Արցախի բռնակցումը Խորհրդային Ադրբեջանին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արցախի պատմություն
Արցախի Հանրապետության զինանշանը
Նախապատմություն
Մ.թ.ա. 2492 - մ.թ.ա. 590
Ազոխի քարայր
Հայ ժողովրդի ծագումը
Ցեղային միություններ և
պետական կազմավորումներ
Մեծ Հայք
Մ.թ.ա. 590 - մ.թ. 428
Երվանդունիների թագավորություն
Արտաշեսյանների թագավորություն
Արշակունիների թագավորություն
Քրիստոնեության ընդունում
Ավատատիրության հաստատում
Գրերի գյուտ, Ամարասի վանք
Միջնադար
428 - 1375
Պարսկա-Բյուզանդական տիրապետություն
Աղվանք
Արաբական տիրապետություն
Բագրատունիների թագավորություն
Արցախի թագավորություն
Զաքարյան իշխանապետություն
Օտար տիրապետություն
1375 - 1918
Կարա-Կոյունլուներ և Ակ-Կոյունլուներ
Թուրք-պարսկական
տիրապետություն
Ղարաբաղի կուսակալություն
Արցախի ազատագրական պայքար
Ղարաբաղի խանություն
Ելիզավետպոլի նահանգ
Ժամանակակից պատմություն
1918 - ներկա
Լեռնային Ղարաբաղ (1918-1920)
Շուշիի ջարդեր
Արցախի բռնակցում, ԼՂԻՄ
Արցախյան շարժում և ազատամարտ
Արցախի Հանրապետություն
Հակամարտության կարգավորման գործընթաց

Արցախ Արցախի պորտալ

Արցախի բռնակցումը Խորհրդային Ադրբեջանին, քաղաքական գործընթաց, որը տեղի ունեցավ 1921 թվականի հուլիսին։ Դրա արդյունքում Մեծ Հայքի պատմական նահանգներից Արցախը անջատվեց նորաստեղծ Խորհրդային Հայաստանից և բռնակցվեց Խորհրդային Ադրբեջանին: Այդ ժամանակաշրջանում Արցախի բնակչության բացարձակ մեծամասնությունը՝ 95% կամ ավելի քան 200 000 մարդ, հայեր էին։ 1923 թվականին բռնակցված Արցախի մի հատվածում ձևավորվեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը, որը ընդհանուր սահմաններ չուներ Խորհրդային Հայաստանի հետ։ Այդտեղ ապրում էր 125 000 բնակիչ, որոնցից հայեր էին 111 000-ը՝ Շուշիի 35 000-անոց հայ համայնքի ջարդից հետո։ Բռնակցման արդյունքում մոտ 70 տարի անց հայ բնակչությունը ոչ միայն չաճեց, այլև նվազեց՝ 1988 թվականին հասնելով 145 հազարի ու կազմելով ընդհանուր բնակչության 77 տոկոսը։ Փոխարենը կտրուկ ավելացավ ադրբեջանցիների թիվը՝ 12 հազարից հասնելով 40 հազարի, իսկ շրջակա արցախյան մի քանի շրջանների հետ (Աղդամ, Քաշաթաղ, Քարվաճառ և այլն) անցնում էր կես միլիոնից։

Արցախը մինչ այդ մշտապես եղել էր հայկական թագավորություների, անկախ և կիսակախյալ պետական կազմավորումների կազմում: Երվանդունիների թագավորության (մ.թ.ա. 570-մ.թ.ա. 201) ժամանակաշրջանում[1] երբեմն նվաճվել է հարևան աղվանական ցեղերի կողմից, սակայն կրկին միավորվել հայոց պետությանը[2] և Արտաշեսյանների (մ.թ.ա. 189-1) ու Արշակունիների թագավորության (54-428) մաս կազմել և եղել Ծավդեաց իշխանների ոստանը[3]: Հայաստանի առաջին բաժանումից (387) որոշ ժամանակ անց միացվել է Աղվանից մարզպանությանը, սակայն ղեկավարվել է հայկական ծագում ունեցող Եռանշահիկների կողմից[4]: 7-րդ դարում Աղվանից պետության վերացումից հետո Հայաստանը, Վրաստանը, Աղվանքը և Չողա երկիրը (Դերբենդ) միավորվում են վարչաքաղաքական մեկ միավորի՝ Արմինիա կուսակալության մեջ[5]: Զարգացած միջնադարում Արցախը կազմել է Բագրատունիների թագավորության (885-1045)[6], ավելի ուշ՝ Զաքարյան իշխանապետության մասը[7]: Ուշ միջնադարում Արցախում իշխում էին Բագրատունիներից ու Առանշահիկներից սերող ազնվական տոհմերի ներկայացուցիչներ, այդ թվում՝ Հասան-Ջալալյանների, Դոփյանների, Պռոշյանների ու Օրբելյանների շառավիղները, ովքեր իրենց վերահսկողության տակ ունեին ոչ ընդարձակ կալվածքներ։ Պարսիկները նրանց «մելիք» էին անվանում (արաբ․՝ ملك`‎‎ թագավոր)։ Գյուլիստանի պայմանագրից (1813) հետո Արցախն անցնում է Ռուսական կայսրությանը` հարևան Սյունիքի, Գարդմանի և Տավուշի հետ մտնում էր Ելիզավետպոլի նահանգի կազմ[8]:

1918 թվականի մայիսին Հարավային Կովկասում հայ և վրաց ժողովուրդների պետականության վերականգնումը առիթ է հանդիսանում կովկասաբնակ մուսուլմանների կողմից նոր քաղաքական միավորի` Մուսավաթական Ադրբեջանի ստեղծմանը, որը հովանավորվում էր նախ Օսմանյան կայսրության[9], իսկ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո՝ Անգլիայի կողմից։ Մինչև 1918 թվականը տարածաշրջանում «Ադրբեջան» անունով պետություն գոյություն չէր եղել. Ատրպատական (Ադրբեջան) վարչաքաղաքական կազմավորումը գտնվում էր Արաքս գետից հարավ։ Այս պետության ստեղծումը և կազմավորումը նպատակ ուներ իրեն բռնակցել հայկական, վրացական և իրանական տարածքները, դառնալ Թուրքիայի արևելյան դաշնակիցը և իրագործել երիտթուրքերի պանթյուրքական գաղափարները։ Արցախի բռնակցումն, այդուհանդերձ, ի կատար չածվեց Մուսավաթական Ադրբեջանի գոյության տարիներին. այն մտավ Խորհրդային Ադրբեջանի կազմ Իոսիֆ Ստալինի միանձնյա միջնորդությամբ։

Արցախը Հայաստանի առաջին հանրապետության կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրկովկասյան երեք ազգային հանրապետությունների կազմավորումից սկսած սուր և շարունակական բնույթ են կրում տարածքային-սահմանային վեճերը։ Ռուսական կայսրության վարչաքաղաքական բաժանումները, հատկապես՝ Թիֆլիսի, Երևանի ու Ելիզավետպոլի նահանգները, չէին բխում երեք պետությունների ազգային, տնտեսական ու հայրենական շահերից։ Մուսավաթական Ադրբեջանը ձգտում էր ոչ միան տիրանալ Բաքվի ու Ելիզավետպոլի նահանգներին, այդ թվում՝ Ղարաբաղին (Արցախ) ու Զանգեզուրին (Սյունիք), այլև տատարածքային պահանջներ ուներ Երևանի նահանգի (Շարուր-Նախիջևան) և Թիֆլիսի նահանգի (Քվեմո Քարթլի և Զաքաթալա) նկատմամբ։

Տարածքային խնդրում Ադրբեջանին աջակցում էին Թուրքիան, ապա՝ Անգլիան: Անդրկովկասում բոլոր պետություններին իր կողմը սիրաշահելու նպատակով Անգլիան փորձում էր մասամբ բավարարել նաև Վրաստանի ու Հայաստանի տարածքային պահանջները. դեռ 1918 թվականի ընթացքում անգլիական բանակը վերականգնել էր 1914 թվականի նախապատերազմյան սահմանը և Հայաստանին ու Վրաստանին վերադարձրել Կարսի ու Բաթումի մարզերը, հայկական իշխանություն հաստատել նաև Սուրմալուի ու Ալեքսանդրապոլի գավառների վրա։ 1920 թվականի ապրիլից, երբ Ադրբեջանում հաստատվում են խորհրդային կարգեր, Անգլիային փոխարինում է Ռուսաստանի ԽՖՍՀ-ն։

Դեռ 1918 թվականի նոյեմբերին անգլիացիների միջամտությամբ կասեցվել էր Զորավար Անդրանիկի ջոկատների առաջխաղացումը դեպի Շուշի: Նրանց աջակցությամբ Արցախ-Զանգեզուրի նահանգապետ նշանակվեց Խոսրով բեկ Սուլթանովը: Իր հերթին Թուրքիան գաղտնի պայմանագիր էր կնքել Ադրբեջանի հետ և ցույց էր տալիս ռազմաքաղաքական օգնություն։

Արցախ-Սյունիքի հայությունը, որը մեծամասնություն էր կազմում այդ մարզի տարածքում, չճանաչեց Ադրբեջանի գերիշխանությունը։ Հաշվի առնելով առաջին համաշխարհային պատերազմում և Հայոց մեծ եղեռնի ընթացքում տված մարդկային կորուստները և երկրի սոցիալ-տնտեսական ծայրահեղ վիճակը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ձգտում էր խաղաղ միջոցներով լուծել Ադրբեջանի հետ վիճելի հարցերը։ Սակայն Անգլիան, շահագրգռված լինելով Բաքվի նավթով, ավելի հաճախ ճնշում էին գործադրում Հայաստանի վրա՝ Ադրբեջանին զիջումներ անելու նպատակով։

1920 թվականի մարտին տեղի է ունենում Շուշիի հայ բնակչության կոտորածը, որի ընթացքում զոհվում են 35 000 արցախահայեր կամ Արցախի բնակչության մոտ 20 %-ը։ Այս դեպքերից հետո Հայաստանի՝ Դրաստամատ Կանայանի ղեկավարած զորախումբը մտավ Ղարաբաղ, իսկ ապրիլի 25-ին տեղի հայ Ազգային խորհրդի 9-րդ համագումարը հռչակեց Լեռնային Ղարաբաղի միացումը Հայաստանի Հանրապետությանը։ Երեք օր անց՝ ապրիլի 28-ին, 11-րդ Կարմիր բանակի միջամտությամբ խորհրդայնացվեց Ադրբեջանը։ Դրանից հետո Անգլիայի ադրբեջանամետ քաղաքականություն սկսեց վարել Խորհրդային Ռուսաստանը: ՀՅԴ կառավարությանը ներկայացվեց վերջնագիր, ապա թուրք-թաթարական ջոկատները բոլշևիկ զինուժի հետ ներխուժեցին Հայաստանի Հանրապետության հարավային գավառներ՝ Ղարաբաղ, Զանգեզուր և Նախիջևան։ Կարմիր բանակի օգնությամբ Ադրբեջանը տիրեց Լեռնային Ղարաբաղին[10]:

Հայաստանի խորհրդայնացում[խմբագրել | խմբագրել կոդը]

1920 թվականի օգոստոսի 10-ին Հայաստանի Հանրապետությունը կնքում է երկու պայմանագիր։ Առաջինը ստորագրվել էր Փարիզի Սևր կոչվող արվարձանում. Սևրի պայմանագրով նորաստեղծ պետությանը պետք է միացվեին Արևմտյան Հայաստանի այն տարածքները, որոնք ազատագրվել էին ռուսական բանակի կողմից Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին՝ մոտ 90 000 կմ 2[11]: Արցախի և մյուս վիճելի տարածքների մասին հստակ ձևակերպում չէր մտցվել։ Երկրորդը կնքվում է Թիֆլիսում. Թիֆլիսի հայ-ռուսական համաձայնագրի երկրորդ հոդվածի համաձայն խորհրդային զորքերը զբաղեցում էին վիճելի համարվող Ղարաբաղը, Զանգեզուրը և Նախիջևանը, բացի հայկական զորքերի կողմից զբաղեցվող մի քանի շրջանների[12]:

Նույն թվականի սեպտեմբերի վերջին Քեմալական Թուրքիան պատերազմ է հայտարարում Հայաստանին, որի ընթացքում փրկության ելք չտեսնելով՝ դաշնակցականները հանձնում են իշխանությունը և նոյեմբերի 29-ին Հայաստանը հռչակվում է խորհդրային հանրապետություն։ Ադրբեջանի Ժողկոմխորհի նախագահ Նարիման Նարիմանովը շնորհավորանք է ուղարկում Երևան՝ հայտնելով, որ այլևս որևէ տարածքային խնդիր չունի, և ճանաչում է Ղարաբաղը, Զանգեզուրը և Նախիջևանը որպես Խորհրդային Հայաստանի անբաժան մաս։ Ելնելով Ադրբեջանի հեղկոմի որոշումից՝ Հայաստանի ԽՍՀ հեղկոմը 1920 թվականի դեկտեմբերի 24-ին հռչակագիր ընդունեց Նախիջևանի մարզի ինքնորոշման մասին[13]:

1921 թվականի փետրվարին խորհրդայնացվում է Վրաստանի Դեմոկրատական Հանրապետությունը: Անդրկովկասի երեք հանրապետությունների միջև 1918 թվականից սերող տարածքային վեճերը լուծելու համար գործում էր համապատասխան հանձնաժողով՝ ռուսաստանցի բոլշևիկ հեղափոխական Սերգեյ Կիրովի նախագահությամբ և երեք հանրապետությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։ ՀԿ(բ)կ Կենտկոմում արտգործժողկոմ Ասքանազ Մռավյանը զեկուցում է «Ադրբեջանի և Վրաստանի հետ ներքին սահմանների հաստատման հարցի մասին», և նրա նախագահությամբ ստեղծվում է հանձնաժողով, որը զբաղվելու էր համապատասխան փաստաթղթերի պատրաստումով։ Տարածքային հարցում համաձայնություն երեք հանրապետությունների միջև չի կայանում. Հայաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Բեկզադյանի առաջարկով հարցը փոխադրվեց ՌԿ(բ)կ Կովկասյան բյուրո[14]:

Մոսկվայի ու Կարսի պայմանագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

1920 թվականի դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը արդեն գոյություն չունեցող Հայաստանի Հանրապետության իշխանությունները կնքում են Ալեքսանդրապոլի պայմանագիրը, որի համաձայն հրաժարվում են Սևրի պայմանագրից, սեփական տարածքների գրեթե կեսից՝ Կարսի մարզից ու Սուրմալուի գավառից, իսկ Նախիջևանը համարելով «երրորդ պետության» հովանավորության տրվող տարածք։ Պայմանագրի վերանայման նկատմամբ Խորհրդային Ռուսաստանը ստանձնել էր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը։ Թուրքիան, իր հերթին, 1920-1921 թվականներին օգտագործում էր Հայկական հարցը՝ զիջումներ ստանալու համար ինչպես Անտանտի երկրներից (Անգլիա, Ֆրանսիա և ուրիշներ), այնպես էլ Ռուսաստանից:

1921 թվականի սկզբին, երբ ընթանում էր մոսկովյան կոնֆերանսը, Վլադիմիր Լենինը նշել էր, որ իրենք ստիպված են ժամանակավորապես զոհաբերել հայ աշխատավորների շահերը՝ հանուն համաշխարհային հեղափոխության[15]: Իոսիֆ Ստալինի համոզմամբ՝ Կարսի և մյուս տարածքների համար չարժի կռվել Թուրքիայի հետ՝ դա որակելով որպես հայկական իմպերիալիստական պահանջ[16]: Ավելին, մոսկովյան հայ-ռուս-թուրք-ադրբեջանական քառակողմ կոնֆերանսը դարձավ ռուս-թուրքական՝ երկկողմ։

Նախկին Հայաստանի Հանրապետության տարածքների հարցը քննարկվում էր առանց հայ ժողովրդի ու Խորհրդային Հայաստանի ներկայացուցիչների, քանի որ կոնֆերանսի օրերին Հայաստանում ընթացող փետրվարյան ապստամբությունը չեղյալ էր հայտարարել բոլշևիկյան իշխանության գոյությունը։ 1921 թվականի փետրվարի 26-ից մարտի 16Մոսկվայում կայացան ռուս-թուրքական բանակցությունները և ավարտվեցին բարեկամության ու եղբայրության մասին պայմանագրի ստորագրումով[17]:

Չնայած այդ ամենին՝ Ռուսաստանին հաջողվում է Խորհրդային Հայաստանին վերադարձնել թուրքերին զիջված Ալեքսանդրապոլի գավառը, Նախիջևանի սահմանը տեղաշարժել հարավ՝ այնպես, որ Թուրքիան և Ադրբեջանը չունենան ընդհանուր սահման, Հայաստանին տրամադրել Ղազախի և Շամշադինի մեծ մասը (Տավուշ)։ Վրաստանի պարագայում թուրքերը հետ վերադարձրին նավահանգիստ Բաթումը: Թուրքիայի հյուսիսարևելյան (Հայկական ԽՍՀ-ի հետ) սահմանն անցնում էր Ախուրյան ու Արաքս գետերի հունով՝ թուրքական կողմում թողնելով Կարսի մարզը և Սուրմալուի գավառը։ Նախիջևանի մարզը դառնում էր ինքնավար տարածք՝ Ադրբեջանի խնամակալության տակ, որը չէր զիջվելու երրորդ պետության։

Մոսկվայի պայմանագրով և Լոռու և Զանգեզուրի միանալուց հետո Խորհրդային Հայաստանը մնաց 29 740 կիլոմետրի սահմաններում. ընդ որում, Լոռին մինչ այդ եղել էր Վրաստանի Դեմոկրատական Հանրապետության մասը։ Մինչև 1920 թվականի թուրք-հայկական պատերազմը Հայաստանի Հանրապետության իշխանությունը տարածվում էր շուրջ 60 հազար քառակուսի կիլոմետրի վրա։ Պատերազմի ավարտին դաշնակցական կառավարությունը Ալեքսանդրապոլի պայմանագրով հրաժարվեց սեփական տարածքներից, և Մոսկվայի պայմանագրով հնարավոր դարձավ Հայաստանին վերադարձնել միայն Շիրակը և ևս մի քանի շրջաններ։

Մոսկվայի պայմանագրի համաձայն՝ Անդրկովկասի երեք հանրապետությունները Թուրքիայի հետ ունենալու էին իրենց առանձին պայմանագրերը՝ պահպանելով մոսկովյան պայմանագրի սկզբունքները։ Նոր բանակցությունները կայանալու էին Կարսում՝ սեպտեմբերի 26-ից մինչև հոկտեմբերի 13[18]: Խորհրդային Հայաստանի՝ արտգործժողկոմ Ասքանազ Մռավյանի ղեկավարած պատվիրակութունն առաջարկում էր վերադարձնել պատմական Անին և Կողբի աղահանքերը, իրեն տրամադրել Նախիջևանի երկրամասի հովանավորությունը, Օլթիի քարածխի, Կաղզվանի հանքերի և այլ վայրերի շահագործումը։ Կոնֆերանսում Ռուսաստանի ներկայացուցիչ Գանեցկին դրեց միջնադարյան Հայաստանի մայրաքաղաք Անիի ավերակները վերադարձնելու, ինչպես նաև Կողբի աղահանքերը շահագործման վերցնելու հարցը, սակայն ապարդյուն։ Հոկտեմբերի 13-ին ստորագրված Կարսի պայմանագրով Խորհրդային Հայաստանին պարտադրվեց ընդունել ու ճանաչել սեփական տարածքների կորուստը[19]:

Արցախի վերջնական բռնակցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Զանգեզուրում ինքնապաշտպանություն ծավալած և այն հաղթական ավարտի հասցրած Գարեգին Նժդեհը շարունակում էր պնդել Լեռնային Ղարաբաղի միացման պահանջի վրա՝ որպես իր պայքարը դադարեցնելու պայման։ Խորհրդային Հայաստանի կառավարությունը 1921 թվականի հունիսի 12-ին ընդունեց որոշում և արեց հետևյալ հայտարարությունը.

Aquote1.png Ադրբեջանի ԽՍՀ Հեղկոմի հռչակագրի և Հայաստանի ու Ադրբեջանի հանրապետությունների կառավարությունների միջև եղած համաձայնության հիման վրա հայտարարվում է, որ Լեռնային Ղարաբաղն այժմվանից կազմում է Հայկական ԽՍՀ անբաժան մասը Aquote2.png


Լեռնային Ղարաբաղի արտակարգ կոմիսար նշանակվեց Ասքանազ Մռավյանը: Ադրբեջանի Հեղկոմի նախագահ Նարիման Նարիմանովը հերթական անգամ հանդես եկավ մերժողական հայտարարությամբ։ ՌԿ(բ)Կ Կովկասյան բյուրոյի անդամներ Գրիգորի Օրջոնիկիձեն և Սերգեյ Կիրովը նրան խորհուրդ էին տալիս Լեռնային Ղարաբաղի հարցում ղեկավարվել էթնիկական սկզբունքով. ոչ մի հայկական գյուղ չմիացվի Ադրբեջանին և, հակառակը, ոչ մի ադրբեջանական գյուղ չմիացվի Հայաստանին։ Լեռնային Ղարաբաղի հարցը փոխադրվեց Կովկասյան բյուրոյի պլենում՝ Թիֆլիս, որի հուլիսի 4-ի նիստում որոշում ընդունվեց Լեռնային Ղարաբաղը Հայաստանի կազմի մեջ մտցնելու մասին[20]:

Այդ որոշման դեմ Ադրբեջանը չորրորդ անգամ բողոք ներկայացրեց։ Հարցի լուծումը փոխադրվելու էր ՌԿ(բ)Կ Կենտկոմ (Մոսկվա), սակայն հաջորդ օրը՝ հուլիսի 5-ին, Իոսիֆ Ստալինի միջամտությամբ վերանայվեց այդ որոշումը և Լեռնային Ղարաբաղը թողնվեց Ադրբեջանի սահմաններում։ Այն դառնալու էր ինքնավար մարզ՝ Շուշի կենտրոնով[21]:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայաստանի Երվանդական թագավորությունը»։ www.findarmenia.com։ Վերցված է 2016-01-05 
  2. «Արտաշես Ա-Ն և հայկական հողերի մեծ մասի միավորումը»։ www.findarmenia.com։ Վերցված է 2016-01-05 
  3. Վարդան Դևրիկյան, Էջմիածին ամսագիր, Վաղարշապատ, 2005, էջ 43 — 785 էջ։
  4. Ժամկոչյան Հ. և ուրիշներ, Հայ ժողովրդի պատմություն սկզբից մինչև 18-րդ դարի վերջ, Երևան, «Երևանի պետական համալսարան», 1975, էջ 261 — 785 էջ։
  5. Ժամկոչյան Հ. և ուրիշներ, Հայ ժողովրդի պատմություն սկզբից մինչև 18-րդ դարի վերջ, Երևան, «Երևանի պետական համալսարան», 1975, էջ 357 — 785 էջ։
  6. Աղայան Ծ. և ուրիշներ, Հայ ժողովրդի պատմություն, հ. III, Հայաստանը զարգացած ֆեոդալիզմի ժամանակաշրջանում, Երևան, «Հայկական ԽՍՀ ԳԱԱ», 1976, էջ 86-93 — 1036 էջ։
  7. Աղայան Ծ. և ուրիշներ, Հայ ժողովրդի պատմություն, հ. III, Հայաստանը զարգացած ֆեոդալիզմի ժամանակաշրջանում, Երևան, «Հայկական ԽՍՀ ԳԱԱ», 1976, էջ 523-558 — 1036 էջ։
  8. «Ռազմաքաղաքական իրադրությունը»։ www.findarmenia.com։ Վերցված է 2016-01-05 
  9. Հայաստանի Հանրապետության միջազգային դրությունը (1918թ.)
  10. «Հայ-ադրբեջանական հարաբերությունները»։ www.findarmenia.com։ Վերցված է 2016-01-05 
  11. Հայկական հարցը Փարիզի խաղաղության կոնֆերանսում: Սևրի պայմանագիրը
  12. Հայկական համառոտ հանրագիտարան. Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության և ՌԽՖՍՀ միջև (օգոստոսի 10, 1920)
  13. «Զանգեզուրի, Լեռնային Ղարաբաղի և Նախիջևանի հիմնախնդիրները»։ www.findarmenia.com։ Վերցված է 2016-01-05 
  14. «Հայաստանի տարածքային պահանջները»։ www.findarmenia.com։ Վերցված է 2016-01-05 
  15. «Станислав Тарасов: 1921 год: кто и как готовил»։ ИА REGNUM։ Վերցված է 2016-01-06 
  16. «Проблемы истории и культуры Кавказской Албании»։ armenianhouse.org։ Վերցված է 2016-01-06 
  17. «Մոսկվայի պայմանագիր | armeniansgenocide.am»։ www.armeniansgenocide.am։ Վերցված է 2016-01-06 
  18. «Կարսի պայմանագիր | armeniansgenocide.am»։ www.armeniansgenocide.am։ Վերցված է 2016-01-06 
  19. Հայկական տարածքների հարցը 1921թ. մարտի 16-ի Մոսկվայի և հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրերում
  20. «Խորհրդային կառավարության կողմից Ղարաբաղի տարածքի բաժանումը և Լեռնային Ղարաբաղին ինքնավարության կարգավիճակի տրամադրումը: 1920-1923 թթ:»։ http://armarlur.com/։ Հուլիսի 4, 2011։ Վերցված է 7 Հունվար 2016 
  21. «Արցախի խնդիրը»։ www.findarmenia.com։ Վերցված է 2016-01-05 
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png