Նվարսակի պայմանագիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նվարսակի պայմանագիր
Նվարսակի հաշտության և խաղաղության պայմանագիր
The return to the homeland.jpg
Հայկական զորքերի հրամանատար Վահան Մամիկոնյանի տուն վերադարձ ճակատամարտից հետո (481-484)։ Ջուլիան Զասսոյի նկար, XIX դար
Պատրաստվել է 484 թվական
Ստորագրել են Վահան Մամիկոնյան (Հայաստան), Նիխոր (Սասանյան Պարսկաստան)
Կողմեր Marzbanate.svg Հայաստան

Derafsh Kaviani flag of the late Sassanid Empire.svg Սասանյան Պարսկաստան

Նվարսակի պայմանագիր, խաղաղության և հաշտության պայմանագիր Հայաստանի և Սասանյան Պարսկաստանի միջև: 484 թվականին Վահան Մամիկոնյանի և պարսկական արքունիքի ներկայացուցիչ Նիխոր զորավարի միջև Պարսկահայքի Նվարսակ բնակավայրում կնքվել է պայմանագիր, որով վերջ է դրվել 481-484 թվականների ապստամբությանը։ Նվարսակի հաշտությամբ Սասանյան Պարսկաստանը, որին չէր հաջողվել ճնշել Վահան Մամիկոնյանի ուժերի դիմադրությունը, ընդունել է հայկական կողմի պայմանները՝ շնորհելով պարսկական տիրապետության տակ գտնվող Հայաստանի տարածքներին ինքնուրույնություն ներքին կյանքում և առժամանակ հրաժարվելով հայերին դավանափոխ անելու ծրագրերից[1][2]։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

482-484 թվականերին հայ ժողովուրդը կրկին ապստամբություն է բարձրացրացնում Սասանյան Պարսկաստանի ու նրա կրոնափոխության քաղաքականության դեմ: Հայ նախարարները Դվինում կառավարություն են կազմում, մարզպան է նշանակվում Սահակ Բագրատունին, նրան կոչելով «Տանուտեր Հայոց», իսկ սպարապետ է նշանակվում Վահան Մամիկոնյանը: Նրանց է միանում Վաղարշապատում գտնվող Հովհաննես Մանդակունի կաթողիկոսը: Առաջին կարևոր գործն է լինում Դվինում զրադաշտական համայնքի վերացումը, որից հետո այն դարձնում են Մեծ Հայքի մայրաքաղաք: Այստեղ է տեղափոխվում նաև հայոց կաթողիկոսարանը: Հայերի կողմից փախուստի մատնված Ատրվշնասպ մարզպանը 7000-անոց զորքով կրկին ներխուժում է Հայաստան, բայց հայ ապստամբները Վահան Մամիկոնյանի գլխավորությամբ 400 հեծյալներով, Մասիս լեռան ստորոտում գտնվող Ակոռի գյուղի մոտ հաղթում են պարսիկներին, իսկ Ատրվշնասպ մարզպանը սպանվում է: Գարնանը պարսից Պերոզ արքան Հայաստան մեծ բանակ է ուղարկում: Սպարապետ Վահան Մամիկոնյանը հայկական 30.000 հոգուց կազմված զորքով Արտազ գավառի Ներսեհապատ գյուղի մոտ հաղթանակ է տանում պարսկական բանակի նկատմամբ: Տիզբոնում պատանդութունից Հայաստան է փախչում Վահան Մամիկոնանի կրտսեր եղբայր Վարդ Մամիկոնյանը: Հայերը օգնության են դիմում վրաց Վախթանգ թագավորից: Հայ-վրացական միասնական բանակը զորապետ Միհրանի դեմ կռվում պարտություն է կրում: Այս ճակատամարտում զոհվում են Սահակ Բագրատունինին, Վասակ Մամիկոնյանը և ուրիշներ: Վահան Մամիկոնյանը մնացյալ զորքով ամրանում է Տայքում: Հայաստան եկած Միհրանը հաշտություն է առաջարկում, սակայն նրան շուտով ետ են կանչում Պարսկաստան: Վահան Մամիկոնյանը զորքով վերադառնում է Այրարատ, գնում Դվին, հռչակվում Հայոց մարզպան և «Տանուտեր Հայոց»: 483 թվականի գարնանը պարսկական բանակն Ատրպատականից ներխուժում է Հայաստան՝ հասնելով Արտաշատ: Վահան Մամիկոնյանի զորքը կրկին ապաստանում է Տայքում և Խաղտիքում: Պարսից բանակը հասնում է Վահանի ետևից, սակայն հեփթաղների հարձակման պատճառով, թողնում են Տայքն ու ուղևորվում Վրաստան՝ Շապուհ զորավարին թողնելով Հայաստանում որպես մարզպան: Հայերն Արշամունիրք գավառի Երեզ գյուղի մոտ պարտության են մատնում պարսիկներին: 484 թվականին Միջին Ասիայում հոներն ու հեփթաղները հաղթում են պարսիկներին, որի արդյունքում Պերոզը սպանվում է: Դրանից հետո Վահան Մամիկոնյան վերադառնում է Այրարատ՝ բարելավելով և հզորացնելով հայկական բանակը:

Պայմանագրի կնքում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պերոզի մահից հետո Սասանյան Պարսկաստանի առաջնորդն է դառնում նրա եղբայր Վաղարշը, որը 484 թվականին դեսպանություն է ուղարկում Դվին։ Նա ցանկացնում էր բարեկամության և խաղաղության պայմանագիր կնքել հայերի հետ: Վահան Մամիկոնյանն ու Հայաստանի ավագանին ընդունում են այդ առաջարկը և 484 թվականին սահմանամերձ Նվարսակ գյուղում կնքվում է հայ-պարսկական հաշտության պայմանագիրը, որը Հայաստանի կողմից ստորագրում է Վահան Մամիկոնյանը, իսկ պարսկական կողմից՝ հրամանատար Նիխորը:

Նվարսակի պայմանագրով քրիստոնեությունը Հայաստանում ճանաչվում է պաշտոնական կրոն, երկրի կառավարումը հանձնվում է հայ տոհմի ավագանուն, պետական պաշտոններում նախարարական տների առաջնորդների նշանակումը պետք է կատարվեր նախարարների ժառանգական իրավունքների համաձայն, այլ ոչ թե Սասանյանների հայեցողությամբ:

Պայմանագրի արդյունքում 485 թվականին Վաղարշ արքայից արքան Վահան Մամիկոնյանին ճանաչում է որպես Հայաստանի գերագույն կառավարիչ: Հայաստանը դառնում է կիսանկախ երկիր, որն ուներ իր ինքնավարությունը: Ձախողվում են Հայաստանը Պարսկաստանի վարչական մարզ դարձնելու, հայերին կրոնափոխելու բոլոր փորձերը: Հայաստանը պահպանում է նաև իր տնտեսական ու մշակութային զարգացման հնարավորությունները:

Կետեր[խմբագրել | խմբագրել կոդը]

484 թվականին Հայասատնի և Սասանյան Պարսկաստանի միջև կնքած պայմանագիրը պարոնակում էր հետևյալ դրույթները[3]՝

  • Վերացնել կրոնափոխության հարկադրանքը, քանդել Հայաստանում կառուցված կրակատները և դժվարություններ չստեղծել հայկական եկեղեցու գործունեության համար:
  • Սասանյան Պարսկաստանի թագավորի և հայերի միջև այսուհետ միջնորդներ չպետք է լինեին:
  • Չմիջամտել հայ նախարարների ներքին գործերին, չհավատալ երկերեսանի, բախտախնդիր անձանց ամբաստանություններին, ունկնդրել ուղղամիտ մարդկանց խորհուրդները։
  • Վահան Մամիկոնյանը պարտավորվել է հեծելագունդ ուղարկել Պարսկաստան՝ գահի հավակնորդ Զարեհի դեմ։ Հայոց հեծելագունդը վճռական դեր է խաղացել գահակալական կռիվներում՝ պարտության մատնելով ու սպանելով Զարեհին[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թ.Խ. Հակոբյան, Հայ ժողովրդի պատմության հիշարժան վայրերը, Երևան, 1990։