Ռուս-թուրքական համատեղ ագրեսիա ընդդեմ Հայաստանի (1920)
Ռուս-թուրքական համատեղ պատերազմ ընդդեմ Հայաստանի (1920) | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Հայոց Ցեղասպանություն | |||||||||||||
1920թ․ Հայաստանի հանրապետության դեմ ռուս-թուրքական համատեղ ագրեսիան | |||||||||||||
| |||||||||||||
Հակառակորդներ | |||||||||||||
![]() |
![]() |
![]() | |||||||||||
Հրամանատարներ | |||||||||||||
![]() ![]() ![]() |
![]() ![]() |
![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() | |||||||||||
Կողմերի ուժեր | |||||||||||||
30-36 հազար զինվոր 56 հրանոթ 184 գնդացիր |
50 000 զինվոր 306 հրանոթ |
50 000 զինվոր 300 հրանոթ, 400 գնդացիր | |||||||||||
Ռազմական կորուստներ | |||||||||||||
198 000 հայ խաղաղ բնակիչ |

Ռուս–թուրքական համատեղ ագրեսիա (նախահարձակ պատերազմ), 1920 թվականին տեղի ունեցած ռազմական հակամարտություն մի կողմից՝ աշխարհում չճանաչված երկու պետությունների՝ «հեղափոխական» բոլշևիկյան «կարմիր» Ռուսաստանի և «հեղափոխական» քեմալական «կարմիր» Թուրքիայի, մյուս կողմից՝ Ազգերի Լիգայի անդամ պետության՝ Հայաստանի Հանրապետության միջև։
Արևմուտքից 1920 թվականի սեպտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը քեմալական Թուրքիան առանց պատերազմ հայտարարելու հարձակվեց Հայաստանի Հանրապետության վրա։ Թուրք-հայկական պատերազմը տևեց շուրջ երկու ամիս։ Սեպտեմբերի 28-ից ծավալվեցին վճռական ռազմական գործողությունները։ Ի սկզբանե պատերազմն անհաջող ընթացք ունեցավ հայկական կողմի համար։ Ոսոխը գրավեց Սարիղամիշն ու Մերդենեկը։ Պատերազմն ավարտվեց մի քանի փաստաթղթերով՝ հայ–թուրքական Ալեքսանդրապոլի պայմանագրով, հայ–ռուսական Երևանի համաձայնագրով, իսկ ապա՝ երկու առավել անօրինական պայմանագրերով՝ ռուս–թուրքական Մոսկվայի պայմանագրով և մի կողմից՝ Թուրքիայի, մյուս կողմից՝ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի միջև կնքված Կարսի պայմանագրով։
Միաժամանակ, արևելքից, Հայաստանի դեմ ագրեսիվ՝ նախահարձակ պատերազմ ծավալեցին Ռուսաստանի զորքերը (11-րդ կարմիր բանակ)։ Ընդ որում, թե՛ պատերազմի ընթացքում՝ սեպտեմբեր–նոյեմբերին, թե՛ դրա նախապատրաստական շրջանում՝ գարնանը և ամռանը, ռուսական և թուրքական կողմերը լայնորեն օգտագործում էին ՀՀ ներսում իրենց «հինգերորդ շարասյունները», որոնց վառ արտահայտությունը դարձան հայ բոլշևիկների Մայիսյան ապստամբությունը և ՀՀ ներսում բնակվող թուրքերի գրեթե չդադարող ապստամբություններն ու ավազակային գործողությունները։
Ռուս–թուրքական համատեղ նախահարձակ պատերազմի նախադրյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]
1919 թվականին Թուրքիայում Մուստաֆա Քեմալի գլխավորությամբ ստեղծված կառավարությունը սկզբից ևեթ անհաշտ դիրք բռնեց ՀՀ-ի և Հունաստանի նկատմամբ, ի դեմս նրանց տեսնելով իր ծավալապաշտական ձգտումները խոչընդոտողներին (և՛ ՀՀ, և՛ Հունաստանը ուզում էին վերականգնել իրենց տարածքային ամբողջականությունը), և առաջնահերթ խնդիր համարեց պայքարը հույների ու հայերի դեմ։ Քեմալականները, որոնք գերակշիռ մեծամասնությամբ նախկին իշխող Երիտթուրքական կուսակցության անդամներն էին, խիստ բացասական, լիակատար մերժողական դիրքորոշում որդեգրեցին Սևրի պայմանագրի նկատմամբ։ Նրանք ամեն ինչ արեցին, որպեսզի Հայկական անկախությունը, և առավել ևս Արևմտյան Հայաստանի՝ Հայ ժողովրդին վերադարձվելու հարցը թաղվեն թուրքական պետության կողմից Հայոց Մեծ Եղեռնի ժամանակ դրված գերեզմանաքարի տակ։
Բոլշևիկների Մայիսյան խռովությունը, որը նրանք հետագայում անվանեցին Մայիսյան ապստամբություն, 1920 թվականի մայիսին կոմունիստական կուսակցության զինված ելույթն էր Հայաստանի առաջին հանրապետության ժողովրդավարական կարգերի դեմ։ Կազմակերպել և ղեկավարել է Հայաստանի կոմունիստական կուսակցությունը, Հայաստանի թուրք-թաթարական խմբավորումները, բոլշևիկյան Ռուսաստանի, մուսավաթական Ադրբեջանի և վերջինիս ավագ «եղբայր» և հովանավոր քեմալական Թուրքիայի աջակցությամբ[1]։ Նպատակն էր տապալել դաշնակցականների իշխանությունը և երկրում հաստատել խորհրդային կարգեր։ Մայիսյան խռովությունը զգալի հարված էր Հայաստանի Առաջին Հանրապետության հասարակական–քաղաքական կարգերին և ռազմական անվտանգությանը։ Այն զգալիորեն նպաստեց հետագայում Հայաստանի Առաջին Հանրապետության դեմ ռուս–թուրքական համատեղ ագրեսիայի հաղթանակին։
Ռուս–թուրքական դավադրության մաս կազմող «Մայիսյան ապստամբություն» կոչեցյալ հակապետական, հակաժողովրդավարական, հակահայկական, հակաազգային այդ խռովությունը ճնշվեց հիմնականում Հայոց բանակի կողմից։ Ապստամբության պարտության հիմնական պատճառն այն էր, որ ապստամբության ելած բոլշևիկները աջակցություն չստացան Հայաստանի ժողովրդի կողմից։ Բոլշևիկ ղեկավարները հույս էին դրել դրսի՝ հիմնականում Կարմիր բանակի օժանդակության վրա, այն ինչը տեղի չունեցավ։ Իսկ այլ պատճառներից կարելի է թվարկել ապստամբության անկազմակերպ լինելը, որն անջատ ընթացք ունեցավ, առանց միասնական ղեկավարության։
Ճնշվելով հանդերձ, այս ապստամբությունը սասանեց Հայաստանի կառավարության դիրքերը և լրջորեն թուլացրեց Հայոց բանակի մարտունակությունը[2]։
Ռուսական հետախուզության աշխատանքը Հայաստանի դեմ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռուսաստանի Կարմիր բանակը լուրջ նախապատրաստական աշխատանք էր տանում Հայաստանի Առաջին Հանրապետության դեմ։ Մասնավորապես, նրանց հետախուզությունը հույժ գաղտնի տվյալներ էր հավաքում հայկական բանակի թվաքանակի ու սպառազինության և այլ կարևոր մարտավարական, օպերատիվ, ռազմավարական հարցերի մասին, որոնք հետագայում փոխանցվեցին նաև թուրքական կողմին և նպաստեցին Հայաստանի պարտությանը[3]։
Ռուս–թուրքական համատեղ նախահարձակ պատերազմի ընթացք[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայաստանի դեմ ռուսական և թուրքական չորս - հինգ ռազմաճակատներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայկական բանակը պատերազմի սկզբում ունէր 22 000 զինվոր և սպա, հոկտեմբերի 2-րդ կեսին այդ թվաքանակը՝ աճելով՝ հասավ 55 000-ի, որից 32 000-ը՝ բուն կռվող ուժն էր, իսկ 23 000-ը՝ զանազան օժանդակ զորամասեր և ստորաբաժանումներ։ Հայոց Բանակի սպարապետը գեներալ Թովմաս Նազարբեկյանն էր, ՀՀ ռազմական նախարարը՝ Ռուբեն Տեր-Մինասյանը։
Ամբողջ բանակը բաժանված էր 4 հիմական ռազմաճակատների։
1. Կարսի ռազմաճակատ, համարվում էր գլխավոր ռազմաճակատը։ Թուրք-հայկական ռազմաճակատ։ Ռազմաճակատի հրամանատարը՝ գեներալ Մովսես Սիլիկյան։
2. Սուրմալուի ռազմաճակատ։ Թուրք-հայկական ռազմաճակատ։ Հայոց զորքերի Հրամանատարը՝ Դրո (Դրաստամատ Կանայան)։
3. Շարուրի ռազմաճակատ։ Կամ՝ Նախիջևան-Շարուրի ռազմաճակատ։ Կամ՝ Շարուր-Դարալագյազի ռազմաճակատ։ Ռուս-հայկական ռազմաճակատ։ Հայոց զորքերի Հրամանատար՝ գեներալ Շելկովնիկյան։
4. Ղազախի ռազմաճակատ։ Ռուս-հայկական ռազմաճակատ։
5. Բասարգեչարի կամ Վարդենիսի ռազմաճակատ։ Ռուս-հայկական ռազմաճակատ։
Հայաստանի Հանրապետության դեմ ռուս–թուրքական համատեղ ագրեսիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատմագիտության մէջ ներկայումս դեռևս գերիշխող տեսակետ կա, թե, իբր, Հայաստանի Առաջին Հանրապետությունը ընկաւ փաստորեն միայն թուրքական ռազմական ագրեսիայի հետևանքով[4]։ Հաշվի առնելով այդ տեսակետի՝ պատմագիտական առումով առնվազն կիսատ-պռատությունը, իսկ քաղաքական տեսակետից՝ կեղծ և վտանգավոր միտում ունենալը, առաջարկվել է պատմագիտական առումով առավել լիակատար և քաղաքական տեսակետից առավել ճշգրիտ այն ձևակերպումը, որ Հայաստանի Առաջին Հանրապետությունը ընկավ ռուս-թուրքական ՀԱՄԱՏԵՂ ռազմական ագրեսիայի հետևանքով։
Պատմական փաստերը ցոյց են տալիս, որ Ռուսաստանը Թուրքիայի հետ համատեղ ռազմական ագրեսիա է իրականացրել Հայաստանի դէմ։ Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիայի Պատմության ինստիտուտի հրատարակած հիմնարար հետազոտության մեջ, թեպետ համապատասխան գլուխը կոչվում է «Թուրք–հայկական պատերազմը։ Հայաստանի խորհրդայնացումը», սակայն շարադրանքի մեջ հստակ բերված է հետևյալ անժխտելի փաստը․
«Փաստորեն, թուրքական ուժերը զգալի գերազանցություն ունեին հայկական ուժերի նկատմամբ, և, բացի այդ, Հայաստանը շրջափակում էր չորս ռազմաճակատ՝ Կարս–Ալեքսանդրապոլի, Սուրմալուի, Նախիջևանի և Դիլիջան–Ղազախի։ Ահա թե ինչու թուրքական հարձակման գլխավոր ուղղություններում (Կարս, Սուրմալու) հայերին չհաջողվեց ուժերի գերազանցություն ստեղծել»[5]։
Այսինքն՝ Հայ պատմաբանների վերնախավի համար պարզ է, որ Հայաստանի առաջին հանրապետությունը թուրք–հայկական այս պատերազմի ժամանակ շրջափակված էր չորս ռազմաճակատով։ Դրանցից երկուսը հենց թուրք–հայկական ռազմաճակատներ էին՝ Կարսինը և Սուրմալուինը[5]։ Վերոհիշյալ շարադրանքի հեղինակները Կարս–Ալեքսանդրապոլ ռազմաճակատ ասելով սխալմամբ ցույց են տվել թուրքերի հարձակման ուղղությունը որպես ռազմաճակատ[5]։
Իսկ մյուս երկու ռազմաճակատում՝ Նախիջևանի և Ղազախի, հայկական բանակի դեմ կանգնած էին ոչ թե թուրքական քեմալական զորքերը, այլ Ռուսաստանի բոլշևիկյան զորքերը և դրանց ենթակա ադրբեջանա–թաթարական կամ ադրբեջանա–թուրքական զորքերը[5]։ Վերոհիշյալ շարադրանքի հեղինակները դարձյալ շփոթել են թշնամու զորքերի հարձակման ուղղությունը, այս դեպքում՝ Դիլիջանի–Ղազախ և այն անվանել ռազմաճակատ։ Ընդ որում, ուղղությունը պետք է լիներ Ղազախ–Դիլիջան, այլ ոչ հակառակը[6]։
Նոյնը տեղում հայկական նորագույն պատմական ակադեմիական հրատարակչության հեղինակները պարզորոշ նշում են, որ թուրքական հարձակման գլխավոր ուղղություններում՝ Կարս և Սուրմալու, հայերին չհաջողվեց ուժերի գերազանցություն ստեղծել հենց այն պատճառով, որ հայկական զորքերը ստիպված էին կռվել չորս ճակատով[6]։ Բնական է, որ երկու ճակատը թուրքականն էին[6], սակայն երկու «անանուն» ճակատները իրականում ռուսական էին[6]։ Տրամաբանական է, որ եթե չլինեին այդ երկու վերջին ճակատները՝, այսինքն՝ ռուսական ռազմական ագրեսիան Հայաստանի դեմ Նախիջևանից և Ղազախից, ապա հայկական բանակը, ամենայն հավանականությամբ, կկարողանար ուժերի գերազանցություն ստեղծել թուրքերի դեմ Կարսի և Սուրմալուի ռազմաճակատներում[6]։
Ընդ որում, ռուսական ռազմական ագրեսիան ժամանակային առումով զգալիօրէն աւելի շուտ է սկսուել, քան թուրքականը[6]։ Աւելին, թուրքական ագրեսիան Հայաստանի դէմ հնարաւոր չէր լինի առանց Ռուսաստանի կողմից Թուրքիային ցուցաբերուած ռազմական և ռազմատեխնիկական, քաղաքական և դիւանագիտական, ֆինանսա-տնտեսական և այլազան լուրջ օգնութեան։ Լրջագոյն և բախտորոշ օգնութեան[6]։ Այդ համատեղ ռազմական ագրեսիայի արդիւնքում տեղի ունեցաւ Հայաստանի պետականութեան կործանումը և նրա տարածքային բաժանումը ագրեսոր պետութիւնների՝ Ռուսաստանի և Թուրքիայի միջև, ինչը ձևակերպուեց 1921 թուականի մարտի 16-ի Մոսկուայի ռուս-թուրքական եղբայրութեան պայմանագրով[7], իսկ ապա՝ նրանից ածանցուած Կարսի պայմանագրով՝ 1921 թ. հոկտեմբերի 13-ին[8] պարզապէս պարտադրուեց ստօրագրելու Ռուսաստանին ենթակայ խամաճիկային կազմաւորումներին՝ խորհրդային Հայաստանին, Վրաստանին և Ադրբեջանին[6]։
Բացի այդ չորս ռազմաճակատից, Հայաստանի դեմ ռուսական և թուրքական ագրեսորները պատերազմում էին նաև այսպես կոչված ներքին ճակատում՝ իրենց հինգերորոդ շարասյունների միջոցով։ Թուրքիայի դեպքում դրանք Հայաստանում բնակվող թուրքերն ու մուսուլմաններն էին, որոնք հետախուզական, դիվերսիոն և սաբոտաժային գործողություններ էին վարում Հայկական պետության, բանակի և բնակչության դեմ[9], իսկ Ռուսաստանի դեպքում դրանք հիմնականում հայ բոլշևիկներն էին, որոնք դեռևս նույն տարվա մայիս ամսին բացահայտ զինված ապստամբություն էին բարձրացրել Հայաստանի հանրապետության դեմ[10] և հետագա ամիսների ընթացքում էլ՝ մինչև Հայաստանի Հանրապետության փաստացի բաժանումը Ռուսաստանի և Թուրքիայի միջև, շարունակում էին իրենց ներքին քայքայիչ թաքուն ու բացահայտ գործունեությունը[6][10]։
Պատերազմող ուժեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Թուրքական զորքեր և այլ աջակից ուժեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Թուրքական զորքը և իր դաշնակից ռուսական կարմիր բանակի զորամիավորումները համատեղ երկու անգամ քանակապես գերազանցում էր հայկականին։ 1920 թվականի հուլիս-օգոստոսին ՀՀ-ի դեմ թուրքերը կենտրոնացրել էին ավելի քան 50 հազարանոց բանակ, 306 հրանոթ[5]։
Թուրքական 45 000 - 50 000 զորքից 30 000-ը կանոնավոր ուժեր էին։ 50 000-անոց թուրքական բանակի հրամանատարն էր գեներալ Քյազիմ Կարաբեքիր փաշան։
(Հույժ կարևոր էր հատկապես այն հանգամանքը, որ Ռուսական կարմիր բանակը Հայաստանի արևելյան սահմաններին կենտրոնացրել էր 50 000 մարտիկ)։
Ռուսական զորքեր և այլ աջակից ուժեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռուսական Կարմիր բանակի զորքերը Հայաստանի սահմանների մերձակայքում, Ադրբեջանական խորհրդային հանրապետության տարածքում և Հայաստանից ապօրինի կերպով փաստացի բռնազավթված Նախիջևանի, Արցախի ու Սյունիք–Զանգեզուրի երկրամասերում քանակապես գերազանցում էր հայկական զորքերին։ 1920 թվականի հուլիս-օգոստոսին ՀՀ-ի դեմ ռուսները կենտրոնացրել էին մինչև 50 հազարանոց բանակ, մոտավորապես 300 հրանոթ, մոտ 400 գնդացիր։
ՀՀ զորքեր և Զանգեզուրի ու Արցախի դիմադրական ուժեր[խմբագրել | խմբագրել կոդը]
1920 թվականի հուլիս-օգոստոսին ՀՀ-ն սահմանի վրա ուներ 30-36 հազար զինվոր, 56 հրանոթ, 184 գնդացիր։ Բացի այդ մի քանի հազար մարտիկներ կային Գարեգին Նժդեհի Զանգեզուրյան գայլավաշտերում, ինչպես նաև պարտիզանական ուժեր՝ ռուս–ազերիական զավթման ներքո գտնվող Արցախում։ Կարմիր Բանակի հետախուզական բաժնի տվյալներով՝ Հայաստանի Առաջին Հանրապետության բանակում առկա էին հետևյալ ուժերը․[5]
- 17445 սվին, այսինքն՝ հետևակային, հրաձիգ զինվորներ,
- 2075 թուր, այսինքն՝ հեծյալ զինվորներ,
- 260 գնդացիր,
- 79 թեթև հրանոթ,
- 3 զրահագնացք,
- 3 զրահամեքենա,
- 3 տանկ։
Հետագայում՝ օգոստոս–սեպտեմբերին բանակի թվաքանակը որոշ չափով մեծացվեց, և Հայաստանի Հանրապետության դեմ ռուս–թուրքական համատեղ ագրեսիվ պատերազմի սկզբին Հայկական բանակում կար շուրջ 40000 զինվոր և սպա, որոնցից կանոնավոր ուժերն էին միայն 25000–ը, իսկ մնացածը բաժին էր ընկնում ինտենդանտական, այսինքն՝ համբարակային, սանիտարական և այլ օժանդակ ծառայություններին, որոնք կազմում էին բանակի անձնակազմի ընդհանուր թվաքանակի մոտ 30 տոկոսը։ Բացի այդ՝ կային որոշ թվով կամավորական խմբեր[5]։
Ռուս–թուրքական համատեղ նախահարձակ պատերազմի հիմնական գործողութիւններ[խմբագրել | խմբագրել կոդը]
1920 թ. սեպտեմբերի 1-ից 7-ը Բաքու քաղաքում տեղի ունեցավ այսպես կոչված «Արևելքի ժողովուրդների 1-ին համագումար»ռուս-թուրքական համատեղ ագրեսիվ խառնաժողովը, որը փաստորեն Հայաստանի դեմ համատեղ ռազմական ռուս-թուրքական ագրեսիա սկսելու վերջին նախապատրաստությունն էր։ Ռուսական կողմից այդ «համագումարի» նախագահն էր Գ. Զինովևը, թուրքական կողմից մասնակցում էին երիտթուրքական եղեռնագործ ոճրագործներ Էնվեր փաշան, Բեհաէդդին Շաքիրը, Խալիլ փաշան, ինչպէս նաև՝ ռուսական պետության հայանուն բոլշևիկյան գործակալների մի խումբ, քեմալական թուրքերի մի խումբ, «համաշխարհային հեղափոխության» կազակերպման ռուսական գործակալների և չեկիստական ահաբեկիչների մի խւմբ և ըդհանուր առմամբ՝ 26 երկրից մոտ 2000 ոճրագործ ու թափթփուկ, որոնք պիտի կատարեին ռուս-թուրքական ագրեսիվ ռազմական պլանների իրենց մասը։ «Համագումարում» որոշվեց իբր «իմպերիալիստական» Հայաստանի նկատմամբ ռուս-թուրքական համատեղ ռազմական ագրեսիայի և հաշվեհարդարի հարցը։
Բաքվի «Համագումար» կոչեցյալին զուգահեռ՝ 1920 թ. օգոստոսի վերջից միչև սեպտեմբերի 22-ը՝ տեղական բնույթի մարտեր էին ընթանում հայ-թուրքական սահմանի ամբողջ երկարութեամբ։ Ընդ որում՝ սեպտեմբերի 9-ին հայկական զորքերը կարողացան ազատագրել Կողբը, սակայն սեպտեմբերի 14-ին՝ կորցրեցին Օլթին։
Այդ երկու իրադարձության միջև թուրքերը կայացրին իրենց ռազմաքաղաքական որոշումը։ Անկարայում գտնվող Քեմալականների ռազմական գերագույն խորհուրդը վճռեց հարձակվել Հայաստանի Հանրապետության վրա։
1920 թ. սեպտեմբեր ամսվա ընթացքում Ռուսաստանը փաստացի և չհայտարարված պատերազմ էր մղում Հայաստանի Հանրապետության դեմ։ Մասնավորապես ռուսական 11-րդ կարմիր բանակը անընդհատ հարձակումներ էր գործում Շարուր-Դարալագյազի, Բասարգեչարի, և Ղազախի ճակատներում։ Պետք է նշել, որ հայոց բանակը հաջող հակահարվածներ էր հասցնում։
1920 թ. սեպտեմբերի 22-ի լոյս 23-ի գիշերը թուրքական քեմալական բանակը՝ առանց պատերազմ հայտարարելու հարձակման անցավ Հայաստանի Հանրապետության դեմ։
3 օր հետո՝ 1920 թ. սեպտեմբերի 26-ին Հայաստանում ռուսական «5-րդ շարասյունը»՝ այսպես կոչված «Հայաստանի կոմունիստական (բոլշևիկյան) կուսակցության» Կենտրոնական կոմիտեն (ՀԿ(բ)Կ ԿԿ)՝ բնականաբար՝ Ռուսաստանից ստացված հրամանով՝ «Հույժ գաղտնի» հրահանգ ուղղեց իր՝ Հայաստանյան տեղական կազմակերպություններին՝ անել հնարավոր ամեն ինչ՝ ապահովելու և արագացնելու համար Հայոց Բանակի պարտությունը։
Դրանից 3 օր հետո՝ 1920 թ. սեպտեմբերի 29-ին տեղի ունեցավ Սարիղամիշի և Կաղզվանի անկումը։
Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 30-ին ՀՀ-ում հայտարարվեց ռազմական դրություն։
Ապա տեղի ուեցավ Մերդենեկի անկումը, որից հետո Կարսի ռազմաճակատի գիծը հարաբերականորեն կայունացավ մի քանի շաբաթով։
Հոկտեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Համո Օհանջանյանը դիմում հղեց «Բոլորին, բոլորին, բոլորին… Աշխարհի քաղաքակիրթ ժողովուրդներին և նրանց կառավարություններին»՝ օգնության կոչով
5 օր հետո՝ Հոկտեմբերի 14-ին հայկական բանակը հակահարձակում գործեց Նոր Սելիմ - Սարիղամիշ ուղղությամբ։ Սակայն, ռուս-թուրքական համատեղ հակահայկական գորողությունների հետևանքով հակահարձակումը լիովին ձախողվեց և հայոց բանակի ոգին կտրուկ անկում ապրեց։
10 օր հետո սկսվեցին դաժան մարտեր Սուրմալուի ռազմաճակատում։ Հոկտեմբերի 24-ից 30-ը ընթացած կռիվներում Դրոյի զորքերը ձախողեցին այս ճակատում հայոց պաշտպանությունը ճեղքելու և մայրաքաղաք Երևանը գրավելու թուրքական բանակի փորձը։
Հոկտեմբերի 26-ին Երևանում կնքվեց Հայ-ռուսական հաշտության պայմանագրի նախագիծ։ Բնականաբար, այն չիրագործվեց։ Դա ռուսների հերթական ստոր խաղն էր հայերի դեմ։
Պատահական չէ, որ շուտով տեղի ունեցավ աղետ թուրք-հայկական Կարսի ռազմաճակատում։
Հոկտեմբերի 30-ին Կարսը ընկավ թուրքերի ձեռքը։ ՀՀ ռազմական և քաղաքացիական բազմաթիվ բարձրաստիճան ղեկավարներ, 3000 զինվոր և 30 սպա գերի ընկան թուրքերի ձեռքը։
Ռուսական օկուպացիոն Կարմիր բանակը ներխուժել է Երևան, 1920 դեկտեմբեր
Ռուս–թուրքական համատեղ նախահարձակ պատերազմի ռազմատեխնիկական ապահովում[խմբագրել | խմբագրել կոդը]
Շատ կարևոր էր այդ պատերազմում Ռուսաստանի մեծ ռազմատեխնիկական օգնութիւնը Թուրքիային, որը պաշտօնապէս խոստովանել է Անկարայում ռուսական դեսպանը 2021 թ.:
Ռուս–թուրքական համատեղ նախահարձակ պատերազմի հիմնական հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Համատեղ ագրեսիայի արդյունքում 1920 թվականին հայ ժողովրդի ոխերիմ թշնամին՝ Թուրքիան և նույնքան Ռուսաստանը նվաճում են Հայաստանի Հանրապետությունը։
- Տեղի է ունենում Հայաստանի հերթական՝ վեցերորդ բաժանումը[11]։ Հայաստանի և Թուրքիայի միջև հաստատում է ներկայիս հայ-թուրքական շփման գիծը։
- Թուրքիային են անցնում Արևմտյան Հայաստանը և Կենտրոնական ու Արևելյան Հայաստանի որոշ մասերը, այդ թվում նաև Արարատ լեռը Մեծ և Փոքր Մասիսներով։
- Ռուսաստանին են անցնում այժմյան Հայաստանի Հանրապետության տարածքը, Նախիջևանը, Արցախը, Գարդման-Գանձակը, ինչպես նաև արևելյան հայկական հողերը` նավթառատ Բակուրակերտ-Բագին-Բաքու և այլն։ Հետագայում նաև՝ Ջավախքը և այլ հայկական գավառներ, որոնք Ռուսաստանը կցում է իր վասալ դարձած մեկ այլ պետության՝ խորհրդային Վրաստանին։
- Ոչնչացվում է հայկական պետականությունը, որի ստեղծվում է Խորհրդային Ռուսաստանի կազմում գտնվող Խորհրդային Հայաստանը, որն երբեմն կոչվում է «Երկրորդ հանրապետություն»։Երկիրն էլ կառավարում էր Կրեմլի նշանակած հայանուն որևէ կուսակցապետ` 1-ին քարտուղար, որի կողքին պարտադիր կար Մոսկվայի ուղղակի ներկայացուցիչ–վերակացուն՝ Երկրորդ քարտուղար տիտղոսով․․․
- Արցախն ու մյուս արևելահայկական հողերն անջատված էին ՀՀ–ից․ տարբեր կարգավիճակով, իսկ երբեմն՝ առանց որևէ առանձին կարգավիճակի՝ ենթակա հարևան թուրք-ադրբեջանական "հանրապետությանը" Խորհրդային Վրաստանին։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայաստանի Առաջին Հանրապետության բանակի Իգդիր–Սուրմալուի ռազմաճակատի զորքերի անպարտելի հրամանատարը 1920 թ. ամռանը–աշնանը՝ զորավար Դրո՝ Դրաստամատ Կանայան
Թուրքական Արևելյան բանակի հրամանատարը 1920 թ. ամռանը–աշնանը՝ գեներալ–լեյտենանտ Քյազըմ Կարաբեքիր փաշա
Ռուս–հայկական փաստացի պատերազմի Զանգեզուրյան ճակատի հայկական զորքերի հրամանատարը՝ գնդապետ Գարեգին Նժդեհ
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Խատիսյան Ա․, Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը, Աթենք, 1930։
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱԺԱՆՈՒՄԸ 1920 ԹՎԱԿԱՆԻՆ։ Ակադեմիկոս Լենդրուշ Խուրշուդյան։ [1]
- Սարգսյան Երվանդ, Թուրքիան և նրա նվաճողական քաղաքականությունը Անդրկովկասում, Ե., 1964։
- Սարգսյան Երվանդ, Սահակյան Ռուբեն, Հայ ժողովրդի նոր շրջանի պատմության նենգափոխումը թուրք պատմագրության մեջ, ե., 1963։
- Կարապետյան Ա, 1920 թ. հայ-թուրքական պատերազմը և Սովետական Ռուսաստանը, Ե.. 1965։
- Զոհրաբյան էդիկ, Սովետական Ռուսաստանը և հայ-թուրքական հարաբերությունները 1920-1922 թ, Ե., 1979։
- Ազատ, անկախ և միացյալ Հայաստանի վերջին օրերը (անհայտ գրողի օրագիրը), կազմեց` Ս. Հարությունյան, 1993, 135 էջ։
- Եազըճեան Գէւորգ, Կարսի 1920 թ. անկման խորքային պատճառները, 2009, 115 էջ։
- Խատիսեան Ալեքսանդր, Հայաստանի հանրապետութեան ծագումն ու զարգացումը, Աթէնք, 1930, 367 էջ, Պէյրութ, 1968, 487 էջ։
- Հայաստանի Հանրապետությունը 1918-1920 թթ. (քաղաքական պատմություն), (փաստաթղթերի և նյութերի ժողովածու), խմբ. Գ. Գալոյան, Վլ. Ղազախեցյան, Երևան, 2000, 456 էջ։
- Հովհաննիսյան Ռիչարդ, Հայաստանի հանրապետություն, հատ. 4. (Սալի և մանգաղի միջև։ Մասնատում և խորհրդայնացում 1920–1921 թթ.), 2016, 548 էջ։
- Յազճյան Գևորգ, Կարսի անկման բուն պատճառները 1920 թվականին, 2005։
- Սասունի Կարօ, Հայ–թրքական պատերազմը (1920–ին), Պէյրութ, 1969, 218 էջ։
- Վիրաբյան Վանիկ, Հայաստանի Հանրապետության հետախուզությունը և բանակը (1918–1920 թթ.), 2009, 413 էջ։
- Վիրաբյան Վանիկ, Հայաստանի Հանրապետության պետական անվտանգության համակարգի ստեղծումը և գործունեությունը 1918–1920 թթ. (Հետախուզություն, բանակ, ՆԳՆ), 2015, 746 էջ։
- Վիրաբյան Վանիկ, Հայաստանի Հանրապետությունը 1918–1920 թթ. (ուսումնական ձեռնարկ ԲՈՒՀ-երի համար), 2011, 204 էջ։
- Վրացեան Սիմօն, Հայաստանի հանրապետութիւն, Փարիզ, 1928, 548 էջ, 2-րդ հրատ., Պէյրութ, 1958, 684 էջ, 3-րդ հրատ., Թեհրան, 1982, 684 էջ, 4-րդ հրատ., Երևան, 1993, 704 էջ։
- Ա. Խանջյան, Մայիսյան ապըստամբությունից դեպի նոյեմբերյան հաղթանակը, Ե„ 1935։
- Մայիսյան ապստամբությունը Հայաստանում 1920-1930 (հիշողությունների և դոկումենտների ժողովրդական), Ե., 1930;
- Գ. Ղարիբջանյան, Մայիսյան ապըստամբությունը Հայաստանում 1920 թվականին, Ե., 1955։
- Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ ռևոլյուցիան և խորհրդային իշխանության հաղթանակը "Հայաստանում (Փաստաթղթերի և նյութերի ժողովածու), Ե., I960;
- Գ. Գալոյան, Անդրկովկասում սոցիալիստական ռևոլյուցիայի և կոմունիստական շինարարության պատմության կեղծարարության դեմ, Ե., 1961:
- Գ. Գալոյան, "Հերոսական մայիսից-հաղթական նոյեմբեր, Ե., 1980:
- Կարապետյան Հովհ. Ս., Մայիսյան ապստամբությունը Հայաստանում 1920 թ., Ե., 1961:
- Ա. Հ. Մելքոնյան, Մայիսյան ապստամբության պատմության հարցի շուրջը, Ե., 1965:
- Ս. Վրացյան, «Հայաստանի Հանրապետություն», 1993, Գլուխ ԻԸ, Մայիսյան խռովությունները, էջ 401-429
- Ա. Հակոբյան, «Հայաստանի խորհրդարանը և կուսակցությունները 1918-1920», Գլուխ 6, Կուսակցությունները և խորհրդարանը Մայիսյան ճգնաժամի շրջանում, 1. Մայիսյան ապստամբությունը
- Հայոց պատմություն, 11-րդ դասարան, Ընդհանուր հոսքի դասագիրք, 2010, Հայաստանի Հանրապետության խորհրդայնացումը, էջ 215
- Հայաստանի բաժանումը 1920 թվականին։ Ակադեմիկոս Լենդրուշ Խուրշուդյան էլ․ տարբերակ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ [The Republic of Armenia, Vol. III: From London to Sèvres, February-August 1920 by Richard G. Hovannisian]
- ↑ «1920թ. Մայիսյան ապստամբությունը»։ Արխիվացված է օրիգինալից 2016-07-03-ին։ Վերցված է 2018-05-25
- ↑ Հմմտ․՝ «Հայոց պատմություն», Հայաստանի Երրորդ Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիա, Պատմության ինստիտուտ։ Հատոր չորրորդ, գիրք առաջին, Երևան, 2010, էջ 254։
- ↑ Հայոց պատմություն, հատոր 4-րդ, գիրք Առաջին։ Նորագույն ժամանակաշրջան. 1918-1945 թթ.: ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա, Պատմության ինստիտուտ։ Երևան, 2010 թ.: Էջեր՝ 254-276:
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 Հայոց պատմություն, հատոր 4-րդ, գիրք Առաջին։ Նորագույն ժամանակաշրջան. 1918-1945 թթ.: ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա, Պատմության ինստիտուտ։ Երևան, 2010 թ.: Հմմտ.՝ Էջեր՝ 254:
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 6,8 Հայոց պատմություն, հատոր 4-րդ, գիրք Առաջին։ Նորագույն ժամանակաշրջան. 1918-1945 թթ.: ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա, Պատմության ինստիտուտ։ Երևան, 2010 թ.: Հմմտ.՝ Էջեր՝ 237-376:
- ↑ Հայոց պատմություն, հատոր 4-րդ, գիրք Առաջին։ Նորագույն ժամանակաշրջան. 1918-1945 թթ.: ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա, Պատմության ինստիտուտ։ Երևան, 2010 թ.: Հմմտ.՝ Էջեր՝ 324-339:
- ↑ Հայոց պատմություն, հատոր 4-րդ, գիրք Առաջին։ Նորագույն ժամանակաշրջան. 1918-1945 թթ.: ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա, Պատմության ինստիտուտ։ Երևան, 2010 թ.: Էջեր՝ 367-374:
- ↑ Հայոց պատմություն, հատոր 4-րդ, գիրք Առաջին։ Նորագույն ժամանակաշրջան. 1918-1945 թթ.: ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա, Պատմության ինստիտուտ։ Երևան, 2010 թ.: Էջեր՝ 181-203:
- ↑ 10,0 10,1 Հայոց պատմություն, հատոր 4-րդ, գիրք Առաջին։ Նորագույն ժամանակաշրջան. 1918-1945 թթ.: ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա, Պատմության ինստիտուտ։ Երևան, 2010 թ.: Էջեր՝ 78-86:
- ↑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱԺԱՆՈՒՄԸ 1920 ԹՎԱԿԱՆԻՆ։ Ակադեմիկոս Լենդրուշ Խուրշուդյան։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |