Նախճավան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Նախիջևան (գավառ)ից)
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Նախճավան (այլ կիրառումներ)

Նախճավան, գրաբար՝ Նախճաւան, նաև Նախիջևան, գրաբար՝ Նախիջեւան, Մեծ Հայքի Վասպուրական նահանգի 34-րդ գավառը[1]։ Պատկանել է Մարդպետունիներին, ապա՝ Արծրունիներին։

Նախիջևանը, գտնվելով հին աշխարհի երկրների տարանցիկ առևտրական երթուղիների կենտրոնում, հնուց ի վեր եղել է հայոց ազգի հասարակական, քաղաքական ու մշակութային նշանավոր օջախներից մեկը։ Գավառի գյուղերի ու ավանների տարածքում, որոնք հիմնականում գտնվում են Նախճավան գետի հոսանքն ի վեր և Արաքս գետի մերձակա հարթություններում, հնագույն ժամանակներից մինչև մեր օրերն են հասել պատմության և ճարտարապետության մի շարք հուշարձաններ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռևս նոր քարի դարի շրջանից սկսած Նախճավան-Նախիջևան քաղաքի մերձակայքում օգտագործվել է աղի հանքը։ Հայտնի են Քյուլ Թափա պղնձաքարի դարաշրջանի (էնեոլիթի) բազմաշերտ բնակատեղին, Աստապատ գյուղաքաղաքի հնավայր բնակատեղին և այլ նշանավոր պատմական վայրերը, որոնք խոսուն վկաներն են Նախճավան քաղաքի ու գավառի տարածքում մարդու վաղնջական բնակության։ Վաղ միջնադարյան աղբյուրներում հիշատակվող Նախճավան տեղանունը հետագայում հիշատակվում է որպես Նախիջևան։

Ըստ Աստվածաշնչի առասպելի Նախիջևան անվանումը կապված է Նոյի իջևանած առաջին վայրի («Նախ իջևան») հետ։ Օտարազգի մատենագրության մեջ Նախիջևանը տարբեր ժողովուրդների մոտ տարբեր անվանումներ է ունեցել։ Օրինակ, հույները Նախիջևանը կոչել են Նախսուանա, արաբները՝ Նեշևի, Նեշուի, պարսիկները՝ Նախուա, Նախճեվան, Նաուշա, Նագշիջիհան։ Թուրքերը Նախիջևանը ևս կոչել են Նագշիջիհան, որ նշանակում է նկար (կամ զարդ) աշխարհի[2][3]։

Մովսես Խորենացին նույնպես օգտագործում է Նախիջևան տեղանունը («Ատրպատականից մինչև Ճվաշ և Նախճավան»)[4]։

Հետևապես Նախճավան գավառը հնում գտնվում էր Մարդպետունիների իշխանության ներքո։ Այս իշխանական տունը հայոց արքունիքում իշխում էր արքունի գանձերի ու կանանց վրա։ Պատմական մի շարք փաստեր հավաստում են, որ Մարդպետունիների և Վասպուրականի իշխանականաների միջև գոյություն է ունեցել թշնամանք, որը գոյատևել է մինչև Արշակունիների անկումը՝ 5-րդ դարը։ Արշակունիների անկումից հետո իրավականորեն վերացվել են նաև Մարդպետունիների իրավասությունները։ Այդ շրջանից էլ Նախճավան գավառը անցել է Արծրունիների իշխանության ներքո[5], և այղ պատճառով էլ 7-րդ դարի «Աշխարհացոյցի» տվյալներով՝ Նախճավանն արդեն Վասպուրականի 34-րդ գավառն էր կազմում[6]։ 10-րդ դարի պատմիչ Թովմա Արծրունին վկայում է, որ 705 թվականին Նախճավանի ու Խրամի եկեղեցիներում հայ նախարարներին արաբների կողմից ողջ-ողջ այրելուց հետո Կաշմ ոստիկանը Նախճավանն անջատել է Վասպուրականից[7]։ Այդ անջատումից հետո Նախճավանն իր աշխարհագրական հարմարավետ դիրքով ու տնտեսական արժանիքների շնորհիվ Սյունաց և Վասպուրականի իշխանների համար դարձել էր կռվախնձոր։ Այդ է պատճառը, որ 705 թվականից հետո մինչև 10-րդ դարի սկզբները այս գավառը վարչականորեն մեկ գտնվել է Վասպուրականի, մեկ՝ Սյունիքի կազմի մեջ։ Հետագայում Նախճավանը, հարևան մյուս գավառների նման, մինչև 1828 թվականը գտնվել է սելջուկների ու թաթար մոնղոլների, պարսիկների ու թուրքերի տիրապետությունների տակ և ենթարկվել է բազում հրկիզումների ու ավերումների։

Շարուր - Նախաջիևանը 1918-1921 թվականներին[խմբագրել | խմբագրել կոդը]

1917 թվականի ռուսական Փետրվարյան և Հոկտեմբերյան հեղափոխություններից հետո երկրամասը դարձավ կռվախնձոր այստեղ բնակվող հայերի և մուսուլմանների միջև: Անդրկովկասյան հանրապետությունների ստեղծումից հետո մուսավաթական Ադրբեջանը երկրամասը համարում էր իր տարածքը, քանզի ձգտում էր անմիջական կապ ստեղծել Օսմանյան կայսրության հետ: 1918 թվականի մայիսի 28-ին Հայոց ազգային խորհրդի հայտարարությամբ հայկական բոլոր գավառները, այդ թվում՝ Նախիջևանի գավառը կազմում էին Հայաստանի հանրապետության անբաժանելի մասը: 1918 թվականի թուրքական արշավանքի հետևանքով հայ ազգաբնակչության մի զգալի մասը ստիպված էր լքել երկրամասը: Նույն թվականի ամռանը Անդրանիկն իր ջոկատով գրավեց Նախիջևանը և այն դրեց Կովկասի ժամանակավոր արտակարգ կոմիսար Ստեփան Շահումյանի, որ նույնն է, թե Խորհրդային Ռուսաստանի տրամադրության տակ: Անդրանիկը իր ջոկատներով հասավ մինչև Մակու, սակայն, թուրքական ուժերի ճնշման տակ ստիպված էր հետ վերադառնալ: Այդ ընթացքում նա նախատեսում էր տեղի հայերից կազմել 4000 հոգուց բաղկացած ջոկատ, որը կպաշտպաներ երկրամասը թուրքերի հարձակումներից: Թուրքական զորքերի նոր առաջխաղացումը Անդրանիկին ստիպեցին անցնել Զանգեզուր: Մուդրոսի զինադադարից հետո Օսմանյան բանակը պետք է հեռանար Կովկասից մինչև 1914 թվականի ռուս-թուրքական սահմանը: Թուրքական զորքերի հեռացումը նպաստավոր պայմանններ էր ստեղծել երկրամասը Հայաստանի հանրապետությանը վերամիավորելու համար, սակայն, թուրքական զորքերի հեռանալուց հետո այստեղ մնացել էին տասնյակ թուրք սպաներ, որոնք որպես հրահանգիչներ նախապատրաստում էին տեղի իսլամադավան բնակչությանը զինված ճանապարհով իշխանությունը վերցնել իրենց ձեռքը:

1918 թվականի վերջերից երկրամասի գաղթական հայ բնակչությունը փորձում է վերադառնալ իր նախկին բնակավայրերը: Տեղի մուսուլմանները զենքը ձեռքին խոչընդոտում էր այդ վերադարձին, քանի որ իրենք արդեն տեր էին դարձել հայերի ունեցվածքին և տներին: Առանձին հայկական զորամասեր, որոնք ցանկանում էին բացել Շարուր – Նախիջևան – Ջուլֆա երկաթգիծը, 1918 թվականի նոյեմբերին շարժվեցին դեպի Շարուր, որը պայմաններ պետք է ստեղծեր հայ բնակչության վերադարձի համար:

Հայկական ուժերի մուտքը երկրամաս խուճապ առաջացրեց տեղի խաների և բեկերի շրջանում, որի մի մասը դիմեց փախուստի դեպի Մակվի խանության սահմաննները: Այդ իրադարձություններին սկսեց միջամտել Պարսկական պետությունը: 1918 թվականի դեկտեմբերին նրանք պատվիրակություն ուղարկեցին Նախիջևան, սակայն, այդ պատվիրակությունը արձանագրեց, որ Հայաստանի հանրապետության զինված ուժեր Նախիջևանի տարածքում չկան: Պարսկական պատվիրակությունը ժամանեց Երևան, սակայն, Հայաստանի իշխանությունները զբաղված լինելով Վրաստանի հետ պատերազմով, Երևանում ընդունելով պարսիկներին, կատարեցին մի շարք հայտարարություններ, որ երկրամասը Հայաստանի անբաժան մասն է:

Պարսկական պետության հեռու գնացող նպատակները պարզ դարձան Փարիզի վեհաժողովում նրանց ներկայացրած առաջարկից: Մասնավորապես պարսկական պատվիրակությունը Փարիզում փորձում էր բարձրացնել նախկին Սեֆյան Պարսկաստանի տարածքների խնդիրը, սակայն, վեհաժողովում նրանց հասկացրեցին, որ նման հարցեր կոնֆերանսում չեն քննարկվելու:

Երկրամասի իսլամադավան ազգաբնակչությանը ֆինանսական և ռազմական օգնություն էր ցույց տալիս Մուսավաթական Ադրբեջանը: Այս պայմանններում հռչակվեց Արաքսյան հանրապետությունը: 1918 թվականին Անդրկովկասից հեռացած թուրքական և գերմանական զորքերը փոխարինվեցին պատերազմում հաղթանակած Անտանտի համաձայնության երկրների զորքերով: Տարածաշրջանի մեծ մասում հաստատվեց Բրիտանական զինվորական հրամանատարության վերահսկողությունը: Նրանց ղեկավար գեներալ Թոմսոնը վարում էր բացահայտ ադրբեջանամետ քաղաքականություն: Անգլիացիների ներկայությունը չէր կաշկանդում մուսուլմաններին և նրանք բացահայտ հարձակումներ էին գործում ինչպես առանձին հայերի, այնպես էլ հայկական բնակավայրերի վրա: Հաճախ էլ անգլիացիները խոչընդոտներ էին ստեղծում հայկական զորքերի առաջխաղացման համար: Այսպես, երբ հայկական զորքերը 1919 թվականի հունվարին հայ գաղթականների համար ճանապարհ բացելու նպատակադրությամբ շարժվեցին Շարուր, բրիտանական հրամանատարությունը միջամտեց և որոշեց այդ տարածքներում ստեղծել Չեզոք գոտի անգլիացի գեներալ նահանգապետի գլխավորությամբ: Անգլիական հրամանատարության պահանջով հայկական զորքերը Գայլի դրունքից հետ քաշվեցին դեպի Արտաշատ: Այսպիսով ստեղծվեց ընդարձակ ապառազմականացված գոտի, որն ընդգրկում էր Վեդի – բասարի և Դավալուի (Արարատ) շրջանները: Նահանգապետ գնդապետ Լաութոնի զինված ուժերը խիստ սահմանափակ էին և նրա իշխանությունը կրում էր ձևական բնույթ: Տեղական խաներն ու բեկերը ավազակախմբեր էին ստեղծում և անտեսում էին տեղական իշխանություններին և գործում անարգելք՝ կատարելով իրենց նպատակները:

1919 թվականին Փարիզի վեհաժողովում որոշում ընդունվեց բրիտանական զորքերը երկրամասից դուրս բերելու մասին: Երկրամասի նահանգապետ նշանակվեց Լևոն Բաշալյանը, որը հրամանագիր ներկայացրեց Ներքին գործերի նախարարին փախստականներին երկրամաս վերադարձնելու միջոցառումների մասին: Հայաստանում օրենք էր ընդունվել Հայաստանի ազգաբնակչությանը զինաթափելու մասին, որը պետք է տարածվեր նաև Նախիջևանի բնակչության նկատմամբ:

Հայաստանի հանրապետության կառավարության միջոցառումները չհանգեցրին մուսուլման բնակչության զինաթափմանը: Հուլիսին Շարուր – Նախիջևանում ապստամբություն բռնկվեց Հայաստանի հանրապետության իշխանություննների դեմ: Հանրապետությանը սպառնացող վտանգը հարկադրեց վարչապետ Ալեքսանդր Խատիսյանին օգնության խնդրանքով դիմելու Փարիզի վեհաժողովին, որի կողմից գնդապետ Հասկելը նշանակվեց  ՀՀ գերագույն կոմիսար, որը թեև ճանաչեց Հայաստանի սահմանների ամբողջականությունը, սակայն, օգոստոսի 29-ին Բաքվում հանդիպելով ադրբեջանական իշխանությունների հետ, հրամանագիր ստորագրեց, որով Շարուր – Նախիջևանը ճանաչվում էր Ադրբեջանի տարածք: 1919 թվականի սեպտեմբերից գնդապետ Հասկելը բանակցություններ էր վարում Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների հետ՝ փորձելով լուծել վիճելի խնդիրները: Հոկտեմբերին Շարուր-Նախիջևանի գեներալ-նահանգապետ նշանակվեց Դերլին: Մուսուլմանները թշնամաբար ընդունեցին ամերիկյան միջամտությունը և դիմեցին ցույցերի: Այսպիսով, տարածաշրջանում նահանգապետության հռչակման գործը ձախողվեց: Հաջորդ ամիսների ընթացքում Շարուր – Նախիջևանին տիրելու խնդրում ևս մեկ հավակնորդ հայտնվեց, որը շրջանին տիրանալը համարում էր իր կենսական շահերից մեկը: Սակայն, հարթ չէին հարաբերություննները տեղի թաթարների և հայ բնակչության միջև: 1919 թվականի ձմռանը նրանց միջև գժտությունններ սկսվեցին՝ վերածվելով բացահայտ թշնամանքի: Սակայն, շուտով տարաձայնությունները հարթվեցին և նրանց կողմից համատեղ ծրագիր մշակվեց Գողթան գավառի հայության դեմ նոր հարձակումներ կատարելու համար:

1920 թվականի ապրիլին Ադրբեջանի խորհրդայնացումից հետո այդ հանրապետության բոլշևիկյան ղեկավարները որպես գործոն սկսեցին օգտագործել Խորհրդային Ռոււսաստանի 11-րդ Կարմիր բանակի ուժերը: Այդ ընթացքում նրանց հաջողվեց Ղարաբաղից Զանգեզուրի վրայով անցնել Նախիջևան և հանդիպել Մուսթաֆա Քեմալի թուրքական զորքերին: Վիճակը երկրամասում ավելի ծանրացավ, երբ բոլշևիկները 1920 թվականի մայիսին ապստամբություն բարձրացրեցին: Նրանց դեմ Հայաստանի կառավարությունը զորքեր ուղարկեց: 1920 թվականի հուլիսի 14-ին Ղամարլուի (Արտաշատ) զորախումբը գրավում է Գայլի դրունքը և մտնում Շարուր: Այդ խառնակ շրջանում Նախիջևանի մուսուլմանները ստեղծում են տեղական Հեղկոմ, որը ոչնչով չէր տարբերվում մուսուլման նախկին տեղական իշխանություններից: Այդ նույն ժամանակ Խորհրդային Ռուսաստանի և «Կարմիր Թուրքիա»-յի միացյալ զորքերը Թարխանովի գլխավորությամբ գրավում են Նախիջևան քաղաքը և նրա շրջակայքը: Խորհրդային Ռուսաստանի արտաքին գործերի ժողկոմ Չիչերինը գտնում էր, որ երկրամասը պետք է միացվի Հայաստանին և երբ երկրամաս է գալիս Բեհբութ Շահթախթինսկին, նա բացահայտ հայտարարում է, որ Խորհրդային Ադրբեջանի իշխանությունները ծախել են նախիջևանցիներին: Երկրամասը փաստորեն ժամանակավորապես մնում է քեմալականների վերահսկողության ներքո մինչև որ Մոսկվայի կոնֆերանսը լուծեց նրա ճակատագիրը:

1921 թվականի մարտի 16-ին Մոսկվայում Խորհրդային Ռուսաստանի և Քեմալական Թուրքիայի միջև կնքվեց «Եղբայրության և բարեկամության մասին» պայմանագիրը՝ բաղկացած 16 հոդվածներից: Պայմանագրի երրորդ հոդվածը վերաբերում էր Նախիջևանին: Այս հոդվածում նշվում էր, որ Նախիջանը տրվում է Խորհրդային Ադրբեջանի հովանավորությանը պայմանով, որ այն չի հանձնվի երրորդ կողմին, այսինքն՝ Խորհրդային Հայաստանին: Մոսկվայի այդ ապօրինի պայմանագիրն ամրապնդվում է նույն թվականի հոկտեմբերի 13-ին Կարսում Անդրկովկասի երեք հանրապետությունների և Քեմալական Թուրքիայի միջև ստորագրված  պայմանագրով:

Նախիջևանը Ադրբեջանի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

1923 թվականին ստեղծվում է Նախիջևանի ինքնավար մարզը, իսկ 1924 թվականի փետրվարի 9-ին այն դառնում է ինքնավար խորհրդային սոցիալիստական հանրապետություն Խորհրդային Ադրբեջանի կազմում: Իսկ երբ 1991 թվականի օգոստոսի 30-ին Ադրբեջանը դուրս եկավ Խորհրդային Միության կազմից, այն վերանվանվեց Նախիջևանի ինքնավար հանրապետություն: Վերջինս, քաղաքական շահախնդրություններով պայմանավորված, ժամանակ առ ժամանակ հանդես է բերել Ադրբեջանի կազմից դուրս գալու և Թուրքիային միանալու կամ անկախ պետություն ստեղծելու ձգտումներ:

Նշենք նաև, որ Նախիջևանի հայաթափման Ադրբեջանի իշխանությունների քաղաքականությունը շարունակվել է նաև խորհրդային տարիներին: Արդեն 1960-ական թվականներին հայությունը կազմում էր Նախիջևանի ինքնավար հանրապետության ընդհանուր բնակչության թվի 2 տոկոսը: 1988-1989 թվականներին ադրբեջանցի ազգայնամոլները հայաթափում են նաև Նախիջևանի վերջին մի քանի հայկական գյուղերը, որոնց բնակիչները հաստատվում են Հայաստանում:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թադևոս Հակոբյան, Հայաստանի պատմական աշխարհագրություն, Երևան, «Միտք», 1984։
  • Այվազյան, Նախիջևան. պատկերազարդ բնաշխարհիկ հանրագիտակ, Երևան:
  • Քառյան Սամսոն, Նախիջևան (հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը), Երևան, 2011, 240 էջ։
  • Աղայան Ծատուր, Հայ ժողովրդի ազատագրական պայքարի պատմությունից, Երևան, ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն, 1976, 872 էջ։
  • Աղայան Ծատուր, Հոկտեմբերը և հայ ժողովրդի ազատագրական պայքարը 1917-1920 թթ., Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1982, 416 էջ։
  • Անդրանիկ Չելեպյան, Զորավար Անդրանիկ և հայ հեղափոխական շարժումը, (կենսագրական ակնարկ), Երևան, Արևիկ հրատարակություն, 1990, 720 էջ։
  • Ավետիսյան Հրանտ, Հայկական հարցը 1918 թվականին, Երևան, 1997:
  • Արզումանյան Մակիչ, Արհավիրքից վերածնունդ, Երևան, Հայաստան հրատարակչություն, 1973, 584 էջ։
  • Բաբկեն Խուդավերդյան, Զանգեզուր (1917-1921 թթ.), Երևան, 1988, 188 էջ։
  • Գալոյան Գալուստ, Հայաստանը և Մեծ տերությունները 1917-1923 թթ., ՀՀ ԳԱԱ Գիտություն հրատարակչություն, Երևան, 1999, 540 էջ։
  • Գարեգին Նժդեհ, Երկեր, հատ. 2., Երևան, 2002:
  • Գևորգ Ղարիբջանյան, Ժողովրդական հերոս Անդրանիկ, Երևան, Հայաստան հրատ., 1990, 248 էջ։
  • Եփրիկյան Արմինե, Հայաստանի Հանրապետության իշխանության տարածումը Նախիջևանում 1919 թ. (փաստաթղթեր), Բանբեր Հայաստանի արխիվների, ՀԱԱ, 2004, թիվ 1, էջ 47-59:
  • Եփրիկյան Արմինե, Նախիջևանը 1917-1921 թթ. (ատենախոսության սեղմագիր), Երևան, 2007, 26 էջ։
  • Եփրիկյան Արմինե, Փաստաթղթեր Շարուր-Նախիջևանի հայ գաղթականների մասին, Բանբեր Հայաստանի արխիվների, ՀԱԱ, 2009, թիվ 2, էջ 55-65:
  • Զոհրաբյան Էդիկ, Ազգամիջյան կռիվները Երևանի նահանգում 1918 թվականին, Երևան, 2000, 146 էջ, էջ 53-135:
  • Զոհրաբյան Էդիկ, Մեծ Բրիտանիայի քաղաքականությունը Շարուր-Նախիջևանի հարցում 1919 թ. առաջին ամիսներին, Բանբեր Երևանի Համալսարանի։ Հասարակական գիտություններ, Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 2001, թիվ 2, էջ 3-22:
  • Զոհրաբյան Էդիկ, Նախիջևանյան հիմնահարցը 1920 թ. մայիս – 1921 թ. հոկտեմբեր, Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 2010, 428 էջ։
  • Զոհրաբյան Էդիկ, Նախիջևանյան հիմնախնդիրը և Հայաստանի, , դաշնակիցները՚' (1918 թ. դեկտեմբեր – 1920 թ. ապրիլ), Երևան, 2002, 266 էջ։
  • Լազեան Գաբրիէլ, Հայաստան եւ հայ դատը հայ եւ ռուս յարաբերութիւններու լոյսին տակ, Երեւան, Ադանա հրատարակչություն, 1991, 436 էջ։
  • Խուրշուդյան Լենդրուշ, Հայաստանի բաժանումը 1920 թվականին, Երևան, 2002:
  • Կարապետյան Մհեր, Հայաստանը 1912-1920 թվականներին, Երևան, Զանգակ – 97 հրատարակչություն, 2003, 400 էջ։
  • Հախնազարեան Յովհաննէս, Գողթան գաւառ (պատմագրութիւն եւ յուշագրութիւն), Անթիլիաս, 1987, 288 էջ։
  • Հայ ժողովրդի պատմություն, հատոր VII. Սովետական իշխանության հաղթանակը Հայաստանում և Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետությունը Սոցիալիստական Շինարարության ժամանակաշրջանում (1917-1941 թթ.), Երևան, ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն, 1967, 656 էջ։
  • Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 314, ց. 1, գ. 163, թ. 1-12:
  • Հայաստանի Հանրապետությունը 1918-1920 թթ. (քաղաքական պատմություն), (փաստաթղթերի և նյութերի ժողովածու), խմբ. Գալուստ Գալոյան, Վլադիմիր Ղազախեցյան, Երևան, 2000:
  • Հայկական Նախիջևանի օրհասական մաքառումը 1918-1920 թթ., տե'ս, Հայոց պատմություն. հիմնահարցեր, խմբ. Հր. Ռ. Սիմոնյան, Երևան, ԵՊՀ, 2012, էջ 575-580:
  • Հայոց պատմություն, հատ. IV, գիրք I. Նորագույն ժամանակաշրջան (1918-1945 թթ.), ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ, Երևան, Զանգակ – 97 հրատարակչություն, 2010, 800 էջ։
  • Հարությունյան Աշոտ, Թուրքական ինտերվենցիան Անդրկովկաս 1918 թ. և ինքնապաշտպանական կռիվները, Երևան, ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն, 1984, 356 էջ։
  • Հարությունյան Կլիմենտ, Հայկական ազգային զորամիավորումները 1918-1945 թթ., Երևան, 2003:
  • Հենրիկ Ազատյան, Բախտորոշ պայմանագրեր, Երևան, Տիգրան Մեծ հրատ., 2002, 172 էջ։
  • Հրաչիկ Սիմոնյան, Անդրանիկի ժամանակը, երկու գրքով, Բ. գիրք, Երևան, Կաիսա հրատարակչություն, 1996, 832 էջ, էջ 193-308:
  • Հրաչիկ Սիմոնյան, Թուրք-հայկական հարաբերությունների պատմությունից, Երևան, Հայաստան հրատ., 1991, 632 էջ։
  • Ղուլյան Յուրիկ, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի հանրապետության դիվանագիտական հարաբերությունները 1918-1920 թվականներին, Երևան 2005:
  • Նախիջևան-Շարուրը 1918-1921 թթ. (փաստաթղթեր և նյութեր), խմբ. պրոֆ. Վլադիմիր Ղազախեցյանի, Բանբեր Հայաստանի արխիվների, ՀԱԱ, 1993, թիվ 1-2, 392 էջ, էջ 30-319:
  • Նախիջևանի հիմնահարցը Մոսկվայի 1921 թ. մարտի 16-ի ռուս-թուրքական պայմանագրում (գիտաժողովի նյութեր), Երևան, 2001, 204 էջ։
  • Ռուբէն, Հայ յեղափոխականի մը յիշատակները, 7 հատորով, հատ. Է., Արտասահման, Սասուն, Հայաստանի Հանրապետութիւն, Երեւան, 1991:
  • Սիմոն Վրացյան, Հայաստանի Հանրապետություն, Երևան, Հայաստան հրատ., 1993, 704 էջ։
  • Վաղարշակ Հովակիմյան, Դժվարին տարիներ, Երևան, Հայաստան հրատ., 1988, 208 էջ։
  • Վանիկ Վիրաբյան, Հայկական հետախուզությունը Առաջին հանրապետության տարիներին, Երևան, 2003:
  • Վարդան Գէորգեան, Լեռնահայաստանի հերոսամարտը (1919-1921 թթ.), Երեւան, 1991:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մեծ Հայքի վարչական բաժանումը
  2. Ե. Լալայան, Նախիջևանի ոստիկանական շրջան (առանձնատիպ «Ազգագրական հանդեսից»), Թիֆլիս, 1906, էջ 14 —15
  3. Թուրքակաան աղբյուրներ, հատ. Գ. էվլիյա Չելեբի, ծանոթագրությոլնները Ա. Խ. Սաֆրաստյանի, Եր., 1967, էջ 71
  4. Մ. Խորենացի, Պատմություն հայոց, Եր., 1968, էջ 134։
  5. Н. Адонц, Армения в эпоху Юстиниана, Спб., 1908, с. 319-320
  6. Ա. Աբրահամյան, Անանիա Շիրակացու մատենագրությունը, Եր., 1944, էջ 350
  7. Թ. Արծունի, Պատմութիւն տանն Արծրունեաց, Թիֆլիս, 1917, էջ 404