Հեր (գավառ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Հեր (այլ կիրառումներ)

Հեր, գավառ Մեծ Հայքի Նոր Շիրական (Պարսկահայք) նահանգում, Կապուտան (Ուրմիա լիճ) լճից հյուսիս-արևմուտք։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուսիս-արևմուտքից սահմանակից էր Պարսկահայքի Զարավանդ, հարավից՝ Զարեհավան, արևմուտքից՝ Վասպուրականի Անձախի ձոր և Աղանդ ռոտ, արևելքից՝ Մարանդ, հարավ-արևելքից՝ Գաբիթյան գավառներին։ Կենտրոնը՝ Հեր։ Համապատասխանել է հետագայի Խոյ գավառին։

Խոյ քաղաքը

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ենթադրվում է, որ Հերը շնորհվել է Խորխոռունիների տոհմաճյուղ Մաղխազունիներին, Արշակունիների ժամանակաշրջանում հարևան Զարավանդ գավառի հետ միավորվել է մեկ վարչամիավորի մեջ։ Մարզպանական Հայաստանում Պարսից արքունի կալվածք Հերի նկատմամբ վերահաստատվել են Խորխոռունիների իրավունքները։ Միջին դարերում Հեր և Զարավանդ գավառները հիմնականում հիշատակվում են միասին՝ Ռոտկանց անունով։ 870-ական թթ. Հերը մտել է Վասպուրականի իշխանության, 885 թվականից հետո՝ Աշոտ Ա Բագրատունու տիրույթների մեջ։ Այնուհետև Հերն ընկել է օտար նվաճողների տիրապետության տակ, սակայն պահպանվել է հոծ հայ բնակչությունը։ 1403 թվականին Հերով (Խոյով) անցած իսպանացի ուղեգրող Կլավիխոյի վկայությամբ, Վերին Հայաստանի սահմանին գտնվող Խոյի բնակիչների մեծ մասը եղել են հայեր։ Սեֆյան Իրանի կազմում Հերի տարածքում կազմավորվել է Խոյի խանությունը (համանուն կենտրոնով)։ 1827 թվականին ռուսական զորքն առժամանակ գրավել է Խոյի գավառի մեծ մասը։ 1828-1829 թվականներին գավառի հիմնական բնակիչների՝ հայերի մեծ մասը գաղթել է Արարատյան դաշտ։ Խոյում և գավառի վեց հայաբնակ գյուղերում բնակվող հայերի զգալի մասը բնաջնջվել է 1918 թվականի թուրքական հարձակման ժամանակ։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո Խոյում մնացած մոտ 500 տուն հայերը բնակվում էին քաղաքի պարիսպներից դուրս, Մահլա արվարձանում։

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png