Դավիթ Անհողին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Դավիթ Ա Անհողինից)
Դավիթ Անհողին
Ծնվել էանհայտ[1]
Մահացել է1048[1]
Կրոնքրիստոնեություն
Մասնագիտությունգերիշխան
ԱմուսինԶորակրցել
Ծնողներհայր՝ Գուրգեն Ա Կյուրիկե
Զբաղեցրած պաշտոններՀայոց շահնշահ
ԵրեխաներԳագիկ Կյուրիկյան, Կյուրիկե Բ և Smbat Kvirikian?

Դավիթ Ա Անհողին, Լոռու թագավոր (989/990-1048/1050), Գուրգեն (Կորիկե) Ա-ի որդի և հաջորդ, Հայոց Աշոտ Գ Ողորմած թագավորի թոռը և Գագիկ Ա Բագրատունու եղբորորդին։ Դավիթն ամուսնացել էր Կախեթի վերջին քորեպիսկոպոս Դավթի (976-1010 թթ.) դուստր Զորակրցելի հետ։

Կառուցել է Լոռե բերդը։ Անիի թագավոր Հովհաննես-Սմբատի (1022-1041 թթ.) մահից հետո հռչակել է իրեն բովանդակ Հայաստանի թագավոր և 1042 թվականին արշավել Անիի վրա, սակայն դիմադրության է հանդիպել Վահրամ Պահլավունու կողմից։ Հետագայում, երբ Գագիկ Բ-ին (1042-1045 թթ.) արգելափակում են Կոստանդնուպոլսում, Անիի բնակիչների մի մասը որոշում է քաղաքը հանձնել Դավթին, ելնելով այն հանգամանքից, որ Դավիթի քույրը Գագիկի կինն էր, սակայն այդ ծրագիրը չի իրականանում։ Մահացել է 1050 թվականին։ Նրան հաջորդել է Գուրգեն Բ արքան (1050-1089 թթ.)։

Կյուրիկյանների Դրոշը

Տփղիսի ամիրայություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դավիթ Կյուրիկյանի կամ Դավիթ Անհողինի օրոք Տաշիր-Ձորագետի Կյուրիկյան թագավորությունը հասավ իր հզորության գագաթնակետին, իսկ ինքը եղավ Կյուրիկյան արքայատոհմի ամենանշանավոր ներկայացուցիչը։ Նա իր թագավորության կենտրոն դարձրեց դրա հյուսիսային ծայրամասում ընկած Շամշուլդե բերդաքաղաքը։ Ապա 990-ական թվականների կեսերին գրավեց Դմանիսի ամիրայությունը և միացրեց իր թագավորությանը[2]։ Դրա շնորհիվ թագավորության տարածքն ընդարձակվեց, նրա մյուս գավառներից Շամշուլդեի կտրվածությունը Շամշուլդե-Դմանիս ճանապարհի շնորհիվ վերացավ, իսկ արևմտյան սահմաններն անվտանգ դարձան։ Տփղիսի ամիրա Ալի իբն Ջաֆարի ու Դավիթ Անհողինի զինական բախման արդյունքում Դավիթը նրան ջախջախելով հպատակեցրեց իրեն[2]։

Գանձակի ամիրայություն[խմբագրել | խմբագրել կոդը]

970-ական թվականներից Գանձակում հաստատվում է քրդական ծագմամբ Շադադյանների ամիրայությունը։ Փատլուն I-ի (985-1031 թթ.) օրոք հզորացած այդ ամիրայությունը փորձեց կանխել Տաշիր-Ձորագետի Կյուրիկյան թագավորության հետագա վերելքը։ Դրանից հետո Դավիթը ստիպված էր ճնշելու կենտրոնախույս միտումներ դրսևորած Գագի իշխան Դեմետրեի խռովությունը։

թողու զհաւատս հայրենի հայութեան և թիկունս օգնականի զՎիրս արարեալ[2]

Գագիկ Ա-ի արշավանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոռի Բերդ

Անիի թագավոր Գագիկ Ա-ն 1001 թվականի ձմռանը մեծ զորքով շարժվեց Տաշիր-Ձորագետի Կյուրիկյան թագավորության վրա։ Նա մտավ Տաշիր, շրջապատեց Շամշուլդեն, ավերեց վրաց դաշտը, ապա Գագ բերդով իջավ Աղստև գավառ։ Այս ամենը կատարվեց ընդամենը երեք ամսվա ընթացքում։ Սարգիս Ա-ի կաթողիկոսի միջնորդությամբ Դավիթը գնաց Շիրակավան՝ Գագիկ I-ի մոտ և հնազանդություն հայտնեց։

Երբ 1020 թվականին Գագիկ Ա-ի մահից հետո նրա որդիներ Հովհաննես-Սմբատի ու Աշոտ Դ-ի միջև Անիի Բագրատունյաց թագավորությունը բաժանվեց, և վերջինիս անցավ «դրուց աշխարհը»[3], Դավիթ Անհողինը դարձավ նրա անմիջական ենթական։

Հարաբերությունները Վրաստանի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաղպատավանք

1037 թվականին առանց արու ժառանգ թողնելու, սպանված Կյուրիկե Գ-ին Կախեթ-Հերեթի գահին հաջորդեց նրա քրոջ տղան՝ Դավիթ Անհողինի որդի Գագիկը։ Դրանից հետո Կախեթ-Հերեթում գահակալեց Կյուրիկյանների կրտսեր ճյուղը և, բնականաբար, այն հայտնվեց Տաշիր-Ձորագետի Կյուրիկյան թագավորության քաղաքական ազդեցության ոլորտում։ Վիրա-աբխազական թագավոր Բագրատ Դ-ն (1027-1072 թթ.) դրան նայեց թշնամաբար։ Երբ Շադադյան նոր էմիր Աբու ալ-Ասվար իբն Ֆադլը 1040 թվականին հսկայական բանակով Գանձակի կողմից ներխուժեց Տաշիր-Ձորագետի Կյուրիկյան թագավորություն[4] և մեկ տարվա ընթացքում գրավեց նրա տարածքի մեծ մասը, Բագրատ Դ-ն չշտապեց օգնել Դավիթ Անհողինին։

Հովհաննես-Սմբատից աջակցություն ստանալու նպատակով Դավիթը սպառնաց, որ հակառակ դեպքում կհպատակվի Աբու-լ-Ասվարին ու նրա հետ կհարձակվի Շիրակի վրա։ Հովհաննես-Սմբատը և Սյունյաց Սմբատ Բ թագավորը զորքեր ուղարկեցին Լոռի։ Դավիթին նույն քաղաքականության պատճառով միացան նաև վրացական զորքերը։ Լոռու թագավորին օգնեց նաև Աղվանից Հովսեփ կաթողիկոսը։ Դրա շնորհիվ Դավիթ Անհողինի բանակատեղի եկավ Հայոց Աղվանից ամբողջ հոգևոր դասը և աշխարհազորի վերածված բազմահազարանոց ժողովուրդ։

Սանահինի վանք

Ճակատամարտն ավարտվեց իր ուժերին վստահ Աբու-լ-Ասվարի թվական մեծ գերակշռություն ունեցող բանակի պարտությամբ։ Այն ոչ միայն ծանր կորուստներով նահանջեց, այլև հինգ օր շարունակ ոգևորված հակառակորդի կողմից հետապնդվելով՝ տվեց բազմաթիվ նոր զոհեր։ Դավիթ Անհողինը երեք օրվա ընթացքում վերանվաճեց Էմիրի ձեռքն անցած իր բոլոր տիրույթները, իսկ թշնամուց խլված հսկայական ռազմավարը բաժանեց իրեն օգնության եկածներին[5][6]։

Վերջին տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1041 թվականին Հովհաննես-Սմբատի մահից հետո Անիի Բագրատունյաց թագավորության գահը մնաց թափուր։ Դավիթը զորքով մտավ Անիի Բագրատունյաց թագավորության տարածք։ Դավիթ Անհողինն իր նեղ անձնական շահախնդրություններով ուղղորդվող քաղաքականությամբ «ի վիհն տառապանաց էած զազգս քրիստոնէից», ստացավ նոր՝ անարգական Դավիհ մականունը։

Շամշուլդե՝ Դավիթ Անհողինի նստավայրը

1045 թվականին Բյուզանդիայի կողմից Անիի Բագրատունյաց թագավորության կործանումից հետո ինչպես Սյունիքի ու Կարս-Վանանդի, այնպես էլ Տաշիր-Ձորագետի Կյուրիկյան թագավորությունները հայտնվեցին անկախ կարգավիճակում։ Սակայն Տաշիր-Ձորագետի թագավորությանն աստիճանաբար սպառնալու էր գալիս մի նոր վտանգ, ի դեմս Բագրատ Դ-ի ժամանակ հզորանալու ուղին բռնած վիրաաբխազական թագավորության։ Դրանից ելնելով՝ Դավիթ Անհողինը փորձում էր խանգարել Բագրատ Դ-ի՝ Վրաստանի միավորմանն ուղղված ջանքերը, առավել ևս, որ իր որդի Գագիկին պատկանող Կախեթ-Հերեթի թագավորության անկախությունը վտանգված էր։ Հենց դրանով է բացատրվում Բագրատ Դ-ի ամենահզոր կենտրոնախույս հակառակորդին՝ Թռեղքի իշխան Լիպարիտ Բագվաշին, Դավիթ Անհողինի բացահայտ աջակցությունը։ 1047 թվականի ամռանը Սիսարեթ կոչվող վայրում Լիպարիտը, որի հավաքած զորքի կազմում էին նաև Դավիթ Անհողինի ու Կախեթի իշխան Գագիկի զորքերը, պարտության մատնեց Բագրատ Դ-ի բանակին[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 Ասողիկ, էջ 256
  3. Մատթէոս Ուռհայեցի «Սմբատայ Սպարապետի Տարեգիրք», էջ 6, Վենետիկ, 1956 թ
  4. Ա․ Տեր-Ղևոնդյան «Արաբական ամիրայությունները Բագրատունյաց Հայաստանում», էջ 208-210, Երևան, 1965 թ
  5. Մատթէոս Ուռհայեցի, էջ 79-82
  6. Սմբատ Սպարապետ, էջ 33-35
  7. Քարթլիս ցխովրեբա, էջ 300-301, հատոր 1, Թբիլիսի, 1955 թ

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդող
Կյուրիկե Ա 978-989
Լոռու արքա
Դավիթ Անհողին

989 - 1050
Հաջորդող
Կյուրիկե Բ 1050–1089
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 302