Jump to content

Արքայից գավառ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արքայից (այլ կիրառումներ)
Արքայից գավառ
ԵրկիրՄեծ Հայք Մեծ Հայք
Կարգավիճակգավառ
Մտնում էՄոկք
Հիմնական լեզուհայերեն
Ազգային կազմհայեր
Կրոնական կազմզրադաշտականություն, հայ առաքելական եկեղեցի

Արքայից գավառ, գավառ Մեծ Հայքի Մոկք նահանգի կազմում՝ ըստ Աշխարհացույցի[1]։ Վարչական կենտրոնի կամ այլ բնակավայրերի մասին տեղեկություններ չկան։

Արքայից գավառ անվան ստուգաբանության մասով ենթադրվում է, որ այն պատկանել է Արշակունի արքաներին[2]։ Հավանաբար առաջացել է ավելի ուշ շրջանում՝ անջատվելով Ջերմաձոր գավառից և զբաղեցնելով նրա արևմտյան՝ Եփրատ գետին հարող տարածքը։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արքայից գավառը եղել է Մոկքի ինը գավառներից մեկը։ Հյուսիսում՝ Արևելյան Տիգրիսի հունով, սահմանակցել է Միջա, արևելքում՝ Ջերմաձոր գավառներին։ Հարավում և արևմուտքում սահմանակցում էր Կորճայք նահանգի Կորդուք, իսկ հյուսիս-արևմուտքում՝ Աղձնիք նահանգի Կեթիկ գավառներին։

Ունի լեռնային ռելիեֆ, նպաստավոր երկրագործության, ոռոգման դեպքում նաև՝ այգեգործության համար։ Տեղակայված է Հայկական Տավրոս լեռնային համակարգում։ Գավառը Արևելյան Տիգրիս գետի հովտի միջին հատվածում է։

Գավառի տարածքը համապատասխանում է ներկայիս Թուրքիայի Բիթլիսի մարզի Հիզանի շրջանին։

Գավառը Մոկք նահանգի կազմում եղել է Մեծ Հայքի թագավորության մեջ։ Թեև վարչականորեն Մոկքը ձևավորվել է 3-րդ դարից ոչ շուտ[2], այդուհանդերձ դրա տարածքը մտել է դեռ Երվանդունիների թագավորության, ապա նաև՝ Արտաշես Ա Բարեպաշտի (մ․թ․ա․ 189 - մ․թ․ա․ 160)՝ հայկական հողերի միավորման արդյունքում միասնական պետության, մինչև Արշակունիների թագավորության ավարտը (428)՝ մոտ մեկ հազարամյակ։ Ավատատիրության հաստատման շրջանում՝ 4-րդ դարի ընթացքում, երբ Մեծ Հայքում ձևավորվում էին բդեշխություններ ու վարչական այլ միավորներ, Մոկքի գավառների մի մասը անցել է Մոկաց իշխանների տնօրինությանը։ Հայկական մարզպանության գոյության ամբողջ ընթացքում (428-642) գավառը եղել է դրա կազմում, ապա նաև՝ անցել արաբահպատակ Արմինիա կուսակալությանը (701-885)։ Գավառը հայկական իշխանության տակ է եղել նաև Բագրատունիների թագավորության (885-1045) և դրա ենթակա Վասպուրականի թագավորության (908-1021) կազմում՝ վերջինիս անկումից հետո ենթարկվելով զանազան մուսուլմանական պետություններին, բայց պահպանելով հայկական կազմը։

Ուշ միջնադարում՝ թուրքմենական Կարակոյունլու և Ակկոյունլու ցեղերի տիրապետության տակ ընկնելով՝ ինչպես գավառը, այնպես էլ ամբողջ Մոկք նահանգը, բնակեցվել են խաշնարած քրդական ցեղերով, ապա այստեղ իրենց տիրապետությունն են հաստատել օսմանցիները։ 1555 թվականին՝ Ամասիայի հաշտության պայմանագրով, Արևմտյան Հայաստանն անցել է Օսմանյան կայսրությանը, և դրա կազմում մնացել մինչև առաջին համաշխարհային պատերազմն ու հայոց ցեղասպանությունը։ Այն կարճ ժամանակով ազատագրվել է Ռուսական կայսրության բանակի կողմից, սակայն հոկտեմբերյան հեղափոխությունից հետո հետ է գրավվել թուրքական հարձակման արդյունքում, և չնայած Սևրի պայմանագրով Հայաստանին անցնելուն, ներկայումս գտնվում է Թուրքիայի կազմում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Մեծ Հայքի վարչական բաժանումը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 2-ին.
  2. 1 2 Բաբկեն Հարությունյան, մաս Ա, Մեծ Հայքի վարչաքաղաքական բաժանման համակարգն ըստ «Աշխարհացոյց »-ի, Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», էջ 255-270 — 404 էջ։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։