, որը տեսնելով դրությունը նույնպես ցրում է իր զորքը և նահանջում արևմտուք։

Վահանը նահանջում է Տայոց աշխարհ և անցնում Բյուզանդական կայսրության սահմանը, սակայն Հազարավուխտը նույնպես կանգ չի առնում, նա հարձակվում է Շաղագոմ գավառի վրա՝ հույս ունենալով բռնել Վահանին, ինչը նրա մոտ չի ստացվում, սկայան նա կարողանում է բռնել Հրահատ և Ներսեհ Կամսարականների կանանց։ Հազարավուխտը կարծում էր, որ նրանց միջոցով կարող է իր կողմը գրավել Կամսարական եղբայրներին, սակայն Պերոզից հրաման է ստանում մեկնել Վրաստան և, ոչնչացնելով Վախթանգին, ճնշել ապստամբությունը։ Պերոզը Հայաստանի մարզպան է նշանակում Շապուհին, որը շարունակում է Հազարավուխտի գործը և փորձում է իր ձեռքը գցել Կամսարական եղբայրներին, սակայն նույնիսկ այս անձնական դժբախտությունը կարող չեղավ կտրել նրանց ազգային գործից[19]։

Վահան Մամիկոնյանը գործում էր Արևմտյան Հայաստանում և անակնկալ գիշերային հարձակումներով կազմալուծում էր պարսկական զորքին։ Այս լեռնային կռվներից մեկի՝ Շտյայի ճակատամարտի ժամանակ հայ ապստամբները կարողանում են սպանել Գդիհոն Սյունուն։ Շապուհը վճռում է վերադառնալ Դվին և սպասել Պերոզի հրամանին։ Նա Կամսարական եղբայրների կանանց թողնում է Բողբերդ ամրոցում և ճանապարհ ընկնում Դվին, սակայն ճանապարհին արտակարգ սուրհանդակ է գալիս Տիզբոնից և հայտնում, որ 484 թվականի հուլիսին տեղի ունեցած պարսկա-հեփթաղական հերթական պատերազմի ժամանակ անհետ կորել է Պերոզ արքան, նրա աղջիկը գերի է ընկել, ում հեփթաղների արքան մտցրել է իր հարեմի մեջ։ Պարսից զորքը ամբողջովին ջարդվել էր, այդ պատճառով Շապուհը Հայաստանից, իսկ Հազարավուխտը Վրաստանից անհապաղ հետ էին կանչվում Տիզբոն։ Իսկ Վահան Մամիկոնյանը Դվին վերադառնալու ազատություն է ստանում[20]։

Նվարսակի պայմանագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պերոզի մահից հետո Պարսկաստանում կարևոր դեր է ստանձնում Զառմիհր Հազարավուխտը, որը կարողանում հաշտություն կնքել հեփթաղների հետ՝ պարտավորվելով հարկեր վճարել։ Նրա աջակցությամբ Պարսկաստանի արքա է դառնում Բալաշը (Փարպեցին նրան անվանել է Վաղարշ, այդ պատճառով հայոց պատմության մեջ նա հայտնի է այդ անունով), որը գործիք չի դառնում մոգերի ձեռքին և կարողանում է մեղմ քաղաքականության միջոցով հարթել խնդիրները իր այլակրոն հպատակների հետ։ Նա Հայաստանի հարցը դարձնում է կարևորագույն խնդիր և քննարկումներից հետո որոշում, որ հայերին պետք է սիրաշահել, լսել նրանց գանգատները և վերաջնականապես հրաժարվել զրադաշտականությունը բռնի տարածելու մտքից[21]։

Մի բազմամարդ դեսպանություն է ճանապարհ ընկնում դեպի Հայաստան, որի ղեկավարն էի Նիխոր Վշնասպդատը, իսկ քարտուղարը՝ Շապուհը։ Ապահովության համար Նիխորի հրամանատարությանն են հանձնվում նաև Ատրպատականի և ԶարավանդԻ զորքերը։ Քանի որ Պերոզի որդին գահակալական կռիվներ էր սկսել Վաղարշի դեմ և դատարկ գանձարանով անհնար էր զորք հավաքել, Վաղարշը ցանկանում էր ամեն գնով հաշտվել հայերի հետ և նրանց դարձնել իր դաշնակիցը։ Նիխորը նույնիսկ չի մոտենում հայոց միջնաշխարհին, որպեսզի չգրգռի Վահանին։ Նա պատվիրակություն է ուղարկում Դվին, որը հայտնում է Վահանին Նիխորի մտադրությունների, հայերի հետ հաշտվելու մասին։ Հայերը շատ են ուրախանում, սակայն միանգամից չեն պատասխանում, այլ խորհուրդ են հրավիրում, որտեղ որոշվում է պարսիկներին ներկայացնել հետևյալ պայմանները․

  1. Հայերին թույլ տալ ազատորեն հարել քրիստոնեությանը, պաշտոններ և պարգևներ չտալ զրադաշտականություն ընդունածներին, հեռացնել Հայաստանից ատրուշանները։
  2. Իշխանավորներ նշանակել ոչ թե արքայի քմահաճույքով, այլ արդարացիորեն դատել լավին ու վատին, պիտանիին և անպիտանին, լավերին պարգևատրել, իսկ անպիտաններին՝ արհամարհել։
  3. Պարսիկները չպետք է միջամտեին հայ նախարարների ներքին գործերին, պարսից արքան չպետք է հավատա երկերեսանի, բախտախնդիր անձանց ամբաստանություններին, այլ ունկնդրի ուղղամիտ մարդկանց խորհուրդները[22]։

Վահանը այս պայմանները ուղարկում է պարսից պատվիրակության հետ և պատասխան ստանում, որ Նիխորը համաձայն է պայմանների հետ և հրավիրում է Վահանին անձնական տեսակցության։ Վահանը մեկնում է Արտազ գավառ, սակայն չի մոռանում, որ գործ ունի պարսիկների հետ և պատանդներ է պահանջում։ Պարսիկները պատանդ են հանձնում Ատրպատականի կառավարիչ Բազենին, ապստամբության սկզբին Հայաստանի հազարապետ Վեհ-Վեհնամին և Միհրանի եղբայր Ներշապուհին, իսկ Հայերի կողմից պատանդ է հանձնվում նաև Ներսեհ Կամսարականը։ Միայն այս նախազգուշական գործողություններից հետո Վահանը մեկնեց տեսակցության։ Նրա հետ էր մի մեծ շքախումբ, որը մոտենալով պարսից ճամբարին մարտական փողեր է հնչեցնում, որը խառնաշփոթ է առաջացնում պարսից շարքերում։ Նիխորը մարդ է ուղարկում Վահանի մոտ, որպեսզի հայտնի նրան, որ պարսից բանակ մուտք գործելիս փողեր կարող են հնչեցնել միայն պարսից հրամանատարները։ Վահանը հայտնում է, որ այդ կարգը իրեն շատ լավ հայտնի է, սակայն քանի որ նա դեռ պարսիկների հպատակը չէ, ապա կարող է չենթարկվել պարսից կարգին[23]։

Բանակցությունները տևում են մի քանի օր, որի ընթացքում Նիխորը անընդհատ սիրաշահում էր Մամիկոնյան իշխանին, իսկ Վահանը կարողանում է նաև վրեժ լուծել հայ պարսկասեր նախարարներից։ Վահանը պահանջում է, որ նրանք չմասնակցեն ճաշկերույթին, այլ ուղակի դիտողի կարգավիճակում լինեն։

Ի վերջո պարսիկները նույնպես առաջ քաշեցին իրենց պայմանը։ Նրանց անհրաժեշտ էր հայոց այրուձին՝ գահակալական կռիվներում հաղթանակ տանելու համար։ Վահանը այս պայմանը անմիջապես կատարեց Դվին վերադառնալուց հետո։ Պարսկաստան մեկնող հայոց այրուձիի ղեկավար է նշանակվում Վրեն Վանանդեցին, իսկ նրա օգանական՝ զոհված Վասակ Մամիկոնյանի որդի Գրիգորը։ Այս զորաջոկատի միջոցով Վաղարշը կարողացավ հաղթանակ տանել գահակալական կռիվներում և բռնելով Զարեհին՝ մորթել տվեց հրապարակում։

Ի վերջո Նվարսակի պայմանագիրը ոչ մի քաղաքական փոփոխություն չբերեց Մարզպանական Հայաստանի համար, քանի որ վերականգնվեց հին քաղաքական վիճակը։ Ամեն ինչ կախված էր պարսից արքայի կամքից, ոչ մեկ չէր կարող նրան ասել թե ում կարող է նա լսել, հավատալ և ում՝ ոչ, և այս ամենը կախված էր կառավարչի անձնական հատկանիշներից[24]։

Վահան Մամիկոնյանը որպես Հայաստանի մարզպան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայոց մարզպան Վահան Մամիկոնյանը

485 թվականին, երբ հայոց այրուձին ամբողջովին իր առաքելությունը կատարած վերադառնում է Հայաստան, Վահան Մամիկոնյանը մեկնում է Տիզբոն և ստանում Հայոց սպարապետի և Մամիկոնյան տոհմի նահապետության պաշտոնները։ Վաղարշը նորից ընդունում է Նվասրակում ձեռք բերված համաձայնությունները և սիրալիր ընդունելություն ցուցաբերում Վահանի համար։ Կամսարական տոհմի նահապետությունը ստանում է Ներսեհը, սակայն արքան չի ընդունում Արծրունիների համար արված միջնորդությունը, ասելով որ նրանք դեռ պետք է գործով ապացուցեն իրենց հավատարմությունը[25]։ Հայաստանում մարզպան է նշանակվում Անդեկան անունով մի պարսիկ պաշտոնյա։

Վահան Մամիկոնյանը վերադառնում է Հայաստան և մեծ պատիվներով մուտք գործում Դվին մայրաքաղաք։ Հովհան Մանդակունին եկեղեցական մեծ հանդեսով է դիմավորում հայ նշանավոր զորավարին, որը վերականգնել էր հայ ժողովրդի պատիվը, ինչը Ավարայրից ի վեր ոտանահարված էր։ Անդեկան մարզպանը շուտով հեռացվում է իր պաշտոնից, քանի որ նրա հարեմ պահելը լուրջ ծախսեր էր ենթադրում։ Հատուկ հրովարտակով Հայաստանի մարզպան է նշանակվում Վահան Մամիկոնյանը, իսկ Վաղարշը պատճառաբանում էր, որ տեղացի կառավարիչը ավելի լավ է ճանաչում երկրի ներքին կյաքնը, վարքերը և բարքերը, իսկ օտարերկրացիները շատ տարիներ պետք է վատնեն այն ըմբռնելու համար։

Վահանի մարզպան նշանակվեց 486 թվականին և այդ իրադարձությունը նշվեց մեծ շուքով։ Տոնախմբությունը տեղի ունեցավ Դվինի մայր եկեղեցում, որտեղ Վահանը գնաց երկու ջորիների վրա բարձված պատգարակի մեջ, որը կոչվում էր անդրվարար։ Իսկ Հովհան Մանդակունի կաթողիկոսը մի երկար ճառ է արտասանում, որը ամբողջությամբ մեջբերվում է Փարպեցու կողմից։ Այս ամենից հետո այլևս ոչ մի տեղ չի հիշատակվում Վահան Մամիկոնյանի անունը[26]։

Հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապստամբության հետևանքով պարսիկները պաշտոնապես հրաժարվեցին հայերին բռնի կրոնափոխելու իրենց նպատակից։ Հայ իշխանները ստացան իրենց տոհմերի նահապետությունը և վերականգնվեց նախարարական հին կարգը։

Վահանանց ապստամբությունը կարևոր դեր խաղաց հայոց ներքին ինքնավարություն հաստատման և պահպանման գործում:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Լեո «Հայոց Պատմություն: Միջին դարեր» երկրորդ հատոր։ Երևան: «Հայաստան» հրատարակչություն։ 1967։ էջ 103 
  2. Լեո «Հայոց Պատմություն: Միջին դարեր» երկրորդ հատոր։ Երևան: «Հայաստան» հրատարակչություն։ 1967։ էջ 104 
  3. Լեո «Հայոց Պատմություն: Միջին դարեր» երկրորդ հատոր։ Երևան: «Հայաստան» հրատարակչություն։ 1967։ էջ 105 
  4. Լեո «Հայոց Պատմություն: Միջին դարեր» երկրորդ հատոր։ Երևան: «Հայաստան» հրատարակչություն։ 1967։ էջ 106 
  5. Լեո «Հայոց Պատմություն: Միջին դարեր» երկրորդ հատոր։ Երևան: «Հայաստան» հրատարակչություն։ 1967։ էջ 107 
  6. Լեո «Հայոց Պատմություն: Միջին դարեր» երկրորդ հատոր։ Երևան: «Հայաստան» հրատարակչություն։ 1967։ էջ 107 
  7. Լեո «Հայոց Պատմություն: Միջին դարեր» երկրորդ հատոր։ Երևան: «Հայաստան» հրատարակչություն։ 1967։ էջ 108 
  8. Լեո «Հայոց Պատմություն: Միջին դարեր» երկրորդ հատոր։ Երևան: «Հայաստան» հրատարակչություն։ 1967։ էջ 109 
  9. Լեո «Հայոց Պատմություն: Միջին դարեր» երկրորդ հատոր։ Երևան: «Հայաստան» հրատարակչություն։ 1967։ էջ 112 
  10. Լեո «Հայոց Պատմություն: Միջին դարեր» երկրորդ հատոր։ Երևան: «Հայաստան» հրատարակչություն։ 1967։ էջ 113 
  11. Լեո «Հայոց Պատմություն: Միջին դարեր» երկրորդ հատոր։ Երևան: «Հայաստան» հրատարակչություն։ 1967։ էջ 113 
  12. Լեո «Հայոց Պատմություն: Միջին դարեր» երկրորդ հատոր։ Երևան: «Հայաստան» հրատարակչություն։ 1967։ էջ 114 
  13. Լեո «Հայոց Պատմություն: Միջին դարեր» երկրորդ հատոր։ Երևան: «Հայաստան» հրատարակչություն։ 1967։ էջ 114 
  14. Լեո «Հայոց Պատմություն: Միջին դարեր» երկրորդ հատոր։ Երևան: «Հայաստան» հրատարակչություն։ 1967։ էջ 115 
  15. Լեո «Հայոց Պատմություն: Միջին դարեր» երկրորդ հատոր։ Երևան: «Հայաստան» հրատարակչություն։ 1967։ էջ 116 
  16. Լեո «Հայոց Պատմություն: Միջին դարեր» երկրորդ հատոր։ Երևան: «Հայաստան» հրատարակչություն։ 1967։ էջ 117 
  17. Լեո «Հայոց Պատմություն: Միջին դարեր» երկրորդ հատոր։ Երևան: «Հայաստան» հրատարակչություն։ 1967։ էջ 120 
  18. Լեո «Հայոց Պատմություն: Միջին դարեր» երկրորդ հատոր։ Երևան: «Հայաստան» հրատարակչություն։ 1967։ էջ 121 
  19. Լեո «Հայոց Պատմություն: Միջին դարեր» երկրորդ հատոր։ Երևան: «Հայաստան» հրատարակչություն։ 1967։ էջ 122 
  20. Լեո «Հայոց Պատմություն: Միջին դարեր» երկրորդ հատոր։ Երևան: «Հայաստան» հրատարակչություն։ 1967։ էջ 124 
  21. Լեո «Հայոց Պատմություն: Միջին դարեր» երկրորդ հատոր։ Երևան: «Հայաստան» հրատարակչություն։ 1967։ էջ 125 
  22. Լեո «Հայոց Պատմություն: Միջին դարեր» երկրորդ հատոր։ Երևան: «Հայաստան» հրատարակչություն։ 1967։ էջեր 126–127 
  23. Լեո «Հայոց Պատմություն: Միջին դարեր» երկրորդ հատոր։ Երևան: «Հայաստան» հրատարակչություն։ 1967։ էջ 127 
  24. Լեո «Հայոց Պատմություն: Միջին դարեր» երկրորդ հատոր։ Երևան: «Հայաստան» հրատարակչություն։ 1967։ էջ 128 
  25. Լեո «Հայոց Պատմություն: Միջին դարեր» երկրորդ հատոր։ Երևան: «Հայաստան» հրատարակչություն։ 1967։ էջ 128 
  26. Լեո «Հայոց Պատմություն: Միջին դարեր» երկրորդ հատոր։ Երևան: «Հայաստան» հրատարակչություն։ 1967։ էջեր 128–129 

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]