Մածնաբերդ
Տեսակ | ամրոց |
---|---|
Տեղագրություն | ![]() |
Վարչական միավոր | Դաշկեսանի շրջան |
Երկիր | Ադրբեջան |
Ընթացիկ վիճակ | ավերված |
Մածնաբերդ (կամ էլ Մլզնաբերդ, Սուրբ Մալազնաբերդ[1]), միջնադարյան հայկական բերդ Գարդման գավառում, ներկայումս՝ Ադրբեջանի Հանրապետության Դաշքեսանի շրջանի Հարցհանգիստ (Չովդար) գյուղից հարավ-արևելք՝ անդնդախոր ձորերով շրջապատված լեռան վրա[2]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատմական աղբյուրներում Մածնաբերդը հիշատակվում է որպես Կյուրիկյան Աղսարթանի նստավայր[3][4]։
Կյուրիկյան թագավորության անկումից հետո Կյուրիկե Ա-ի որդի Դավիթը (1113-1145) մոտ 1113-ին հաստատվել է Մածնաբերդում և հիմք դրել Մածնաբերդի Կյուրիկյան իշխանությանը (գոյատևել է մինչև XIII դարի վերջը)։ Իշխանության սահմանները տարածվել են նաև մերձակա գավառների և բերդերի վրա։ Մխիթար Այրիվանեցին վկայում է՝
![]() |
Իսկ ի զարմէ թագաւորացն Բագրատունեաց մնացին ի Վիրս և ի Մածնաբերդ և ի Նոր բերդ, որք կալան զբազում գաւառս և շինեցին բերդս բազումս...[5] | ![]() |
Համաձայն Կիրակոս Գանձակեցու, Նոր բերդի Կյուրիկյանները տիրել են Մածնաբերդը՝
![]() |
Իսկ Դաւիթ իշխան Նոր բերդին խաբեաց զմանուկն Աղսարթան և փեսացոյց զնա ի դուստրն իւր և ինքն տիրեաց Մածնաբերդոյ և ապա եհան զդուստր իւր և նման է[3] | ![]() |
XII դարի առաջին կեսին Մածնաբերդը ենթարկվել է Գանձակի սելջուկյանների հարձակումներին, իսկ XIII դարի կեսին այն կարճ ժամանակով եղել է մոնղոլների տիրապետության տակ։ Հայտնի է նաև, որ 1170 թվականին վախճանված Մածնաբերդի թագավորին ամփոփել են Հաղպատի վանքում, որտեղ գտնվում է Կյուրիկյանների տոհմական դամբարանը[6]։
Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բերդասարի խոցելի հատվածներն ամրացված են եղել անմշակ քարով, կրաշաղախով շարված բրգաշար պարսպապատով, որոնք XIX դարի վերջերին արդեն քայքայված էին ու մասամբ ավերված[7]։
1886 թվականին Մածնաբերդին անդրադարձած «Արձագանք» պարբերականում նշվում էր՝
![]() |
Բերդից այժմ հազիւ նշմարելի պարսպի հետքեր և բնակարանների աւերակներ կան...[8] | ![]() |
1880-ականներին բերդի ավերակների մեջ կար նաև երեք սպիտակ խաչքար
![]() |
...լեռներից մինի ստորոտում կայ մի տափարակ տեղ, որ հողից մի թզաչափ բարձր երևում է շրջանաձև պարիսպ, փորագրած խաչաձև քարերով։ Այդ պարսպի մէջ տեղը փորելու ժամանակ դուրս եկան երեք հատ սպիտակ քարեր[9] | ![]() |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երևան, 2004, էջ 245
- ↑ «Նոր Դար», 1886, N 120, էջ 1՝
Գիւղից 3 վերստ հեռու, Գանձակի ճանապարհի վերայ գտնվում են երեք հատ բարձր անտառապատ լեռներ, որոնց ամեն մինի գագաթումը կայ մի բերդ - ↑ 3,0 3,1 Կիրակոս Գանձակեցի, Պատմութիւն Հայոց, աշխատասիրությամբ` Կ. Մելիք-Օհանջանյանի, Երևան, 1961, էջ 153
- ↑ «Դիվան հայ վիմագրության», պր. V, կազմեց Բարխուդարյան Ս., Երևան, 1982, էջ 265
- ↑ Մխթար Այրիվանեցի, Պատմութիւն, Մոսկուա, 1861, էջ 153
- ↑ «Մանր ժամանակագրություններ», Բ, Երևան, 1956, էջ 502
- ↑ Բարխուտարեանց Մ., Արցախ, Բագու, 1895, էջ 293։ Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երևան, 2004, էջ 245։
- ↑ «Արձագանք», 1886, N 21, էջ 307։
- ↑ «Նոր-Դար», 1886, N 120, էջ 1