Ակոռիի ճակատամարտ (481)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ակոռիի ճակատամարտ
Վահանանց պատերազմ
Թվական 481
Վայր Ակոռի գյուղ
Արդյունք Հայ ապստամբական ուժերի հաղթանակ
Հակառակորդներ
Հայեր Պարսիկներ
Հրամանատարներ
Վասակ Մամիկոնյանի, Բաբգեն Սյունի Պարսիկ մարզպան Ատրվշնասպ

Ակոռիի ճակատամարտ, տեղի է ունեցել հայ ապստամբական ուժերի և պարսկական զորքերի միջև, Ակոռի գյուղի մոտ։

Արևելյան Հայաստանի պարսիկ մարզպան Ատրվշնասպը 481 թվականի աշնանը խառնիճաղանջ մի բանակով Ատրպատականից շարժվեց ապստամբների դեմ։ 400 հոգուց կազմված հայկական մի ջոկատ՝ Վասակ Մամիկոնյանի, Բաբգեն Սյունիի և ուրիշ իշխանների գլխավորությամբ, Դվինից շտապեց դեպի Արաքս գետը՝ Նախճավանի մոտ՝ արգելելու թշնամու գետանցը։ Սակայն մինչև հայերի տեղ հասնելը պարսկական զորքն անցել էր գետը և ամրացել Կռվակ գյուղում։ Հայերը հետախուզեցին թշնամու բանակը (կազմված մեծ մասամբ անվարժ, ոչ պիտանի զինվորներից) և որոշեցին նահանջել դաշտից ու ճակատամարտ տալ լեռնային տեղանքում։ Հայկական ջոկատը դիրքավորվեց Մասիսի փեշերին՝ Ակոռի գյուղի մոտ, որտեղ թիկունքն ապահով էր լեռան կողմից, ապա հանկարծակի հարձակվեց իրեն հետապնդող պարսիկների վրա։ Չդիմանալով գրոհին՝ պարսիկները խուճապահար փախուստի դիմեցին՝ տալով մեծ կորուստներ։

Ըստ Ղազար Փարպեցու` Ակոռիի ճակատամարտում սպանվեցին մարզպան Ատրվշնասպն ու «այլ արք ավագ և զբազում պարսիկք»։ Ժողովուրդը ցնծությամբ ընդունեց հաղթանակի լուրը։ Մինչ այդ տատանվող հայ նախարարներից շատերն իրենց զորամասերով միացան ապստամբներին։ Հայերը հնարավորության ստացան 481-482 թվականների ձմռանը նախապատրաստել բանակը՝ սպասվող հարձակումներից պաշտպանվելու համար։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ղազար Փարպեցի, Պատմութիւն Հայոց եւ Թուղթ առ Վահան Մամիկոնեան, Տփղիս, 1904
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png