Jump to content

Հեր (գավառ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հերից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հեր (այլ կիրառումներ)
Հեր
ԵրկիրՄեծ Հայք Մեծ Հայք
Կարգավիճակգավառ
Մտնում էՊարսկահայք
ՎարչկենտրոնԽոյ
Հիմնական լեզուհայերեն
Ազգային կազմհայեր
Կրոնական կազմզրադաշտականություն, հայ առաքելական եկեղեցի

Հեր, գավառ Մեծ Հայքի Պարսկահայք նահանգի կազմում՝ ըստ Աշխարհացույցի[1]։ Վարչական կենտրոնը եղել է համանուն քաղաքը[2]։ Այլ բնակավայրերի մասին տեղեկություններ չկան։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հերը եղել է Պարսկահայքի ինը գավառներից մեկը[3]։ Հյուսիս-արևմուտքից սահմանակից էր Պարսկահայքի Զարավանդ, հարավից՝ Շիրականի լեռների երկայնքով՝ Զարեհավան գավառներին։ Արևմուտքում ընդհանուր սահման ուներ Վասպուրական նահանգի Աղանդռոտ և Անձախի ձոր, հարավ-արևելքում՝ Գաբիթյան, արևելքում՝ Բաքրան գավառներին։

Ունի լեռնային ռելիեֆ, նպաստավոր երկրագործության և այգեգործության համար։ Տեղակայված է Կոտուր գետի հովտում։

Գավառի տարածքը համապատասխանում է ներկայիս Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգի Խոյի շրջանի (պարս.՝ شهرستان خوی) մեծ մասին։

Գավառը Պարսկահայք նահանգի կազմում եղել է Մեծ Հայքի թագավորության մեջ՝ Արտաշես Ա Բարեպաշտի (մ․թ․ա․ 189-160)՝ հայկական հողերի միավորման արդյունքում, մինչև Հայաստանի առաջին բաժանումը (387)՝ ավելի քան կես հազարամյակ։ Ի սկզբանե Զարացանդ գավառի հետ միասին եղել է Նոր Շիրականի կազմում, սակայն հայոց արքունիքին Խորխոռունիների մատուցած ծառայության համար Զարավանդի հետ միասին տրվել է նրանց մի ճյուղին՝ Մաղխազունիներին, և պատկանել իրենց նաև մարզպանական Հայաստանի ժամանակաշրջանում։ Արշակունիների օրոք Զարավանդ գավառի հետ միասին հանդես է եկել որպես մեկ վարչական միավոր՝ «Ռոտկաաց»։ 870-ական թվականներին Հերը մտել է Վասպուրականի իշխանության մեջ: Ըստ Կոստանդին Ծիրանածնի, 885 թվականից հետո գավառը մտել է Աշոտ Ա Բագրատունու տիրույթների մեջ:

Ինչպես գավառը, այնպես էլ Պարսկահայք նահանգի որոշ կենտրոնական և հյուսիսային բոլոր այլ գավառները, շարունակել են մնալ Արծրունիների կալվածքներում՝ Արմինիա կուսակալության ժամանակաշրջանում։ 9-րդ դարի սկզբին կարճ ժամանակով անցնում է Վասպուրականի թագավորությանը, ապա՝ վերջինիս ենթակայության Հերի ամիրայությանը։ Հեր և Զարավանդ գավառներում, ի տարբերություն Պարսկահայքի մյուս գավառների, մշտապես կար հոծ հայ բնակչություն։ Տեղի հայերը խոսել են Խոյի բարբառով։ 1403 թվականին Հերով (Խոյով) անցած իսպանացի ուղեգրող Կլավիխոյի վկայությամբ, Վերին Հայաստանի սահմանին գտնվող Խոյի բնակիչների մեծ մասը եղել են հայեր։

17-րդ դարի սկզբին, կապված Սեֆյան շահ Աբբասի 1603-1604 թվականների բռնագաղթի հետ, գավառում հայտնվում են հայեր, որոնք հիմնում են նոր գյուղեր կամ ստվարացնում տեղի հայկական գյուղերը, այդտեղ բնակվում մինչև հայոց ցեղասպանությունը։ Դրան զուգահեռ, տեղի է ունեցել քրդերի և ազարիների ներհոսք։ Սեֆյան Իրանի կազմում Հերի տարածքում կազմավորվել է Խոյի խանությունը (համանուն կենտրոնով)։ Հայերի արտագաղթը Հերից տեղի է ունեցել երեք փուլով՝ 1826-1828 թվականների ռուս-պարսկական պատերազմի արդյունքում պարսկահայերի ներգաղթով, 1946-1948 թվականների հայրենադարձությամբ և 1979 թվականի իսլամական հեղափոխությունից որոշ ժամանակ անց։ Եթե միայն Խոյ քաղաքում և շրջաակա վեց գյուղում 20-րդ դարի սկզբին բնակվում էր շուրջ 500 հայ ընտանիք, ապա 21-րդ դարի սկզբին ամբողջ Ատրպատականում բնակվում է շուրջ 2000 հայ[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Մեծ Հայքի վարչական բաժանումը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 2-ին.
  2. Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսություն, Ատրպատական, Հասկ, պաշտոնական ամսագիր, հ. 5 (Անթիլիասի կաթողիկոսարան), Անթիլիաս, Լիբանան, 1969, էջ 184-192 — 208 էջ։
  3. Բաբկեն Հարությունյան Մեծ Հայքի Պարսկահայք աշխարհն ըստ «Աշխարհացոյց»-ի (հայերեն) // Պատմա-բանասիրական հանդես. — № 2. — Էջ  26-39. — ISSN 0135-0536.
  4. Ալիք, Հայերը տնտեսական խնդիրների պատճառով լքում են Իրանը. «Ալիք» օրաթերթի խմբագիր Արխիվացված 2019-05-29 Wayback Machine

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Розалия Габриелян Армения и Атропатена / М.Э. Авакян. — Ереван: Издательство Российской-Армянского (Славянского) университета, 2002. — С. 318. — ISBN 99930-928-3-6
  • Ինճիճյան Ղ., Ստորագրութիւն հին Հայաստանեայց, Վնտ., 1822
  • Հարությունյան Բ., Մեծ Հայքի վարչա-քաղաքական բաժանման համակարգն ըստ “Աշխարհացոյց”-ի
  • Երեմյան Ս., Հայաստանը ըստ “Աշխարհացոյց”-ի, Երևան, 1963
  • Арутюнян, Б. Система политико-административного деления Великой Армении = Մեծ Հայքի վարչա-քաղաքական բաժանման համակարգն ըստ Աշխարհացույցի. — Ереван, 1998.
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 374