Արցախ (նահանգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Արցախ (այլ կիրառումներ)
Արցախ
Երկիր

Մեծ Հայք Մեծ Հայք

Մեծ Հայք
Ներառում է գավառ
Գլխավոր քաղաք Փառնես
Այլ քաղաքներ Ծար, Ամարաս, Վայկունիք
Ստեղծվել է Մ.թ.ա. 189
Վերացել է Մ.թ. 387
Արցախը Մեծ Հայքի քարտեզի վրա
Արցախի քարտեզը

Արցախ (նաև՝ Արձախ, Արցախամայր). Մեծ Հայքի տասներորդ նահանգը, տարածված էր Փոքր Կովկասի արևելյան և Հայկական Լեռնաշխարհի հյուսիս-արևելյան մասում: Ընդգրկում էր այժմյան Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ հարակից ազատագրված տարածքներով, և ձգվում էր մինչև Իջևանի շրջանը: Հյուսիս-արևելքից և արևելքից սահմանակցում էր Ուտիք նահանգին, արմուտքից, Աղավնո գետակով՝ Սյունիքին: Հյուսիս-արևմուտքում Արցախի սահմանները ձգվում էին Սևանա լճի արևելյան ափով, հարավից՝ Երասխի հովտով մինչև Մուխանք դաշտը՝ ընդգրկելով այդ դաշտի արևմտյան կեսը:

Արցախի նախարարությունը կոչվել է նաև Ծավդեացվոց կամ Ծավդեից իշխանություն, իշխանանիստ Ծավդք (Զոդ) ավանի անունով: Առանշահիկների թագավորության շրջանում՝ Դյութական ավանը դարձել է նահանգի կենտրոնը: Հետագայում նահանգի գլխավոր քաղաքն է եղել Փառնես (Փառիսոս) բերդավանը, Հայկական Փառիսոսի Թագավորության օրերին (X-XI դդ):

Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արցախ աշխարհի տարածությունը կազմում էր 11.528 կմ²: Այն ուներ 12 գավառ.

Արցախի բաժանումը ըստ Մակար Բարխուդարյանցի[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր «Արցախ» գրքում Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցը 19-րդ դարում բաժանում է Արցախը հետևյալ կերպով.

Aquote1.png Գարգարացիների բնակության տեղը, որը սկզբում կոչվում էր Գարգար (Ցարդ ևս Գարգար է կոչուում գետակն, որ իւր սկիզբը առնում է Զառիստ սարից, բաժանում իբրև սահման Խաչեն գաւառը Վարանդայից, հոսում Գարգարացւոց դաշտի միջով և թափուում Կուր գետի մէջ), հետավայում ընդունում է Արցախ, Փոքր Սյունիք, Խաչենք, Սև Այգի և Ղարաբաղ (Մատենագրութեանց մէջ առաջին անգամ պատահում ենք Ղարաբաղ անուան, որ գործ ածած է 1388 թիւ Փրկ. Թով. Մեծ. եր. 20) անունները: Ահավասիկ այսպիսի փոփոխության ենթարկված են նաև նահանգիս բոլոր գավառների անուններն: Մեր հարգելի բանասերներներին և ընթերցողներին այսչափ փոփոխության ծանոթացնելու համար՝ հարկ համարեցինք կարգավ դասավորել այստեղ գավառներիս նախկին, փոփոխված և այժմյան անունները ծանոթագրություններով հանդերձ:

Բնության ճարտարապետն երեք մասի է բաժանել Արցախի բոլոր գավառները, որոնք են Դաշտային, Լեռնային և Հարավային կամ Ստորին, Միջին և Վերին: Դաշտային կամ Ստորին գավառներն ընկած են Երասխ և Կուր գետերի, Աղստև և Փոքր-լեռնաշղթայի միջավայրի տարածության վրա: Լեռնային կամ Միջին գավառներեն ընկած են Փոքր-լեռնաշղթայի Մեծ-լեռնաշղթայի հյուսիսային լանջերի և Ձորագետի միջև տարածված մասի վրա: Հարավային կամ Վերջին գավառներեն ընկած են Հագարի գետի ձախ ափերի, Դիզափայտ և Քիրս լեռնաշղթայի հարավային լանջերի մեջ, Երասխից մինչև Ծար գավառի սահմանն[1]:

Aquote2.png


Պատմական տեղեկանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենդանակերպ խորաքանդակ Գանձասարում, որպես Խաչենի իշխանական տան խորհրդանիշ

Հնագույն ժամանակներից սկսած նահանգի բնակչությունն զբաղվել է հացահատիկային կուլտուրաների մշակությամբ, այգեգործությամբ և շերամապահությամբ: Ամբողջ արևելքում հայտնի էին Արցախում բուծվող ձիերը, որոնք աչքի էին ընկնում դիմացկունությամբ և արագավազությամբ:

Արցախի նախարարական տունը սերված էր Հայկ նահապետի ժառանգ Սիսակից: Արցախի առաջին եպիսկոպոս Գրիգորիսը խոշոր դեր է խաղացել Արցախի և Ուտիքի բնակչության քրիստոնեացման գործում: 5-րդ դարի սկզբին Մեսրոպ Մաշտոցը և իր աշակերտները Արցախում տարածել են հայերեն գիրն ու դպրությունը և պայքարել հեթանոսության մնացորդների դեմ:

5-ից 6-րդ դդ Արցախը մտնում էր պարսկահպատակ Աղվանից մարզպանության մեջ: Վարդանանց պատերազմի մասնակից Արցախի արյուձին Ավարայրի ճակատամարտում գլխավորում էր Առանշահիկ Բակ իշխանը, որը պատերազմից հետո վերադարձավ Արցախ և այն պաշտպանեց պարսիկներից:

Օգտվելով Պարսից արքունիքի զիջումներից, Արցախի Առանշահիկները 5-րդ դարի վերջում Վաչագան Բարեպաշտի գլխավորությամբ ստեղծեցին Աղվանից թագավորությունը, որի մեջ ընդգրկված էին Ուտիքը և Անդրկուրյան Կամբեճան հայաբնակ գավառը:

7-րդ դարասկզբին Արցախը և ամբողջ արևելյան Անդրկովկասը ենթարկվում են խազարների ներխուժմանը: 7-րդ դ կեսից մինչև 9-րդ դարավերջը Արցախը գտնվում էր արաբական տիրապետության տակ: Արցախի ու հարակից հայկական գավառների ապստամբությունները արաբների կողմից ճնշվում էին դաժանորեն, դրանց կազմակերպիչներից շատերը աքսորվեցին, սակայն, չնայած դրան, 9-րդ դարավերջում Արցախի իշխանական տան երկու ճյուղերը հզորացան և Բագրատունյաց թագավորությանը ենթակա լինելով՝ ստեղծեցին երկու փոքրիկ թագավորություն, մեկը՝ Դիզակում, մյուսը՝ Խաչենում: Արցախի նախարարական տան եռանդուն գործունեությունն ու մշակութային բուռն վերելքն անընդմեջ շարունակվեց Խաչենում: 12-րդ դարի երկրորդ կեսին այստեղ արդեն իշխում էին Առանշահիկ հարստության երեք ճյուղերը՝ Ներքին Խաչենի, Հաթերքի և Ծարա կամ Վերին Խաչենի իշխանությունները:

Մոնղոլների տիրապետության նախօրեին Ներքին Խաչենի ու Վերին Խաչենի իշխանությունները խնամիությամբ կապված էին Զաքարյան զորապետների հետ և վայելում էին նրանց հովանավորությունն ու աջակցությունը: Թաթար–մոնղոլների տիրապետության շրջանում Արցախ–Խաչենի բնակչության վրա ծանր հարկ դրվեց: Լենկթեմուրը 1387–ին ասպատակեց նաև Խաչենը՝ կոտորելով իշխանական տների գրեթե բոլոր նշանավոր ներկայացուցիչներին: 16-րդ դարավերջին և 17-րդի սկզբին այդ իշխանությունները մանրացել, վեր էին ածվել գավառական վարչական միավորումների, որոնք կոչվում էին մելիքություններ և իրենց մեջ պահում էին հայ պետականության վերջին բեկորները: Այս մանր պետական միավորումներն էին, որոնք գլխավորում էին հայ ժողովրդի ազատագրական պայքարը պարսկական ու թուրքական բռնապետությունների դեմ: Արցախի հայկական ֆեոդալական իշխանությունները հարատևեցին մինչև նրա միացումը Ցարական Ռուսաստանին, որը տեղի ունեցավ 1813–ին, Գյուլիստանի պայմանագրով:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. եպ. Մակար Բարխուդարյանց, Արցախ, Բաքու, «Արօր» — 21-22, էջեր 21-22 — 405 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png