Ուտիք
| Երկիր | |
|---|---|
| Ներառում է | 12 գավառ |
| Գլխավոր քաղաք | Գարդման |
| Այլ քաղաքներ | Տիգրանակերտ, Պարտավ, Գանձակ, Դրունք Հայոց, Տիգրանակերտ (Առան-Ռոտ), Խաղխաղ |
| Ստեղծվել է | Մ.թ.ա. 189 |
| Վերացել է | Մ.թ. 387 |
| Տարածք | 11315 կմԱ |
| Ներկայիս երկրներ | |
| Ազգային կազմ | |
| Պատմական | Հայեր, ուտիներ, կասպեր, ավարներ, սակեր |
| Ներկա | Հայեր, Ադրբեջանցիներ |
| Կրոնական կազմ | |
| Պատմական | |
| Ներկա | |

Ուտիք (հայտնի է նաև որպես Ուտի կամ Ուտյաց աշխարհ), Մեծ Հայքի տասներկուերորդ նահանգը[3]։ Տարածվել է Կուր գետի աջափնյա տափարակում և Հայկական լեռնաշխարհի հյուսիսարևելյան լեռնային շրջաններում՝ զբաղեցնելով Աղստև գետից մինչև Կուրի և Երասխի ջրկիցն ընկած տարածքը։ Հյուսիսում և արևելքում Կուր գետով սահմանակցել է Աղվանքին, արևմուտքում՝ Դեբեդի և Աղստևի ջրբաժանով՝ Գուգարքին, հյուսիս–արևմուտքում Միափորի և Սևանի լեռնաշղթաներով՝ Այրարատին և Սյունիքին, հարավ–արևմուտքում՝ Արցախին, հարավում Երասխ գետով՝ Փայտակարանին։ 387 թվականին Սասանյան Պարսկաստանի և Արևելյան Հռոմեական կայսրության միջև Հայաստանի բաժանումից հետո այն հանձնվել է Աղվանքին[4]։ Տարածաշրջանի մեծ մասը գտնվում է ներկայիս Ադրբեջանի տարածքում՝ Կուր գետից անմիջապես արևմուտք ընկած տարածքում, իսկ մյուս հատվածը գտնվում է ներկայիս Հայաստանի հյուսիսարևելյան մասում՝ Տավուշի մարզում։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]| Մեծ Հայքի նահանգներ |
|---|
| Աղձնիք • Այրարատ • Արցախ • Բարձր Հայք • Գուգարք • Կորճայք • Մոկք • Պարսկահայք • Սյունիք • Տայք • Տուրուբերան • Ուտիք • Վասպուրական • Ծոփք • Փայտակարան |
Հայկական աղբյուրներում Ուտիքը կոչվում է նաև Ուտի[Ն 1], Ավտի, Ուտիացվոց աշխարհ, Ուտիացվոց գավառ, Ուտիական աշխարհ և Ուտիական գավառ[5]։ Սուրեն Երեմյանի նշումներից հայտնի է, որ անվանումն սկզբնապես վերաբերել է Ուտի Առանձնակ գավառին, որտեղ բնակվել է ուտիացի տոհմը, իսկ ավելի ուշ տարածվել է ամբողջ նահանգի վրա[6]։ Այն նույնացվում է Պտղոմեոսի «Աշխարհագրության» մեջ հիշատակվող Օտենե, լատինական «Ռավեննայի տիեզերագրության» մեջ՝ Օտենոն[7], Պլինիոսի մոտ՝ Օտենա[8], և ալ-Բալադուրիի արաբալեզու «Ֆութուհ ալ-Բուլդան» պատմության մեջ՝ Ուդհ տեղանունների հետ[8]։ Այն կարող է նույնացվել նաև Ստրաբոնի հիշատակած Ուիտիա երկրի հետ[9], այլոք Ստրաբոնի Ուիտիայի գտնվելու վայրը նկարագրել են Կասպից ծովի հյուսիսարևմտյան[10] կամ հարավային ափին[11]։ Ըստ Ռոբերտ Հյուսենի՝ Ուտիք անունը հավանաբար կապված է Հերոդոտոսի հիշատակած ուտիոյ, Ստրաբոնի հիշատակած ուիտիոյ[Ն 2] և Պլինիոսի հիշատակած ուդինի էթնոնիմների հետ[8]։ Պլինիոսը հիշատակում է նաև «ուտի» կոչվող մի խումբը, ինչը հուշում է, որ սա ուդինիներից առանձին էթնիկ խումբ է[13]։ Վոլֆգանգ Շուլցեն գրում է, որ Օտենեն և Ուտի(ք)ն պարտադիր չէ, որ կապված լինեն և կարող են վերաբերել երկու տարբեր տարածաշրջանների։ Ուդի-/Ուտի- եզրույթը կարող է լինել հին տեղանուն, որը վերաբերում է Կուր գետի, Արաքսի և Արցախի լեռների միջև ընկած դաշտավայրին[13]։ Տեղանունը կապված է ուդի ժողովրդի անվան հետ, որոնք այսօր բնակվում են Հարավային Կովկասում՝ Կուրից հյուսիս ընկած տարածքում[8], հիմնականում Ադրբեջանի Նիժ գյուղոի տարածքում[14]։ Ավելի ուշ Ուտիքը և հարևան Արցախը հայտնի են դարձել որպես Ղարաբաղ[15], ընդ որում Ուտիքի տարածքը կազմում էր Ղարաբաղի դաշտավայրային կամ տափաստանային մասը[16]։ Նրա տարածքը համընկնում էր նաև Առան կոչվող տարածաշրջանի հետ[17], որը նեղ իմաստով վերաբերում է նաև Կուր և Արաքս գետերի միջև ընկած տարածքին, իսկ լայն իմաստով ընդգրկում էր Հարավային Կովկասի արևելքը[18]։
Աշխարհագրություն և կառավարում
[խմբագրել | խմբագրել կոդը]Շրջաններ և սահմաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ հայկական «Աշխարհացույց» աշխարհագրական երկի (որը վերագրվում է 7-րդ դարի հեղինակ Անանիա Շիրակացուն)՝ Ուտիքը Մեծ Հայքի տասնհինգ նահանգներից (աշխարհներից) տասներկուերորդն է եղել, սակայն այդ ժամանակ պատկանել է Աղվանքին։ 4-րդ դարի բաժանումից հետո Հայաստանը կորցրել է Ուտիք և Արցախ նահանգները[19]։ Ըստ «Աշխարհացոյցի»՝ Ուտիքը բաղկացած է եղել ութ գավառներից՝ Առանռոտ (Գորանչայ գետի հովտում), Տրի (հետագայում՝ Ջրաբերդ, Թարթառ գետի հովտում), Ռոտ-Պացյան (հավանաբար Կուրի և Արաքսի միախառնման վայրում կամ Թարթառի և Խաչեն գետի միջև), Աղվե (ժամանակակից Գյուլիստանի շրջակայքում), Տուչքատակ (Տավուշ ամրոցի շրջակայքում՝ ժամանակակից Թովուզ), Գարդման (ժամանակակից Ղազախի շրջան), Շակաշեն (ժամանակակից Գանձակի շրջակայքում) և Ուտի Առանձնակ կամ Ուտ-ռոստակ («Բուն Ուտի»)[20]։ Նահանգը հյուսիսից և արևելքից սահմանակից է եղել Կուր գետով, որն այն բաժանել է հարևան Աղվանքից[5]։ Հարավ-արևելքում Արաքս գետը բաժանել է այն Փայտակարանից։ Արևմուտքից այն սահմանակից է եղել Արցախին, ընդ որում երկու նահանգների սահմանն անցել է Արցախի լեռնաշղթայով[21]։ Թեև «Աշխարհացույցը» հիշատակում է միայն Ուտիքի գավառները, նահանգն իրականում բաժանված է եղել երեք մասերի[8]՝ Ուտիք (բաղկացած Ուտի Առանձնակ, Աղվե և, հնարավոր է, Տրի ու Ռոտ-Պացյան գավառներից), Գարդման (բաղկացած Գարդման և Տուչքատակ գավառներից) և Շակաշեն (բաղկացած Շակաշեն և Տուչքատակ գավառներից)։ Հայտնի չէ, թե արդյոք սա արտացոլում է աղվանական կամ հայկական վարչական իրավիճակը (օրինակ՝ Ուտիքի իշխանների գերակայությունը մյուս երկուսի նկատմամբ), թե «Աշխարհացույցի» հեղինակի որոշումն է՝ պարզության համար իշխանությունները միավորել մեկ նահանգի մեջ[22]։ Բացի այդ, Տրի և Ռոտ-Պացյան գավառները Արշակունիների ժամանակաշրջանում կարող էին կազմել գարգարացիների առանձին իշխանություն[9]։
Ուտիքի հյուսիսարևմտյան մասը հիմնականում լեռնային անառիկ շրջան է՝ հարուստ անտառներով և ալպյան մարգագետիններով։ Կուրի աջափնյա հարթավայրային շրջանը մինչև Կուրի և Երասխի խառնուրդը արգավանդ դաշտավայր է։ Ուտիքի հարավարևելյան մասը կազմում է Մուղանի դաշտավայրի մի հատվածը։ Ուտիքի արևելակենտրոնական մասը Թովմա Արծրունին հիշատակում է որպես Գարգարացվոց, իսկ հյուսիսարևմտյանը՝ Շակաշենի կամ Սակասենի դաշտ։ Աղստև գետի ստորին հոսանքի շրջանում է Գագա դաշտը։ Ուտիքով հոսում են բազմաթիվ գետեր և գետակներ, որոնք գերազանցապես Կուրի վտակներն են (Շամխոր, Աղստև, Հախում, Տավուշ, Զակամ, Բանանց, Ոսկանապար կամ Գանձակ, Կուրակ, Գերան, Բարակ, Տրտու կամ Թարթառ, Խաչենագետ, Կարկառ և այլն)։ Կուրի և Երասխի ջրկիցի շրջանում կան աղի լճակներ։ Ուտիքի հնագույն ժամանակներից նշանավոր էր երկաթի, պղնձի, նավթի, ոսկու, արծաթի և շիբի հանքերով։ Այժմ Ուտիքի տարածքը հայտնի է նաև ծծմբային կոլչեդանի, մանգանի, բարիտի, գիպսի, կաոլինի, քվարցիտների, շինարարական քարերի և այլ հանքերով։ Ունի հանքային ջրերի բազմաթիվ աղբյուրներ, որոնք հիմնականում կենտրոնացված են Աղստև, Տավուշ և Զակամ գետերի ավազաններում։ Ուտիքի լեռնային շրջանները հարուստ են անտառներով։ Բազմազան է նաև Ուտիքի կենդանական աշխարհը։ Հիշատակություններ կան այն մասին, որ հնագույն ժամանակներում Ուտիքում հանդիպել են նաև առյուծ, հովազ և նմանատիպ այլ կենդանիներ։ Ուտիքի հարթավայրային շրջաններն ունեն բարեխառն տաք կիսաանապատային և չոր տափաստանային կլիմա։ Տարեկան տեղումները կազմում են 300—600 մմ, հս-արմ., լեռնային որոշ շրջաններում՝ մինչև 900 մմ, հունվարյան միջին ջերմաստիճանը կազմում է 3°C–ից մինչև -3°C, իսկ հուլիսինը՝ 20°C–27°C և ավելի։
Ռելիեֆ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռելիեֆով Ուտիքը բաժանվում է երկու մասի՝ դաշտային և լեռնային։ Դաշտային շրջանները տարածվում էին Կուր և Թարթառ գետերի առափնյա մասերում, իսկ լեռնային գավառները գտնվում էին Փոքր Կովկասի շրջանում։
Ստրաբոնն իր աշխատության մեջ գրել է, որ Ուտիքն առավել հայտնի է եղեկ իր արգավանդ հողերով, ձիաբուծությամբ և հատկապես նռան ու ձիթապտղի այգիներով, նշելով, որ վերջիններիս ողջ ոռոգումն իրականացվել է Քուր գետի ջրերով[23]։
Բնակավայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուտիքում է գտնվել Խաղխաղ բնակավայրը, որին Ագաթանգեղոսն անվանում է «հայոց թագավորների ձմեռանոց», սակայն Եղիշեն և Մովսես Կաղանկատվացին այն կոչում են աղվանից թագավորների հանգստավայր[24]։ Հստակ գտնվելու վայրն անորոշ է[Ն 3]։ Երեմյանը Ստրաբոնի կողմից Ուիտիայում հիշատակված Այնիանա տեղակայում է ժամանակակից Աղդամի տեղանքում, բայց, Հյուսենի տեսակետով, սա նույնպես անորոշ է։ Ուտիքում է գտնվել նաև Տիգրանակերտը, որը կառուցվել էր Տիգրան Ա-ի կողմից (մ․թ․ա․ 2-1-ին դարերում)։ Այն կարող էր գտնվել Գարդմանում՝ Շամքոր գետի հովտում[9]։ Որոշ աղբյուրներում Արցախի Տիգրանակերտը նույնպես տեղակայվել է Ուտիքում[9][5][27]։ 5-րդ դարում նահանգում կառուցվել է Պարտավ քաղաքը (այսօրվա Բարդան), որը հաջորդ դարերում վերածվել է խոշոր առևտրային կենտրոնի[28]։ Բայլական քաղաքը նույնպես գտնվել է Ուտիքի շրջանում։ Այն կառուցվել է Սասանյան արքա Կավադ Ա-ի օրոք[5]։ Արաբական նվաճումներից հետո՝ 9-րդ դարում, տարածաշրջանում կառուցվել է Գանձակ քաղաքը՝ հնարավոր է նախկինում գոյություն ունեցող բնակավայրի տեղում[29]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուտիքի տարածքը վերահսկվել է Աքեմենյան կայսրության կողմից։ Հերոդոտոսը հայտնել է, որ ուտիները գտնվել են այդ կայսրության տասնչորսերորդ սատրապության մեջ և Միկոյի հետ միասին Դորիսկոսում կազմել են պարսկական բանակի մի մասը[8]։ Ուտիները և միկերը, որոնք նույնացվում են Աքեմենյան արձանագրությունների Յուտիյա և Մակա ցեղերի հետ, հավանական է, որ ներգաղթյալներ են եղել հարավարևելյան Իրանից[30], թեև, համաձայն մեկ այլ տեսակետի, այս խմբերը միշտ էլ գտնվել են միայն հարավարևելյան Իրանում[31]։ Ըստ Հյուսենի՝ Ուտիքն, ըստ ամենայնի, եղել է Մարաստանի սատրապության և դրան հաջորդած Ատրպատականի թագավորության մաս (մինչև մ.թ.ա. 2-րդ դարը)[8]։ Ստրաբոնը գրել է, որ Մեծ Հայքի արքա Արտաշես Ա-ն նվաճել է Սյունիքի[Ն 4] և Կասպիանեի հողերը, ինչպես նաև դրանց միջև ընկած տարածքները (այսինքն՝ Ուտիքն ու Արցախը)[34]։ Որոշ հայ գիտնականներ, ինչպիսիք են Բաբկեն Հարությունյանն[9][5] ու Ասատուր Մնացականյանը կարծում են, որ Սյունիքն ու Ուտիքն արդեն իսկ վերահսկվում են Հայաստանի կողմից Երվանդունիների դինաստիայի օրոք և վերանվաճվել են Արտաշես Ա-ի կողմից, սակայն Հյուսենը գրել է, որ այս պնդումը հիմնավորող որևէ ապացույց չկա[Ն 5]։
Արտաշեսի նվաճումից հետո շուրջ 500 տարի Ուտիքը մնացել է Հայաստանի կազմում[8], թեև Քուր գետի երկայնքով անցնող հայ-աղվանական սահմանը հաճախակի է խախտվել երկու երկրների բանակների կողմից[4]։ Այն կորսվել է մ.թ. 363 թվականի հռոմեա-պարսկական հաշտության պայմանագրի հետևանքով, սակայն, ըստ Փավստոս Բուզանդի մ.թ. 370 թվականին հայոց սպարապետ Մուշեղ Մամիկոնյանը հաղթել է աղվաններին և վերականգնել մինչև Կուր գետի սահմանն ընկած տարածքը[24]։ Մ.թ. 387 թվականին[24] Սասանյան կայսրությունն օգնել է աղվաններին Հայկական թագավորությունից խլել մի շարք նահանգներ, այդ թվում՝ Ուտիքը[4]։ Թեև կան որոշ վկայություններ, որոնք ենթադրում են, որ Ուտիքը մնացել է պարսկական վերահսկողության տակ գտնվող Հայաստանի թագավորության կազմում նույնիսկ 387 թվականից հետո, այն 428 թվականին տեղի ունեցած հայոց թագավորության անկումից հետո վերջնականապես միացվել է Աղվանքին[35]։

5-րդ դարի կեսերին, պարսից արքա Պերոզ Ա-ի հրամանով, Աղվանքի արքա Վաչեն Ուտիքի տարածքում կառուցել է մի քաղաք, որն սկզբում կոչվել է Պերոզապատ, իսկ ավելի ուշ՝ Պարտավ և Բարդա, և այն դարձրել է Աղվանքի մայրաքաղաքը: (Հնարավոր է, որ նախկինում գոյություն է ունեցել Պարտավ անունով քաղաք կամ գյուղ)[28]: Ըստ մեկ այլ տեսակետի՝ Պերոզ Ա-ն ինքն է կառուցել քաղաքը՝ Աղվանքի իշխող տոհմին տապալելուց հետո[36]: Ուտիքի իշխանները, որոնք հայ ազնվականության մի մասն են եղել, մնացել են որպես աղվանական գավառի կառավարիչներ, իսկ ավելի ուշ նրանք մնացել են արաբական տիրապետության ժամանակաշրջանում: Այնուամենայնիվ, 6-րդ դարի սկզբին աղվանական թագավորության անկումից հետո Գարդմանի իշխանները դարձել են Աղվանքի գերիշխող տանուտերեր: Նրանք բյուզանդական կայսր Հերակլիոսի կողմից 628 թվականին ճանաչվել են որպես Աղվանքի գահերեց իշխաններ և մնացել այս կարգավիճակում մինչև 822 թվականը: 922 թվականին Ուտիքը միացվել է Հայաստանի Բագրատունյաց թագավորությանը, սակայն այդ ժամանակահատվածում երկրի իշխանության տակ է եղել միայն մի մասը: Ըստ Կիրիլ Թումանովի՝ Ուտիքի իշխանների սերունդները ապրել են Հարավային Արցախում (ընդհուպ մինչև 11-րդ դարը)[8]:
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բազմաթիվ գիտնականների կարծիքով՝ Ուտիք անվանումն առաջացել է հնագույն ուտիների անունից, որոնք, ըստ նրանց, բնակվել են Քուր գետի երկու ափերին[37], կամ հանդիսացել են Քուրի աջ ափին ապրող կովկասյան աղվանական ցեղերին ցեղակից առանձին մի ցեղախումբ[38]։ Հնագույն ուտիները ավանդաբար համարվել են ժամանակակից ուդիների նախնիները[39], որոնք խոսում են լեզգիական լեզվախմբին պատկանող մի լեզվով, որը սերտորեն կապված է (բայց հնարավոր է՝ ուղղակիորեն չի սերում) կովկասյան աղվաներենից[40]։ Այնուամենայնիվ, տարբեր տեսակետեր գոյություն ունեն «ուտի/ուդի» անվանման տարբերակներով կոչվող հնագույն խմբերի, ժամանակակից ուդիների և Ուտիք տեղանվան միջև առկա հստակ կապի վերաբերյալ։ Շուլցեն ենթադրել է, որ ցեղանունները սերում են շատ ավելի հին, հնարավոր է՝ նկարագրական մի տեղանունից, որը վերաբերել է Կուր և Արաքս գետերի ու Ղարաբաղի լեռների միջև ընկած դաշտավայրին։ Ըստ նրա՝ «ուդի/ուտի» անվանումը պարտադիր չէ, որ մատնանշած լինի որևէ կոնկրետ էթնիկական խմբի, այլ հանդիսացել է այդ տարածաշրջանի բնակիչների ընդհանուր անվանումը։ Ինչ վերաբերում է ժամանակակից ուդիներին, Շուլցեն գրել է. «Այն փաստը, որ այսօր ուդիներն իրենց անվանում են ուդի, թերևս կապված է նախկին Ուտի տարածաշրջանի [այսինքն՝ Ուտիքի] էթնոնիմիկ ավանդույթի որդեգրման հետ»[41]։ Ալեքսան Հակոբյանը հավանական է համարել, որ «ուդի/ուտի» հասկացությունը հյուսիս կովկասյան լեզուներով խոսողների շրջանում եղել է տարածված մի տերմին, որն օգտագործվել է սեփական կամ այլ խմբին մատնանշելու համար (ինչպես արյան և ան-արյան իրանական ժողովուրդների մոտ)։ Ըստ այդմ՝ այն կիրառվել է լեզգիախոս մի շարք խմբերի կամ նրանց հարևանների նկատմամբ։ Նա վարկած է առաջ քաշել, որ նահանգն իր անվանումը ստացել է կամ Քուրի մյուս ափին գտնվող ուտիներին մոտ լինելու պատճառով, կամ այն պատճառով, որ այդ անունը կրող լեզգիախոս առանձին ժողովուրդ մի ժամանակ բնակվել է այնտեղ և հետագայում հայացել[42]։
Ուտիքում հայերի ներկայության ժամանակագրության վերաբերյալ տարբեր տեսակետներ կան։ Հարցը կարևոր տեղ է զբաղեցրել Կովկասյան Աղվանքի և Հայաստանի պատմական արևելյան նահանգների պատմության շուրջ հայ և ադրբեջանցի գիտնականների բանավեճերում։ 1958 թվականին Սուրեն Երեմյանը տեսակետ է հայտնել, որ Ուտիքի բնակչությունը հայկական իշխանության տակ է անցել մ.թ.ա. 2-րդ դարում և մ.թ. 4-6-րդ դարերում ձուլվել է հայերին, սակայն հետագայում հայ գիտնականների աշխատություններում առաջ է քաշվել այն տեսակետը, որ հայերը Կուրի աջափնյակում բնակվել են շատ ավելի վաղ ժամանակներից[43]։ Ալեքսան Հակոբյանը պնդում է, որ Ուտիքն ամբողջությամբ հայկական էր առնվազն մ.թ.ա. 4-րդ դարից։ Բագրատ Ուլուբաբյանը նշում է, որ Ուտիքի բնակչությունը ոչ թե հայացվել է, այլ պարզապես հայ էր։ Այս վերջին տեսակետը քննադատության է արժանացել մի շարք այլ հայ գիտնականների, այդ թվում՝ Պարույր Մուրադյանի կողմից[43]։ Վաղ միջնադարյան հայ պատմիչ Մովսես Խորենացին գրում է, որ Ուտիքի իշխանները սերում էին Սիսակից, որը հայերի առասպելական նախահայր Հայկի սերունդն էր և համարվում էր Սյունիքի իշխանների նախահայրը[44]։ Թեև որոշ հայ գիտնականներ այս տեղեկությունը մեկնաբանում են որպես Ուտիքի իշխանների հայկական ծագման վկայություն, Կիրիլ Թումանովը կարծում է, որ այն ընդամենը ցույց է տալիս, որ նրանք այդ շրջանում իշխել են անհիշելի ժամանակներից[45]։ Արշակունյաց ժամանակաշրջանի մասին Ռոբերտ Հյուսենը գրում է, որ «հավանական է թվում, որ բացի Սյունիքից, արևելյան Հայաստանը լավագույն դեպքում պարզապես հայացված էր, եթե նույնիսկ այդքան», իսկ ուտիները «գրեթե անկասկած կովկասյան ցեղ են եղել»[46]։ Պատմաբան Թիմ Գրինվուդը նշում է, որ Աշխարհացույցի կազմման ժամանակ (մոտ 7-րդ դարում)՝ Ուտիքը, Արցախի և Գուգարքի հետ միասին, այլևս վարչականորեն Հայաստանի մաս չեն եղել, սակայն «ակնհայտորեն հիշվել է որպես երբեմնի հայկական տարածք և, հնարավոր է, դեռևս ունեցել է համայնքներ, որոնք իրենց և իրենց բնակավայրերը համարել են հայկական»[47]։
Արաբական տիրապետության ժամանակաշրջանում Ուտիքի հայ բնակչության մեծ մասը տեղափոխվել է Արցախ կամ կենտրոնացել նահանգի արևմտյան մասում։ Արևմտյան Ուտիքի տարածքը հանդիսացել է միջնադարյան հայկական մշակույթի և կրթության բազմաթիվ կարևոր կենտրոնների վայր, ինչպիսիք են Խորանաշատի և Կոյնաձորի վանական դպրոցները։ Այս տարածաշրջանից են սերել միջնադարյան մի շարք նշանավոր հայ գիտնականներ, այդ թվում՝ Վանական Վարդապետը և Կիրակոս Գանձակեցին։ Ուշ միջնադարում՝ 17-րդ և 18-րդ դարերում, հայերը մեծ մասամբ լքել են պատմական Ուտիքի դաշտավայրային շրջանները՝ տեղափոխվելով մերձակա լեռնային գոտիներ ու նախալեռներ, ինչպես նաև Գանձակ[5]։
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Ք» տառը գրաբարով նշանակել է «շատ», «մի քանի»
- ↑ Հակոբյանը կարծում է, որ Ստրաբոնը հիշատակում է երկու տարբեր վայրերում ապրող «ուիտիացիների» (ուտիների) երկու խմբերի․ մեկը՝ Կասպից ծովի հարավային ափին, իսկ մյուսը՝ ծովի արևմտյան ափին (աղվաններից և կասպերից դեպի հյուսիս)[12]։
- ↑ Հարությունյանը հավանական տեղակայման վայր է համարել Քուր գետի և նրա վտակ Զակամի (Զայամչայ) միախառնման վայրը[25] Առաջարկված մյուս հավանական վայրերը հանդիսացել են Քուր և Աղստև գետերի միախառնման վայրը կամ Աղստևի հոսանքն ի վեր ընկած ավելի բարձրադիր շրջանները[26]։
- ↑ Ստրաբոնը հիշատակել է «Փաուենե» տեղանունը, որը որոշ գիտնականներ ընթերցել են որպես «Սաուենե» և նույնացրել Սյունիքի հետ[32][33]։
- ↑ Այնուամենայնիվ, նույն աշխատության մեկ այլ հատվածում Հյուսենը գրել է, որ Երվանդունիների տարածքները կարող են տարածված լինեն մինչև Կուր և Արաքս գետերի միախառնման վայրը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Hewsen 1992, p. 309, note 3.
- ↑ Harutiunian 1986, p. 268.
- ↑ Թաթիկ Հակոբյան, «Հայաստանի պատմական աշխարհագրություն», Երևան, 2007 թվական, էջ․ 242, Կայք Արխիվացված 2022-04-07 Wayback Machine
- 1 2 3 Chaumont, M. L. (1985). «Albania». Encyclopædia Iranica, Online Edition. Encyclopædia Iranica Foundation. «The more or less self-interested loyalty of the Albanians explains why the Sasanians helped them to seize from the Armenians the provinces (or districts) of Uti (with the towns of Xałxał and Pʿartaw), Šakašēn, Kołṭʿ, Gardman, and Arcʿax. (...) These territories were to remain in the possession of Albania; a reconquest by Mušeł (cf. Pʿawstos, ibid.) was unlikely.»
- 1 2 3 4 5 6 Harutiunian, B. (1986). «Ուտիք». In Արզումանյան, Մակիչ; և այլք: (eds.). Հայկական սովետական հանրագիտարան. Vol. 12. Երևան: Armenian Encyclopedia Publishing House. էջեր 267–269.
- ↑ Yeremian, Suren (1963). Hayastaně ěst "Ashkharhatsʻoytsʻ"-i: (pʻordz VII dari haykakan kʻartezi verakazmutʻyan zhamanakakitsʻ kʻartezagrakan himkʻi vra) [Armenia according to the Ashkharhatsuyts (attempt at the reconstruction of the map of 7th-century Armenia on the basis of modern cartography)]. Erevan: Haykakan SSṚ GA hratarakchʻutʻyun. էջ 73.
- ↑ Pliny, Natural History, VI, 42; XII, 28. Cited in Akopian [Hakobyan], Aleksan (2022) [1st pub. 1987]. Albaniia-Aluank v greko-latinskikh i drevnearmianskikh istochnikakh [Albania-Aluank in the Greek-Latin and Old-Armenian Sources] (ռուսերեն) (2nd, rev. ed.). Yerevan: Gitutyun. էջ 73. ISBN 978-5-8080-1485-5.
- 1 2 3 4 5 6 7 8 9 Hewsen, Robert H. (1992). The Geography of Ananias of Širak (Ašxarhac῾oyc῾): The Long and the Short Recensions. Wiesbaden: Dr. Ludwig Reichert Verlag. էջ 260. ISBN 3-88226-485-3.
- 1 2 3 4 5 Hewsen, Robert H. (2001). Armenia: A Historical Atlas. University of Chicago Press. էջ 58. ISBN 0-226-33228-4.
- ↑ Roller, Duane W. (2018). «The Northeastern Part of the Inhabited World». A Historical and Topographical Guide to the Geography of Strabo. Cambridge University Press. էջ 682. doi:10.1017/9781316848203.013. ISBN 978-1-107-18065-9.
- ↑ Հակոբյան 2022, p. 71-72: «Յ․ Ա․ Մանանդյանը և Ս․ Տ․ Երեմյանը հայկական Ուտիք նահանգի ուղղակի հիշատակում են տեսել Ստրաբոնի «Աշխարհագրության»՝ Հայաստանի նկարագրությանը վերաբերող հետևյալ հատվածում․ «Հաղորդում են նաև, որ էնիաների մի մասը բնակություն է հաստատել Ուիտիայում, իսկ մյուս մասը՝ հայերից վեր՝ Աբոս և Նիբար լեռների հետևում»։ Այնուամենայնիվ, ինչպես տեսնում ենք, այս նախադասությունը միմյանց է հակադրում մի կողմից Հայաստանը, մյուս կողմից՝ Կասպից ծովի ափին գտնվող Ուիտիան, հետևաբար՝ վերջինս չի կարող հանդիսանալ առաջինի մասը։ Այս հատվածում հիշատակվող Ուիտիան ոչ թե Ուտիքն է, այլ ուիտիացիների բնակության այն տարածքը, որոնց Ստրաբոնը մեկ այլ բաժնում (XI, 7, 1) հստակորեն տեղադրել է ամարդների և անարիակների միջև»։
- ↑ Akopian 2022, pp. 69–70.
- 1 2 Schulze, Wolfgang (2018). «Caucasian Albanian and the Question of Language and Ethnicity». In Mumm, Peter-Arnold (ed.). Völker und Phantome: Sprach- und kulturwissenschaftliche Studien zur Ethnizität (1st ed.). Berlin: De Gruyter. էջ 289.
- ↑ Schulze 2018, pp. 289–290.
- ↑ Mutafian, Claude (2024). «Survey of Historical Geography of the South Caucasus from the Middle Ages to the Present Day». In Dorfmann-Lazarev, Igor; Khatchadourian, Haroutioun (eds.). Monuments and Identities in the Caucasus: Karabagh, Nakhichevan and Azerbaijan in Contemporary Geopolitical Conflict. Leiden: Brill. էջեր 15–16. ISBN 978-90-04-67738-8.
- ↑ Hewsen 1992, p. 195.
- ↑ Համբարձումյան, Վիկտոր; և այլք:, eds. (1975). «Aṛan». Հայկական սովետական հնարագիտարան. Vol. 1. Երևան. էջ 524-525.
{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Bosworth, C. E. (1986). «Arrān». In Yarshater, Ehsan (ed.). Encyclopædia Iranica (Online ed.). Encyclopædia Iranica Foundation.
- ↑ Hewsen 1992, pp. 65A, 142.
- ↑ Hewsen 1992, pp. 67, 262–263.
- ↑ Hewsen 1992, p. 261.
- ↑ Hewsen 2001, p. 102.
- ↑ «Strabo, Geography, Book 11». www.perseus.tufts.edu. Վերցված է 2026-06-03-ին.
- 1 2 3 Garsoïan, Nina G. (1989). The Epic Histories Attributed to Pʻawstos Buzand (Buzandaran Patmutʻiwnkʻ). Cambridge, Massachusetts: Harvard University Press. էջ 498. ISBN 0-674-25865-7.
- ↑ Harutiunian, B. (1978). «Khaghkhagh». In Simonian, Abel; և այլք: (eds.). Հայկական սովետական հանրագիտարան [Armenian Soviet Encyclopedia]. Vol. 4. Erevan: Haykakan hanragitarani glkhavor khmbagrutʻyun. էջեր 715–716.
- ↑ Hewsen 2001, map 52.
- ↑ Arzumanian, Makich; և այլք:, eds. (1981). Հայկական սովետական հանրագիտարան [Armenian Soviet Encyclopedia]. Vol. 7. Erevan: Armenian Encyclopedia Publishing House. էջ 321, inlay.
- 1 2 Hewsen 1992, p. 263.
- ↑ Bosworth, Edmund C. (2000). «Ganja». In Yarshater, Ehsan (ed.). Encyclopædia Iranica (Online ed.). Encyclopædia Iranica Foundation.
- ↑ Akopian 2022, pp. 67–68.
- ↑ Hewsen, Robert H. (1982). «Ethno-History and the Armenian Influence upon the Caucasian Albanians». In Samuelian, Thomas J. (ed.). Classical Armenian Culture: Influences and Creativity. Chico, CA: Scholars Press. էջ 33. ISBN 0-89130-565-3.
- ↑ Hübschmann, Heinrich (1904). Die altarmenischen Ortsnamen (գերմաներեն). Straßburg: Trübner. էջեր 263–266.
- ↑ Hewsen 1992, pp. 189–191.
- ↑ Hewsen 1982, p. 32.
- ↑ Dum-Tragut, Jasmine; Gippert, Jost (2023). «Caucasian Albania in Medieval Armenian Sources (5th–13th Centuries)». In Gippert, Jost; Dum-Tragut, Jasmine (eds.). Caucasian Albania: An International Handbook. Berlin: De Gruyter. էջ 48. doi:10.1515/9783110794687-002. ISBN 978-3-11-079459-5.
- ↑ Gadjiev, Murtazali (2017). «Construction Activities of Kavād I in Caucasian Albania». Iran and the Caucasus. Brill. 21 (2): 122–123. doi:10.1163/1573384X-20170202.
- ↑ Հակոբյան 2022, p. 73: Բազմաթիվ հետազոտողներ անվիճելի փաստ են համարել այն, որ «Ուտիք» տեղանունն առաջացել է հնագույն ուդիների (ուտիացիների) անունից, որոնք, նրանց կարծիքով, բնակվել են Քուր գետի ինչպես ձախափնյակում, այնպես էլ աջափնյակում։
- ↑ Alikberov, A. K. (2015). «Narody i iazyki Kavkazskoĭ Albanii. O iazykovom kontinuume kak alʹternative koĭne. Iazyk pisʹmennosti i «iazyk bazara»» [The peoples and languages of Caucasian Albania: on the language continuum as an alternative to Koine: written language and 'bazaar language']. In Alikberov, A. K.; Gadjiev, M. S. (eds.). Albania Caucasica (ռուսերեն). Vol. 1. Moscow: Institute of Oriental Studies of the Russian Academy of Sciences. էջեր 102–103. ISBN 978-5-89282-642-6. «[...] ряд исследователей полагает, что население Арцаха и Утик'а, до того, как утратило собственный язык и арменизировалось, было родственно албанским племенам левобережья, представляя собой отдельное племя [...]» [(...) a number of researchers believe that the population of Artsakh and Utik, before they lost their own language and became Armenian, were related to the Albanian tribes of the left bank, themselves being a separate tribe (...)]
- ↑ Shnirelman, Victor A. (2001). The Value of the Past: Myths, Identity and Politics in Transcaucasia. National Museum of Ethnology, Osaka. էջեր 175–177.
- ↑ Schulze 2018, p. 303.
- ↑ Schulze 2018, pp. 289–292.
- ↑ Akopian 2022, pp. 72–74.
- 1 2 Shnirelman, Victor A. (2001). The Value of the Past: Myths, Identity and Politics in Transcaucasia. National Museum of Ethnology, Osaka. էջեր 175–177.
- ↑ Մովսես Խորենացի (2006). History of the Armenians. Translation and commentary by Robert W. Thomson (Rev. ed.). Ann Arbor: Caravan Books. էջ 137 (Book II, Chapter 8). ISBN 978-0-88206-111-5.
- ↑ Toumanoff, Cyril (1963). Studies in Christian Caucasian History. Georgetown University Press. էջեր 108, 216, 218, 222, 469. OCLC 505712128. Cited in Hewsen 1982, 29, note 16.
- ↑ Hewsen 2001, p. 32.
- ↑ Greenwood, Tim (2019 թ․ օգոստոսի 29). «Armenian Space in Late Antiquity». In Van Nuffelen, Peter (ed.). Historiography and Space in Late Antiquity. Cambridge University Press. էջ 84. doi:10.1017/9781108686686.004. ISBN 978-1-108-68668-6.
