Ծաղկոտն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ծաղկոտն (Ծաղկեոտն, Ծաղկոոտն, Ծաղկուտն), գավառ Մեծ Հայքի Այրարատ նահանգում։ «Աշխարհացույց»-ում (VII դ.) հիշատակված է որպես Այրարատ նահանգի յոթերորդ գավառ։ Տարածվում էր Ծաղկանց լեռների շրջանում։ Պատկանում էր Գնունիների նախարարական տանը, հետագայում, անցնում է Արշակունիների արքունիքին։ Լեռնային զով կլիմա ունենալու պատճառով ծառայում էր որպես հայկական զորքերի ճամբարային կայանատեղի։ Ծաղկոտնի պատմական հիշարժան վայրերն են՝ Զարեհավան քաղաքը, Շահապիվան բնակավայրը, Անգղ բերդն ու գյուղաքաղաքը։ Ծաղկոտնի հայերը բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին, փրկվածները բնակություն են հաստատել տարբեր երկրներում։

Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծաղկոտնը հյուսիս-արևելքից սահմանակից էր Կոգովիտ, արևմուտքից՝ Բագրևանդ գավառներին, հարավից՝ Վասպուրական, հարավ-արևմուտքից՝ Տուրուբերան նահանգներին։ Տարածվում էր Արածանի գետի վերին ավազանում, Ծաղկանց (Ալադաղ) լեռների լանջերին, որտեղից սկիզբ է առնում Եփրատի ամենամեծ վտակը՝ Արածանին։ Ծաղկոտնի հարավային մասում ձգվում են Ծաղկանց, իսկ հյուսիսում՝ Դիադինի լեռները։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծաղկոտնում հայկական ցեղերը բնակվել են վաղ ժամանակներից։ Ենթադրվում է, որ ուրարտական շրջանում (մ.թ.ա. IX-VI դարեր) Ծաղկոտնը կոչվել է Lusa, որից մնացել է գավառի ուշ շրջանի իշխանական տոհմի ներկայացուցիչների «Ալուզ» անունը։ Արտաշեսյանների և Արշակունիների տիրապետության ժամանակ (մ.թ.ա. 189-մ.թ.428) Ծաղկոտնը հաճախ ենթարկվել է պարսիկների և հռոմեացիների հարձակումներին։ 368-369 թվականներին պարսից Շապուհ II ավերել է Զարեհավան քաղաքը և գերեվարել 13 000 ընտանիք, որից 5 000 հայ։ Ծաղկոտն սկզբում պատկանել է Գնունիների նախարարական տանը, հետո անցել է Արշակունիների արքունիքին։

Հայաստանի առաջին բաժանումով (387) Ծաղկոտն անցել է Պարսկաստանին, 591 թվականին՝ Բյուզանդիային, իսկ VII դարի 2-րդ կեսից՝ արաբներին։ X դարի 2-րդ կեսին Հայաստանի մեծ մասը, այդ թվում Ծաղկոտնը, անցավ Բագրատունիներին. XI դարի կեսին Ծաղկոտնը գրավել են սելջուկ-թուրքերը։ XII դարի սկզբին հայ-վրացական միացյալ զորքերը Զաքարե Զաքարյանի հրամանատարությամբ ազատագրել են Ծաղկոտնը։ 1236-1237 թվականներին Ծաղկոտնը գրավել են մոնղոլները, 1387 թվականին՝ Լենկթեմուրի զորքերը, XV դարում՝ ակ-կոյունլու և կարա-կոյունլու թուրքմեն ցեղերը, իսկ XV դարի սկզբին՝ օսմանյան թուրքերը։ XIX դ.-XX դ. սկզբին ռուսական զորքերը երեք անգամ՝ 1828 թ, 1877 թ, 1916 թ գրավել են Ծաղկոտնը։

Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծաղկոտնը Հայաստանի մշակութային կենտրոններից էր։ Գավառի նշանավոր բնակավայրերից էր Զարեհավան քաղաքը, որտեղ, բացի հայերից, բնակվել են նաև հրեաներ (նրանց մ.թ.ա. I դարում գաղթեցրել էր Տիգրան Բ Մեծը450 թվականին Ծաղկոտնում ապստամբները կոտորել են պարսից մոգերին։ Ծաղկոտնում էին գտնվում Շահապիվան ավանը և վանքը, որի տեղադրությունը վերջնականապես չի ճշտված։ 443 թվականին (կամ 444 թ) Շահապիվանում գումարվել է ժողով, որը հաստատել է մի շարք կրոնական-եկեղեցական օրենքներ և կանոններ՝ հիմնականում ուղղված մծղնեական աղանդավորական շարժման դեմ։ Ծաղկոտնում հիշատակվում են նաև Անգղ բերդը և գյուղաքաղաքը։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «ՄԵԾ ՀԱՅՔԻ ԳԱՎԱՌՆԵՐ։ ԾԱՂԿՈՏՆ». Արևմտահայաստանի և Արևմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն (ամերիկյան անգլերեն). 2011 թ․ փետրվարի 21. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 11-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 112