Հայոց ձոր (գավառ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայոց ձոր (այլ կիրառումներ)
Գավառակ
Հայոց Ձոր
Հայկաբերդի ավերակները
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթՎանի վիլայեթ
ԳավառՎանի գավառ
Այլ անվանումներԽավաձոր, Խավուձոր, Հայկաձոր
Ազգային կազմհայեր
Տեղաբնականունհայոցձորցի
Ժամային գոտիUTC+3

Հայոց ձոր (նաև Երվանդունիք), գավառ Մեծ Հայքի Վասպուրական նահանգում, իսկ հետագայում գավառակ Վանի վիլայեթի Վանի գավառում։ Տեղակայված է նահանգի արևմուտքում՝ Վանա լճից հարավ-արևելք, Հայոց ձոր գետի ընդարձակ հովտում[1]։

Անվան ծագումնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանումը ծագում է հայ ժողովրդի նախնի և ռազմի գերագույն աստված Հայկ Նահապետի անունից։ Գավառի երկրորդ՝ լայնորեն շրջանառված անվանումն է Երվանդունիք՝ Երվանդունի արքայատոհմի անունից։ Երվանդունիները սկզբնապես մթա VI–IV դդ Երվանդունիքում և հարակից շրջաններում են ծավալել իրենց քաղաքական գործունեությունը։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայոց ձոր գավառը գտնվում է Վանա լճի հարավ–արևելյան եզերքին։ Հիմնական մասը ձգվում է Վանա լիճ թափվող Անգղ գետի ստորին և միջին հոսանքի ավազանում, որը սահմաննները ուրվագծվում է ջրբաժան լեռնաշղթայով։ Լեռնաշղթային հարավային ճյուղը սկիզբ է առնում Առտոս լեռից (3554 մ), շարունակվում է արևելյան ճյուղով և հասնում դեպի Բաշետ լեռնագագաթ (3750 մ), թեքվում է հյուսիս՝ Սուտիս (3150 մ), Աբուսեթ (2558 մ) գագաթներից հետո, Անգղ գետի աջ կողմում, Ղազան լեռնագագաթով ուղղվում դեպի արևմուտք և Ռուսա ծովի հյուսիսով ձգվում է Նորգյուղի (Ջադիթաշմիշ) բլրաշարով, ավարտվում է Արտամետ-Մաշկագտակ միջնահատվածում։ Հյուսիսից սահմանակից էր Տոսպ, հարավ–արևելքից՝ Ռշտունիք, արևելքից՝ Կուղանովիտ գավառներին։

Ջրային պաշարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայոց Ձոր գավառի գլխավոր գետը Անգղն է։ Այն հոսում է գավառի տարածքի ամբողջ երկայնությամբ՝ արևելք-արևմուտք ուղղությամբ։ Գետի վտակները սակավաջուր են, որոշները՝ ոչ մշտական։ Հայտնի վտակներից են աջակողմյան Առեղաձորի վտակը, իսկ ձախակողմյան հատվածում Վերին Մժնկերտ գյուղի մերձակայքում բազմաթիվ աղբյուրներից կազմված ջրառատ վտակն է։

Վերին Մժնկերտ գյուղի մերձակայքի աղբյուրների միջոցով է լուծվել գավառի ջրարբիացման խնդիրը, այլ ոչ թե Անգղ գետի ջրով։ Ջրարբիացման խնդիրը լուծվել է այդ աղբյուրներից սնվող ջրանցի միջոցով[2], որը կառուցել Մենուա թագավարը, սակայն ավանդազրույցներում այն վերագրում են Շամիրամ թագուհուն։ Մենուայի ջրանցքը իրենից ներկայացնում է ճարտարապետական գլուխգործոց, որը ձգվում է 55.3 կմ երկարությամբ։ Նույնիսկ 3000 տարի անց այն ծառայում է իր նպատակին։ Ջրանցքի կեսը անցնում է Հայոց Ձոր, իսկ մյուս կեսը անցնում է Վան-Տոսպ գավառի միջով։

Մենուայի կամ Շամիրամի ջրանցքից հետո կարևոր նշանակություն է ունեցել նաև այդ աղբյուրներից սնվող ևս մեկ ջրանցք՝ Կողնկեսի ջրանցք։ Ենթադրվում է, որ այն կառուցվել է նույն ժամանակահատվածում ինչ Շամիրամի ջրանցքը։ Այն ունի գրեթե 30 կմ երկարություն։ Այս ջրանցքով լուծվել է Անգղ գետի ձախակողմյան գյուղերի հողատարածքների ոռոգման խնդիրը։

Լինելով գավառի գլխավոր ոռոգման տարբերակ՝ երկու ջրանցքներն էլ գտնվել են տեղացիների մշտական հսկողության տակ։ Ցեղասպանությունից հետո էլ այստեղ ապրող այլազգինեը շարունակում են հետևել ջրանցքի մաքրությանը։ Այս ջրանցներից սկիզբ են առնում ավելի փոքր ճյուղեր։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երվանդունիքում էր գտնվում Հայք ամրոցը, որի անունը կապվում է առավելապես Հայկ նահապետի հետ։ Այստեղ ըստ Մովսես Խորենացու, Հայկը սպանել է Տիտանյան Բելին։

Ըստ ավանդական պատմության, Հայոց ձորում է տեղի ունեցել հայոց նախնի Հայկի հաղթական ճակատամարտը աշշուրա–բաբելական աշխարհակալ Բելի դեմ։ Ճակատամարտի տեղում Հայկը կառուցել է Հայք կամ Հայկաբերդ դաստակերտը, որի անունով այնուհետև գավառը կոչվել է Հայոց ձոր։ Միջին դարերում մտել է Վասպուրականի իշխանության, ապա՝ թագավորության մեջ։

Մինչև 19 դարի վերջը գավառը եղել է գրեթե միատարր՝ հայաբնակ։ Քրդական ցեղերն այնտեղ հաստատվեցին հատկապես 1896 թվականի հայկական կոտորածներից հետո։ Հայոց ձորի շուրջ 10000-ի հասնող հայերը բնաջնջվեցին, իսկ փրկվածները տեղահանվեցին 1915 թվականի Մեծ Եղեռնի ժամանակ[3]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Սամվել Կարապետյան, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ, «Հայոց ձոր, Հայաստանի պատմություն գրքաշար, հատոր Ա», Երևան 2015 թվական, էջ 6։
  2. Ուրարտական թագավոր Մենուաս Առաջինի կառուցած Շամիրամի ջրանցքը, Տեր-Ավետիսյան Ս., «Տեղեկագիր», 1941, Թիվ 3-4, էջ 35-43
  3. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 342
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 640
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 200