Կյուրիկյաններ
| Կյուրիկյաններ | |
|---|---|
| Տեսակ | արքայատոհմ |
| Մասն է | Բագրատունիներ |
| Երկիր | |
| Տիրույթներ | Գուգարք |
| Ծագում | Գուրգեն Ա- |
| Տիտղոսներ | Լոռու Արքա |
| Հիմնադիր | Գուրգեն Բագրատունի |
| Մեծագույն ներկայացուցիչ | Դավիթ Անհողին |
| Հիմնում | 10-րդ դար |
| Ազգային պատկանելիություն | Հայ |
| Դավանանք | |
Կյուրիկյաններ, հայ թագավորական հարստություն Տաշիր-Ձորագետում 10-12-րդ դարերում, Կյուրիկյան թագավորության իշխողները։ Հարստության հիմնադիրն է Հայոց արքա Աշոտ Գ Ողորմածի որդի Գուրգենը (վերջինիս անունը տեղական բարբառով հնչել կամ կոչվել է նաև «Կյուրիկե», որից էլ՝ տոհմանունը)[1]։ Կյուրիկյանները կախման մեջ էին Անիի Բագրատունիներից և իրենց իրավունքների հաստատումն ստանում էին նրանցից[2]։
Կյուրիկյանների իշխանությունը պայմանական-ժառանգական էր, տիրույթները՝ ավատ[3]։ Բագրատունիների կենտրոնական թագավորության անկումից (1045) հետո Կյուրիկյաններ դարձան հայրենատեր՝ գլխավորելով Բագրատունյաց տոհմը։ Սելջուկյան տիրապետության սկզբնական շրջանում, հպատակության գնով, Կյուրիկյաններ պահպանեցին իրենց կիսանկախությունը[4]։
Ավելի ուշ, սելջուկների հաճախակի հարձակումների ու գրավումների պատճառով, կորցրեցին (1111-1113 թվականներ) իրենց տիրույթները և հեռացան Տավուշ ու Մածնաբերդ, որտեղ էլ հիմնեցին նոր իշխանություններ[5]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
7-րդ դարում Հայաստանը, Վրաստանը և Աղվանքը նվաճվել էին Արաբական խալիֆայության կողմից և մտել նրա կազմը՝ որպես մեկ ինքնուրույն վարչաքաղաքական միավոր՝ Արմինիա կուսակալություն։ Այնտեղ ազդեցիկ դիրք ունեին հայ իշխանական տներից Բագրատունիները, ովքեր 2 դար անց՝ 885 թվականին, վերականգնում են անկախ պետականությունը[6]։ Գուգարաց աշխարհի արևելյան գավառները, հիմնականում՝ Տաշիրն ու Ձորոփարը, գտնվում էին Բագրատունիների թագավորության կազմում և ղեկավարվում նշանակովի կառավարիչների միջոցով։ Վերջիններիս կենտրոնախույս ձգտումների պատճառով արքունիքը շուտով իշխանությունը հանձնեց իր տոհմակիցներին։ Այնուհետև երկրի սահմանները Տփղիսի ու Գանձակի ամիրայությունների ներքին ոտնձգություններից պաշտպանելու նպատակով Տաշիր-Ձորագետում ստեղծեց հատուկ ռազմավարչական մարզ[7]։
Կյուրիկյանների թագավորության կենտրոնը սկզբում Շամշուլդե բերդավանն էր[8], իսկ 1065 թվականից՝ Լոռե բերդը (այժմ՝ ՀՀ քաղաք Ստեփանավանի մոտ)։ Երկրի պաշտպանունակությունը ամրապնդելու նպատակով 10-11-րդ դարերում Կյուրիկյանների թագավորության տարածքում կառուցվեցին և ամրացվեցին բազմաթիվ ամրություններ՝ Կայան, Լոռե, Մահկանաբերդ, Գագ, Մածնաբերդ և այլն, որոնք հսկում էին նաև կարևոր առևտրական ճանապարհները։ 10-րդ դարի վերջին և 11-րդ դարի առաջին կեսին Դավիթ Անհողինի օրոք, Կյուրիկյանների թագավորությունը հուսալի պատվար էր Բագրատունյաց թագավորության համար՝ Գանձակի Շադդադյան ամիրների ներխուժումների դեմ[9]։
Բագրատունիների կենտրոնական (1045), ապա՝ Կարսի (1065) թագավորությունների անկումից հետո Կյուրիկյանների թագավորությունը միակ Բագրատունյաց իշխանությունն էր, որ պահպանել էր իր գոյությունը։ 11-րդ դարի վերջին Կյուրիկե Ա-ի օրոք[10], սելջուկներն սկսեցին զավթել Կյուրիկյանների թագավորության գավառները։ Վրաց Բագրատունի թագավորները վերջնականապես նվաճում են Կյուրիկյանների տիրույթները[11]։
12-րդ դարի սկզբին արդեն Կյուրիկյանների թագավորությունը սահմանափակվում էր Տաշիր գավառով։ 1111-1113 թվականներին Կյուրիկյանների թագավորության վերջին գահակալներ Աբասն ու Դավիթը կորցրին նաև Տաշիրը և տեղափոխվեցին Տավուշ ու Մածնաբերդ, ուր հիմնեցին փոքրիկ իշխանություններ։ Դրանց կործանումից հետո վրացական բանակի հայ զորահրամանատարներ Զաքարե ամիրսպասալարը և Իվանե աթաբեկը ազատագրում են Արևելյան Հայաստանի տարածքների մեծ մասը, այդ թվում՝ Տաշիր-Ձորագետի, Սյունիքի և Կարսի թագավորությունները։ Նշված տարածքներում հաստատվում են նոր իշխաններ կամ նախկին թագավորական տների շառավիղներ։ Զաքարյանների մի ճյուղը՝ Վահրամյանները, հաստատվում են Տավուշի Գագ ամրոցում՝ նախկին Կյուրիկյանների տիրույթում[12]։
Գուրգեն-Կյուրիկե։ Թագավորության հիմնադրում
[խմբագրել | խմբագրել կոդը]
Բագրատունյաց Հայաստանում ավատատիրական հարաբերությունների խորացման հետևանքով հզորացած տեղական իշխանների անջատողական ձգտումների աճի և արտաքին ուժերի բացասական ներգործության պատճառով պետությունը 10-րդ դարի երկրորդ կեսից բռնեց աստիճանական մասնատման ու անկման ուղին: Սկսեցին առաջանալ Անիի Բագրատունիների գերիշխանությունը հաճախ ձևականորեն ընդունող քաղաքական կազմավորումներ տեղական թագավորություններ ու իշխանություններ[13]: Դրանցից էր Տաշիր-Ձորագետի Կյուրիկյան թագավորությունը: Բագրատունիների թագավորության առաջին շրջանում Տաշիրը տնօրինվում էր արքայատոհմին չպատկանող նշանակովի կառավարիչ-վերակացուների միջոցով: Սակայն հետագայում, հաշվի առնելով նրանց անջատողական անթաքույց ձգտումները և ռազմավարական առումով խիստ կարևոր այդ տարածաշրջանն արքայատան անդամի միջոցով հնարավորինս հուսալի վերահսկողության տակ պահելու հրամայականը, Աշոտ Գ Ողորմածը (953-977) Տաշիրի կառավարիչ նշանակեց առնվազն 958 թվականից իրեն գահակից ավագ որդուն Սմբատին, ով Գուգարքում իշխեց 14 տարի՝ 958-972 թվականներին: Վերջինս էլ հայրական գահը միահեծան ժառանգելուց հետո իր փոխարեն Տաշիրում վերակացու հաստատեց կրտսեր եղբորը` Գուրգենին, որն ուներ նաև Դերենիկ կրկնանունը[14]։
Գուրգեն Ա Կյուրիկեն՝ Աշոտ Գ Ողորմածի կրտսեր որդին, իր հորեղբայր Մուշեղից հետո հիմնադրեց Անիի Բագրատունիներին ենթակա Բագրատունյաց կրտսեր ճյուղի մի նոր թագավորություն: Այս տեղական թագավորության և այնտեղ իշխած արքայատոհմի Կյուրիկյան անվանումը կապված է Գուրգենի տեղական արտասանությամբ կամ բարբառով «Կյուրիկե» կոչվելու հետ։ Կյուրիկյանները կախման մեջ էին Անիի Բագրատունիներից և իրենց իրավունքների հաստատումն ստանում էին նրանցից[15]։ 974 թվականին Գուրգենը մասնակցել է Աշոտ Գ-ի գլխավորած զորահավաքին, որը կազմակերպվել էր բյուզանդական կայսր Հովհաննես Ա Չմշկիկի փոքր-ասիական արշավանքի կապակցությամբ, երբ սպառնալիք էր ստեղծվել Հայաստանի հարավային սահմանների համար։ Թեև Մատթեոս Ուռհայեցին Գուրգենին «Աղուանից թագաւոր» տիտղոսով հիշատակում է արդեն 974 թվականի այդ զորահավաքի մասնակիցների թվերում, սակայն դա հետին թվով է, քանի որ Կյուրիկյաններն այդ ժամանակ Հայոց Աղվանքում դեռևս տիրույթներ չունեին[16]։ Ավելին, Մատթեոս Ուռհայեցու կողմից այդ զորահավաքի մասնակիցների թվերում իբրև թագավորներ հիշատակված Աբասը Կարսի թագավոր է դարձել 984 թվականին, Սենիքերիմը Վասպուրականի գահը զբաղեցրել է 1003 թվականին, իսկ Կապանի Ֆիլիպե թագավորը Արցախի արքայիկներից մեկն էր[17]։
977 թվականին հոր մահից հետո Գուրգենը դառնում է տարածաշրջանի փաստացի իշխողը։ Սանահնի վանքի քարտուղար-դպիր Սիմեոնի 979 թվականի հիշատակարանում Գուրգենը դեռևս վկայակոչվում է իբրև «իշխան բնաւ երկրին Տաշրայ»։ Իբրև առանձին վարչաքաղաքական միավոր Սմբատ Բ-ի կողմից Գուրգենին որպես կառավարիչ-վերակացու հանձնված տարածաշրջանը պետք է ունենար նաև համապատասխան եկեղեցական կազմակերպություն հոգևոր վիճակ։ Արդեն 960-ական թվականների կեսերին Սանահնի վանքի Ամենափրկիչ եկեղեցու կառուցումից հետո Աշոտ Գ-ն ու Խոսրովանուշ թագուհին վանքին որոշ կալվածքներ էին շնորհել, և այն դարձել էր Տաշիր գավառի հոգևոր թեմի կենտրոնը Ամենափրկիչ մայր եկեղեցով։ Արդեն 970 թվականին այդ թեմի առաջնորդն էր Գրիգոր եպիսկոպոսը, ինչը հավաստում է Սիմեոնի 972 թվակիր վկայությունը. «յեպիսկոպոսութեան մերումս նահանգի գաւառիս Տաշիր Գրիգորի արժանաւոր հաւտապետի, որ եւ նորա յառաջնորդութեան են ամք Բ»[18]։ Սակայն Գուրգենի տնօրինությանը հանձնված նորաստեղծ վարչական միավորն ավելի մեծ տարածք ուներ, քան Սմբատի վերակացության տակ գտնվածը, և Տաշիրի հոգևոր թեմի իրավասությունը նրա բոլոր շրջանների վրա չէր տարածվում։ Այս անհամապատասխանությունը վերացնելու և Ամենափրկչի փոխարեն իր նախնիների գերեզմանատուն Սուրբ Աստվածածին եկեղեցին նորահաստատ թեմի մայր եկեղեցին դարձնելու Սմբատ Բ-ի ցանկությամբ է բացատրվում նրա 979 թվականի այցը Սանահին և համապատասխան հրովարտակի արձակումը։ Այդ հրովարտակով Սմբատ Բ-ն կաթողիկոս Խաչիկ Ա-ի միջոցով Սանահնի Սուրբ Աստվածածին եկեղեցին Գուրգենին հանձնված տիրույթներն ընդգրկող եկեղեցական կազմակերպության մայր եկեղեցի դարձրեց՝ Եսայի եպիսկոպոսի առաջնորդությամբ։ Այն ներառում էր «զամենայն երկիրն Տաշրաց զՎերին եւ զՆերքին, մինչ ի լեառն Բազում յայս կոյս եւ յայն կոյս մինչ ի սահմանս Գուգարաց աշխարհին եւ մինչ ի սահմանս Տըփխաց եւ Վրաց, եւ ի սահմանս Նիգ գաւառի. եւ մինչ ի սահմանս Կայենոյ. եւ զսահմանս Ծաղկոցած, մինչ ի սահմանս տան Շիրակայ»[19][20]։
Կյուրիկյան թագավորության ստեղծումը ժամանակատար գործընթաց էր, և դրա հռչակման թվականը պատմագիտական գրականության մեջ վիճարկվում է 966–988 թվականների միջակայքում, քանի որ սկզբնաղբյուրներից միայն Մխիթար Այրիվանեցին է հիշատակել Գուրգենի թագավոր դառնալու տարեթիվը՝ 981 թվականը։ Մյուս երկու հեղինակները 12-րդ դարի Անանուն ժամանակագիրն ու Վարդան վարդապետը, թվական չեն նշում[21]։ Անանուն ժամանակագրի համաձայն՝ Աշոտ Գ-ի մահից հետո նրա որդիները Սմբատը, Գագիկն ու Գուրգենը, «համակամ սիրով երիս բաժանեն զթագաւորութիւնն հայրագլուխ առնելով զՍմբատ», իսկ ըստ Վարդան վարդապետի Աշոտ Գ-ն մահացավ «թողլով երիս որդիս, զՍմբատ, զԳագիկ եւ զԳուրգէն, որ եւ ի նմին աւուր առնու զթագն երէց որդին Սմբատ... եւ կրտսեր եղբայրն ժառանգէ զՏաշիր Սեւորդւովքն Ձորոյգետին»։ Կուրթան գյուղի գերեզմանոցի խաչքարի 986 թվականով թվագրվող արձանագրության մեջ Գուրգենն արդեն Կյուրիկե անվանաձևով հանդես է գալիս թագավոր տիտղոսով[22]։ Այսպիսով, Տաշիր-Ձորագետի Կյուրիկյան թագավորությունը ստեղծվել է Աշոտ Գ-ի մահից հետո` 979–985 թվականներին, իսկ Մխիթար Այրիվանեցու մատնանշած 981 թվականը համարվում է ընդունելի տարեթիվ։ Թեև կարելի էր ենթադրել, որ այդ իրադարձությունը կապված էր Ատրպատականի էմիր Աբու-լ-Հայջայի 982 թվականի արշավանքի հետ, սակայն Սմբատ Բ-ն հաղթեց նրան, և նրա իշխանությունը ցնցում չապրեց։ Սմբատ Բ Տիեզերակալը Գուրգենին որպես թագավոր պաշտոնապես ճանաչեց 982 թվականին[23]։
Տաշիր-Ձորագետի Կյուրիկյան թագավորության սահմանները ձգվում էին Փամբակի ու Աղստևի հովիտներից մինչև Տփղիսի մերձակայք, Ծաղկունյաց լեռնաշղթա և Նիգ գավառ։ Հյուսիսից այն սահմանակից էր վրաց Բագրատունիների թագավորությանը և Տփղիսի արաբական ամիրայությանը, հարավից Պահլավունիների իշխանությանը, արևելքից Շադադյանների տիրապետության տակ գտնված հայկական շրջաններին, իսկ արևմուտքից՝ Անիի Բագրատունիների բուն տիրույթներին։ Անանուն ժամանակագրի համաձայն՝ Գուրգենը տիրեց «Գոգարացւոց կողմանս սկսեալ ի Գագայ, Խառայ մինչեւ ի դուռն Տփխաց», ըստ Վարդան վարդապետի նա ստացել էր «զՏաշիր Սեւորդւովքն Ձորոյգետին. եւ զԿայեն եւ զԿայծոն, զԽորխոռունիք որ ի Խոռայ շինեցաւ, որ է Խոժոռնի եւ Խոռակերտ, եւ զԲազունիք` որ է Բազկերտ ի գաւառն Տաշրայ եւ այլ բերդք անուանիք», իսկ Մխիթար Այրիվանեցին նշում է՝ «Գուրգէն ի Վիրս եւ Սմբատ եղբայր նորա ի Հայս թագաւորեցին»[24][25]։
Գուրգեն Կյուրիկեի օրոք ավարտվեց Սանահինի Ս. Աստվածածին և Հաղբատի Ս. Նշան եկեղեցիների շինարարությունը, որոնց կառուցումը ձեռնարկել էր իրենց մայրը՝ Խոսրովանույշ թագուհին։ Գուրգեն-Կյուրիկեն շարունակել է Սանահինի ու Հաղպատի վանական համալիրների կառուցապատումն ու հարդարումը, ինչի վկայությունն է Սանահնի վանքին երկու մեծ ու շքեղ ջահ նվիրելը։ 988 թվականին նա մասնակցել է ափխազաց Սմբատ թագավորի դեմ Սմբատ Բ-ի զորաշարժին՝ ի պաշտպանություն Դավիթ Կյուրոպաղատի ու վրաց թագավոր Բագրատ Գ-ի։ Սմբատ Տիեզերակալի մահից հետո (989/990 թվականներ) գահ բարձրացած միջնեկ եղբայրը[26]՝ Գագիկ Ա-ն (990-1020), իրեն ենթարկվելու պայմանով իրենց գահերին վերահաստատեց ինչպես կրտսեր եղբորը՝ Գուրգենին, այնպես էլ հորեղբորը՝ Կարս-Վանանդի թագավոր Մուշեղին։ Լինելով խիստ բարեպաշտ ու կրոնասեր անձնավորություն՝ Գուրգենն այնուհետև կամավոր թողեց գահը և Սանահինում ութ տարի կրոնավորելուց հետո վախճանվեց մոտ 998 թվականին[27][28]։
Գուրգեն Ա-ն հուղարկավորվել է Սանահինի Սուրբ Աստվածածին եկեղեցու թագավորական դամբարանում։ Ս․ Աստվածածին եկեղեցու արևելյան պատի տակ, արտաքուստ գտնվում է միապաղաղ, եռանկյունաձև քարից շինած մի գերեզմանաքար, որի երեսի մի անկյունում փորագրված է. «Այս է հանգիստ Գուրգենայ որդոյ Աշոտոյ Ողորմածին»[29]։ Գուրգեն Ա-ն ունեցել է երկու որդի՝ Դավիթ ու Սմբատ։ Արիստակես Լաստիվերտցին հիշատակում է նաև Գուրգենի մի դստերը (առանց անվան), որն ամուսնացել էր Դվինի ամիրա Ապուսուարինի հետ[30]։
Դավիթ Անհողին։ Թագավորության հզորացում
[խմբագրել | խմբագրել կոդը]
989 թվականին Տաշիր-Ձորագետում գահ է բարձրանում Դավիթ Կյուրիկյանը կամ Դավիթ Անհողինը։ Նրա երկարատև՝ ավելի քան կես դար տևած թագավորության դարաշրջանում, երկիրը հասավ իր հզորության գագաթնակետին։ Հայրական գահը պատանի հասակում ժառանգելը նրան չխանգարեց հասկանալու իր թագավորության առջև ծառացած խնդիրները և հաջողությամբ հասնելու դրանց լուծմանը։ Նա իր թագավորության կենտրոն դարձրեց դրա հյուսիսային ծայրամասում ընկած Շամշուլդե բերդաքաղաքը։ Դրանից հետո Դավիթը ձեռնամուխ եղավ իր թագավորությանը հյուսիսից և արևմուտքից Տփղիսի արաբական Ջաֆարիների ամիրայությունից ու նրան ենթակա Դմանիսի ամիրայությունից սպառնացող իրական վտանգը վերացնելուն։ Այդ նպատակով նա 990-ական թվականների կեսերին արագորեն գրավեց Դմանիսի ամիրայությունը և միացրեց իր թագավորությանը[31]։ Դրա շնորհիվ թագավորության տարածքն ընդարձակվեց, նրա մյուս գավառներից Շամշուլդեի կտրվածությունը Շամշուլդե-Դմանիս ճանապարհի շնորհիվ վերացավ, իսկ արևմտյան սահմաններն անվտանգ դարձան։ Բնականաբար, Դմանիսի ամիրայության գրավումը պետք է հանգեցներ Տփղիսի ամիրա Ալի իբն Ջաֆարի ու Դավիթ Անհողինի զինական բախմանը։ Դավիթը նրան ջախջախելով հպատակեցրեց իրեն, որով վերացրեց նաև հյուսիսից իր թագավորությանը և, հատկապես, Շամշուլդեին սպառնացող լուրջ վտանգը[31][32]։

Դավիթը նպաստեց նաև Բագրատունյաց Հայաստանի հյուսիսային սահմանների մի կարևոր հատվածի ամրապնդմանը։ Դա կարևոր քայլ էր առաջին հերթին իր թագավորության շահերի համար։ Դրանից հետո մինչև 1001 թվականը նա ստիպված էր բախվել հարավ-արևելքից իր թագավորությանը սպառնացող մի նոր ու ավելի զորեղ ուժի՝ 970-ական թվականներից Գանձակում հաստատված քրդական ծագմամբ Շադդադյանների ամիրայության հետ։ Ծավալապաշտական միտումներ ունեցող և հատկապես Փատլուն I-ի (985-1031) օրոք հզորացած այդ ամիրայությունը փորձեց կանխել Տաշիր-Ձորագետի Կյուրիկյան թագավորության հետագա վերելքը։ Երբ Փատլուն I-ը հարձակվեց Դավթի վրա, ըստ երևույթին, Կուրի ափին, խայտառակ պարտություն կրեց և մազապուրծ փախավ մարտադաշտից[31]։ Սակայն Դավթին չհաջողվեց զարգացնել հաղթանակի արդյունքը և Շադադյաններին պատկանող հայկական տարածքների հաշվին ընդլայնել իր թագավորությունը։ Այդուհանդերձ, Շադադյաններից սպառնացող վտանգն առժամանակ կանխվեց։ Դրանից հետո Դավիթը ստիպված էր ճնշելու կենտրոնախույս միտումներ դրսևորած Գագի իշխան, մարզպան Դեմետրեի խռովությունը։ Ինչպես հետևում է Ասողիկի պատմածից, Դավթի վստահությունը կորցնելով, նա «թողու զհաւատս հայրենի հայութեան և թիկունս օգնականի զՎիրս արարեալ»[31], քաղկեդոնական էր դարձել։ Բացի այդ, նա իր որդուն ևս քաղկեդոնական դարձնելով, Հնեվանքում Տաշիրի մամփայլ՝ արքեպիսկոպոս էր կարգել։ Այսպիսով, Դեմետրեն, քաղկեդոնականությանը հարելով, ակնհայտորեն փորձում էր իր անջատողական ծրագրերի իրագործման համար ստանալ վրաց աջակցությունը և դրա շնորհիվ դյուրացնել Դավթից անկախանալը։ Դա, սակայն, նրան չհաջողվեց։ Դավիթը նրան դուրս հանեց Գագից և խլեց բոլոր ամրոցներն ու տիրույթները՝ դատապարտելով թափառական կյանքի[31]։

Դավիթն ամուսնացել էր Կախեթի վերջին արքեպիսկոպոս Դավթի (976-1010) դուստր Զորակրցելի հետ։ Այս իրողությունը, թագավորության հյուսիսային ծայրակետում գտնվող Սամշվիլդեն կամ Շամշուլդեն նստավայր դարձնելը, Դմանիսի ամիրայության նվաճումն ու Տփղիսի ամիրայությունը ջախջախելն ու հնազանդեցնելը և Դեմետրե մարզպանի խռովության ճնշումը վկայում էին, որ Դավիթ Կյուրիկյանի հեռահար նպատակը Կախեթի թագավորությանը մերձենալն էր, եթե ոչ դրան տիրանալը։ Սակայն դրան խանգարեցին երկու հանգամանք։ Դրանցից առաջինը նույն նկրտումն ունեցող վիրա-աբխազական թագավորության հզորացումն էր, իսկ երկրորդը՝ իր հորեղբայր ու սյուզերեն Գագիկ Ա-ին՝ սեփական ուժերը գերագնահատած Դավթի չհնազանդվելու անհաջող փորձը[33]։ Ասողիկը գրում է․
-
Իսկ Դաւիթ եղբօրորդի Գագկայ… սակաւ ինչ ամբարձեալ անհնազանդութեան մասամբ առ հօրեղբայր իւր Գագիկ[31]։ |
Իր հզորության գագաթնակետում գտնվող Գագիկը 1001 թվականի ձմռանը մեծ զորքով շարժվեց Տաշիր-Ձորագետի Կյուրիկյան թագավորության վրա։ Նա մտավ Տաշիր, շրջապատեց Շամշուլդեն, ավերեց վրաց դաշտը, ապա Գագ բերդով իջավ Աղստև գավառ։ Այս ամենը կատարվեց ընդամենը երեք ամսվա ընթացքում։ Դավիթը երկու անգամ փորձեց մարտ տալ հորեղբորը, սակայն ուժերի ծայրահեղ անհավասարությունը նրան ստիպեց հրաժարվելու այդ մտքից և դիմելու կաթողիկոս Սարգիս Ա-ի օգնությանը։ Կաթողիկոսի միջնորդությամբ Դավիթը գնաց Շիրակավան` Գագիկ Ա-ի մոտ և հնազանդություն հայտնեց[34]։
1041 թվականի Հովհաննես-Սմբատի մահից հետո Անիի Բագրատունյաց թագավորության գահը մնաց թափուր։ Դավիթը զորքով մտավ Անիի Բագրատունյաց թագավորության տարածք։ Սակայն Շիրակի ավերմամբ վրեժխնդիր լինելով հետ դարձավ։ 1042 թվականին «յազդմանէ չարին կրկին շարժումն լինէր Յունաց` դավաճանութեամբ և կեղծաւորութեամբ սուտ քրիստոնէին Դաւթի Անհողինին»[35][36]։ Եվ քանի որ Դավիթ Անհողինն իր նեղ անձնական շահախնդրություններով ուղղորդվող քաղաքականությամբ «ի վիհն տառապանաց էած զազգս քրիստոնէից», ստացավ նոր՝ անարգական Դավիհ մականունը[37]։
1045 թվականին Բյուզանդիայի կողմից Անիի Բագրատունյաց թագավորության կործանումից հետո ինչպես Սյունիքի ու Կարս-Վանանդի, այնպես էլ Տաշիր-Ձորագետի Կյուրիկյան թագավորությունները հայտնվեցին անկախ կարգավիճակում[38]։
Աբաս և Դավիթ։ Թագավորության կործանում
[խմբագրել | խմբագրել կոդը]1050 թվականին իբրև Տաշիր-Ձորագետի թագավոր է հիշատակվում Դավիթ Անհողինի ավագ որդի Կյուրիկե Բ-ն[39]։ Դավիթ Անհողինի մարմինն ամփոփված է Սանահինի Սուրբ Աստվածածին եկեղեցում՝ հոր կողքին։ Ունեցել է 4 որդի՝ Կյուրիկե, Գագիկ, Ատրներսեհ, Սմբատ և մեկ դուստր՝ Հրանուշ[40][41]։

Թեև Կյուրիկե Բ-ն գահակալեց իբրև անկախ թագավոր, իսկ 1064 թվականին Բյուզանդիայի կողմից Կարս-Վանանդի թագավորությունը վերացվելուց հետո դարձավ մայրամուտ ապրող Բագրատունյաց հարստության ազգապետ՝ խաղաղ իշխելով ընդամենը մեկուկես տասնամյակ։ Տաշիր-Ձորագետի Կյուրիկյան թագավորության անկախությունը կարճ տևեց, որովհետև այն շուտով հայտնվեց իր հարևանը դարձած Բյուզանդիայի քաղաքական ազդեցության ոլորտում։ Եթե Բյուզանդիան փորձում էր այդ ճանապարհով Տաշիր-Ձորագետի Կյուրիկյան թագավորության թեկուզ և թույլ ուժերն օգտագործել թուրք-սելջուկյան ահագնացող ճնշմանը դիմակայելու նպատակով, ապա Կյուրիկե Բ-ն թերևս բյուզանդացիների օգնությամբ հայոց պետականությունը վերականգնելու թույլ հույսեր էր փայփայում։ Այդ հանգամանքով կամ էլ այլընտրանքի բացակայությամբ է բացատրվում, որ Կյուրիկե Բ-ն ընդունեց Բյուզանդիայի կայսր Կոստանդին Դուկասի (1059-1067) կողմից 1059-1063 միջև իրեն շնորհված կյուրոպաղատի տիտղոսը և դրամ հատելու իրավունքը։ Սակայն, ինչպես ցույց տվեցին հետագա իրադարձությունները, նրան սոսկ բախտ էր վիճակված ապարդյուն ջանքեր գործադրելու իր թագավորության գոնե կախյալ գոյությունը և տարածքային ամբողջականությունը պահպանելու համար[42]։
Տավուշի իշխանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Տաշիր-Ձորագետի թագավորության անկումից հետո Աբասը հաստատվում է Տավուշում, իսկ նրա եղբայր Դավիթը՝ Մածնաբերդում։ Այսպիսով, Գուգարքից Բագրատունիները վերջնականապես նահանջում են Ուտիք՝ Շակաշեն և Գարդման՝ Լոռին, Ջավախքը և Կղարջքը թողնելով վրաց Բագրատիոնի թագավորների տիրույթներում։ Տավուշի իշխանությունը գոյատևում է 3 տասնամյակ՝ 1113-1145 թվականներին, իր գոյության ամբողջ ընթացքում պայքարելով Գանձակի ամիրայի դեմ[43]։
Իշանության մայրաքաղաքը Տավուշ բերդ-ավանն էր։ Աբաս իշխանը, որը փաստորեն, Տավուշի առաջին և վերջին իշխանն էր, մասնակցել է Աղվանքի կաթողիկոս Գրիգոր Ա-ի ձեռնադրմանը։ Իշխանությունը նվաճվել է Գանձակի ամիրայի զորքերի կողմից, և Աբասը հեռացել է եղբոր մոտ՝ Մածնաբերդ։ Ավելի ուշ, երբ վրացական բանակի հայ զորահրամանատարներ Զաքարե ամիրսպասալարը և Իվանե աթաբեկը ազատագրում են Արևելյան Հայաստանի տարածքների մեծ մասը, այդ թվում՝ Տաշիր-Ձորագետի, Սյունիքի և Կարսի թագավորությունները։ Նշված տարածքներում հաստատվում են նոր իշխաններ կամ նախկին թագավորական տների շառավիղներ։ Զաքարյանների մի ճյուղը՝ Վահրամյանները, հաստատվում են Տավուշի Գագ ամրոցում՝ նախկին Կյուրիկյանների տիրույթում[44]։

Մածնաբերդի իշխանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեծ Հայքի Ուտիք նահանգի արևմտյան մասում, 12-13-րդ դարերում Կյուրիկե Գ-ի որդի Դավիթը (1113-1145) հիմնում է Մածնաբերդի իշխանությունը։ Այդ ճյուղը Հայաստանի ավատատիրական տներից էր, ենթակա Զաքարյանների գերիշխանությանը և քաղաքական կապեր ուներ հարևան իշխանությունների՝ Տավուշի, Հաթերքի, Նոր-բերղի տերերի ու վրացի Օրբելիների հետ։ Փաստորեն՝ դա նախկին Տաշիր-Ձորագետի թագավորության արևելյան հատվածն էր, քանի որ արևմտյան հատվածը՝ Լոռին, նվաժվել էր վրաց Բագրատունի թագավորների կողմից[45]։
12-րդ դարի առաջին կեսին Մածնաբերդի իշխանության պայքարի մեջ էր Գանձակի սելջուկ ամիրայության դեմ։ Դավթի հաջորդներ Կյուրիկեի (1145-1170) և Աբաս (1170-1176) Ժամանակաշրջանից Մածնաբերդի իշխանության մասին տեղեկությունները սուղ են[46]։
12-րդ դարի վերջին Նոր-բերղի Կյուրիկյանները փորձել են Աղսարթան Ա-ից (1176 թվականից) խլել Մածնաբերդը, բայց՝ ապարդյուն։ 1236 թվականին, Աղսարթան Բ-ի օրոք, Մածնաբերդը ժամանակավորապես նվաճել են մոնղոլները։ 1250-ական թվականներին մոնղոլական արշավանքներին (Նփրկերտ, Բաղդադ) մասնակցել է Թաղիադինը, որի որդի Սարգիսը Մածնաբերդի իշխանության մեջ հայտնի վերջին տիրակալն է։ Մածնաբերդի Կյուրիկյանները մասնակցել են նաև հայ հոգևոր-մշակութային կյանքին (Աբասի քույր Մարիամը կառուցել է տվել Քոբայրի եկեղեցին և այլն)։ Մածնաբերդի իշխանությունը գոյատևել է մինչև 13-րդ դարի վերջը[47]։
Բագրատունի հարստության վերջին ճյուղի՝ Կյուրիկյանների վերջին ներկայացուցիչները իշխում են Նոր բերդում։ Նրանք հիշատակվում են Վասակ Ա և Դավիթ (12-րդ դար), Վասակ Բ (13-րդ դարի սկիզբ)։ Այսպիսով՝ փակվում է հայ Բագրատունիների թագավորական ու իշխանական պատմության վերջին էջը[48]։
Կյուրիկյանների ցանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Անունը | Իշխել է | Նշումներ |
|---|---|---|
| Կյուրիկե Ա | 982-989 | Սմբատ Տիեզերակալի եղբայրը, Տաշիր-Ձորագետի թագավոր |
| Դավիթ Ա Անհողին | 989-1050 | Կյուրիկե Ա-ի որդին, Տաշիր-Ձորագետի թագավոր |
| Կյուրիկե Բ | 1050-1089 | Դավիթ Ա-ի որդին, Տաշիր-Ձորագետի թագավոր |
| Աբաս Ա | 1089-1113 | Կյուրիկե Բ-ի որդին, Տաշիր-Ձորագետի թագավոր |
| 1113-1145 | Տավուշի իշխան | |
| Դավիթ Բ | 1089-1113 | Կյուրիկե Բ-ի որդին, Տաշիր-Ձորագետի թագավոր |
| 1113-1145 | Մածնաբերդի իշխան | |
| Կյուրիկե Գ | 1145-1170 | Մածնաբերդի իշխան |
| Աբաս Բ | 1170-1176 | Մածնաբերդի իշխան |
| Աղսարթան Ա | 1176- | Մածնաբերդի իշխան |
| Աղսարթան Բ | Մածնաբերդի իշխան | |
| Թաղիադին Ա | Մածնաբերդի իշխան | |
| Սարգիս Ա | Մածնաբերդի իշխան |
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Большая советская энциклопедия. Статья: [bse.sci-lib.com/article068098.html Кюрикиды]
- ↑ V. Minorsky. Studies in Caucasian History. — CUP Archive, 1953. — С. 102.: The family came to join the Armenian kings of Tashir (Dzoraget) and there was converted to the Armenian creed.(անգլ.)
- ↑ Հայկական սովետական հանրագիտարան. — Т. 3. — С. 256. Статья: Гурген Արխիվացված է Փետրվար 17, 2022 Wayback Machine-ի միջոցով:
- ↑ Andrew C. S. Peacock. Early Seljūq History: A New Interpretation // Routledge Studies in the History of Iran and Turkey. — Routledge, 2010. — Т. 7. — С. 131.By the middle of the eleventh century, the sole Armenian principalities that maintained some sort of independence were Siunik' and Tashir in Caucasia and Sasun to the west of Lake Van.(անգլ.)
- ↑ Ռ. Մաթևոսյան, Դիտողություններ Կյուրիկյանների պատմության վերաբերյալ։
- ↑ Հայկական սովետական հանրագիտարան. — Т. 5. — С. 494. Статья: Кюрикяны Արխիվացված է Հունվար 6, 2022 Wayback Machine-ի միջոցով:
- ↑ Ռիմա Բոյաջյան, Հայ կանանց դերը միջնադարյան ճարտարապետական հուշարձանների կառուցման գործում Արխիվացված 2020-11-28 Wayback Machine
- ↑ Арташес Шахназарян Образование и усиление Ташир-Дзорагетского Кюрикийского царства(հայ.) = Տաշիր-Ձորագետի Կյուրիկյան թագավորության առաջացումն ու հզորացումը // Պատմա-Բանասիրական Հանդես : журнал. — 2009. — С. 224—233. — ISSN 0135-0536.
- ↑ Լոռու մարզպետարան, Պատմական ակնարկ Լոռու հուշարձանների մասին
- ↑ Степаненко В. П. Из истории армяно-византийских отношений второй половины X—XI в. (к атрибуции монет Кюрикэ куропалата) // Античная древность и средние века. — 1978. — В. 15. — С. 43—51.
- ↑ The free dictionary,Tashir-Dzoraget Kingdom
- ↑ Վահե Աթանեսյան, Դավիթ Անհողին. հայ գահակալներից ամենաերկարակյացը Արխիվացված 2019-08-03 Wayback Machine
- ↑ «Արարատ», 1897, -Գ, էջ 144, Մաշտոցի անվան Մատենադարան (այսուհետեւ` ՄՄ), ձեռ.−3031, էջ 38:
- ↑ Մխիթարայ Այրիվանեցւոյ պատմութիւն Հայոց (այսուհետեւ` Մխիթար Այրիվանեցի), Մոսկվա, 1860, էջ 56:
- ↑ Մանր ժամանակագրություններ, XII-XVIII դդ., հ. II, կազմեց Վ. Ա. Հակոբյան, Երեւան, 1956, էջ 501:
- ↑ ՄՄ, ձեռ. −3031, թ. 43:
- ↑ Հաւաքումն պատմութեան Վարդանայ վարդապետի լուսաբանեալ (այսուհետեւ` Վարդան վարդապետ), Վենետիկ, 1862, էջ 90:
- ↑ Մատթէոսի Ուռհայեցւոյ Ժամանակագրութիւն (այսուհետեւ` Մատթէոս Ուռհայեցի), Վաղարշապատ, 1898, էջ 17:
- ↑ Ստեփանոսի Տարօնեցւոյ Ասողկան Պատմութիւն տիեզերական (այսուհետեւ` Ասողիկ), Սանկտ Պետերբուրգ, 1885, էջ 188-189:
- ↑ Մանր ժամանակագրություններ, XIII–XVIII դդ., հ. II, էջ 501:
- ↑ ՄՄ, ձեռ. −3031, էջ 37:
- ↑ Մխիթար Այրիվանեցի, էջ 56: 11 ՄՄ, ձեռ. −3031, էջ 37:
- ↑ Վարդան վարդապետ, էջ 90:
- ↑ ՄՄ, ձեռ. −3031, էջ 47-48։
- ↑ Степаненко В. П. Из истории армяно-византийских отношений второй половины X—XI в. (к атрибуции монет Кюрикэ куропалата) // Античная древность и средние века. —Свердловск, 1978. — В. 15. — С. 45.Այսպես, 974 թվականին բյուզանդական բանակը Հովհաննես Չմշկիկ կայսեր գլխավորությամբ շարժվեց դեպի հայկական պետությունների սահմանները, ինչն անհապաղ արձագանք առաջացրեց նրանց կողմից։ Վասպուրականի, Սյունիքի, Տաշիր Ձորագետի և Անիի թագավորության թագավորների Միացյալ ութսունհազարանոց բանակը, շահանշահ Աշոտ 3-րդի գլխավորությամբ, շարժվեց բյուզանդական զորքերին ընդառաջ և դիրքավորվեց Հարքում։
- ↑ Մխիթարայ Այրիվանեցւոյ պատմութիւն Հայոց (այսուհետև` Մխիթար Այրիվանեցի), Մոսկվա, 1860, էջ 56։
- ↑ «Արարատ», 1897, -Գ, էջ 144, Մաշտոցի անվան Մատենադարան (այսուհետև` ՄՄ), ձեռ. −3031, էջ 38։
- ↑ Ասողիկ, էջ 256
- ↑ Ասողիկ, էջ 257
- ↑ The Armenian People from Ancient to Modern Times, V. 1. New York: St. Martin's Press. 1997. էջեր 172.
- 1 2 3 4 5 6 Ասողիկ, էջ 256
- ↑ Ասողիկ, էջ 256
- ↑ [[Հայկական սովետական հանրագիտարան]. — Т. 3. — С. 302. Статья: Давид Безземельный Արխիվացված է Սեպտեմբեր 30, 2020 Wayback Machine-ի միջոցով:
- ↑ Արևմտահայաստանի եւ Արևմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն, Հայաստանի ինքնավարության վերականգնումը
- ↑ Մատթէոս Ուռհայեցի, էջ 88
- ↑ Սմբատ Սպարապետ, էջ 33
- ↑ Գրիգոր Գրիգորյան,Սյունիքի թագավորությունը Արխիվացված 2015-06-30 Wayback Machine
- ↑ Մաթևոսյան, Ռ․Ի․. Կյուրիկյան թագավորության կազմավորման ժամանակն ու նախադրյալները (PDF).
- ↑ Կ․ Կոստանեանց «Վիմական տարեգիր», էջ 23, Սանկտ Պետերբուրգ, 1913 թ
- ↑ Կ․ Կոստանեանց «Վիմական տարեգիր», էջ 23, Սանկտ Պետերբուրգ, 1913 թ
- ↑ Վահե Աթանեսյան, Կյուրիկե Բ Արխիվացված 2019-08-03 Wayback Machine
- ↑ Հայկական սովետական հանրագիտարան, Ժամանակագրություն
- ↑ Շահնազարյան, Արտաշես (2009-10-30). «Տաշիր-Ձորագետի Կյուրիկյան թագավորության առաջացումն ու հզորացումը».
{{cite journal}}: Cite journal requires|journal=(օգնություն) - ↑ Մկրտումյան, Համլետ. ЦАРСТВО КАХЕТИ-ЭРЕТИ И АРМЯНО-ГРУЗИНСКИЕ ОТНОШЕНИЯ (XI в.—НАЧАЛО XII в.) (PDF).
{{cite book}}: line feed character in|title=at position 41 (օգնություն) - ↑ Կիրակոս Գանձակեցի, Պատմութիւն Հայոց, աշխատասիրությամբ` Կ. Մելիք-Օհանջանյանի, Երևան, 1961, էջ 153
- ↑ «Դիվան հայ վիմագրության», պր. V, կազմեց Բարխուդարյան Ս., Երևան, 1982, էջ 265
- ↑ «Մանր ժամանակագրություններ», Բ, Երևան, 1956, էջ 502
- ↑ Հայ ժողովրդի պատմություն, 3-րդ հատոր, Հյուսիսային Հայաստանը 12-13-րդ դարերում
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Toumanoff Cyrille Les dynasties de la Caucasie chrétienne de l'Antiquité jusqu'au. — Rome, 1990.
- Payot Histoire de l’Arménie des origines à 1071 / René Grousset. — Rome, 1947. — 644 p.
- Ստեփանոս Տարոնեցի (Ասողիկ), Պատմութիւն տիեզերական, ՍՊԲ, 1885.
- Մատթեոս Ուռհայեցի, Ժամանակագրություն, Վաղարշապատ,1898․
- Արիստակես Լաստիվերցի, Պատմություն, Երևան, 1663․
- «Լօռիի Կիւրիկեան թագաւորներու պատմութիւնը», Ղևոնդ Մովսիսյան, Վիեննա, 1923, էջ 24, 26-28․
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ժամանակագրական աղյուսակներ
- http://serials.flib.sci.am/openreader/Lori_tagavor_1923/book/content.html
- https://arar.sci.am/publication/193297
| Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |