Արևիք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1rightarrow.png  Տե՛ս նաև Արևիկ (այլ կիրառումներ) 

Արևիք, գրաբար՝ Արեւիք, գավառ պատմական Հայաստանի Սյունիք նահանգում։ Սյունիքի ամենահարավային գավառն է։

Համապատասխանում է ՀԽՍՀ Մեղրու շրջանին։[1]

Արևիք անունը հնագույն ծագում ունի։ Այս անունը հավանաբար կապված է նույնանուն ցեղի կամ Արև աստծու հետ։

Արևիքը Սյունիքի ամենափոքր գավառներից է։ Տարածքը գրեթե համընկնում է Մեղրի գետի ավազանին, նրա միայն մի փոքր մասը տարածվում է դեպի արևելք՝ Կովսականի կողմերը, այս մասերում իր մեջ ընդգրկելով մի քանի փոքրիկ ձորահովիտներ։

Արևիքը հնում կազմում էր Գողթնի մի մասը, իսկ հետագայում նրանից անջատվելով՝ միացել է Սյունիքին։

Այս գավառը 1226-ին ավերման է ենթարկվել էմիր Հարունի կողմից, որը դեռ 1158-ին գրավել էր Մեղրին։

Արևիքի պատմա-աշխարհագրական վայրերից ամենահայտնիներն են՝ Մեղրին, որը համապատասխանում է այժմյան Մեղրի քաղաքին, Կարճավան ավանը, որը համապատասխանում է այժմյան Կարճևան գյուղին (Մեղրի քաղաքից 7-8 կմ արևմուտք՝ Կարճևան գետի հովտում), Կաքավաբերդը, որը գտնվում է այժմյան Կալեր-Վանքի շրջանում և հանդիսանում էր Սյունիքի թագավորության նշանավոր բերդերից մեկը։[2]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ա.Ա.Ասլանյան, Հ.Ղ. Գրգեարյան (1981)։ Հայկական ՍՍՀ աշխարհագրական անունների համառոտ բառարան։ Երևան: ՀՍՍՀ ԳԱ։ էջ էջ 31 
  2. Թ.Խ.Հակոբյան (1968)։ Հայաստանի պատմական աշխարհագրություն։ Երևան: «Միտք»։ էջ էջ 200-201 

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]