Jump to content

Մարգագետին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարգագետին Իսպանիայում
Մարգագետին Իտալիայում
Մարգագետին Հայաստանում

Մարգագետին, բիոգեոցենոզ, որի բուսածածքը կազմված է առավելապես բազմամյա մեզոֆիլ (միջին խոնավությանը հարմարված) խոտաբույսերից, որոնք աճում են ամբողջ վեգետացիայի ընթացքում (առանց ամառվա ընդմիջման, որը հատուկ է տափաստանային բույսերին)։ Բնական մարգագետիններն առաջանում են բազմամյա մեզոֆիլ խոտաբույսերի համար նպաստավոր կլիմայական և հողային պայմաններ ունեցող վայրերում՝ երկարատև ողողվող հովիտներում, բարձրլեռնային գոտում, մերձարկտիկայի և մերձանտարկտիդայի ծովափնյա շրջաններում, տափաստանային ու կիսաանապատային գոտիների լիմաններում։

Տարբերում են՝

  • մայրցամաքային
  • ողողվող
  • լեռնային մարգագետիններ

Մայրցամաքային մարգագետինները տեղադրված են հարթավայրերում (ողողվող հովիտներից դուրս) և լինում են անջրդի հովիտների ու ցածրավայրերի մարգագետիններ։

Ողողվող մարգագետինները տարածված են տունդրայից մինչև անապատներ (հատկապես անտառային և անտառատափաստանային գոտիներում)։ Ավելի բերքատու և բազմազան են, քան մայրցամաքային մարգագետինները։

Լեռնային մարգագետինները տարածված են խոնավ, չափավոր կլիմա ունեցող շրջաններում, անտառի վերին սահմանից բարձր (ենթալպյան ու ալպյան մարգագետիններ) և անտառային գոտում, ոչնչացված անտառների տեղում (ետանտառային մարգագետիններ)։ Մարգագետինները չոր խոտի և արոտային լիարժեք կանաչ կերի աղբյուր են։ Խոտակացքը բաղկացած է հացազգի և բակլազգի խոտաբույսերից, տարախոտերից, երբեմն՝ բոշխերից ու մամուռներից։ Կերօգտագործման տեսակետից արժեքավոր են առաջին երկու խումբը։

Հայաստանում մարգագետինները տարածված են հիմնականում Արագածի, Գեղամա լեռնաշղթայի, Կապուտջուղի և այլ լեռնազանգվածներին ու դրանց լանջերին (ծովի մակերևույթից 2200 մ և ավելի բարձրության վրա)։ Հայաստանումում խոտհարքների մոտ 75%-ը գտնվում է ենթալպյան, ետանտառային մարգագետնատափաստանային, իսկ արոտների 90%-ը՝ ալպյան, ենթալպյան, լեռնատափաստանային, մարգագետնատափսատանային և ետանտառային գոտիներում։ Մարգագետինների միջին բերքատվությունը խոտհարքներում 15-25 ց\հա է (չոր խոտ), արոտավայրերում՝ 10-15 ց\հա։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 299
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարգագետին» հոդվածին։