Ուրծ
| Երկիր | |
|---|---|
| Կարգավիճակ | գավառ և պատմական շրջան |
| Մտնում է | Այրարատ և Արարատի շրջան |
| Հիմնական լեզու | հայերեն |
| Ազգային կազմ | հայեր |
| Կրոնական կազմ | զրադաշտականություն, հայ առաքելական եկեղեցի, ասորական ուղղափառ եկեղեցի |
Ուրծ, երբեմն՝ Ուրծաձոր, գավառ Մեծ Հայքի Այրարատ նահանգի կազմում՝ ըստ Աշխարհացույցի[1]։ Վարչական կենտրոնը եղել է Ուրցաձոր բնակավայրը, որը համապատասխանում է ներկայիս գյուղին ու համայնքին։ Այլ բնակավայրերից հայտնի է Սագրաբերդ ամրոցը՝ սուրբ Ստեփանոս եկեղեցով և Արջառերեկ մենաստանով[2][3], Թորան բերդը[4] և Տափի բերդը[5]։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուրծ անվան ստուգաբանությունը հայտնի չէ, սակայն գավառի անունով կոչվել է Ուրծեցիների նախարարական տոհմը և որոշ աշխարհագրական տեղանուններ։ Ուրծեցիներից հիշատակվում է 4-րդ դարի հայ նախարար Ներսեհը, ապա Կողթեկը և իր որդի, 5-րդ դարի նախարար Վարազներսեհը։ Վերջինս նախապես Գայլ Վահանի աջակիցն էր, ապա Վարդանանց պատերազմի ժամանակ դրժեց ուխտը, անցավ պարսիկների կողմը, ավերեց Բռնավեժը և ամրացավ Սագրաբերդում։
Աշխարհագրական անուններից է Ուրծ լեռը[6][7], որի անունով էլ կոչվում է լեռնաշղթան[8]։ Վերջինիս փեշերից դեպի Արարատյան գոգավորություն է տարածվում բուսազուրկ և անջրդի Ուրծի դաշտը։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուրծը եղել է Այրարատի քսաներկու գավառներից մեկը։ Հյուսիսում և հյուսիս-արևելքում սահմանակցել է Ոստան Հայոց, հարավ-արևելքում՝ Մասյացոտն, հարավում՝ Շարուրդաշտ, իսկ հարավ-արևելքում՝ Արած գավառներին։ Արևելքում ընդհանուր սահման ուներ Սյունիք (նահանգ) նահանգի Գեղարքունիք գավառի հետ։
Ունի լեռնային ռելիեֆ, նպաստավոր երկրագործության, ոռոգման դեպքում նաև՝ այգեգործության համար։ Տեղակայված է Ուրծ գետի (Վեդի) հովտում։ Արևմտյան հատվածում ունի դաշտային ռելիեֆ՝ Ուրծի դաշտ, որը ձուլվում է Արարատյան դաշտին։ Վերջինիս հատվախծում շատ են արտեզյան ջրերը։
Գավառի տարածքը համապատասխանում է ներկայիս ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի մի մասին և Արարատ համայնքին (նախկինում ամբողջը՝ Արարատի շրջան)։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գավառը Այրարատ նահանգի կազմում եղել է Մեծ Հայքի թագավորության մեջ՝ դեռ Երվանդունիների թագավորության, ապա նաև՝ Արտաշես Ա Բարեպաշտի (մ․թ․ա․ 189 - մ․թ․ա․ 160)՝ հայկական հողերի միավորման արդյունքում, մինչև Արշակունիների թագավորության ավարտը (428)՝ մոտ մեկ հազարամյակ։ Ավատատիրության հաստատման շրջանում՝ 4-րդ դարի ընթացքում, երբ Մեծ Հայքում ձևավորվում էին բդեշխություններ ու վարչական այլ միավորներ, Այրարատի գավառներն անցել են Արշակունիների տնօրինությանը։ Հայկական մարզպանության գոյության ամբողջ ընթացքում (428-642) գավառը եղել է դրա կազմում, ապա նաև՝ անցել արաբահպատակ Արմինիա կուսակալությանը (701-885)։ Գավառը հայկական իշխանության տակ է եղել նաև Բագրատունիների թագավորության (885-1045) և Զաքարյան իշխանապետության (1199-1361) կազմում՝ վերջինիս ժամանակ որպես Պռոշյանների և Մամիկոնյանների իշխանական կալվածք։ Անցնելով Օրբելյաններին՝ գավառի բերդերը ամրացվել են, կառուցվել է Հովհաննես Կարապետի վանքը։
Ուշ միջնադարում՝ թուրքմենական Կարակոյունլու և Ակկոյունլու ցեղերի տիրապետության տակ ընկնելով՝ ինչպես գավառը, այնպես էլ ամբողջ Այրարատ նահանգը, բնակեցվել են թյուրքալեզու խաշնարած ցեղերով։ 17-րդ դարի սկզբին, կապված Սեֆյան շահ Աբբասի 1603-1604 թվականների բռնագաղթի հետ, գավառում հայտնվում են հայեր, որոնք հիմնում են մի քանի գյուղեր, այդտեղ բնակվում մինչև հայոց ցեղասպանությունը։ Դրան զուգահեռ, տեղի է ունեցել քրդերի և թյուրքալեզու ցեղերի ներհոսք։ 1826-1828 թվականների ռուս-պարսկական պատերազմի արդյունքում պարսկահայերի ներգաղթի շնորհիվ, գավառը նորից հայացել է, այստեղ հիմնադրվել են հայկական նոր գյուղեր, նոր շունչ են ստացել հները։ 1990-ական թվականների սկզբին՝ Արցախյան հակամարտության հետ կապված, տեղի ադրբեջանցի բնակչությունն ամբողջությամբ հեռացել է Նախիջևան։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Մեծ Հայքի վարչական բաժանումը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 2-ին.
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Դ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 482 — 1008 էջ։
- ↑ «Ամրոց Սագրաբերդ». «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն. 2023 թ․ հոկտեմբերի 23.
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Դ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 474 — 1008 էջ։
- ↑ «Տափի բերդ». «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն. 2023 թ․ ապրիլի 5.
- ↑ Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 126 — 150 էջ։
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 212 — 916 էջ։
- ↑ Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 126 — 150 էջ։
| Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 285)։ |