Կող (գավառ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Կող (այլ կիրառումներ)

Կող (վրաց.՝ კოლა)[1], գավառ Մեծ Հայքի Տայք նահանգի կազմում[1]։ Տեղակայված է Կուր գետի ակունքների (Կրիակունք) լեռնահովտային շրջանում։ Հյուսիսից սահմանակից էր Գուգարքի Արդահան, արևելքից՝ Այրարատի Վանանդ, հարավից՝ Տայքի Բերդաց փոր և արևմուտքից՝ Ճակք գավառներին։ Ենթադրաբար նույնացվում է ուրարտական արձանագրություններում հիշատակվող Կուլխային։ Գավառում գտնվել է Կրիակունք ավանը։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կողը տարածվում էր Կուրի ակունքների շրջանում և իր տարածքով գրեթե համընկնում էր այժմյան Գյոլեհի շրջանին[1]։ Այստեղ հիշատակվում է համանուն բերդ, որի աշխարհագրական դիրքը դեռ մնում է անորոշ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մովսես Խորենացու վկայությամբ, Հայոց Վաղարշակ թագավորը Կողում հիմնել է այգիներ և ծաղկաստաններ, այն դարձրել արքունի ամառանոց և որսարան, իսկ նրա որդի Արշակի գահակալման ժամանակ Կովկասից խուժած բուլղար ցեղերը հաստատվել են Կողի հարավային արգավանդ, հացառատ դաշտում։ Ըստ Ղևոնդ պատմիչի՝ արաբական հալածանքներից խուսափող 12 հազար հայեր, Ամատունյաց իշխան Շապուհի և նրա որդի Համամի առաջնորդությամբ, 789 թ. Կողում հաղթել են հետապնդող թշնամուն և անցել Խաղտիք։ IX դարի 2-րդ կեսին Կողը անցել է Աբխազական թագավորությանը, սակայն Հայոց թագավոր Սմբատ Ա Բագրատունին (890-914 թթ.) այն վերամիավորել է Հայաստանին։ X դարի 2-րդ կեսին Կողը մտել է Տայքի կյուրոպաղատության, XIդ. սկզբից՝ Բյուզանդական կայսրության, XII դարի վերջից՝ Վրացական թագավորության մեջ։ XIII դարի 1-ին կեսին Կողը նվաճել են թաթար-մոնղոլները, XVIդ.՝ օսմանյան թուրքերը։

1877 թվականին անցել է Ռուսաստանին (մոտավորապես համապատասխանում էր Կարսի մարզի Արդահանի օկրուգի Գյոլի տեղամասին)։ 1918 թ. թուրքական բռնազավթումից հետո Կողի հայերի մի մասը զոհվել է, փրկվածներն ապաստանել են Անդրկովկասում։ 1919 թ. ապրիլին, Կարսի մարզի կազմում, անցել է Հայաստանի Հանրապետությանը, սակայն քեմալական Թուրքիան 1920 թ. հոկտեմբերին կրկին զավթել է մարզը, որը 1921 թ. Մոսկվայի և Կարսի պայմանագրերով տրվել է Թուրքիային։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Թադևոս Հակոբյան, Հայաստանի պատմական աշխարհագրություն (5-րդ հրատ.), Երևան, «ԵՊՀ հրատարակչություն», 2007 — 234-235, էջեր 234-235 — 520 էջ. — 500 հատ։