Վահան Մամիկոնյան (ռազմական գործիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վահան Մամիկոնյան (այլ կիրառումներ)
Վահան Մամիկոնյան
պարսկերեն՝ واهان مامیکونیان
ռուս.՝ Ваан Мамиконян
Vahan Mamikonyan.jpg
440 - 505
ԾննդավայրՈղական, Տարոն, Տուրուբերան, Հայկական մարզպանություն
Մահվան վայրՈղական, Տարոն, Տուրուբերան, Հայկական մարզպանություն
ԿոչումՍպարապետ
ՊաշտոնՀայաստանի մարզպան
Մարտեր/
պատերազմներ
Վահանանց պատերազմ
Ներսեհապատի ճակատամարտ

Վահան Մամիկոնյան (440, Ողական, Տարոն, Տուրուբերան, Հայկական մարզպանություն - 505[1][2], Ողական, Տարոն, Տուրուբերան, Հայկական մարզպանություն) հայ ռազմական և քաղաքական գործիչ, Հայոց սպարապետ և Հայոց մարզպան (484-505)[3]։ Հմայակ Մամիկոնյանի և Ձվիկ Արծրունու ավագ որդին, Վարդի, Արտաշեսի և Վասակի եղբայրը, Մամիկոնյանների նախարարական տոհմից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վահան Մամիկոնյանը Ավարայրի ճակատամարտում զոհված Վարդան Մամիկոնյանի եղբոր՝ Հմայակի և Ձվիկ իշխանուհու ավագ որդին է։ Ավարայրի ճակատամարտից (451 թ.) հետո նրան եղբայրների՝ Վասակի ու Արտաշեսի հետ պատանդ են վերցրել և տարել Պարսից արքունիք։ 455 թվականին Գուգարաց Աշուշա Բդեշխն ազատել է նրանց և կրթել ու դաստիարակել է իր տանը։ Հետագայում Վահանը հաստատվել է իր հայրական ոստանում, դարձել տոհմի նահապետը և, իր շուրջը հավաքելով հայրենասեր նախարարներին, նախապատրաստվել է ապստամբության պարսիկների դեմ։ Տեղեկանալով այդ մասին՝ պարսիկ պաշտոնյաները փախել են Ատրպատական, և իշխանությունն անցել է ապստամբներին։

Վահանանց պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իշխան Վահան Մամիկոնյանը

Ներսեհապատի ճակատամարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վահան Մամիկոնյանն ընտրվել է սպարապետ, Սահակ Բագրատունին՝ մարզպան, Հովհաննես Ա Մանդակունի կաթողիկոսը՝ մեծ դատավոր։ Հայաստանից փախած պարսիկ մարզպան Ատրվշնասպը Ատրպատականում զորք է հավաքել և 481 թվականի աշնանը շարժվել դեպի Այրարատ։

Մասիսի լանջին՝ Ակոռի գյուղի մոտ, հայկական ուժերը ճակատամարտում հաղթել են պարսիկներին։ Ատրվշնասպն սպանվել է։ Հաղթանակը մեծ ոգևորություն է առաջացրել, ապստամբների շարքերը համալրվել են։ Թշնամու ավելի խոշոր բանակ արշավել է Հայաստան։ 482 թվականի գարնանը Վահան Մամիկոնյանի հրամանատարությամբ հայկական զորքերը հակառակորդին հանդիպել են Ավարայրից ոչ հեռու՝ Արտազ գավառի Ներսեհապատ գյուղի մոտ։ Մարտն ավարտվել է հայերի հաղթանակով։ Հետապնդելով փախուստի դիմած թշնամուն՝ հայկական զորաբանակը ոչնչացրել է նրան։ Ներսեհապատի ճակատամարտը հայկական ռազմական արվեստի պատմության փառավոր էջերից է։

Վահան Մամիկոնյանի մուտքը Դվին

482 թվականի ամռանը պարսկական մի խոշոր զորաբանակ Աղվանքով ներխուժել է Վրաստան։ Վրաց Վախթանգ I թագավորի խնդրանքով հայկական զորքը Վահան Մամիկոնյանի գլխավորությամբ հասել է օգնության, բայց Ճարմանայի դաշտում հայ-վրացական միացյալ բանակը ծանր պարտություն է կրել։ Զոհվել են մարզպան Սահակ Բագրատունին, սպարապետի եղբայր Վասակ Մամիկոնյանը և ուրիշներ։ Հայկական զորքը նահանջել է Տայք։

Նվարսակի հաշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

484 թվականի ամռանը պարսից բանակը պարտվել է միջինասիական քոչվորական ցեղերին՝ հեփթաղներին, կռվում սպանվել է Պարսից Պերոզ արքան։ Գահ է բարձրացել նրա եղբայր Վաղարշը։ Արքունիքը համոզվել է, որ անհնար է բռնությամբ ճնշել հայոց ապստամբությունը և ընտրել է զիջումների ուղին։ 484 թվականի աշնանը Վաղարշ արքան Հայաստան է ուղարկել դեսպան Նիխոր զորավարին՝ հաշտության բանակցություններ վարելու համար։ Բանակցությունները տեղի են ունեցել Հեր գավառի Նվարսակ գյուղում։ Արքունիքը պարտավորվել է հրաժարվել կրոնափոխության ծրագրից, պահպանել Հայաստանում հաստատված նախարարական կարգը, չմիջամտել հայ նախարարների ներքին գործերին, իսկ հայ նախարարները ճանաչել են Պարսից արքայի գերագահությունը։

Ասպազեն Վահան Մամիկոնյանը

485 թվականին Վահան Մամիկոնյանը մեկնել է մայրաքաղաք Տիզբոն, վերահաստատել Նվարսակի պայմանագիրը, հաստատվել Հայոց սպարապետ և տանուտեր։ Շուտով նա նշանակվել է նաև Հայաստանի մարզպան։ 483–484 թվականներին հիմնովին վերակառուցել է Սուրբ Էջմիածնի Մայր տաճարը։ Աքսորից վերադարձրել է Ղազար Փարպեցուն, որը նրա պատվերով և հովանավորությամբ գրել է «Պատմություն Հայոց» երկը։ Վահան Մամիկոնյանին է հղված Ղազար Փարպեցու «Թուղթ առ Վահան Մամիկոնյան» նամակը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ղազար Փարպեցի, Հայոց պատմություն. Թուղթ Վահան Մամիկոնյանին, Երևան, 1982։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Settipani C. Continuité des élites à Byzance durant les siècles obscurs (ֆր.): Les princes caucasiens et l'Empire du VIe au IXe siècleParis: 2006. — P. 137. — ISBN 978-2-7018-0226-8
  2. 2,0 2,1 Toumanoff C. Les dynasties de la Caucasie chrétienne de l'Antiquité jusqu'au xixe siècle (ֆր.): Tables généalogiques et chronologiquesRome: 1990. — P. 331.
  3. «Հայոց պատմություն. Թուղթ Վահան Մամիկոնյանին», Ղազար Փարպեցի, աշխ. թարգմ.՝ Բագրատ Ուլուբաբյանի, Երևան, 1982, էջ 8-9.