Սամշվիլդե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Շամշուլդեից)
Jump to navigation Jump to search
Coa Illustration Elements Building Castle.svg
Սամշվիլդե
Samshvilde fortress (Photo A. Muhranoff, 2010).jpg
Տեսակancient city? և fortified town?
ՏեղագրությունՔվեմո Քարթլի, Թեթրիծղարոյի շրջան, Վրաստան
Վարչական միավորԹեթրի Ծղարոյի մունիցիպալիտետ
ԵրկիրFlag of Georgia official.svg Վրաստան
ԿառուցվածIV-III հազարամյակ
Ընթացիկ վիճակավերակներ
Կապված անձինքԴավիթ Անհողին, Գուրգեն Ա Կյուրիկե
Կոորդինատներ: 41°30′26.00000010001″ հս․ լ. 44°30′20.00000009999″ ավ. ե. / 41.5072222222500002° հս․. լ. 44.5055555555833280° ավ. ե. / 41.5072222222500002; 44.5055555555833280

Սամշվիլդե (Սամշուլդե, Շամշուլդե, Շամսույտե, Օրբեթ, վրաց.` სამშვილდე), բերդ Մեծ Հայքի Գուգարք նահանգի Տաշիր գավառում, Խրամ գետի ձախ ափին: Ներկայումս գտնվում է Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Թեթրիծղարոյի շրջանի Սամշվիլդե հայաբնակ գյուղից հարավ: Բերդի, հիմնականում միջնադարյան կառույցների ավերակները, Խրամ գետի հովտում ձգվում են 2,5 կմ երկարությամբ և 400 մ լայնությամբ:

Պատմական ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սամշվիլդե բառի առաջին ստուգաբանությունը տվել է 10-րդ դարի հայ պատմիչ Հովհաննես Դրասխանակերտցին, ըստ որի այն վրացերենից թարգմանաբար նշանակում է` եռաղեղ, սամի - երեք և մշվիլդի - աղեղ:

Բերդապարիսպների հնագույն շերտերը վերագրվում են մ.թ.ա. 1-ին հազարամյակի առաջին կեսին: Արաբ պատմիչ Բալաձորու վկայությամբ` Սամշվիլդեն վերակառուցվել ու բարենորոգվել է Պարսից Խոսրով Ա Անուշիրվանի ժամանակ (531-579 թվականներ): Սմբատ Ա թագավորի գահակալման տարիներից (890-914 թվականներ) եղել է Բագրատունյաց թագավորության կարևոր ռազմակայաններից մեկը Հայաստանի հյուսիսում:

Շահնշահ Աշոտ Բ Երկաթը (914-930 թվականներ) Սամշվիլդեի բերդապահ էր նշանակել Վասակ և Աշոտ Գնթունի եղբայրներին: Աշոտ Գ Ողորմած թագավորը (953-977 թվականներ) Սամշվիլդեի հսկողությունը հանձնել էր իր կրտսեր որդի Գուրգեն (Կորիկե, Կյուրիկե) Բագրատունուն, ով հոր մահից հետո իրեն հռչակեց թագավոր` հիմնադրելով Կյուրիկյան թագավորությունը (Տաշիր-Ձորագետի թագավորություն): Գուրգենի որդին և հաջորդը` Դավիթ Անհողինը, Սամշվիլդեն դարձրեց իր գահանիստը (մինչև 1065 թվականը): 1065 թվականին, Կյուրիկե Բ-ն Սամշվիլդե բերդաքաղաքը` որպես փրկագին, հանձնել է վրաց Բագրատ IV թագավորին, իսկ ինքը հաստատվել Լոռի բերդում: Այնուհետև Սամշվիլդեին տիրացել է Կլդեկարիի Լիպարիտյանների տոհմը, իսկ 1110 թվականին` վրաց Դավիթ Շինարար թագավորը: Վերջինս այն 1123 թվականին տվեց Օրբելյան տանը` իբրև տիրույթ (այստեղից էլ` Օրբեթ-Օրբելի-Օրբելյան):

1440 թվականին Սամշվիլդեն գրավել և կործանել է թուրքմենական վաչկատուն ցեղերի առաջնորդ Ջահանշահը` կոտորելով շուրջ 4700 և գերեվարելով ավելի քան 9000 քրիստոնյա ( հայ և վրացի) բնակիչների:

Նկարագիրը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սամշվիլդեն միջնադարյան Հայաստանի շատ ամրոցների ու քաղաքների նման տեղադրված է հատվող ձորերով (Խրամ գետի և նրա վտակ Չիվչավի) առաջացող եռանկյունաձև սարահարթի վրա և մոտեցման միակ հնարավոր կողմից (այստեղ` արևմտյան) պաշտպանված է կրկնակի պարիսպներով: Բազալտի կոպտատաշ խոշոր քարերով, կրաշաղախով կառուցված բավական բարձր պարիսպների հարավային և հյուսիսային ծայրերին շրջանաձև հզոր աշտարակներ են, որոնցից հարավայինի միջով բացված է միջնաբերդի մուտքը: Նրա անառիկությունն ուժեղացնելու համար դարպասից դղյակ տանող միակ նեղ ճանապարհն ընկած է ուղղանկյուն որմնահեցերով հարավային պարսպի և Խրամ գետի անդնդախոր ձորի եզրի միջև, որը հնարավորություն է ստեղծում ամրոց թափանցած թշնամուն հարվածի տակ պահել:

Կյուրիկյան թագավորության առաջին մայրաքաղաք Սամշվիլդեն կազմված է երեք մասից, արևելյան` միջնաբերդից, միջին` դղյակից մինչև արտաքին պարիսպներն ընկած հատվածից և արևմտյան` պարիսպներից դուրս գտնվող բնակելի մասից: Սամշվիլդեի տարածքում պահպանվել են պաշտպանական, ճարտարագիտական, պալատական կառույցներ և մի շարք եկեղեցիներ: Միջնաբերդի արևելյան կողմում գտնվում են քարով երեսպատված երկու ջրամբար և միանավ, արտաքուստ կիսաշրջանաձև դուրս եկող խորանով, հյուսիսից կից մատուռով վրացական եկեղեցի (13-րդ դար): Արևմտյան կողմում դղյակն է, որի հյուսիսային պարսպին կից են երկհարկանի, իսկ արևմտյան և հարավային պարիսպներին` բաղնիքներով միահարկ պալատները:

Միջնաբերդի կենտրոնում Սուրբ Սիոն կիսավեր գմբեթավոր բազիլիկ տաճարն է (կառուցել է Վարազբակուր բդեշխը 778 թվականին), որի տրոմպային փոխանցումով գմբեթը նստում է խաչաձև կտրվածքով չորս մույթի վրա: Ինքնատիպ է արևելյան մասի լուծումը` կողային նավերն ավարտվում են աբսիդներով, արևելքից եկեղեցու հիմնական ծավալի հետ ընդհանուր ճակատ ունեցող ավանդատները կից են նրան հյուսիսից և հարավից: Արևելյան ճակատը ունի 7-րդ դարի հայ ճարտարապետությանը բնորոշ լուսամուտների երեսակալներ, եռանկյունաձև խորշեր` մեջը զույգ կիսասյունիկներ: Սուրբ Սիոնի հարավային պատին պահպանվել է կաթողիկոս Գևորգ Գառնեցու (876-897 թվականներ) հայերեն անավարտ արձանագրությունը:

Միջնաբերդում կանգուն է Կյուրիկյանների պալատական եկեղեցին (10-րդ դար), որը երկու զույգ քարե կլոր սյուներով եռանավ բազիլիկ է: Կիսաշրջանաձև խորանի երկու կողմում աբսիդներով ուղղանկյուն ավանդատներ են: Մուտքերը երկուսն են` արևմուտքից և հարավից: Գլխավոր նավը զգալի բարձր է կողայիններից և երկայնական պատերին ունի լուսամուտներ:

Սամշվիլդեի միջին մասում, կենտրոնական փողոցի երկու կողմում կան իշխանական երկհարկանի պալատներ, միանավ երկու եկեղեցի, որոնցից արևմտյանում գտնվում է Բատ իշխանի 1044 թվականի հայերեն արձանագրությամբ մենաքարը: Պարիսպներից դուրս Սամշվիլդեի բնակելի թաղամասերն են եղել, ուր կանգուն է 10-11-րդ դարերի միանավ Սուրբ Գևորգ եկեղեցին (վերանորոգվել է 1672 թվականին): Սամշվիլդեից արևմուտք, Չիվչավի գետի վրայի կամուրջից մինչև քաղաքի դարպասը ձգվում է միջնադարյան ժայռափոր ճանապարհը:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png