Կարսի թագավորություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կարսի կամ Վանանդի
թագավորություն
 Բագրատունյաց Հայաստան 963 - 1064 Բյուզանդիա 
Bagratuni flag.svg Bagrotouni.jpg
(Դրոշ) (Զինանշան)
Քարտեզ

Bagratuni Armenia 1000-hy.svg
(Բագրատունյաց Հայաստանը 1000 թվականին)

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Կարս
Լեզու Հայերեն
Ազգություն Հայեր
Կրոն Հայ Առաքելական Եկեղեցի
Իշխանություն
Պետական կարգ Միապետություն
Դինաստիա Բագրատունիներ
Պետության գլուխ Թագավոր
Պատմություն
- Աբաս Ա-ի գահակալում 984-1029
- Գագիկ Կարսեցու գահակալում 1029-1065
- Անիի անկում 1045
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Կարս (այլ կիրառումներ)

Կարսի կամ Վանանդի թագավորություն, միջնադարյան ավատատիրական պետություն Հայկական լեռնաշխարհում 963-1065 թվականներին։ Հիմնադրել է հայոց արքա Աշոտ Գ Ողորմածի եղբայր Մուշեղ Ա-ն 963 թվականին[1]: Երկիրը կառավարել է Կարսի Բագրատունիների տոհմը։ Տարածքը կազմել է առավելագույնը 10 000 քառ. կմ՝ Աբաս Ա օրոք (984-1029)[2]:

Բագրատունյաց Հայաստանի ենթակա թագավորություններից (Վասպուրական, Վանանդ, Լոռի, Սյունիք) ու իշխանություններից (Տարոն, Տայք) ժամանակագրությամբ երկրորդն էր։

Պետության մայրաքաղաքն էր Կարսը: Երբ 961 թվականին Աշոտ Ողորմածը Հայաստանի մայրաքաղաքը տեղափոխում է նորակառույց Անի, Կարսը շարունակում էր մնալ հայոց մշակութային, քաղաքական ու տնտեսական կենտրոններից մեկը։ Հզորության շրջանում, երբ անկում էին ապրում արաբական ամիրայությունները, Վանանդի արքաները համագործակցել են Վրաց թագավորության ու Անիի շահնշահերի հետ[3]:

11-րդ դարի կեսերին՝ Անիի թագավորության անկումից հետո, Կարսի թագավորությունը դառնում է նախ Բյուզանդական կայսրության, ապա՝ Սելջուկյան սուլթանության մարզերից մեկը։ 1065 թվականին վերջին արքա Գագիկ Ա-ն հանձնում է իր տիրույթները Բյուզանդիային և տեղափոխվում Փոքր Ասիայի կենտրոնում գտնվող Կեսարիա քաղաքը[4]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարսի թագավորությունը ձևավորվել է 963 թվականին։ Աշոտ Գ Ողորմած (953-977) թագավորը ճանաչեց Մուշեղի գահակալությունը՝ պայմանով, որ նա ընդունի իր գերագույն իշխանությունը։ Ստեղծվեց Բագրատունյաց երկրորդ թագավորությունը։ Մուշեղ Ա արքայի օրոք (963-984) Կարսի թագավորությունը գրավում էր կարևոր տեղ Բյուզանդիայի դեմ պայքարում։ Այն սերտ քաղաքական և տնտեսական հարաբերությունների մեջ էր Անիի Բագրատունյաց թագավորության հետ[5]:

Աբաս Ա թագավորի (984-1029) օրոք մեծ ուշադրություն դարձվեց թագավորության ռազմական ուժը մեծացնելու վրա։ Նրա լավ զինված հեծյալ և հետևակ զորաբանակները հաջողությամբ մասնակցեցին արաբական ամիրայությունների դեմ պատերազմներին։ Աբասը առաջին հերթրն ձգտում էր խաղաղություն հաստատել իր թագավորության մեջ։ Նա իր երկրում վերացնում է ավազակությունը, պատժում հանցագործներին և ապահովում երկրի խաղաղ կյանքը։ Աբասը հատուկ ուշադրություն է նվիրում զինված ուժերին և կարմիր գույնի հատուկ զինվորական համազգեստ է մտցնում։ Իր աշխարհազորով Աբաս թագավորը մասնակցում է հայոց և վրաց համատեղ ռազմական արշավանքներին՝ ընդդեմ Հարավային Հայաստանի արաբ ամիրաների (994)։ Կարսի փոքրիկ թագավորության վիճակն անկայունացավ Բյուզանդիայի ու վրաց Բագրատունիների միջև տեղի ունեցող արյունահեղ պատերազմների ժամանակ, որոնց պատճառը մահացած Դավիթ Կյուրաղապատի ժառանգության շուրջ ծագած վեճն էր։ Այդ ընթացքում Կարսի թագավորության տարածքը, որ կռվող կողմերի համար ռազմաբեմ էր դարձել, խիստ ավերածությունների ենթարկվեց։

Բագրատունիների հյուսիսային տիրույթները

Կարսի թագավորությունը կարողացավ խաղաղությունը պահպանել նաև Աբասի որդու՝ Գագիկ Կարսեցու օրոք (1029-1065)[6]: Նա սերտ ազգակցական կապեր ուներ ոչ միայն Շիրակի Բագրատունիների, այլև Տաշիր-Ձորագետի Կյուրիկյանների և Վասպուրականի Արծրունիների հետ։ Ամուսնացած էր վրաց թագավոր Բագրատ IV-ի (1027-1072) դուստր Գուրանդուխտի հետ[7]:

1045 թվականի Անիի անկումից հետո հայ Բագրատունիների ավագ ներկայացուցիչը մնաց Գագիկ Կարսեցին, որը և այնուհետև ձևականորեն կրում է «շահնշահ» տիտղոսը։ Մի քանի տարի անց՝ 1054 թվականին, սելջուկ-թուրքերը հարձակվում են Հայաստանի վրա։ Վանանդի թագավորության զորքերի սպարապետ Թաթուլ Վանանդեցին քաղաքի պարիսպների տակ հաղթում է սելջուկյան զորքին։ Կարսի Գագիկ թագավորը, վախենալով սելջուկյան հետագա արշավանքներից, 1064 թվականին իր պետությունը կտակում է Բյուզանդական կայսրությանը և փոխարենը ստանալով Գամիրքում Ծամնդավի իշխանությունը` տեղափոխվում է Բյուզանդիա[8]:

Նույն 1064 թվականին սելջուկները Անիից հետո գրավում են նաև Կարսը, և շուրջ մեկ դար այնտեղ հաստատվում է Շադդադյանների տիրակալությունը: Տարիներ անց վրաց Բագրատունիների զորքերը հայ զորավարներ Զաքարե և Իվանե Զաքարյանների գլխավորությամբ ազատագրում են Արևելյան Հայաստանի քաղաքները:

Մայրաքաղաք[խմբագրել | խմբագրել կոդը]

Թագավորության մայրաքաղաքը Կարսն էր: Որոշ ուսումնասիրողների կարծիքով` այստեղ բերդ է գոյություն ունեցել դեռ ուրարտական ժամանակներում: Սակայն որպես քաղաք Կարսը նշվում է 10-րդ դարում, երբ այնտեղ է տեղափոխվում հայոց արքա Աբաս Ա-ի (928-953) արքունիքը։ Կարսը գտնվում է Այրարատ նահանգի Վանանդ գավառում, համանուն գետի ափին, ծովի մակերևույթից մոտ 2000 մետր բարձրության վրա։

Արշակունիների թագավորության շրջանում (66-428) Կարսը փոքրիկ բերդաքաղաք էր, Վանանդեցի իշխանական տոհմի նստավայրը։ Վանանդ գավառի մի քանի շրջաններ եղել են Կամսարական նախարարների կալվածքը։ Բագրատունյաց թագավորության (885-1045) ժամանակաշրջանում Կարսը վերելք է ապրում, և աղբյուրներում նախկին աննշան բերդը հիշատակվում է որպես քաղաք։ Բագրատունի առաջին արքաները, որոնք շարունակ պայքարի մեջ էին արաբական տիրապետության դեմ, հաճախ էին փոխում երկրի մայրաքաղաքները։

Աշոտ Ա (885-890), Սմբատ Ա (890-914), Աշոտ Բ Երկաթ (914-928) արքաների օրոք Հայաստանի մայրաքաղաքներ էին Բագարանը, ապա Երազգաորսը (Շիրակավան)։ Սակայն շարունակական պատերազմների պայմաններում սրանք չարդարացրին մայրաքաղաքի դերը, քանզի գտնվում էին արաբական ամիրայությունների մերձակայքում։ Ճիշտ է, Աշոտ Բ Երկաթը վերջնականապես թոթափեց արաբական լուծը, սակայն նրա եղբայրը և հաջորդը՝ Աբաս Բագրատունի արքան (928-953), գահ բարձրանալով, իր պետության մայրաքաղաքը տեղափոխեց Կարս, որը հեռու էր արաբական ամիրայությունների սահմաններից և ավելի պաշտպանված քաղաք էր։

Հայոց թագավոր Աբաս Բագրատունին կառուցում է մինչ այժմ կանգուն Սուրբ Առաքելոց Կաթողիկե եկեղեցին, որն այժմ գործող մզկիթ է։ Մզկիթի վերածվելուց հետո եկեղեցու ճարտարապետական կառուցվածքը չի փոխվել։ Բացի եկեղեցու կառուցումից, հայոց արքան ամրացնում է Կարսի բերդը, որ ժամանակին Առաջավոր Ասիայի ամենաամուր ամրոցներից էր։

Աբաս Բագրատունու հաջորդը՝ Աշոտ Գ Ողորմած արքան (953-977), նոր մայրաքաղաք հաստատեց՝ Անին (961)։ Հայոց արքան միաժամանակ վարչական բարեփոխումներ իրականացրեց երկրում։ Հայաստանը դարձավ առանձին թագավորությունների դաշնային միություն, որի գլխավորը՝ շահնշահը, Անիի տիրակալն էր։

Պետական կարգ և քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարսում նստող Բագրատունի սպարապետն ու իշխանաց իշխանները իրենց համարում էին Անիի թագավորության գահի օրինավոր ժառանգներ, ուստի ամեն առիթի հանգես էին գալիս նման հավակնություններով։ Օրինակ, Աշոտ Ողորմածի մահվանից հետո, երբ նրա եղբայր թագավոր Մուշեղը փորձեց բազմել Անիի շահնշահների գահին, Անիի ավագանին շտապեց գահ բարձրացնել մահացած Աշոտի որդուն՝ Սմբատ Բ-ին, և Մուշեղը հարկադրված եղավ հաշտվել ստեղծված դրության հետ։ Շատիկ սահմանային ամրության համար Մուշեղը դիմում է Տայքի կյուրոպաղատ Դավթի (960-1000) օգնությանը, և վեճը հարթվում է խաղաղ ճանապարհով, այսինքն Կարսի թագավորության հսկողության ներքո են թողնվում Անիի համար կենսական նշանակություն ունեցող Աղտոձոր լեռնանցքը և Շատիկ ամրոցը[9]:

10-րդ դարում Դվին քաղաքում նստող արաբ ամիրաները ենթակա էին Ատրպատականի Սալարյաններին։ Վերջիններս, ուժեղանալով, ձգտում էին անկախանալ Բաղդադում նստող խալիֆներից։ Վերջիններս Շիրակի Բագրատունիներին շնորհել էին «Շահնշահ Հայոց և Վրաց» տիտղոսները, որպեսզի սանձահարեն նաև արաբ ամիրաների անջատողական նկրտումները։ Այս հանգամանքը հաշվի չէր առել «Կարուց թագաւոր» Մուշեղը, որը Սմբատ Բ-ի դեմ հրահրում էր Դվինի ամիրա Սալարի Աթուլ-Հառաչին։ Վերջինս 982 թվականին Երևանի մոտ անցնելով Հրազդան գետը, հանկարծակի ներխուժում է Անիի թագավորության թիկունքը և հասնում մինչև Անի քաղաքը։ Ինչպես երևում է արաբական զորքի թիկունքում բարձրանում է հայ ժողովուրդը և օգնում Սմբատ Բ-ին ոչ միայն դուրս քշել թշնամուն Անիի մատույցներից, այլև ջախջախել նրան։

Ինչպես Կարսի Մուշեղ թագավորը, այնպես էլ իր որդի և հաջորդ Աբասը որոշ նկրտումներ ունեին Հայաստանի հյուսիսարևելյան մասերում գտնվող Փառիսոսի թագավորության նկատմամբ։ Այդ ժամանակ այնտեղ թագավորում էին եղբայրներ Սենեքերիմ և Գրիգոր «Փառավոր», «Բարեպաշտ» պատվանունները կրող թագավորները, իսկ սրանց քույրը Կարսի թագուհին էր՝ Մուշեղ թագավորի կինը և Աբասի մայրը։ Այդ թագավորների մահից հետո Կարսի թագուհին կարող էր ժառանգորդ համարվել Փառիսոսի ապագա թափուր գահի[10]:

Տարածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջնադարյան Բագրատունիներից վասալական կախման մեջ գտնվող այս թագավորությունը ներառում էր տարածքներ՝ ներկայիս Թուրքիայից, մասամբ՝ Հայաստանից ու Վրաստանից: Տարածքն ընդգրկում էր Մեծ Հայքի Այրարատ նահանգի Վանանդ գավառը և նրա շրջակայքը՝ ընդամենը ութ գավառ՝ կազմելով 10 000 քառ. կմ[11]:

Կարսի թագավորության գավառները պաշտպանված էին մի քանի ամրոցներով։ Մժնկերտ գավառում, որն Արշակունիների թագավորության շրջանում (66-428) կոչվում էր Աբեղյանք, գտնվում էր Մժնկերտ բերդաքաղաքը։ Հարավում տեղադրված էին Հավնունյաց գավառը (Հավնունի տոհմը 1-ին դարում դեռևս պահպանում էր իր գոյությունը), որտեղ գտնվումէր Ավնիկբերդը, Աղորի գավառը Հավճիչ ամրոցով։

Հին Հայաստանի գավառներից Արշարունիքի արևմտյան մասն էր կազմում Կեչրոր գավառը համանուն քաղաքով և Ծառաքար ամրոցով։ Սուկավետ (Ջրաբախշ) լեռնապարի (Հայ­կական պար), հյուսիսային փեշերին էր գտնվում Զարեհավան գավառակը հա­մանուն ավանով (հին հայկական Զարեհավան քաղաքի տեղում)։ Կաղզվան գավառը համանուն կենտրոնով հարուստ էր աղի և մետաղների հանքերով։

Թագավորությունը արևելյան մասով սահմանակից էր Բագրատունիների բուն տիրույթներին, որոնց հետ կապվում էր Հայկական պարի Աղտոձոր լեռնանցքով, որը պաշտպանված էր Շատիկ ամրոցով[12]:

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բագրատունիների օրոք քաղաքում ծաղկում են արհեստները և առևտուրը։ Կարսը առևտրային սերտ կապեր ուներ ոչ միայն Անիի, Դվինի ու Թբիլիսիի, այլև հեռավոր քաղաքների հետ։ Աբաս Ա արքայի օրոք Կարսի թագավորությունը ծաղկեց։ Մայրաքաղաքի բնակչությունը Բագրատունյաց և Զաքարյանների տիրապետության շրջանում անցնում էր 50 000-ից, որն այն ժամանակվա քաղաքային բնակչության համար մեծ թիվ էր[13]:

Վանանդի թագավորության հիմնական հատվածը զբաղեցնում է Վանանդի սարահաթը, որը հարուստ է սևահողով։ Այն շրջապատում են Հայկական պար լեռնաշղթան հարավում, Մեսխեթի և Թրիալեթի լեռնաշղթաները հյուսիսում, Ախուրյան գետը՝ արևելքում, Տայքը՝ արևմուտքում։ Սարահարթի միջով անցնող ոչ մեծ գետերի (Արաքս գետի վտակները) ջրերը կյանք են տալիս նրանց։ Կլիման մեղմ է, նպաստավոր երկրագործության համար։ Լեռնային արոտները հնարավորություն էին ընձեռում անասնապահության զարգացման համար։

Արաքսի հովիտը՝ «Երասխաձորը» իր մեղմ և տաք կլիմայով հնարավորություն էր տալիս ունենալու զարգացած այգեգործություն և նրա հետ կապված գինեգործություն ու պարտիզագործություն։ Մեծրաց լեռների անտառները վաղուց ի վեր շինանյութ էին մատակարարում։ Կարմիր փորակ ջրբաժան լեռնաշղթայի և Արջո-Առիճ հրաբխային զանգվածի ալպյան մարգագետինները նպաստավոր պայմաններ էին ընձեռում անասնապահության զարգացման համար, մանավանդ, որ մոտերքում գտնվող Երասխաձորը (Երասխի կիրճը Կաղզվանի շրջակայքում) իր մեղմ կլիմայով լավ ձմեռանոց էր անասունների համար։

Կարսի թագավորությունում զարգացած էր լեռնագործությունը։ Հայտնի էին պղնձի, արծաթի, արճճի և երկաթի հանքերը, հիմնականում Կեչուտն լեռներում։ Դա նպաստում էր արհեստագործության բարգավաճմանը։ Ընդլայնվում էր ապրանքափոխանակությունը, որը նպաստում էր քաղաքային կենտրոնների և առաջին հերթին մայրաքաղաք Կարսի վերելքին[11]:

Կարսի թագավորների արքայացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Աբաս Ա
Heraldic Royal Crown (Common).svg
(928-953)
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Խոսրովանույշ
Królewska.jpg
 
Աշոտ Ողորմած
(953-977)
Heraldic Royal Crown (Common).svg
 
 
 
 
 
 
Մուշեղ Ա
(963-984)
Կարսի թագավոր
 
Սևադա Բ-ի դուստր
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Սմբատ Տիեզերակալ
(977-990)
Heraldic Royal Crown (Common).svg
 
Գագիկ Ա
(990-1020)
Heraldic Royal Crown (Common).svg
 
Կատրանիդե Բ
Królewska.jpg
 
Գուրգեն
(978-989)
Լոռու թագավոր
 
 
Աբաս Ա
(984-1029)
Կարսի թագավոր
 
Գուրանդուխտ Բագրատիոնի
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Սենեքերիմ Արծրունի
Վասպուրականի թագավոր
(1003-1021)
 
Խուշուշ
 
Հովհաննես-Սմբատ
(1022-1041)
Heraldic Royal Crown (Common).svg
 
Աշոտ Քաջ
(1022-1040)
Heraldic Royal Crown (Common).svg
 
Աբաս
 
Կյուրիկյաններ
 
Գագիկ Ա
(1029-1065)
Կարսի թագավոր
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Գագիկ Բ
(1042-1045)
Heraldic Royal Crown (Common).svg
 
 
 
 
 
 
 
 
 
Մարիամ

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն: Ենթակա թագավորությունների առաջացումը
  2. Большая советская энциклопедия: Карсское царство
  3. Ժամկոչյան Հ. և ուրիշներ, Հայ ժողովրդի պատմություն սկզբից մինչև 18-րդ դարի վերջ, Երևան, «Երևանի պետական համալսարան», 1975, էջ 452 — 785 էջ։
  4. Советская историческая энциклопедия: Карсское царство
  5. Ենթակա թագավորությունների առաջացումը: Վանանդի (Կարսի) թագավորություն
  6. Ժամկոչյան Հ. և ուրիշներ, Հայ ժողովրդի պատմություն սկզբից մինչև 18-րդ դարի վերջ, Երևան, «Երևանի պետական համալսարան», 1975, էջ 462 — 785 էջ։
  7. Աղայան Ծ. և ուրիշներ, Հայ ժողովրդի պատմություն, հ. III, Հայաստանը զարգացած ֆեոդալիզմի ժամանակաշրջանում, Երևան, «Հայկական ԽՍՀ ԳԱԱ», 1976, էջ 97 — 1036 էջ։
  8. Ժամկոչյան Հ. և ուրիշներ, Հայ ժողովրդի պատմություն սկզբից մինչև 18-րդ դարի վերջ, Երևան, «Երևանի պետական համալսարան», 1975, էջ 463 — 785 էջ։
  9. Աղայան Ծ. և ուրիշներ, Հայ ժողովրդի պատմություն, հ. III, Հայաստանը զարգացած ֆեոդալիզմի ժամանակաշրջանում, Երևան, «Հայկական ԽՍՀ ԳԱԱ», 1976, էջ 95 — 1036 էջ։
  10. Աղայան Ծ. և ուրիշներ, Հայ ժողովրդի պատմություն, հ. III, Հայաստանը զարգացած ֆեոդալիզմի ժամանակաշրջանում, Երևան, «Հայկական ԽՍՀ ԳԱԱ», 1976, էջ 96 — 1036 էջ։
  11. 11,0 11,1 Աղայան Ծ. և ուրիշներ, Հայ ժողովրդի պատմություն, հ. III, Հայաստանը զարգացած ֆեոդալիզմի ժամանակաշրջանում, Երևան, «Հայկական ԽՍՀ ԳԱԱ», 1976, էջ 99 — 1036 էջ։
  12. Աղայան Ծ. և ուրիշներ, Հայ ժողովրդի պատմություն, հ. III, Հայաստանը զարգացած ֆեոդալիզմի ժամանակաշրջանում, Երևան, «Հայկական ԽՍՀ ԳԱԱ», 1976, էջ 98 — 1036 էջ։
  13. armenian-history.com: Հայաստանի մայրաքաղաքները. Կարս
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 345 CC-BY-SA-icon-80x15.png