Շակաշեն
Երկիր | Մեծ Հայք |
---|---|
Կարգավիճակ | գավառ |
Մտնում է | Ուտիք |
Հիմնական լեզու | գրաբար, ուտիերեն, սակերեն |
Ազգային կազմ | սկյութներ (սակեր), հայեր, ուտիներ |
Կրոնական կազմ | Հայ առաքելական եկեղեցի, Աղվանից եկեղեցի, զրադաշտականություն |
Շակաշեն կամ Սակասենա, գավառ Մեծ Հայքի Ուտիք նահանգի կազմում[1]՝ համաձայն Աշխարհացույցի։ Աղբյուրներում Շակաշենի բնակավայրերից հիշատակվում է Վարտա ավանը, իսկ վարչական կենտրոնի մասին տեղեկություններ չեն պահպանվել։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Գավառը հիշատակվում է Շիկաշեն, Շակաշէն, Շիկաշէն ձևերով։ Ենթադրվում է, որ Շակաշեն անվանումը ծագել է սկյութների (սակերի) անունից[2]։ Խոսքը վերաբերում է ոչ թե իրանալեզու սակերին, որոնք, ինչպես և մասսագետները (մազքութներ), հանդիսանում են արևելյան սկյութներ։
Անտիկ հեղինակների երկերում հիշատակվում է Սակասենե անունով։ Ըստ Ստրաբոնի` գավառանունն առաջացել է մ.թ.ա. 7-րդ դարում այնտեղ հաստատված սակերի (շակք) ցեղանունից։ Արշակաշեն անվանաձևը (պահպանվել է միջնադարյան Մովսես Կաղանկատվացու երկում), ինչպես նշել է Հայնրիխ Հյուբշմանը, առաջացել է հետագայում` ժողովրդական ստուգաբանությունից։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շակաշենը եղել է Ուտիքի ութ գավառներից մեկը, հանդիսացել է սահմանային ծայրագավառ։ Ղևոնդ Ալիշանը նույնացնում է հետագայի Գանձակի գավառին, թեև Գանձակը հիմնադրվել էր ավելի ուշ, երբ գավառն արդեն գոյություն չուներ։ Հարավում և հարավ-արևելքում սահմանակցել է Ուտի Առանձնակ, արևմուտքում՝ Գարդման գավառներին (Շամքոր գետով), իսկ հարավ-արևմուտքում՝ Արցախ նահանգին (Կողթ գավառ)։ Հյուսիսում և հյուսիս-արևելքում՝ Կուր գետից այն կողմ, Աղվանքն էր։ Տարածքով է անցել երկու ճանապարհ՝ Վիրքը և Արցախը Աղվանքին կապող ուղիները։
Տարածքով հոսում էին Բանանց և Գանձակ (ժամանակակից անվանումներով), որը թափվում էր Կուր։ Ունի հարթավայրային ռելիեֆ։ Կլիման մերձարևադարձային է՝ մեղմ ձմեռներ և շոգ ամառներ։ Հարմար է երկրագործության (այգեգործություն, դաշտավարություն և խաղողագործություն), ինչպես նաև անասնապահության համար։
Գավառի տարածքը համապատասխանում է ներկային Ադրբեջանի Սամուխի շրջանին և Գորանբոյի շրջանի մեծ մասին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գավառը Ուտիք նահանգի կազմում եղել է դեռ Երվանդունիների թագավորության ժամանակ՝ համահայկական պետության կազմավորման տարիներին, սակայն Աքեմենյան շրջանում վերածվելով սատրապության՝ երկիրը կորցրել է որոշ ծայրագավառներ։ Հետագայում Շակաշենը մտել է Մեծ Հայքի թագավորության մեջ՝ Արտաշես Ա Բարեպաշտի (մ․թ․ա․ 189 - մ․թ․ա․ 160)՝ հայկական հողերի միավորման արդյունքում, մինչև Հայաստանի առաջին բաժանումը (387)՝ ավելի քան կես հազարամյակ։ Տարածքը, Արցախի մի շարք գավառների և ամբողջ Ուտիքի հետ միասին, հաշվի առնելով Ուտիքում հայ բնակչության սակավությունը և աղվանական ցեղերի բազմաքանակությունը, անցել է Աղվանից մարզպանությանը (Սասանյան Պարսկաստան)։ Հայաստանում քրիստոնեության ընդունումից կարճ ժամանակ անց աղվանների արքա Ուռնայրը ևս ընդունում է քրիստոնեություն և հիմնում աղվանից եկեղեցին։ Վերջինս 552 թվականին վերածվում է կաթողիկոսության, որի կենտրոնը Կապաղակն էր, իսկ միջնադարում մուսուլմանների նվաճումներից հետո՝ զարգացած միջնադարում տեղափոխվում է Արցախի Գանձասարի վանք։ Մոտ լինելով գավառին՝ դրա բնակչությունը շարունակում է ապրել Շակաշենում, ընդհուպ մինչև 20-րդ դարի վերջ։
Ինչպես գավառը, այնպես էլ Ուտիք նահանգի հարավային հատվածը, հայկական պետությունների (Բագրատունիների թագավորություն, Զաքարյան իշխանապետություն) մեջ չեն մտել՝ դրանում հայկական իշխանության կամ վարչական այլ միավորի բացակայության պատճառով։ Դրանում բնակվող քրիստոնեադավան ուտիները Աղվանքի թագավորության կործանումից և արաբական նվաճումներից հետո աստիճանաբար տեղափոխվել են Շամախիի և Արցախի լեռնային շրջաններ, հաճախ ձուլվել հայ բնակչությանը։ Տարածաշրջանի բնիկ բնակչությունն ուշ միջնադարում գերազանցապես կենտրոնացած էր Գանձակ քաղաքում և շրջակա մի քանի գյուղերում՝ այստեղ հաստատված կիսաքոչվոր և քոչվոր անսասնապահ ցեղերի՝ կարակոյունլու և ակկույունլու թուրքմենների, օղուզների և զանազան թյուրքալեզու գերդաստանների զանգվածային թափանցման պատճառով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Մեծ Հայքի վարչական բաժանումը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 30-ին.
- ↑ Թադևոս Հակոբյան, Հայաստանի պատմական աշխարհագրություն (5-րդ հրատ.), Երևան, «ԵՊՀ հրատարակչություն», 2007 — 244, էջեր 244 — 520 էջ. — 500 հատ։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ինճիճյան Ղ., Ստորագրութիւն հին Հայաստանեայց, Վնտ., 1822
- Հարությունյան Բ., Մեծ Հայքի վարչա-քաղաքական բաժանման համակարգն ըստ “Աշխարհացոյց”-ի
- Երեմյան Ս., Հայաստանը ըստ “Աշխարհացոյց”-ի, Երևան, 1963
- Ուլուբաբյան Բ.Ս., Դրվագներ Հայոց Արևելից կողմանց պատմության IV-VII դդ., Երևան, 1981
- Арутюнян, Б. Система политико-административного деления Великой Армении = Մեծ Հայքի վարչա-քաղաքական բաժանման համակարգն ըստ Աշխարհացույցի. — Ереван, 1998.
- Մեծ Հայքի վարչական բաժանումը Արխիվացված 2013-12-27 Wayback Machine
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |