Արցախի ազատագրական պայքար (1724-1731)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայաստանի պատմություն
Հայաստանի զինանշանը
Նախապատմություն
Մ.թ.ա. 2492 - մ.թ.ա. 590
Հայ ժողովրդի ծագումը
Ցեղային միություններ և
պետական կազմավորումներ
Վանի թագավորություն
Մեծ Հայք
Մ.թ.ա. 590 - մ.թ. 428
Երվանդունիների թագավորություն
Փոքր Հայք, Ծոփք և Կոմմագենե
Արտաշեսյանների թագավորություն
Արշակունիների թագավորություն
Քրիստոնեության ընդունում
Ավատատիրության հաստատում
Գրերի գյուտ
Միջնադար
428 - 1375
Պարսկա-Բյուզանդական տիրապետություն
Արաբական տիրապետություն
Բագրատունիների թագավորություն
Վասպուրական
Վանանդ, Լոռի և Սյունիք
Կիլիկիայի հայկական թագավորություն
Զաքարյան իշխանապետություն
Օտար տիրապետություն
1375 - 1918
Կարա-Կոյունլուներ և Ակ-Կոյունլուներ
Թուրք-պարսկական
տիրապետություն
Արևելյան Հայաստանը Ռուսաստանի կազմում
Հայոց ցեղասպանություն
Հայկական սփյուռք
Ժամանակակից պատմություն
1918 - ներկա
Հայաստանի Առաջին Հանրապետություն
ՀԽՍՀ
Արցախյան ազատամարտ
Հայաստանի Հանրապետություն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն

Հայաստան Հայաստանի պորտալ

Արցախի ազատագրական պայքար, 1724-1731 թվականներին սկսված ազատագրական շարժում պատմական Արցախ նահանգի տարածքում ձևավորված հայկական մելիքությունների գլխավորությամբ։ Դրա նպատակն էր կասեցնել թուրքական հարձակումը դեպի Արևելյան Հայաստան, երկրամասը մաքրել օտար զորքերից ու ազատագրել այն։ Ժամանակագրական հերթականությամբ համընկել է Սյունիքի ազատագրական պայքարին (1722-1730)[1]:

18-րդ դարի սկզբին հայ ազատագրական շարժման առաջնորդներից Իսրայել Օրին մեկնել էր Ռուսական կայսրության մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգ՝ Պետրոս Մեծից (1682-1725) օգնություն խնդրելու և Արևելյան Հայաստանն ազատագրելու և հայոց պետականությունը վերականգնելու նպատակով[2]: Ստանալով կայսեր համաձայնությունը՝ նա մեկնում է Հարավային Կովկաս և Իրան՝ որպես ռուսական բանակի սպա և դեսպան։ 1711 թվականին Ռուսաստան վերադառնալիս Օրին մահանում է, և պատվիրակությունը հետ է գալիս Հայաստան[3]:

Մի քանի տարի անց Սեֆյան Պարսկաստանում սկսում են գահակալական կռիվներ։ 1722 թվականին աֆղանների զորահրամանատար Միր Մահմուդը գրավում է մայրաքաղաք Սպահանը: Երկրում սկսում է խառնաշփոթ ու անիշխանություն, իսկ գահաժառանգը փախչում է Թավրիզ: Օգտվելով դրությունից՝ Օսմանյան սուլթան Ահմեդ III-ը (1703-1730) հարձակվում է Իրանի հյուսիսային տիրույթների՝ Հայաստանի, Վրաստանի ու Շիրվանի վրա[4]: Միևնույն ժամանակ Հյուսիսային պատերազմի հաղթական ավարտից հետո Հարավային Կովկաս է արշավում Պետրոս Մեծը[5]:

Արցախում այդ ժամանակ իշխում էին Բագրատունիներից ու Առանշահիկներից սերող ազնվական տոհմերի ներկայացուցիչներ, այդ թվում՝ Հասան-Ջալալյանների, Դոփյանների, Պռոշյանների ու Օրբելյանների շառավիղները, ովքեր իրենց վերահսկողության տակ ունեին ոչ ընդարձակ կալվածքներ։ Պարսիկները նրանց «մելիք» էին անվանում (արաբ․՝ ملك`‎‎ թագավոր)։ Վրաց թագավոր Վախթանգ VI-ի (1716-1724) գլխավորությամբ հայ ազատագրական ուժերը պատրաստվում են միասնաբար հանդես գալ թուրք-պարսկական լծի դեմ։

Սղնախների կազմակերպում[խմբագրել | խմբագրել կոդը]

Շահական Պարսկաստանի գահակալական կռիվներից ու ներքին անիշխանությունից օգտվելով՝ լեռնաբնակ լեզգիներն ասպատակում էին Շիրվանի և Արցախի գյուղերն ու ամրոցները։ Կովկասցիների հարձակումներին դիմագրավելու համար Արցախի մելիքների զինված ջոկատները միավորվում են։ Կասպիական արշավանքի մասին իմանալով՝ նրանք կազմակերպում են հայ ազատագրական շարժումը։ Ազատագրական պայքարին օժանդակելու համար Շիրվանի հայկական բնակավայրերից այստեղ են տեղափոխվում Ավան և Թարխան հարյուրապետները։

Հայ մելիքներին սատարում էր հոգևորականությունը՝ Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանի գլխավորությամբ։ Նա սերում էր Խաչենի հինավուրց ազնվական Հասան-Ջալալյան տոհմից։ 1701 թվականին նստելով Գանձասարի կաթողիկոսական գահին՝ նա Գանձասարը դարձնում է ազատագրական շարժման քաղաքական կենտրոնը՝ Արցախի հոգևոր ու աշխարհիկ տերերի հավաքատեղին, որտեղ դիվանագիտական հարաբերություններ ու ռազմական ծրագրեր էին քննարկվում ու մշակվում[6]:

Արցախի տարածքում կազմակերպվեցին պաշտպանական ամրոցներ՝ «սղնախներ», որոնցից առավել հայտնի էին Գյուլիստանի, Շոշի (Շուշի), Ավետարանոցի, Ջրաբերդի և Քարագլխի սղնախները։ Դրանցում տեղակայված կայազորը կարող էր վարել ոչ միայն պաշտպանական, այլև հարձակողական մարտեր։ Սղնախների կազմակերպումը մեծապես նպաստեց թուրքական արշավանքի դեմ պայքարելուն[7]:

1724 թվականին հայ ազատագրական ուժերը թուրքական արշավանքի դեմ համատեղ պայքարի նպատակով պայմանագիր կնքեցին նույնիսկ Գանձակի մուսուլման ղեկավարների հետ։ Հայ զորահրամանատարները թուրքական բանակների դեմ պայքարում համագործակցության առաջարկներ արեցին նաև պարսկական իշխանություններին։ Արցախի պայքարին օժանդակելու խոստումներով Ռուսաստանից Արցախ ժամանեց նաև հայազգի Իվան Կարապետը։ Այդ ավելի էր հուսադրում հայկական իշխանություններին[8]:

Թուրքական հարձակում[խմբագրել | խմբագրել կոդը]

1723 թվականին թուրքերը գրավում են Քարթլի-Կախեթի թագավորության մայրաքաղաք Թիֆլիսը, ապա նաև՝ Գանձակը: Երեք ամսից ավելի տևած ինքնապաշտպանական կռիվներից հետո՝ թուրքական զորքերին տալով 20 000 զինովորի կորուստ՝ հանձնվում է 5000 բնակիչ ունեցող Երևանը[9]: Գանձակի ղեկավարները, այդպիսով, անցնում են թշնամու կողմը, օգնություն չի հասցվում նաև Իրանից։ Արցախի ու Սյունիքի ազատագրական ուժերը թուրքերի դեմ մենակ են մնում։ Թշնամին առաջինը մտնում է Արցախ։

Օսմանյան զորահրամանատարները 1724 թվականին Էջմիածնի կաթողիկոս Աստվածատուր Համադանցուն դրդում են նամակ գրել արցախահայերին, հատկապես Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանին, որ նրանք զենքը վայր դնեն և ընդունեն թուրքական հպատակություն։ Բայց Եսայի Հասան-Ջալալյանն ու նրա զինակիցները անհետևանք թողեցին Աստվածատուր Համադանցու նամակը և պատրաստվեցին մարտնչել օսմանյան բանակի դեմ[10]:

1725 թվականի մարտին օսմանյան բանակից երեք զորամաս ներխուժեց Վարանդա գավառ և սպառնալիք ստեղծեց Փոքր Սղնախի համար։ Հայ բնակչությունը շուրջ 6000 թուրք զինվորների հյուրընկալում է գյուղերում։ Ինքնապաշտպանական ուժերը գիշերային հանկարծակի գրոհով ոչնչացնում են նրանց։ Թուրքական երկու փաշաներն սպանվեցին, իսկ երրորդը գերի վերցվեց։ Այս հաղթանակը բարձրացրեց հայկական ջոկատների ինքնավստահությունը և մարտունակությունը։ Հայերը մինչ այդ պատվիրակություն էին ուղարկել ռուսական բանակ և մերժում ստացել, այժմ դաշնակցության պատվիրակություն են ուղարկում Թավրիզ՝ Իրանի գահաժառանգ Թահմասպի մոտ։ Նույն տարում Անտոն քահանայի ու Չալաբի Քյոխվայի գլխավորությամբ Ռուսաստանից Արցախ վերադարձած հայ պատվիրակությունը հայտնեց ռուսական կողմի բացասական պատասխանը։ Հայերը նոր նամակ են գրում Պետրոս Մեծին՝ չիմանալով, որ կայսրն արդեն մահացել էր[11]:

Թուրքական երկրորդ արշավանքը նույնպես անարդյունք է անցնում. 1726 թվականին նրանք ութօրյա պաշարման ընթացքում կորցնում են 800 զինվոր և չեն կարողանում գրավել Շուշին։ 40 000-անոց բանակը հետ է վերադառնում Գանձակ։ Այդ ճակատամարտից հետո հայերը երրորդ անգամ Չալաբի Քյոխվայի գլխավորությամբ պատվիրակություն են ուղարկում Եկատերինա I կայսրուհու մոտ (1725-1727)[12]:

Ապստամբության անկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Օսմանյան բանակի դեմ Արցախի հայ ազատագրական ուժերի պայքարում միայն այն ժամանակ է առավելությունն անցնում թշնամուն, երբ մահանում են Դավիթ Բեկը և Եսայի Հասան-Ջալալյանը: 1728 թվականին թուրքական բանակները կարողացել էին գրավել Իրանի Ատրպատական (Ադրբեջան) նահանգը։ Գանձասարի կաթողիկոսը, տեղեկանալով 1724 թվականի ռուս-թուրքական պայմանագրի կնքման մասին, հակվել էր թուրքերի հետ բանակցելու մտքին։ Նույն կարծիքին էին նաև ազատագրական ուժերը, ովքեր հուսախաբ էին եղել ռուսական խոստումներից։

Հայ ազատագրական ուժերի մյուս մասը 1729 թվականի սկզբներին Ավան և Թարխան հարյուրապետերի գլխավորությամբ նոր պատվիրակություն ուղարկեց ռուսական բանակ, սակայն դրական պատասխան չստանալով՝ այլևս չվերադարձավ Արցախ։ 1729-1731 թվականներին թուրքական նվաճման դեմ պայքարը շարունակում էր Գյուլիստանի սղնախը (այժմ՝ Շահումյանի շրջան), որի հրամանատարն էր Աբրահամ սպարապետը։ Արցախում ազատագրական պայքարն ավարտվեց[13]: Միևնույն ժամանակ պառակտում էր տեղի ունեցել Սյունիքում. Մխիթար սպարապետի ու Տեր-Ավետիսի տարակարծությունները հանգեցնում են Հալիձորի բերդի գրավմանը[14]:

Աֆղանական և օսմանյան նվաճողների դեմ ապստամբության գլուխ անցած զորահրամանատար Թահմասպ ղուլի Նադիրը մի քանի տարում վերականգնում է Պարսկաստանի սահմանները ու 1735 թվականին նոր հաշտություն կնքում թուրքերի հետ։ Նա դառնում է Իրանի նոր առաջնորդը՝ Նադիր շահ Աֆշարի (1736-1747)։ Օսմանյան զորքերի դեմ պայքարում նա օժանդակություն էր ստանում հայերի կողմից։ Որպես երախտագիտություն՝ շահը այցելում է Էջմիածին և ներկա է լինում պատարագին, Մայր աթոռի վերանորոգման համար նա հատկացնում է 1000 թուման, տաճարը զարդարում 15 կգ կշիռ ունեցող ոսկե ջահով։ Նադիրի բանակում էին Արևելյան Հայաստանի նշանավոր գործիչներ՝ Դիզակի (այժմ՝ Հադրութի շրջան) մելիք Եգանը, Գեղարքունիքի մելիք Շահնազարը, Երևանի մելիք Հակոբջանը և ուրիշներ[15]:

Շահ հռչակվելուց հետո Նադիրը Արցախի հարթավայրից տեղահանեց և Խորասան աքսորեց այնտեղ բնավորված թուրքամետ ջևանշիր քոչվոր ցեղին։ Նույն թվականին նա Արցախն անկախ հայտարարեց Գանձակի խանությունից՝ դարձնելով այն առանձին վարչական միավոր։ Նա վերահաստատեց Արցախի ներքին վարչական բաժանումն ու մելիքների ժառանգական իրավասությունները։ Այդուհետև Արցախի (Ջրաբերդի, Գյուլիստանի, Խաչենի, Վարանդայի և Դիզակի) մելիքությունները սկսեցին անվանվել «Խամսայի (հինգ) մելիքություններ»: Դրանց կառավարիչ նշանակվեց Դիզակի մելիք Եգանը, որը միավորում էր նաև Արցախի մելիքների ռազմական ուժերը։ Մելիք Եգանի մահից հետո կառավարչի պաշտոնն անցավ նրա որդի Արամին, իսկ այնուհետև վերջինիս եղբորը՝ մելիք Եսայուն[16]:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ազատագրական պայքարի սկիզբը: Դավիթ Բեկ»։ www.findarmenia.com։ Վերցված է 2016-01-05 
  2. «Իսրայել Օրին Ռուսաստանում»։ www.findarmenia.com։ Վերցված է 2016-01-05 
  3. «Պարսկական դեսպանությունը և Իսրայել Օրու բանակցությունները»։ www.findarmenia.com։ Վերցված է 2016-01-05 
  4. «Թուրքական ներխուժումն Անդրկովկաս, ռուս-թուրքական 1724 թ. պայմանագիրը»։ www.findarmenia.com։ Վերցված է 2016-01-05 
  5. «Ռուսական զորքերի 1722 թ. Կասպիական արշավանքը»։ www.findarmenia.com։ Վերցված է 2016-01-05 
  6. «Կաթողիկոս Հասան-Ջալալյանի քաղաքական գործունեությունը»։ Հասան-Ջալալյան Ս.Ռ.։ էջ 83։ Վերցված է 5 Հունվար 2016 
  7. «Ռազմական ճամբարների (սղնախներ) կազմավորումը»։ www.findarmenia.com։ Վերցված է 2016-01-05 
  8. «Շարժման ծավալումը Արցախում»։ www.findarmenia.com։ Վերցված է 2016-01-05 
  9. «Երևանի 1724 թ. հերոսական պաշտպանությունը»։ www.findarmenia.com։ Վերցված է 2016-01-05 
  10. Ժամկոչյան Հ. և ուրիշներ, Հայ ժողովրդի պատմություն սկզբից մինչև 18-րդ դարի վերջ, Երևան, «Երևանի պետական համալսարան», 1975, էջ 684 — 785 էջ։
  11. Սարգսյան Ա., Հակոբյան Ա., Հայոց պատմություն հնագույն շրջանից մինչև մեր օրերը, Երևան, «Ճարտարագետ», 2004 — 129-131, էջեր 129-131 — 352 էջ։
  12. Ժամկոչյան Հ. և ուրիշներ, Հայ ժողովրդի պատմություն սկզբից մինչև 18-րդ դարի վերջ, Երևան, «Երևանի պետական համալսարան», 1975, էջ 686 — 785 էջ։
  13. «Շուշիի և Վարանդայի ինքնապաշտպանական կռիվները»։ www.findarmenia.com։ Վերցված է 2016-01-05 
  14. «Մխիթար Սպարապետ: Ապստամբության ավարտը»։ www.findarmenia.com։ Վերցված է 2016-01-05 
  15. «Շահական Պարսկաստանի նոր քաղաքականությունը»։ www.findarmenia.com։ Վերցված է 2016-01-05 
  16. «Հայկական ինքնավարության ձևավորումն Արցախում (Խամսայի մելիքությունները)»։ www.findarmenia.com։ Վերցված է 2016-01-05 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]