Ամրոց
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ամրոց (այլ կիրառումներ)





Ամրոց, արհեստական կերպով ամրացված դիրք կամ ռազմական կառույց հակառակորդի հարձակումներից պաշտպանվելու համար[1]։
Ամրոցների նկարագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամրոցը կամ բերդը բոլոր կողմերից պաշտպանված և պաշարման պայմաններում երկարատև պայքարի նպատակով ամրացված բնակավայր է։ Հնագույն ամրոցներն իրար հաջորդող կիսակլոր կամ ուղղանկյուն աշտարակներով և ամրացված մուտքերով աղյուսից, քարից ու այլ շինանյութերից կառուցված պաշտպանական շրջապարիսպներ էին, որոնց ներսում սովորաբար կառուցվում էր միջնաբերդը։
Ամրոցների պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամրոցների նախատիպեր են կիկլոպյան կառույցները, որոնք խոշոր քարերով, առանց շաղախի զանգվածեղ շինություններ էին։
Ստրկատիրական պետությունների շատ քաղաքներ նաև ամրոցներ էին։ Միջնադարում ամրացվում էին նաև վանքերը։ 15–16-րդ դարերում ամրոցների կառուցվածքում նշանակալի փոփոխություն է մտցրել հրետանու զարգացումը։ Բարձր պատերին փոխարինել են քարե պատերով ամրացված հողաթմբերը, իսկ անկյունային աշտարակներին՝ բաստիոնները (ամրոցի պարիսպների անկյուններում կառուցված հնգանկյուն ամրություն)։ 19-րդ դարում, պայմանավորված հրետանու հետագա զարգացմամբ, կառուցվել է պաշտպանական ամրոցների նոր տեսակ՝ կազմված միջուկից (հին ամրոցից) և 2–3 կմ շառավղով առանձին ամրությունների գոտուց։ Առաջին համաշխարհային պատերազմից (1914–18 թթ.) հետո հրաժարվել են ներփակ ամրոցներից և կառուցել ամրացված շրջաններ ու գոտիներ. օրինակ՝ Ֆրանսիայում՝ Մաժինոյի, Գերմանիայում՝ Զիգֆրիդի, Ֆինլանդիայում՝ Մաններհայմի գծերը և այլն։
Հայկական ամրոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայկական հնադարյան ամրոցները սովորաբար կառուցվել են դժվարամատույց և բարձրադիր տեղանքներում, շրջափակվել աշտարակավոր կամ բրգաձև պարիսպներով, պատնեշվել հողաթմբերով ու ջրածածկ խրամներով։ Աշտարակները կամ բուրգերը բազմահարկ կառույցներ են։ Մ. թ. ա. IX–VI դարերում Վանի թագավորության քաղաքները միաժամանակ ամրոցներ էին՝ Տուշպա-Վանը, Արգիշտիխինիլի-Արմավիրը, Էրեբունի-Երևանը և այլն։ Անտիկ շրջանի ամրոցաշինության փայլուն օրինակներից է Գառնին։ Հայկական հզոր ամրոցներից են նաև Ամբերդը, Սմբատաբերդը, Ներքին Թալինը, Լամբրոնը և այլն։ Սահմանապահ ամրոցներում սովորաբար, բացի կայազորից, այլ բնակիչներ չեն եղել։
Միջնադարյան Հայաստանում ամրոցները կառուցվել են ավատատիրական տների, դղյակների, ամրացված քաղաքների և վանքերի տեսքով։ Ամրոց-դղյակների թիվը Հայաստանում, այդ թվում՝ Կիլիկիայում (Այաս, Կոռիկոս, Չանդր, Լևոնբերդ և այլն), հասել է հազարների։
Հայաստանի ամրոցների ցանկը[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Գագիկ Հարությունյան (պատմաբան), Սուրեն Մարտիկյան, Արտակ Մովսիսյան (պ.գ.թ.), Մեր հաղթանակները, հ. Ա (խմբ. Էդուարդ Լ.Դանիելյան), Երևան, ««Գասպրինտ» ՍՊԸ», 2010 — 259, էջեր 259 — 259 էջ. — 500 հատ։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 333)։ ![]() |