Վանանդ (գավառ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Վանանդից)
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Վանանդ (այլ կիրառումներ)

Վանանդ, կոչվում էր նաև Անփայտ Բասյան (Անփայտ Բասեան) կամ Վերին Բասյան (Վերին Բասեան), գավառ Մեծ Հայքի Այրարատ նահանգում, Ախուրյան գետի հովտում։ Հյուսիսից Զարիշատի լեռներով սահմանակից էր Գուգարքի Ջավախք, արլևելքից Եղնախաղի պարով և Կարսի սարահարթով՝ Այրարատի Աշոցք և Շիրակ, հարավից՝ Արշարունիքի (Երասխաձոր) և Մեծրաց լեռներով՝ Աբեղյանք գավառներին։ Արևմուտքում Կարմիր Փորակ լեռնաշղթայով բաժանվում էր Տայքի Պարտիզաց փոր, Բերդաց փոր, Կող և Գուգարքի Արտահան գավառներից։ Ունի զով, առողջարար կլիմա։ Ձմեռը խստաշունչ է, միջին ջերմաստիճանը հասնում է – 20°–ի։ Հյուսիսային և Կենտրոնական շրջանները զբաղեցնում է վարելահողերով և խոտառատ մարգագետիններով հարուստ Կարսի սարահարթը։ Վանանդը հին ժամանակներից հայտնի է եղել որպես հացահատիկային կուլտուրաների (հիմնականում՝ ցորեն) մշակման կենտրոն։ Վանանդի հարավային մասը պատված է խեժատու ծառատեսակների (հիմնականում՝ մայրի) անտառներով։ Ախուրյանի վերին հոսանքում կան ճահճուտներ։ Վանանդով են հոսում նաև Ախուրյանի մի քանի վտակներ, որոնցից նշանավոր է Մեծագետը (այժմ՝ Չըլդըր): Հյուսիսային սահմանին է Ծովակ (Չըլդըր) լիճը։

Վանանդի տարածքը մ.թ.ա. 9-րդ դարի վերջին Մենուա Ա-ն միացրել է Ուրարտուին։ Արձանագրություններում հիշատակվում է Ախուրյան քաղաքը, որը հավանաբար ներկայիս Սարիղամիշն է։ Հետագայում Վանանդը հաջորդաբար մտել է Երվանդունիների, Արտաշեսյանների և Արշակունիների հայկական թագավորությունների մեջ։ Սկզբում Բասենի հետ կազմել է մեկ վարչական միավոր։ Վաղ միջնադարում Վանանդում իշխել են Վանանդեցի (Վանանդյան) նախարարական տոհմի երկու ճյուղերը։ Մեծ Հայքի 387-ի բաժանումից հետո Վանանդը գտնվել է Սասանյան Պարսկաստանի գերիշխանության ներքո՝ դեռևս պահպանված հայկական թագավորության, ապա մարզպանության կազմում։ Մեծ Հայքի 591-ի բաժանմամբ անցել է Բյուզանդական կայսրությանը։ 7-րդ դարի կեսին Վանանդը նվաճել են արաբները։ Այն մտել է Արմինիա ոստիկանության Երրորդ Արմինիա մարզի մեջ։ 8-րդ դարի վերջից Վանանդը դարձել է հզորացող Բագրատունիների ժառանգական տիրույթը, 885 թվականից մտել նրանց թագավորության մեջ։ 961–1065 թվականներին եղել է Կարսի թագավորության կենտրոնական գավառը։ Այնուհետև կենտրոնի՝ Կարս քաղաքի անունով ավելի հաճախ կոչվել է Կարսի գավառ։ Այս ժամանակաշրջանում Վանանդի հարավային մասը կոչվել է Փորակ կամ Կարմիր Փորակ։ 1065 թվականին Վանանդը նվաճել են սելջուկյան թուրքերը։ Բնակչության մի մասը հարկադրված գաղթել է Կիլիկիա (որտեղ հիմնադրել են Կարս բերդավանը) և Գամիրք (Կապադովկիա)։ 1118 թվականին Վանանդը մտել է Կարսի սելջուկյան ամիրայության մեջ։ 1206 թվականին հայ–վրացական միացյալ զորքերը ազատագրել են գավառը։ 1236-ին Վանանդը ավերել են մոնղական նվաճողները։ Հետագայում Վանանդը նվաճել են Լենկթեմուրը, կարա-կոյունլուները և ակ-կոյունլուները։ 16-ից – 17-րդ դարերում Վանանդը տուժել է թուրք–պարսկական պատերազմներից։ Շահ Աբբաս I-ի կազմակերպած բռնագաղթի (1604) ժամանակ Վանանդի հայ բնակչության զգալի մասը քշվել է Պարսկաստան։ 1639-ի պայմանագրով Վանանդը անցել է օսմանյան Թուրքիային։ Մինչև 19-րդ դարի 1-ին քառորդը մտել է Կարսի և Չըլդըրի փաշայությունների մեջ։ 19-րդ դարի կեսից եղել է էրզրումի վիլայեթի կազմում։ 1828 թվականին և 1855 թվականին Վանանդը գրավել են ռուսական զորքերը։ 1828–1830 թվականներին Վանանդի հայ բնակչության զգալի մասը գաղթել և հաստատվել է Արևելյան Հայաստանում (մեծամասամբ՝ Շիրակում): 1878 թվականին Վանանդը անցել է Ռուսաստանին։ Մտել է Կարսի մարզի մեջ, բաժանված լինելով Սողանլուղի (Թախթա), Կարսի, Զարիշատի (Կարսի օկրուգ) և Չըլդըրի (Արտահանի օկրուգ) տեղամասերի։ 1918–1920 թվականներին Վանանդը Հայաստանի առաջին հանրապետության կազմում էր, 1921 թվականին կրկին անցել է Թուրքիային։

Հայկական աղբյուրները Վանանդում հիշատակում են բազմաթիվ բնակավայրեր, որոնցից հատկապես նշանավոր են Կարս և Սարիղամիշ քաղաքները, Զարիշատ ավանը, Իջևանից, Գոմաձոր, Դրաշպետ և այլ գյուղերը։

Չնայած անվերջ պատերազմներին և գաղթերին, 20-րդ դարի սկզբին հայ բնակչությունը մեծամասնություն է կազմել Վանանդում։ 1918 թվականին հայաբնակ էին Աղջաղալա, Բազըրգան, Բայբուրդ, Բայկարա, Բեկլի-Ահմեդ, Բերնա (Բեռնա), Բոզղալա, Բուլանըխ, Գյադիկ–Սաթլմիշ, Գյարմալի, Դյուդալի, Դոլբանդ, Զաիմ, էսկիղազի, Խանիգյուղ (Խանիքյոյ), Խասչիֆթլիկ, Խոթանլի, Ղարախաչ (Կարախաչ), Ղարաղալա, Մասրա (Մազրա), Պարգետ Մեծ, Պարգետ Փոքր, Չերմալի, Չիքիրղան, Սարիղամիշ (Ստորին և Վերին), Սոգյութլիաբադ, Սոգյութլի-Պրուտ, Օրթաղալա, Օրթաքիլիսա ավաններն ու գյուղերը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png